Հիպպոլիտը

Սա յայտնի էր մինչև այժմ իբրև շատ արդիւնաւոր քրիստոնէական գրող (Եւս. VI 22), բայց սրա գրուածքներից շատ քիչ բան է հասել մեզ, այն էլ խառնաշփոթ դրութեան մէջ: Թէ ինչ մեծ դիրք է ունեցել նա, երևում է այն հանգամանքից, որ սա առաջին և միակ եկեղեցական հայրն է, որի արձանը մնացել է մեզ, գտնուած 1551-ին: Այնուամենայնիւ նրա կեանքը բոլորովին անծանօթ էր մեզ. մինչև անգամ Եւսեբիոսը (VI 20) չգիտէ, թէ նա որտեղի եպիսկոպոսն է: Միայն այսքանը կարելի է որոշ կերպով ասել նրա կեանքի մասին: Իբրև Հռովմի երէց նա մեծ դեր է կատարել Զեփիւռինոս (199-217) և Կալլիստոս (217-222) եպիսկոպոսների ժամանակ: Ուրացողների և քրիստոսաբանութեան խնդրում հակառակութիւն է յառաջ եկել նրա և այդ պապերի, մանաւանդ Կալլիստոսի մէջ և նա անցել է հակառակ կուսակցութիւն գլուխն իբրև հակապապ: Համաձայն 354-ի Լիբերիոսի «Հռովմի եպիսկոպոսաց ցանկի», որի մէջ նա իբրև երէց է յիշուած, 235-ին նա էլ Պոնտիանոս եպիսկոպոսի հետ, ինչպէս յիշեցինք անցեալ գլխում, աքսորուել է Սարդինիա և հաւանօրէն այնտեղ էլ մեռել: Նրա դիակը ամփոփուել է Հռովմի մի կատակոմբում և վրան էլ մի արձան է կանգնեցրած: Աստուածաբանական տեսակէտից նա Իրենիոսի աշակերտն է, բայց անհատական ուժի ու կրօնական ջերմութեան տեսակէտից շատ աւելի ցածր կանգնած, քան թէ վարժապետը: Այդ պատճառով էլ նա աւելի է ազդուել Լոգոսի վարդապետութիւնից և ջատագովների բարոյագիտութիւնից:
Բայց Հիպպոլիտը իսկապէս ոչ թէ մտածող գլուխ էր, այլ աւելի գիտուն, և թէև նրա գիտութիւնը աստուածաբանութեան բոլոր մասերին է վերաբերում Օրիգենէսի նման, բայց նա գլխաւորապէս միայն մեկնաբան է: Ժամանակակիցներին նրա գրուածքներն երևում էին գիտութեան Լաբիւրինթոսներ: Մեծ ազդեցութիւն էր գործում միևնոյն ժամանակ նրա լուրջ անձնաւորութիւնն ու վարած խիստ բարոյական կեանքը:
40-50 գրուածքներ են նրան վերագրում, որոնք կամ ամենևին չեն հասել մեզ, կամ շատ վատ դրութեան մէջ: Բացի ջատագովական գրուածքներից, ուղղուած Սեւերեան տան անդամներին, օրինակ Յուլիա Սեւերային ու Յուլիա Մամմէային, նա գրել է նաև հերետիկոսութիւնների դէմ, ի միջի այլոց «Յանդիմանութիւն ամենայն հերձուածոց» վերնագրով, որոնք մեզ հասել են ուրիշների անուան տակ և ուրիշների երկերի մէջ: Դաւանական գրուածքներից ամբողջովին մեր ձեռքն է հասել «Յաղագս Քրիստոսի և Նեռին», որի մէջ, հաւանօրէն 202-ին գրուած, հեղինակը վերջին դատաստանի սարսափն ու յաղթութիւնն է նկարագրում: Հիպպոլիտի ժամանակագրական գործերը, այդպէս օրինակ, նրա մինչև 235թ. հասնող ժամանակագրութիւնը կորած է, թէև հնարաւոր է այն յետագայ ժամանակագիրների երկերից վերականգնել: Իսկ նրա մեկնաբանական գրուածքներից (նա մեկնութիւններ է գրել Հին և Նոր Կտակարանի շատ գրքերի) մեր ձեռքն է հասել նրա ամենատարածուած և կարդացուած Դանիէլի մեկնութիւնը, որ քրիստոնէական եկեղեցու առաջին մեզ հասած մեկնաբանական գրուածքն է: Գրուած Սեւերոսի հալածանքների ժամանակ, այստեղ այն ջերմ յոյսն է իշխում, որ Քրիստոսի արքայութիւնը պիտի ոչնչացնէ Դ., այսինքն Հռովմէական պետութիւնը, և նրա տեղը պիտի բռնէ:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Նմանատիպ նյութեր