Հինգերորդ տիեզերական ժողով և միաբանական վեճեր

Հետևեալ 68 տարիների պատմութիւնը ամենախիստ դատապարտութիւնն է Քաղկեդոնի ժողովի որոշումների: Ո՛չ միայն ամենզօրեղ ապստամբութիւնն է սկսւում ժողովրդի և վանականների մէջ՝ գլխաւորապէս Եգիպտոսում, Պաղէստինում և Ասորիքի մի մասում, այլ և կայսրներն ստիպուած են լինում փորձել վերացնելու այդ ժողովի որոշումները, որ այնքան վտանգաւոր էին պետութեան միութեան և անդորրութեան համար: Առանձնապէս ստիպուած էին կայսրներն այդ փորձերն անելու նաև այն պատճառով, որ արևելքում այդ ժամանակ չկային դեռ այնպիսի հմուտ աստուածաբաններ, որոնք Քաղկեդոնի դաւանութիւնը պաշտպանել կարողանային: Միայն մեծ ժողովի հեղինակութիւնը, մայրաքաղաքի հոգևորականութեան մեծամասնութիւնը և Հռովմի եպիսկոպոսներն էին, որ պահել էին տալիս այդ ժողովի որոշումները: Սոքա մեծ զօրութիւններ էին, բայց պակաս զօրութիւն չունէր նաև հակառակ կուսակցութիւնը: Մի կողմից օրէցօր աւելացող ատելութիւնը Բիւզանդական կայսեր ու նրա պատրիարքի դէմ, միւս կողմից զանազան ազգութիւնների ինքնագիտակցութեան զարգանալը պետութեան սահմաններում, վերջապէս պետութեան միշտ հակառակ վանականների ընդդիմութիւնը զօրութիւններ էին, որոնք ստիպում էին կայսրներին միջոցներ գտնել վերացնելու Քաղկեդոնի ժողովի այդչափ վտանգաւոր դարձած որոշումները:
Քաղկեդոնի ժողովին մասնակցող եկեղեցականներից մէկը, Թէոդոս անուամբ Պաղէստին վերադառնալով իւր քարոզներով ապստամբեցրեց ժողովրդին կայսեր դէմ. ժողովուրդը բաց արեց բանտերի դռները և արձակուած բանտարկեալների հետ միասին մեծ անկարգութիւններ սկսեց անել Երուսաղէմում: Երուսաղէմի Յոբնաղ եպիսկոպոսը, որ Քաղկեդոնի վճռին ստորագրել էր, ստիպուած էր փախչել քաղաքից. ապստամբների կողմն էր հակուած և Եւդոկիա կայսրուհին, հանգուցեալ կայսեր ամուսինը: Ապստամբութիւնն ի հարկէ ընկճուեց զօրքի կողմից, բայց հակառակորդների զօրութիւնը խորտակել անկարելի էր. և պետութիւնն անկարող եղաւ մինչև անգամ ձերբակալել տալ Թէոդոսին, որն ապրում էր Սինայի անապատականների մօտ: Նոյնպիսի խռովութիւններ ծագեցին նաև Եգիպտոսում. մի մեծ կուսակցութիւն չէր կամենում ընդունել Քաղկեդոնի վճիռը Դիոսկորոսի մերժման մասին: Կայսերական քաղաքականութեան ազդեցութեամբ Աղէքսանդրիայի եպիսկոպոս էր ընտրուել Պրոտերիոս անունով մէկը, բայց ժողովուրդն այնպէս էր կատաղել այդ ընտրութեան դէմ, որ մինչև իսկ եկեղեցում սոսկալի արիւնհեղութիւններ պատահեցին, որի ժամանակ բազմաթիւ զինուորներ սպանուեցին: Պրոտերիոսին պաշտպանում էր միայն զինուորական ոյժը, իսկ Դիոսկորոսի կուսակիցները խմբուել էին Տիմոթէոս Էլուրոս (Կուզ) երէցի շուրջը, որը Դիոսկորոսին ուղեկցել էր դէպի նրա աքսորավայրը: Մի Բ. խռովութեան ժամանակ Պրոտերիոսն սպանուեց և Տիմոթէոս Էլուրոսն ընտրուեց Աղէքսանդրիայի պատրիարք: Մարկիանոսի յաջորդ Լևոն Ա. կայսրը թէև կարողացաւ կայսերական իշխանութեան հեղինակութիւնը պահել և շատ եպիսկոպոսների համաձայնութիւնն առնել Քաղկեդոնի վերաբերմամբ, բայց այնուամենայնիւ նա ստիպուած էր շատ մեղմ վարուել հակառակորդների հետ: 460-ին Տիմոթէոս Էլուրոս մերժուեցաւ և զրկուեց իւր աթոռից, բայց նրա տեղ թոյլ տրուեցաւ ընտրել Տիմոթէոս Սալոփակիոլոսին, որ դարձեալ միաբնակ էր:
Նոյն խռովայոյզ դրութիւնն էր տիրում նաև Անտիոքում. մինչև Քաղկեդոնը Անտիոքը եղել էր Աղէքսանդրացւոց հակառակորդների կենդրոնը. այժմ այստեղ ևս զօրանում է միաբնակ ուղղութիւնը, որի գլուխն էր կանգնած Պետրոս Գնաֆէոս կամ Ֆուլլօ (=Թափիչ), որ պաշտպանութիւն էր վայելում Լևոն կայսեր ազգական Զենոնի կողմից: 474-ին վախճանուեց Լևոն կայսրը և շատ կարճ ժամանակից յետոյ նաև նրա թոռը՝ Լևոն Բ., այնպէս որ կայսրութիւնն անցաւ Զենոնին. բայց նա չկարողացաւ դիմանալ Բասիլիսկոս բռնաւորի դէմ, որ 475-ին հալածեց Զենոնին և իւր գահը հաստատելու համար՝ բացարձակ կերպով անցաւ միաբնակների կողմը: 476-ին մի հրովարտակ արձակեց նա, որով բացարձակ կերպով դատապարտում էր Քաղկեդոնի վճիռները: 500 եպիսկոպոս իրենց համաձայնութիւնը յայտնեցին կայսեր այդ հրովարտակին. աքսորուածները, ինչպէս օրինակ Տիմոթէոս Էլուրոս և Պետրոս Ֆուլլօ, նորից վերադարձան: Բայց երկար չտևեց Բասիլիսկոսի իշխանութիւնը, որովհետև Զենոնին յաջողուեց նրան գահընկեց անել: Զենոնը կայսր դառնալուց յետոյ կամենում էր միջին ճանապարհ բռնել խռովութիւնների առաջն առնելու համար – նա չէր ուզում միաբնակների համակրութիւնը կորցնել, որովհետև գիտէր նրանց զօրութիւնը, բայց միևնոյն ժամանակ չէր կամենում ձեռքից բաց թողնել նաև Քաղկեդոնականներին: Կ.Պօլսի պատրիարք Ակակիոսի խորհրդով, որ նախօրօք համաձայնութեան էր եկել Աղէքսանդրիայի պատրիարք Պետրոս Մոնգոսի հետ, նա մի կրօնական հրովարտակ է պատրաստում, որի նպատակն էր յուզուած մտքերն հանգստացնել: 482-ին հրատարակւում է այդ հրովարտակը, որ պատմութեան մէջ յայտնի է Հենոտիկոն անուամբ: Հենոտիկոնը խուսափում էր այնպիսի նախադասութիւններից, որոնք վէճի առարկայ էին, շեշտում էր առանձնապէս Կիւրղի քրիստոսաբանական վարդապետութիւնը և լռելեայն կերպով մերժում Քաղկեդոնի որոշումները:
Սակայն Հենոտիկոնի ստեղծած միութիւնն էլ երկարատև չեղաւ. Եգիպտոսի ծայրայեղ վանականները համաձայն չէին Հենոտիկոնին և հրաժարուեցին միանալ իրենց պատրիարք Պետրոս Մոնգոսի հետ. դժգոհ էին ի հարկէ նաև Քաղկեդոնի հետևողները: Այս հանգամանքից կրկին օգուտ քաղեց Հռովմի եպիսկոպոսը. Ֆելիքս Բ. մերժեց ընդունել Հենոտիկոնը և մինչև անգամ նզովեց նրա սկզբնապատճառ Կ.Պօլսի եպիսկոպոս Ակակիոսին: Այսպիսով հին և նոր Հռովմի մէջ ընկնում է, քաղաքական բաժանումից զատ, նաև եկեղեցական բաժանումը, որ 484-519 թ. է տևում:
491 թուին Զենոնին յաջորդում է Անաստաս կայսրը, որ թէև հակուած էր միաբնակների կողմը, բայց կամենում էր խաղաղութիւնը պահպանել: Որովհետև Հենոտիկոնն իրեն միանգամայն անզօր էր ցոյց տուել, ուստի կայսրները կուզենային այն վերացնել կրկին, եթէ Հռովմը Կ. Պօլսի եպիսկոպոսներից իրենց նախորդի, Ակակիոսի նզովումը չպահանջէր շարունակ: Այդպէս Անաստաս կայսրն ևս կամենում էր վերացնել այդ դժբախտ հրովարտակը. բայց միաբնակներին յաջողուեց վերջապէս յետ կասեցնել նրան իւր մտադրութիւնից: Այժմ մտքերի շփոթութիւնն արդէն կատարեալ էր. մարդիկ գործ էին ածում միևնոյն քրիստոսաբանական դարձուածքը, բայց կատաղի կռիւ էին մղում միմիանց դէմ: Եթէ կայսրը մի հանճարեղ իշխան չլինէր, պետութիւնը քար ու քանդ կլինէր: Քանի գնում նա աւելի էր մօտենում միաբնակութեան, որի կողմն էին ոչ միայն աւելի մոլեռանդ, այլ և անպայման աւելի բանիմաց և հմուտ աստուածաբանները, ինչպէս օրինակ Մաբոգի եպիսկոպոս Փիլոքսենոսը և Անտիոքի եպիսկոպոս Սեւերոսը: Իսկ Քաղկեդոնականութիւնը ո՛չ մի նշանաւոր ներկայացուցիչ չունէր: Ասորիքում և Պաղէստինում ամեն տեսակ սարսափներից յետոյ՝ վերջապէս կատարելապէս տիրող դարձաւ միաբնակութիւնը, այն ինչ մայրաքաղաքում և Թրակիայում գերակշռում էր Քաղկեդոնականութիւնը: Փիլոքսենոս Մաբոգեցին այնքան կռիւ էր մղում Անտիոքի եպիսկոպոս Ֆլաւիանոսի դէմ, մինչև կարողանում է վերջնիս հրաժարեցնել տալ և նրա տեղ ընտրել իւր կուսակից Սեւերոսին:
Իրերն այս վիճակի մէջ էին, երբ կայսեր դէմ բարձրացաւ Վիտալիան զօրապետը, յենուելով քաղկեդոնական կուսակցութեան վրայ: Կայսրն ստիպուած էր խոնարհել իւր հզօր զօրապետի առաջ, յետ կանչել աքսորուածներին և Հռովմի հետ բանակցութիւն սկսել: Բայց Հռովմի պահանջներն այնքան ծանր էին, որ միութիւնը հեշտութեամբ գլուխ գալ չէր կարող: Հռովմի Հորմիզդաս եպիսկոպոսը իւր նախորդների նման (Գելազիոս և Սիւմաքոս) պահանջում էր կատարելապէս ընդունել Քաղկեդոնի ժողովը և նզովել Ակակիոսին, ուրեմն՝ Հենոտիկոնից յետոյ Բիւզանդիոնի բռնած ամբողջ քաղաքականութիւնը յետս կոչել: 518 թուականին վախճանուեց Անաստաս կայսրը, առանց հաշտութեան գործը գլուխ բերելու: Նրան յաջորդեց Յուստինիանոս զօրապետը 518-527, որ թէև մի կոպիտ զինուորական էր, բայց օգնական ունէր Յուստինիանոսի նման խելօք և քաղաքագէտ մի անձնաւորութիւն, որ իւր քրոջ որդին էր: Յուստինիանոսը և Վիտալիանը հասկացան, որ պետութեան հեղինակութիւնը կրկին բարձրացնել կարելի է քաղկեդոնականութեան պաշտպանութեամբ և Հռովմի հետ բարեկամանալով: Կ.Պօլսի Յովհաննէս եպիսկոպոսը ստիպուած էր նզովել միաբնակութիւնը և տօնել Քաղկեդոնի հայրերի յիշատակը: Այժմ քաղկեդոնականներն ամեն տեղ գլուխ բարձրացրին և կայսրը հաշտութիւն առաջարկեց Հորմիզդաս եպիսկոպոսին: Հորմիզդասն ինքը Կ.Պօլիս չեկաւ, բայց նրա պատուիրակների միջոցով արած բոլոր պահանջները կատարուեցան. սկսած Ակակիոսից և Զենոնից՝ Հենոտիկոնի կուսակիցները նզովուեցան և նոցա անունը ջնջեցին սուրբ գրքերից (519): Սակայն դժուարութիւններ առաջ եկան Ասորիքի եպիսկոպոսական աթոռները մոնոֆիզիտական հերետիկոսութիւնից մաքրելու առթիւ: Թէև ամենավճռական և նշանաւոր միաբնակներին, ինչպիսիք էին Սեւերոս Անտիոքացին, Յուլիանոս Աղիկառնացին (Հալիկառնաս) և Փիլոքսենոս Մաբուգեցին, յաջողուեցաւ զրկել իրենց աթոռներից (519), բայց կայսերական քաղաքականութիւնը նեղ դրութեան մէջ ընկաւ, երբ պէտք էր աքսորուածների տեղը նոր եպիսկոպոսներ ընտրել. իսկոյն պարզուեց մի անգամ էլ, որ քաղկեդոնականութիւնը այլ կերպ էին հասկանում արևելքում և այլ կերպ Հռովմում. արևելքը միշտ կասկածի մէջ է եղել, թէ արդեօք Հռովմի քաղկեդոնականութիւնը նեստորակութիւն չէ՞:
Արևելքի և արևմուտքի տարբերութիւնը բնորոշ կերպով երևում է »Աստուածաչարչարութեան« մասին եղած վէճերի մէջ (Theopaschitismus): Աստուած չարչարուել է, Աստուած խաչուել է բանաձևը շատ հին էր եկեղեցու մէջ և երբէք էլ մոռացութեան չէ տրուել, բայց և դեռ վէճի առարկայ չէր եղել, որովհետև ուրիշ խնդիրներ կային ժամանակի նշանաւոր աստուածաբանների առաջ: Անկարելի էր մինչև անգամ Քաղկեդոնի ժողովից յետոյ էլ այդ բանաձևը դատապարտել. եթէ Մարիամը Աստուածածին էր կոչուելու, այն ժամանակ դրանով արդէն արդարանում էին յիշեալ ոճերը: Բայց իսկոյն ընդդիմութիւն առաջ եկաւ, երբ Անտիոքի միաբնակ պատրիարք Պետրոս Ֆուլլօն »Երիցս Սուրբը« իւր հաւատակիցների համաձայնութեամբ այսպէս ձևակերպեց. »Սուրբ Աստուած, սուրբ հզօր, սուրբ անմահ, որ խաչեցար վասն մեր«: Կայսրը համաձայն էր այս բանաձևի հետ, թէև Անտիոքում այն իսկոյն ընդդիմադրութեան հանդիպեց: Մայրաքաղաքում սկսուեց մի թեր և դէմ վէճ, երբ անվիճելի ուղղափառ սկիւթական վանականներ 518-ին »Մէկը Երրորդութիւնից խաչուել է« բանաձևի ուղղութիւնը պաշտպանեցին: Հորմիզդաս պապի նուիրակները յիշելով Լևոնի տումարը յայտնեցին, որ այդ հաւատը կաթոլիկ հաւատի հետ համաձայնեցնել անկարելի է: Որոշեցին խնդրել պապի վճիռը և բոլորը սպասում էին շուտափոյթ պատասխանի, որովհետև հակառակ դէպքում յուզումները աւելանալ կարող էին. բայց Հորմիզդասը ուշացնում էր պատասխանը–նա չէր ուզում այդ բանաձևը բացարձակ կերպով մերժել, չէր ցանկանում միևնոյն ժամանակ իւր պատուիրակներին կոտրել: Վերջապէս 521-ին մի նամակով Յուստինոս կայսրին նա յայտնեց, որ արդէն ամեն բան վճռուած է, առանց սակայն ասելու, թէ ո՞ր բանաձևն է ճշմարիտը: Այդ անորոշ յայտարարութիւնը, որ միայն պապի նեղ դրութեան վկայականն էր, իրաւացի զայրոյթ յառաջ բերեց ո՛չ միայն Կ.Պօլսում, այլ նաև հիւս. Աֆրիկայում:
Յուստինիանոս կայսրը վերջում այդ »խաչեցարի« բանաձևը շատ ամուր բռնել էր, սկսած այն ժամանակից, երբ նա Քաղկեդոնականութիւնը ուզում էր ճշգրիտ Կիւրեղականութեան համաձայն բացատրել: Նա յետոյ պապերին էլ ստիպեց ընդունելու այդ բանաձևը և սրբագործեց այն Ե. տիեզերական ժողովում: Յուստինիանոս կայսերը շատ օգնեց Քաղկեդոնականութիւնը Կիւրեղի մտքով հասկանալու՝ ժամանակի սկսուող սքոլաստիկան իւր նշանաւոր ներկայացուցիչ Լէոնտիոս Բիւզանդացու (485-543) միջոցով: Ե-րդ դարու վերջին ու Զ-րդի սկզբին Արիստոտէլականութիւնը նորից մուտք գործեց գիտութեան մէջ, և այս գիտութեամբ օժտուած Սկիւթացի վանական Լէոնտիոսը հանդէս եկաւ իբրև նշանաւոր պաշտպան Քաղկեդոնականութեան, բայց այն Կիւրեղի մտքով հասկանալով ու բացատրելով և ո՛չ թէ Լևոնի դաւանական նամակի: Արիստոտէլեան գաղափարների սահմանումը նրան թոյլ էր տալիս ամեն բան ամեն տեսակ բացատրելու. այդ միջոցով նա պատճառ դարձաւ, որ մի կողմից արևելքը հաշտուեց Քաղկեդոնականութեան հետ այս նոր բացատրութեան շնորհիւ, միւս կողմից էլ արևմուտքը վերջն ստիպուած եղաւ ընդունել արևելքի գաղափարները:
Լէոնտիոսն ևս կողմնակից էր »Մէկը Երրորդութիւնից խաչուել է« բանաձևին, ուրեմն նա ևս բացարձակ կերպով չէր դատապարտում Պետրոս Ֆուլլօյի բանաձևը, այլ միայն ողղում էր այն. այնպէս որ իսկապէս Հռովմէական մի կամակորութիւն էր, որ սկզբում պապի պատուիրակները այդ բանաձևը ընդունել մերժեցին, համարելով այն մոնոֆիզիտական նորութիւն՝ հակառակ կաթոլիկութեան:
Ի՞նչ էր այս ժամանակ միաբնակութեան դրութիւնը: Ամենից առաջ Քաղկեդոնից մինչև 2 սերունդ յետոյ էլ դեռ մոնոֆիզիտները ցոյց տուին, որ իրենց մէջ այնքան կեանք ու զօրութիւն կայ, որ նրանք կարող են ժամանակի ամենազանազանակերպ շարժումներին ու մտքերին հետևել: Միաբնակութիւնն ապացուցեց, որ ինքը եղել է յիրաւի ամբողջ արևելքի մտաւոր և աստուածաբանական կեանքի արտայայտութիւնը: Այն քարացումը, ամայութիւնն ու բարբարոսութիւնը, որին ենթարկուեց նա յետագայում, չկային դեռ ևս: Ամենից առաջ շատ նշանակալից է, որ չնայելով Քաղկեդոնի հարուածին, միաբնակութիւնը չափազանցութիւնների մէջ չընկաւ: Դա մի ապացոյց էր նրա իրաւացիութեան և զօրութեան: Միաբնակները եռանդուն կերպով աշխատում էին Եւտիքականութիւնը հեռու պահել իրենցից. նոքա մինչև անգամ Եւտիքէսին դատապարտում են՝ սկսած Տիմոթէոս Էլուրոսից: Ապա այն հանգամանքը, որ միաբնակների մի մեծ խումբ պատրաստակամութիւն է յայտնում ուղղափառների հետ միանալու, եթէ միայն Քաղկեդոնը և Լևոնի նամակի գայթակղեցուցիչ կտորները վերացուին, ցոյց է տալիս, որ այս միաբնակները յիրաւի ցանկանում էին Կիւրեղի վարդապետութեան վրայ մնալ: Այս ուղղութեան պարագլուխն էր ամենից առաջ Սեւերոսը, որի վարդապետութիւնը միանգամայն համաձայն է Կիւրեղի վարդապետութեանը. Կիւրեղն ևս Սեւերոսի նման հակառակ կլինէր Լևոնի այն գաղափարին, թէ Քրիստոսի իւրաքանչիւր բնութիւնը իրեն յատուկն է գործում, թէև միացած միւսի հետ: Սեւերոսի մի էներգիայի վրայ շեշտելը միանգամայն համաձայն է Կիւրղի վարդապետութեանը: Տարբերութիւն չունին նաև »Մի է բնութիւն բանին Աստուծոյ մարմնացեալ« և »Մի է բնութիւն բանին Աստուծոյ մարմնացելոյ« բանաձևերը – որովհետև Կիւրեղն էլ ո՛չ միայն Աստուած Բանին էր մի բնութիւն վերագրում, այլ և Քրիստոսին: Սակայն Աստուածաբանական տարբերութիւն չկար նաև Սեւերոսի և Լէոնտիոսի վարդապետութիւնների մէջ. այստէղ տարբեր էին անձնաւորութիւնների ցանկութեան չափը Քաղկեդոնն ու Լևոնի թուղթը ընդունելու և բացատրելու նկատմամբ և փիլիսոփայական-աստուածաբանական տերմինոլոգիան: Բոլորովին տարբեր հնչող բանաձևերով նոքա երկուսն էլ նոյն միտքն էին արտայայտում: Մի խօսքով միայն Քաղկեդոնի դժբախտ արևմտեան բանաձևն է, որ երկուսի մէջ իբրև հակառակութեան նշան կայ: Որ այդ այդպէս է, ցոյց է տալիս Սեւերոսի բռնած դիրքը դէպի իւր կուսակցութեան ծայրայեղ մասը: Արդէն Հենոտիկոնի պատճառով Եգիպտական միաբնակները երկու մասի էին բաժանուել: Նոցանից մի մասը չէր ուզում այլ ևս ճանաչել Աղէքսանդրիայի պատրիարք Պետրոս Մոնգոսի գերիշխանութիւնը (akefaloi=անգլուխներ): Բայց 519-ին, երբ ուղղափառութիւնն հաստատուեցաւ և միաբնակները քշուեցան, նրանք Եգիպտոս հաւաքուեցան և այստեղ արդէն կատարեալ բաժանումն ընկաւ նրանց մէջ: Նոցանից մի մասը սկսեց աւելի եռանդով մտածել, թէ ինչպէս պիտի կազմուած լինի մի մարդկային բնութիւն, երբ Աստուած այն իւր սեպհականն է դարձնում: Բնականաբար սոքա այնպիսի մտքերի յանգան, որոնք միանգամայն հետևողական էին և համաձայն Իրենիոսի, Կղեմէս Աղէքսանդրացու, Օրիգենէսի, Գրիգոր Նիւսացու, Հիլարիոսի, Ապոլինարիոսի վարդապետութիւններին և Դիոսկորոսի ու Եւտիքէսի մի քանի նախադասութիւններին: Միաբնակների այս խմբի պարագլուխն էր Յուլիանոս Հալիկառնասսցին, որին բոլորովին հակառակ էր Սեւերոսը իւր կուսակցութեամբ:
Յուլիանոս Հալիկառնասսցին ընդունում էր Քրիստոսի մարմնի անապականութիւնը (կամ անանցաւորականութիւնը) սկսած Կոյսի որովայնից. այդ պատճառով հակառակորդները նրանց աֆթարտոդոկէտ, երևութական, կամ ֆանտազիաստ են անուանում, այն ինչ Յուլիանիստները Սեւերեաններին »ապականացու պաշտող« են կոչում: Յուլիանիստները միանգամայն փրկութեան գաղափարով առաջնորդուելով, չեն քաշւում Քրիստոսի մարմնի անապականութիւնը սկզբից և եթ ընդունելու և պնդելու. այդ պատճառով Քրիստոսի չարչարանքներն ու կրքերը ո՛չ թէ նրա մարդկային բնութեան անմիջական և ստիպողական հետևանք էին, այլ Քրիստոս կամաւոր կերպով էր վերցնում իւր վրայ այդ դրութիւնները, որոնք սակայն ոչ մի ներքին կապակցութիւն չունէին Փրկչի աստուածմարդկային բնութեան հետ: Դրան հակառակ Սեւերեանները Քրիստոսի չարչարանքներն ու կրքերը համարում էին բնական և ստիպողական, շեշտում էին նրա մարդկային կողմը այն չափով, որ ոչ մի արևմուտեցի աւելի լաւ կերպով չէր կարող կռիւ մղել Յուլիանիստների դէմ: Այդ հանգամանքը միևնոյն ժամանակ ցոյց է տալիս, թէ որքան աւելորդ էր Ապոլինարականութիւնը յետ մղելու համար Քաղկեդոնի ժողովը, և Կիւրղի մի բնութեան վարդապետութիւնը վտանգաւոր »Երկու բնութեան վարդապետութեամբ« փոխարինելը արևելքի համար: Միաբնակների մի մասն արդէն սկսել էր պնդել, թէ Քրիստոսի մարդկային հոգին ամենիմաց չէ եղել (Ադնոէտներ). այսինքն այն, ինչ որ նա իմացել է իբրև Աստուած, միևնոյն ժամանակ չէ իմացել իբրև մարդ: Միւսներն ընդունում էին, որ Քրիստոսի մարմինն յղութիւնից սկսած անստեղծ է (Ակտիստներ). և վերջապէս կային այնպիսի միաբնակներ, որոնք Աստուածութեան և մարդկութեան ամենայն տարբերութիւն Քրիստոսի մէջ մերժում էին: Այս շարժումները ցոյց են տալիս մի կողմից, որ միաբնակութիւնը հին զարգացումները մի անգամ էլ է տեսնում իւր մէջ վճռուելիս և միւս կողմից, որ միաբնակութիւնը ոչ մի երկիւղ չունի ժամանակի միւս նշանաւոր մտաւոր ոյժերի հետ շփուելուց: Քաղկեդոնի դաւանութիւնը յիրաւի մի օտար զօրութիւն էր, որ իբրև նզովք դրուած էր արևելքի եկեղեցու վրայ:
Յուստինիանոս կայսեր քաղաքականութեան ամբողջ հիմունքը հետևեալն է. կարելի է Քաղկեդոնի որոշումները իրենց զօրութեան մէջ թողնել, բայց միևնոյն ժամանակ բոլորովին Կիւրեղի նման մտածել: Այդպիսի քաղաքականութիւնն օգտակար էր յունական բարեպաշտութեան համար, որովհետև հին ձգտումներին իրենց իրաւունքն էր շնորհում: Բայց դրանից վնասուող էլ կար. այդ վնասուողը Հռովմի եպիսկոպոսն էր: Բ. անգամ Հռովմի եպիսկոպոսը պատճառ էր դարձել կայսեր դիրքի և ազդեցութեան զօրանալուն: Ինչպէս որ 451-ին, երբ կայսրը Հռովմի եպիսկոպոսի օգնութեամբ յաղթող հանդիսացաւ, ԻԸ. կանոնն եղաւ պապի ընծան կայսեր կողմից, այնպէս էլ այժմ եղաւ: Ո՛չ թէ Հռովմը պիտի փառաւորուէր և տիրէր արևելքում, այլ արևելքի կայսրը պիտի դարձեալ տէր դառնար Հռովմին: Սակայն Յուստինիանոսը չկարողացաւ միաբնակներին գրաւել, թէև այդ էր նրա ձգտումը և իւր արևմտեան քաղաքականութեամբ վնասեց շատ աւելի կարևոր արևելեան քաղաքականութեանը: Իւր գահ բարձրանալուց մի քանի տարի յետոյ Յուստինիանոսը 531-ին Սեւերեաններին ու Աստուածաչարչար ուղղափառներին մի խորհրդակցութեան հրաւիրեց Կ.Պօլիս. այդ հանգամանքը կարևոր է, որովհետև ցոյց է տալիս, թէ ուղղափառներն ինչքան զիջումներ են արել կայսեր հրամանի համաձայն Սեւերեաններին: Այդ նոյն ժամանակ կայսրն ինքը 533-ին մի քանի էդիկտ հրատարակեց ճշմարիտ հաւատոյ մասին, որոնք իբրև թէ հիմնուած պիտի լինէին Քաղկեդոնի վրայ, բայց որոնք էապէս ո՛չ թէ նրա բանաձևն էին մէջ տեղ բերում, այլ ընդհակառակը լռութեան էին տալիս այն և մի յաւելումն էին անում հետևեալ բովանդակութեամբ. »Պէտք է հաւատալ, որ Տէրը, որ չարչարուեց, մէկն էր սուրբ Երրորդութիւնից«: Կայսրն ուզում էր ուրեմն Քաղկեդոնը անշարժ թողնել, բայց Կիւրղի վարդապետութիւնը տիրող դարձնել. այդ տեսակէտից վերև յիշուած բանաձևը միայն մի հենոտիկոն է: Սակայն կայսրուհին աւելի հեռու էր գնում: Նա միշտ հովանաւորում էր, այն էլ ակնյայտնի կերպով, միաբնակներին և այժմ էլ յոյս ունէր »Բարեպաշտ վարդապետութիւնը« յաղթող հանդիսացնել և կայսերն համոզել՝ մերժելու Քաղկեդոնի դաւանութիւնը: Եւ յիրաւի Քաղկեդոնականութեան դէմ մի մեծ հարուած էր պատրաստւում, մանաւանդ երբ Կ.Պօլսում պատրիարք նշանակուեց գաղտնի միաբնակ Անթիմոսը և Սեւերոսն էլ թոյլտւութիւն ստացաւ պալատ մտնելու-ելնելու:
Սակայն Հռովմի եպիսկոպոսը մի անգամ էլ, Անտիոքի Եփրեմ եպիսկոպոսից տեղեկութիւն ստացած լինելով իրերի դրութեան մասին, փրկեց »ուղղափառութիւնը«: Ագապետը 536-ին Կ.Պօլիս եկաւ կայսեր մօտ և նրան յաջողուեց Անթիմոսին գահազուրկ անել և նզովել տալ: Ագապետը մեռաւ Կ.Պօլսում, բայց նոյն 536-ին Կ.Պօլսում գումարուած մի ժողով նոր պատրիարք Մեննասի նախագահութեամբ որոշեց վերջ դնել խաւարի մէջ սղոսկող միաբնակութեան և վերստին հաստատել »մի յերկուս բնութիւնս« վարդապետութիւնը, նզովելով ու աթոռազուրկ հրատարակելով Անթիմոսին: Հետաքրքրական է, որ այս ժողովը որ Լէոնտիոսի աստուածաբանութեան էր հետևում, և որի վրայ Լէոնտիոսն իսկ մեծ ազդեցութիւն է ունեցել, իւր նախագահի բերանով բացարձակ կերպով յայտարարեց, որ ոչինչ չպիտի կատարուի եկեղեցում հակառակ կայսեր կամքի և հրամանի: Ժողովը միևնոյն ժամանակ յայտնեց, որ ինքը Հռովմի հետ է գնում, հաղորդակցութիւն պահպանելով նրանց հետ, որոնց հետ Հռովմն է հաղորդակցութիւն պահպանում և նզովելով նրանց, որոնց Հռովմն է նզովում: Կարծես վերադարձել էին այն օրերը, երբ Մարկիանոսի և Լևոնի անունները միասին էին տրւում: Սակայն այժմեան պապը Լևոն չէր, իսկ Յուստինիանոսը շատ աւելի էր, քան մի Մարկիանոս: Անթիմոսից զատ բանադրուեցին նաև Սեւերոսն ու հաշտութեան կողմնակից միաբնակների միւս գլխաւորները: Յուստինիանոսը հաստատեց այս որոշումները, չնայելով որ ինքն էլ այնքան մօտ էր միաբնակներին: Եւ դրա պատճառը հասկանալի էր. կայսերական աստուածաբաններին միայն անհաճելի կարող էր լինել մի այնպիսի աստուածաբանութիւն, ինչպիսին Սեւերոսինն էր, որ միայն Քաղկեդոնի բանաձևն էր մերժում, բայց անապականութեան վարդապետութիւնը մերժելու խնդրում Քրիստոսին պարզ կերպով երկուսի էր բաժանում. այն ինչ կայսրն ու իւրայինք միշտ Քաղկեդոնի բանաձևն էին ուզում, բայց Աֆթարտոդոկետական վարդապետութիւնը: Երուսաղէմի մի ժողով որոշեց հաստատել Կ.Պօլսի ժողովի որոշումները–սակայն անկարելի եղաւ խաղաղութիւնը վերականգնել Եգիպտոսում. այստեղ Թէոդոսիոս պատրիարքը որ Սեւերեան էր, ստիպուած էր տեղի տալ Յուլիանիստ Գայիանոսի առաջ:
Այս բոլոր գործողութիւնների մէջ սակայն կայսրը ամենևին աչքից չէր թողնում իւր գլխաւոր նպատակը, այն է՝ գրաւել միաբնակներին. այստեղից սկսում է նաև Հռովմի եպիսկոպոսի անարգանք կրելը: Անտիոքի աստուածաբանութիւնը բոլոր բարեպաշտների աչքի փուշն էր դեռ ևս: Այդ աստուածաբանութեան բարձրանալուն նպաստել էր գլխաւորապէս Հռովմի եպիսկոպոս Լևոնի տումարը. այն ինչ արևելեան ուղղափառների մեծամասնութիւնն համաձայն էր միաբնակների հետ, որ մեծ Անտիոքացիք ուրացել են »խորհուրդը«: Այդ պատճառով ամենքը ատում էին նրանց, կայսրը ոչ պակաս բոլորից, մի կողմ թողնելով արդէն կայսրուհուն, որ բոլոր բարեպաշտ վանականների հովանաւորն էր: Անտիոքացիներին մեղադրում էին, որ նրանք մերժում են Քրիստոսի Աստուածութիւնը և մի Քրիստոսը երկուսի են բաժանում: Այս ընդհանուր ատելութիւնից եկեղեցական քաղաքականութեան համար օգտուել Յուստինիանոսին խորհուրդ է տուել Կապադովկիայի Կեսարիայի ազդեցիկ եպիսկոպոս Թէոդորոս Ասկիդասը: Այս մարդը մի ոգևորուած աշակերտ էր Օրիգենէսի և անձամբ շատ ազդուել էր Օրիգենէսի նզովուելուց, որին համաձայնել ինքն էլ ստիպուած էր եղել. այդ պատճառով՝ ուշադրութիւնը Օրիգենէսից հեռացնելու համար գլխաւորապէս նա հասկացրեց կայսեր, որ միաբնակների մեծամասնութեանը գրաւել կարելի կլինի, թէ մի բան ձեռնարկուի ընդդէմ Անտիոքացիների: Եւ յիրաւի Մոնոֆիզիտների համար առանձին գայթակղութեան պատճառ էր, որ Քաղկեդոնի ժողովը Իբասին ու Թէոդորէտին ուղղափառ է հռչակում, բայց բոլորովին մոռանում է Թէոդորոս Մոպսուեստացուն: Կայսրը Թէոդորա կայսրուհու օգնութեամբ 543-ին մի էդիկտ հրատարակեց, որի մէջ նա 1. նզովեց Թէոդորոսի անձնաւորութիւնն ու գրուածքները, 2. Թէոդորէտի հակակիւրեղեան գրուածքները և վերջապէս 3. Իբասի նամակը պարսիկ Մարիին. (tria kefalaia=երեք կէտ):
Շատ վատ դրութեան մէջ ընկան »ուղղափառները«. նրանք հասկանում էին, որ կայսրը կամենում է դրանով Քաղկեդոնի որոշումները սրբագրել: Նրանց առաջարկուած էր որոշել, թէ ինչպէս կվճռէին Քաղկեդոնի հայրերը այնպիսի խնդիրներ, որոնք նոքա չէին վճռել. բայց միևնոյն ժամանակ կայսրը հրամանագրում էր, թէ ինչպէս պիտի մտածէր Քաղկեդոնի ժողովը: Կայսեր հրամանին հակառակողներն իրաւունք ունէին. երեք կէտերի նզովման միտքն էր Քաղկեդոնի որոշումները սրբագրել: Բայց կայսրն ինքն էլ անարդար չէր, որովհետև նա այդ սրբագրութիւնն անում էր արևելեան եկեղեցու ոգու համաձայն, որ յետ էր մղուած Քաղկեդոնի ժողովում. նա ոչնչացնում էր դրանով արևմուտքի ազդեցութիւնը և Քաղկեդոնի վարդապետութիւնը դարձնում էր Կիւրեղեան: Առանց Քաղկեդոնին ձեռք տալու, այդպիսով նա վերանորոգում էր Եփեսոսի երկու ժողովների դաւանական մտքերը: Արևելքի 4 պատրիարքներն էլ գայթակղուեցին, երբ լսեցին կէտերի նզովումը, բայց բոլոր պատրիարքներն էլ կարճատև տատանումից յետոյ վճռին ստորագրեցին: Այնքան զօրեղ կերպով էր իշխում կայսրը եկեղեցու մէջ. Կոստանցիոսից և Թէոդոսիոս Ա.-ից յետոյ այդպիսի իշխան չէր եղել դեռ: Պատրիարքների ազդեցութեան շնորհիւ, համաձայնեցին վճռին նաև միւս եպիսկոպոսները, թէև նոքա զգում էին մի 100 տարի առաջ եկեղեցու հետ խաղաղութեամբ մեռած եպիսկոպոսի նզովելու ծանրութիւնը: Ինչ որ նրանք չէին զգում, այդ այն դատարկութիւնն էր, որ ստեղծում էր կայսերական հրամանը: Օրիգենէսն արդէն դատապարտուած էր, այժմ դատապարտւում էր նաև Անտիոքի աստուածաբանութիւնը: Այդպիսով եկեղեցին ստեղծում էր իրեն համար մի կեղծ աւանդութիւն և հերետիկոս էր դուրս բերում իւր իսկական հայրերին: Նա յայտնում էր, որ իւր աստուածաբանութիւնը միշտ էլ նոյնն է եղել և ով որ նախկին ժամանակներում այլ կերպ է վարդապետել, ոչ թէ հայր է եղել և հովիւ, այլ նորմուծիչ աւազակ և մարդասպան: Այս եկեղեցին չէր կարողանում այլ ևս հանդուրժել, որ իւր մէջ մի ժամանակ տարբեր հասկացողութիւններ են եղել: Այն Յուստինիանոսը, որ Աթէնքի դպրոցը փակեց, փակեց նաև Աղէքսանդրիայի և Անտիոքի դպրոցները: Նա աստուածաբանական գիտութեան Դիոկղետիանոսն է և Սքոլաստիկայի Կոստանդինը: Բայց նա դրանով եկեղեցու վրայ բեռ չէր դնում, այլ միայն մեծամասնութեան ուզածն էր անում և այդպիսով գոհացնում եպիսկոպոսներին, միևնոյն ժամանակ իրեն ենթարկելով եկեղեցին:
Յուստինիանոսի դեկրետին հետևեց երեք կէտերի մասին եղած վիճաբանութիւնը, որի մէջ միակ ուշադրութեան արժանի գիծն այն է, որ արևմուտքի, մանաւանդ Աֆրիկայի եպիսկոպոսները եռանդուն կերպով բողոքեցին երեք կէտերի նզովման դէմ: Սակայն Հռովմի եպիսկոպոսի վարմունքը մի ողբերգութիւն էր ներկայացնում, որի հերոսը ոչ թէ հերոս էր, այլ անպիտանի մէկը: Վիրգիլիոսը, որին Թէրդորան էր մարդ դարձրել, որը մասնակից էր նախորդի սպանութեան գործին, այն մարդը, որը հրամանի համաձայն միաբնակ ու երկաբնակ էր, ամբողջ վէճի ժամանակ շատ անգամ փոխեց իւր կարծիքը, նայելով թէ արևմուտքի տրամադրութեան էր նայում, թէ՞ կայսեր կամքին: Երկու անգամ ստիպուած էր նա թոյլ տալու, որ կայսրն իրեն բոլորի առաջ իբրև ստախօսի նկարագրէ, որովհետև նա գաղտնի թղթերով այլ բան էր ասել, յայտնի կերպով այլ: Մեծ ժողովից առաջ էլ, յետոյ էլ նրա վարմունքը ողորմելի էր: Ամենազօրեղ Բիւզանդական կայսեր դիմացը կանգնած էր Հռովմի ամենատխրահռչակ պապը:
Յուստինիանոսը մի մեծ ժողով կարևոր էր համարում, թէև նա 551-ին մի երկրորդ էդիկտ հրատարակեց հաւատոյ մասին: Կայսեր այս Բ. էդիկտը, որ քանի գնում աստուածաբան էր դառնում, որոշում էր դարձեալ Քաղկեդոնի վարդապետութիւնը բացատրել զուտ Կիւրեղեան մտքով, մերժել Անտիոքի քրիստոսաբանութիւնը և դատապարտել երեք կէտերը: Բայց Քաղկեդոնին ձեռք տալ չէր կամենում կայսրը: Այս էդիկտը սրբագործելու համար, հակառակ Վիրգիլիոսի բողոքի, 553 թուի Մայիսին բացուեց Կ.Պօլսում Ե. տիեզերական ժողովը: Նախագահում էր մայրաքաղաքի պատրիարքը: 150 անդամներից բաղկացած ժողովի ամբողջ գործունէութիւնը աննշան էր, որովհետև նրա ամբողջ նպատակն էր միայն կայսեր հրամաններին եկեղեցական սրբագործութիւն շնորհել: Նոքա դատապարտեցին Օրիգենէսին, ինչպէս Յուստինիանոսն էր ուզում. նոքա դատապարտեցին երեք կէտերն ու դրանով նաև Անտիոքի աստուածաբանութիւնը, ինչպէս Յուստինիանոսն էր ուզում. և նոքա յայտնեցին իրենց 14 նզովքներով, որ կայսեր 551-ի էդիկտը միանգամայն համաձայն են համարում իրենց վարդապետութեան: Սակայն այս բոլոր »Այո՛ ասողների« մէջ շատ քչերը կլինէին, որոնք իրենց համոզման հակառակ խօսէին: Կայսրը իսկապէս իւր ժամանակ և իւր երկրում ամենալաւ դաւանաբանն էր, եթէ ամենալաւ դաւանաբանի պարտականութիւնն է ընդհանուրի հասկացողութիւնն ի նկատի ունենալ: Յիրաւի Քաղկեդոնի վարդապետութեան բացատրութիւնը ըստ մտաց Կիւրեղի, միանգամայն համապատասխան էր արևելեան եկեղեցու մեծամասնութեան հասկացողութեան:
Պէտք չէ այնուամենայնիւ պակասեցնել 553-ի ժողովի դաւանական որոշման նշանակութիւնը: Դրանով արևելքն արևմուտքին յետ էր դարձնում այն հարուածը, որ վերջինս հասցրել էր նրան: Հռովմը պարգևել էր արևելքին երկու բնութեան բանաձևը, բայց 100 տարի յետոյ արևելքը թելադրեց արևմուտքին այդ բանաձևի միտքը, որ ամենևին համաձայն չէր բանաձևի բառերին: Այդ պատճառով էլ սկզբում արևմուտքում մեծ հակառակութիւն յառաջ եկաւ Ե. Ժողովի դէմ: Բայց ամենից առաջ Վիրգիլիոսը խոնարհուեց և ապա 5 տարի յետոյ նաև Աֆրիկայի եկեղեցին:
Այնուամենայնիւ Վիրգիլիոսի յաջորդ Պելագիոս Ա.-ի դրութիւնը շատ վտանգուած էր արևմուտքում: Հիւսիսային Իտալական եկեղեցիները Մայլանդի և Աքուիլէյիայի առաջնորդութեամբ բաժանուեցին Հռովմից: Ոչ մի ժամանակ հին դարում առաքելական աթոռը այնպիսի դժուար ճգնաժամի մէջ չէր եղել, որչափ այժմ: Արևմուտցիների համար Հռովմի եպիսկոպոսը երևում էր իբրև մի Կ.Պօլսի հետ կապուած, եկեղեցական ազատութիւնից զրկուած պետական եպիսկոպոս: Միայն Լանգօբարդների արշաւանքներն ազատեցին նրան և վերականգնեցին նրա անկախութիւնը Բիւզանդիոնի նկատմամբ: Քաղաքականապէս նորից ուժեղացած և շատ կարևոր դարձած Արիոսականների և հեթանոսների կողմից նեղն ընկած հիւս. Իտալացիներին, Գրիգոր առաջինը նորից կարողացաւ գրաւել հիւսիսային Իտալիայի ամենամեծ մասը Մայլանդի արքեպիսկոպոսի հետ միասին: Բայց նա ստիպուած էր գործի յաջողութեան համար գոնէ ժամանակաւոր կերպով մերժել Ե. ժողովը: Միւս եկեղեցիները դեռ մի ամբողջ դար հեռու պահեցին իրենց Հռովմից: Բայց այդ միևնոյն ժամանակ կորաւ արևմուտքում ամեն ինքնուրոյն աստուածաբանական հետաքրքրութիւն: Երբ այն նորից զարթնել սկսեց, արևմուտքը սեպհականել էր արդէն Ե. ժողովն ու Կիւրղի դաւանաբանութիւնը: Արևելքն առել էր ուրեմն իւր վրէժը:
Այնուամենայնիւ կասկածել կարելի է, թէ արդեօք Յուստինիանոսի քաղաքականութիւնը ճիշտ էր: Նա ցանկանում էր արևմուտքի, Եգիպտոսի և Ասորիքի դաւանաբանութեան մէջ միջին ճանապարհը բռնել. բայց նա կէս ճանապարհին մնաց: Արևմուտքի սիրուն նա պահում էր Քաղկեդոնի բանաձևը, իսկ միաբնակներին ու իւր սեպհական ըմբռնմանը բաւականութիւն տալու համար հրամայում էր ընդունել աստուածաչարչարութեան բանաձևը և մերժել 3 կէտերը: Այդպիսով նա իւր դէմ հանեց արևմուտքը, որին իւր հետ միացած պահել էր ուզում, իսկ մոնոֆիզիտներին էլ գրաւել չկարողացաւ: Այդ դրութիւնը հասկացաւ նա վերջում ինքն էլ, և որոշեց 564-ին անապականութեան վարդապետութիւնը սրբագործել տալ, որն աւելի համաձայն էր իւր սեպհական համոզումներին, և որով գուցէ հնարաւոր լինէր գրաւել միաբնակներին: Այս դեպքում ևս նրա քաղաքականութիւնը հետևողական էր և եռանդուն: Ինչպէս սովորական էր, գործն սկսուեց մայրաքաղաքի պատրիարքի աթոռից զրկուելով. Յուստինիանոսին անշուշտ կյաջողուէր այս անգամ էլ եպիսկոպոսների հակառակութիւնը, որոնց առաջնորդում էր այժմ Անտիոքի պատրիարք Անաստասիոս Սինաիտան, կոտրել, բայց կայսրը 565-ի Նոյեմբերին մեռաւ, իսկ նրա յաջորդ Յուստին Բ.-ը այլ ևս չշարունակեց նրա քաղաքականութիւնը:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ