Հիմարությանը հիմարությամբ չենք պատասխանում, բայց պատասխան ստանալու իրավունք ունենք. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվեց Գյումրիում
դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի կարգ:

Ինչպես հայտնում է «ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը»՝ տերունական աղոթքից ու կարգից հետո սրբազանը ժողովրդին հարցի պահանջատիրության, բայց նաև զգոնության կոչ արեց: «Այնքան վիշտ կա մեր սրտում, որ ասելիք չի թողնում: Համազգային ողբերգության մեջ ենք: Երեք օր է` փորձում ենք հասկանալ անհասկանալին, ըմբռնել՝ անըմբռնելին, բացատրել՝ անբացատրելին: Մեր մարդկային բանականությունից վեր է այս եղեռնագործությունը հասկանալն, ընդունելն ու բացատրելը: Ոճիրը գործված է անակնկալ, և ոճրագործն արդեն իսկ կորցրել է մարդ կոչվելու իրավունքը: Այս 50 տարվա մեջ «վիժվածք» բառն ինձ հասկանալի չէր, հիմա հասկանալի դարձավ:

Մենք մի պահ պատկերացրինք, որ ռազմի դաշտում ենք, և Ավետիսյանները գտնվեցին առաջին գծում և ընդունեցին հարվածն իրենց վրա: Այդ մարդանման կենդանին կարող էր մեզնից յուրաքանչյուրի տուն մտնել: Սա անմեղ մանկանց կոտորած էր, ովքեր հարվածն իրենց վրա վերցրեցին և իրենց նահատակությամբ փրկեցին մեզ: Այստեղ առաջանում են հարցեր, որոնց պատասխանը մենք ակնկալում ենք ստանալ, մենք ուրիշ բան չենք ուզում՝ եթե ոչ ապահովություն ու խաղաղություն:

Մենք զինվորին միշտ համարել ենք իբրև խաղաղության երաշխավոր ու ապահովության գրավական, ոչ թե որպես գիշերը մեր տունը մտնող ու մեր զավակներին սպանող: Ուրեմն, ինչ- որ բան ինչ-որ տեղ սխալ է, ու մենք այդ սխալը սրբագրել ենք պահանջում: Զինվորը չի կարող ոճրագործ լինել, ասկյարն է ոճրագործ լինում: Եվ այստեղ պետք պարզվի, թե ով է մեղավոր, որ այդպիսի երևույթ կա, որ մութ ուժն է. գտնել է պետք այդ մութ ուժը: 2015 թվականին մենք հերթական եղեռնին պատրաստ չէինք, և այն էլ` եղբայրական հավատով ազգի ներկայացուցչի կողմից:

Սովորական քաղաքացի չէ` հանցագործությունը կատարողը զինվոր է, ինչը նշանակում է, որ պետությունը պարտավորություն ու պարտականություն ո նի պատասխան տալու դրա համար, և այդ պատասխանը Գյումրիի ժողովուրդն իրավունք ունի պահանջելու ՌԴ-ից, որքան էլ որ այդ երկիրը մեծ և հզոր երևա: Գյումրեցին չի վախեցել թուրքից, պարսիկից, չի կարող վախենալ և այսուհետ չի վախենա որևէ մեկից և պատասխան է պահանջում: Մեզ կոչ են անում, և մենք էլ ձեզ կոչ ենք անում սթափության և հավասարակշռության: Ոչ մի ավելորդ քայլ չպետք է լինի: Մենք հավասարակշիռ ժողովուրդ ենք»,- իր առաջնորդական խոսքում նշեց Միքայել սրբազանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով բոլորին՝ աղոթել փոքրիկ տղայի առողջության համար:

Աղբյուր՝ tert.am

Տեսանյութ՝ 1in.am