Հերձված Եվտիքականություն

Եվտիքեսականություն, V դարի քրիստոնեական հերձվածողական վարդապետություն: Հայտնի է նաև միաբնակություն (մոնոֆիզիտիզմ) անվամբ: Կոչվել է Կ. Պոլսի վանքերից մեկի վանական Եվտիքեսի անունով:

 Եփեսոսի Գ տիեզերական ժողովում և նեստորականության դեմ պայքարում Եվտիքեսը բազմիցս հանդես էր եկել Նեստորի վարդապետության դեմ, սակայն, Նեստորին հակառակ ուսուցանելով, ընկել էր մեկ այլ ծայրահեղության մեջ: Եվտիքեսի քարոզածը «Մի բնութիւն Աստծոյ Բանին մարմնացելոյ» ալեքսանդրյան բանաձևի «մի բնություն» դրույթի ուղղակի և տառացի ըմբռնումն էր: Ըստ Եվտիքեսի, Քրիստոսը միայն Աստված է՝ օժտված միայն աստվածային բնությամբ:

 Հիսուսի մարդկային բնությունը միավորությունից հետո խառնվել է աստվածայինի հետ ու ոչնչացել, դարձել մեկ բնություն՝ սոսկ աստվածային:

 Եվտիքեսն ընդունում էր երկու բնությունների գոյությունը միայն միավորությունից առաջ: Նա Քրիստոսի մեջ մարդկայինը ձուլում էր աստվածության մեջ այնպես, որ մարդեղությունը՝ ճշմարիտ մարդը, դառնում էր երևութական, ու իրական էր մնում լոկ ճշմարիտ Աստվածը: Ս. Կույս Մարիամն Աստվածամայր է (հակառակ Նեստորի), բայց եթե Նեստորը քարոզում էր, թե Մարիամը լոկ մարդ ծնեց, ապա Եվտիքեսը պնդում էր, որ Քրիստոսը մարմնով մեզ՝ մահկանացուներիս էակից և համագոյակից չէ, այսինքն ժխտում էր Քրիստոսի մարդեղությունը և մարդկային բնության համագոյությունը:

 Բանը մարմին չառավ ս. Կույսից, այլ նրա մարմինը երկնային է՝ «յերկնից եբեր զմարմինն, և ոչ ի սրբոյ Կուսէն»: Եվտիքեսը տարբերակում էր «մարդու մարմինը» «մարդկային մարմնից»: Ըստ նրա, Քրիստոսի մարմինը «մարդկային» է և մարմնավորվել է ս. Կույսից, բայց «մարդու մարմին» չէ: Աստվածածնից Քրիստոսը միայն մարդու նմանություն և կերպարանք առավ, բայց ոչ երբեք՝ մարմին, և չդարձավ մարդացած Աստված: Հայ եկեղեցին (ինչպես և Արևելյան ուղղափառ մյուս եկեղեցիները) երբեք չի հետևել Եվտիքականությանը: Սկսած V դարից նա դատապարտել և նզովել է Եվտիքեսին՝ նրա ուսմունքում տեսնելով ալեքսանդրյան աստվածաբանական Մտքի ծայրահեղացում և Արևելքի քրիստոնեաբանական ըմբռնումների աղավաղում:

 Հայ մատենագրության մեջ Եվտիքեսն առաջին անգամ հիշատակվում է V դ. պատմիչ Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» նամակում, որտեղ նզովվում է Արիոսի, Նեստորի, Մանիի և մյուս աղանդավորների հետ միասին: V դ. Վերջին և VI դ. սկզբին Հայ եկեղեցին ընդունել է Զենոն կայսրի «Հենոտիկոնը» («Միությանգիր»), որտեղ նզովվում է Եվտիքեսը, և հավաստել իր տարբեր ընկալումը եվտիքական միաբնակությունից: Հայ դավանական գրվածքներում առաջին անգամ Եվտիքեսը, ի թիվս այլ աղանդավորների, նզովվում է VI դ. սկզբին, Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի «Թուղթ Հայոց ի Պարսս առ ուղղափառս» 2-րդ թղթում:

 Հայ եկեղեցին ալեքսանդրյան վարդապետությունն ընկալում է կյուրեղյան-եփեսոսյան դավանության դիրքերից: Նա, «մի բնության» ուսումը պաշտպանելով, Քրիստոսի մեջ աստվածային կողմն առհասարակ ավելի է շեշտում, սակայն «մի բնություն» ասելով՝ միայն աստվածայինը չի հասկանում և մարդկայինը անտեսում: Հայ եկեղեցու քրիստոսաբանության Այս ըմբռնումը լավագույնս ձևակերպել է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսն իր «Ընդդէմ երևութականաց» ճառում. «Քրիստոս ոչ է սոսկ մարդ, բայց և ոչ Աստուած մերկ, այլ՝ մանաւանդ Աստուած և մարդ միանգամայն»:

Արտաշես Ղազարյան