Հարստություն դիզելու մասին

Pox - Հարստություն դիզելու մասին

Եւ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ: (Ղուկ.16;9)
Սուրբ Գրքում նշված բազում կուռքերի անուններից Հիսուս նշում է միայն Մամոնայի` դրամի կուռքի անունը` որպես բոլոր ժամանակներում Աստծո աննահանջ հակառակորդ:
Բոլոր կրքերն ու մոլությունները ինչ-որ կերպ հաղթահարելի են, իսկ այ դրամ կուտակելու մոլուցքը անկարելի է հաղթահարել: Այդ մոլուցքով բռնված են ոչ միայն նրանք, ովքեր արդեն իսկ մեծ կարողության տեր են, այլեւ չքավորներ, որոնց ցանկություններն ու հնարավորությունները պարզապես իրար չեն համապատասխանում, բայց վայ է, երբ համընկնեն: Թեեւ կան չքավորներ, որոնց Աստված ինքն է բարձրացնում իր փառքի համար, բայց նրանք եւս, եթե կորցնեն ինքնատիրապետումը, տրվեն դրամի եւ փառքի գայթակղությանը, թշվառ վախճան կունենան: Նրանք որպես կանոն դառնում են հանցագործներ` գողանալով, զրկելով, սպանելով հանուն փողի: Վիճակագրական փաստ է, որ ամեն հիսուն տարին մեկ սեփականությունը փոխում է սեփականատիրոջը: Մարդիկ, որոնք շատ անմեղ նպատակներով սկսում են դրամ հավաքել, չեն էլ զգում, թե ինչպես աստիճանաբար դրամը ինքը վերածվում է գերնպատակի, այն աստիճան, որ մարդիկ այլեւս չեն ցանկանում այն ծախսել սկզբնական նպատակով, այլ ցանկանում են այդ դրամով ավելի մեծ շահույթ ստանալ: Սակայն իրենց կուտակածը չեն վայելում նրանց սերունդները: Ըստ Պողոս առաքյալի կան «մտքով ապականված, ճշմարտությունից հեռացած» մարդիկ, որոնք շահի աղբյուր են համարում անգամ աստվածպաշտությունը: Աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ բավականանք: «Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում եւ դեպի կորուստ, որովհետեւ բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից եւ իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ» Ա Տիմ. 6; 5-10: Այդպիսիներին Հակոբոս առաքյալը ասում է. «Ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր,եւ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. եւ նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի եւ պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք:Մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա եւ շվայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար» Հակ. 5;1-5: Հիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի Երկնքի արքայությունը: Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը՝ Աստծո արքայությունը»: Աշակերտները շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կկարողանա փրկվել»: Հիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է» Մատթ. 19;23-26: Ինչքան որ դժվար է պարանը անցկացնել ասեղի «նեղլիկ ծակով», նույնքան դժվարությամբ հարուստը բաժանվում է իր ունեցվածքից: Այն հարուստները, ովքեր հարստությունը դիտարկում են որպես միջոց եւ ոչ` նպատակ, ամեն պահի պատրաստ են հրաժարվել իրենց ունեցվածքից` հանուն ավելի բարձր գաղափարի, կամ գոնե ավելի խելամիտ կերպով են տնօրինում այն: « Չեք կարող եւ՛ Աստծուն ծառայել, եւ՛ մամոնային: Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք…». ավելի գերադասելի է ընկերանա՛լ փողի հետ, քան ծառայե՛լ փողին…խոսքը այն մասին է, որ դրամը, որը ըստ էության անհրաժեշտություն չէ մարդու համար, այլ ըստ հանգամանքների, պետք է ի բարիս գործածել` ձեռք բերելով անհրաժեշտը, հոգալով մեր նմանների կարիքները, չէ որ երբ մարդը դրախտում էր, նա ուներ ամեն ինչ, այսինքն` ամեն անհրաժեշտը, երբ մարդը ուներ ամեն ինչ, նրա ունեցածը շատ չէր, կամ քիչ: Ցավոք սրտի այսօր փողը ասոցացվում է ազատության հետ, մանավանդ երիտասարդների մոտ. նրանք կարծում են, թե սեփական դրամական միջոցներով ավելի անկախ կդառնան, սակայն անկախանալով մեծերից, ընկնում են փողից կախման մեջ, եւ դառնում են անպատասխատու, անհարգալից եւ շվայտ, խոսքը իհարկե բոլորին չի վերաբերում:
Հարստությունը չի փրկի հարուստին, եթե նա հարուստ է միայն իր եւ իր ազգականների կամ աթոռի համար, հափշտակում է, զրկում ու սպանում, աղքատությունը չի փրկի աղքատին, եթե նա չի կարողանում գոհանալ իր վիճակով եւ … արդյունքում ոչ միշտ է դառնում ունեւոր, բայց միշտ դառնում է անիրավ:
Այսօր փողով կարելի է գնել ու վաճառել ամեն ինչ, մարդու մարմինն ու անգամ հոգին: Հիսուս չասաց, թե հարուստը չի մտնի Արքայություն, այլ` դժվարությամբ կմտնի: Այն ունեւորները, ովքեր անտարբեր չեն իրենց հոգու փրկության հարցում, թող իմանան. Արքայության դուռը անչափ նեղ է նյութական բարիքներով այնտեղ մտնելու համար, դրանք պետք է տալ ու բաշխել ճանապարհին: Հարուստ է նա, ով տալիս է, քանզի տալիս է նա, ով ունի, նրան` ով կարիք ունի: Ղուկ.21;12.Հարուստ, թե աղքատ` մարդու անմահ հոգին Աստծո ձեռքում է, կալվածքներ ձեռք բերեք Աստծո Արքայության մեջ, անցողիկով ձեռք բերեք անանցը: Տնանկնե՛ր ու չքավորնե՛ր, հետամուտ եղեք առաքինության ու հարստացեք շնորհներով, քանզի մարդուն ոչինչ չի փրկի, եթե նրա հարստությունը Ինքը` Աստված չէ:

Աղբյուր՝ «Սյունաց Կանթեղ N 58»

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան