Հավատացյալների Պատարագ (Ավարտ)

 Պատարագի ընծաների և հավատացյալների պատրաստության այս ընթացքը մեզ բերում է Պատարագի բուն խորհրդի կատարմանը, այսինքն՝ Հավատացյալների Պատարագին։ Դարձյալ սարկավագն է հրամայական շեշտով ազդարարում.
«Մի՜ ոք յերախայից, մի՜ ոք ի թերահաւատից, և մի՜ ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս»։ Թարգմանություն. երեխաներից (չմկրտվածներից), թերահավատներից, ապաշխարողներից ու անմաքուրներից ոչ մեկը թող չմոտենա աստվածային խորհրդին։ Ուրեմն՝ սարկավագը պատվիրում է, որ երեխաները, այսինքն՝ նրանք, ովքեր դեռևս չեն մկրտված, թերահավատները կամ ապաշխարության մեջ գտնվողներն ու անմաքուրները, այսինքն՝ հոգեպես իրենք իրենց պիղծ և մեղավոր զգացողները, չմոտենան խորհրդին։ Նրանք ստիպված էին դուրս գալ և գավիթում կանգնած աղոթել։ Այդ պահին Եկեղեցու դռներն էլ էին փակվում, և դրսի անմաքուրների ու մեղավորների հետ ամեն հարաբերություն դադարում էր, որպեսզի ներսինները միախորհուրդ և միահավատ, մեկ սիրտ և մեկ հոգի, իբրև հավատի միավոր, կարողանային արժանանալ աստվածային խորհրդի տեսությանն ու Սուրբ Հաղորդությանը։

 Այսօր այլևս այս արգելքը չկա, և դուրս գալու սովորությունը վերացել է, դժբախտաբար կամ բարեբախտաբար։ Սարկավագի խոսքերն այսօր պարզապես ազդարարում են և մեր ուշադրությունն են հրավիրում, քանի որ մոտենում է աստվածային մեծ պահը։
Այս դուրս գալու սովորությունը դարձյալ Հին Ուխտից է գալիս. ինչպես Մովսեսն էր պատվիրել, որ անմաքուր մարդիկ բանակից դուրս գային. «Որպեսզի չպղծեն իրենց բանակը, որոնց մեջտեղում ես եմ բնակվում» (Թվոց Ե 3)։
Այդ պատճառով էլ միշտ ասել ենք, որ Նոր Ուխտի սովորությունները լավ հասկանալու համար պետք է լավ սերտած լինենք Հին Ուխտը, որովհետև Հին Ուխտը Նոր Ուխտի հիմքն է (La base)։