Հայ Եկեղեցու Ծիսական հարցերի հանձնախմբի հանդիպումը Մայր Աթոռում

 Ապրիլի 16-17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Ծիսական հարցերի հանձնախմբի հերթական հանդիպումը` համաատենապետությամբ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանի, մասնակցությամբ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի, Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, Տ. Գրիգոր ծայրագույն վարդապետ Չիֆթճյանի, Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի: Ժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

 Նախքան ժողովը հանձնախմբի անդամներին ընդունեց և իր օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հայցելով Տիրոջ զորակցությունը ժողովականներին և մաղթելով արդյունավոր աշխատանք:

 Հանձնախումբը քննարկեց և վերջնական տեսքի բերեց Ս. Մկրտության արարողության միասնական տարբերակը, Մկրտության ծեսին առնչված կանոնական հարցերի ուղեցույցը և նախամկրտական ուսուցողական ձեռնարկը:

Այնուհետև արձանագրվեց, որ Սուրբ Մկրտության արարողության փաստաթղթերի փաթեթն արդեն իսկ առաքվել է Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասին` սահմանված ժամկետում դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնելու համար: Այս առումով հանձնախմբի կողմից որոշվեց սահմանել առաջարկությունների ու դիտողությունների խմբավորման ու քննարկման կարգը և հետագա աշխատանքների ժամանակացույցը:

 Նկատի առնելով, որ մկրտության արարողության փաստաթղթերի փաթեթը ներկայացվելու է առաջիկա սեպտեմբերի 23-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելիք Եպիսկոպոսաց ընդհանուր ժողովի քննարկմանը, հանձնախումբը որոշակիացրեց նաև Եպիսկոպոսաց ժողովում փաստաթղթի փաթեթի քննարկման կարգը:

 Հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա հունիսի 26-28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մայրավանքում: