Հայ Առաքելական Ս. Եկեղեցու տոների դասակարգումը

 Հայ Առաքելական Ս. Եկեղեցին ամեն օր նշում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հարության մեծապայծառ տոները, քանի որ յուրաքանչյուր օրվա ժամերգություններում կան ծննդյան և հարության խորհուրդները: Նաև ամեն կիրակի՝ հայտնապես տոնում ենք մեր Փրկիչի արիությամբ՝ մահվան լուծարման և մարդկային բնության փրկության տոնը: Այս ամենից զատ՝ տարին մեկական անգամ, մեծ հանդիսավորությամբ ու վայելուչ ճոխությամբ, տոնում ենք մեր Տիրոջ Ծնունդն ու Հարությունը: Եվ որպեսզի Եկեղեցում ամեն ինչ լինի կարգով ու վայելչությամբ, ըստ առաքելական հրամանի (տե՜ս Ա Կորն. ԺԴ 40), և Եկեղեցու զավակները կարողանան սրբությամբ մասնակցել տոներին, Եկեղեցու սուրբ հայրերը տարվա օրերը բաժանել են երեք խմբի, դրանք են՝ Տերունի օրեր, Սուրբ մարտիրոսների հիշատակին նվիրված օրեր և Պահոց օրեր:
Տերունի տոներ:
Տերունի օրերը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի տնօրինական հիշատակներին հատկացված օրերն են, ինչպես նաև այն տոները՝ Աստվածամոր, Խաչի և Եկեղեցու, որոնց հիշատակը կապված է Տիրոջ հետ: Այստեղից էլ՝ Տերունի օրերը կազմվել են տոների չորս խմբից. Տնօրինական, Աստվածամոր, Խաչի և Եկեղեցու:
Տնօրինական տոները Փրկչի կատարած հայրակամ տնօրինությունները հիշելու համար են, վերաբերում են Սուրբ Երրորդության ու մի Աստվածության խորհրդին և նվիրված են Քրիստոս Աստծու մարդեղությանը: Դրանք են՝ Ավետումը, Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը, Պայծառակերպությունը, Ծաղկազարդը, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Հարությունը՝ Զատիկը, Համբարձումը և Հոգեգալուստը:
Աստվածամոր տոներն են՝ Սուրբ Կույս Մարիամի հղացվելը (Յղութիւն սուրբ Աստուածածնի յԱննայէ), Սուրբ Կույսի ծնունդը, Սուրբ Կույսի ընծայումը տաճարին և Աստվածամոր վերափոխումը:
Այս տոներից բացի՝ Հոգեգալուստին հաջորդող հինգերորդ կիրակի օրը տոնվում է Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Սա հիշատակն է այն դեպքի, որ երկու իշխաններ, ուխտի գնալով Երուսաղեմ, մի հրեա կնոջ մոտ գտնում են Աստվածածնի տուփը և վերցնելով տանում Կոստանդնուպոլիս, որտեղ պատրիարքը հանդիսավոր կերպով այն դնում է եկեղեցում և տոն սահմանում:
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին հաջորդող երրորդ կիրակին սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնն է:
Խաչի տոներն են՝ Սուրբ Խաչի երևումը, Խաչի գյուտը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը:
Եկեղեցու տոներն են՝ Աշխարհամատրան կիրակին, Հոգեգալուստը, Կաթողիկե Սուրբ Էջմիածինը, Սուրբ Տապանակը՝ Վարդավառի նավակատիքը, Շողակաթը՝ Վերափոխման նավակատիքը, Սուրբ Եկեղեցու տոնը՝ Խաչվերացի նավակատիքը, Խաչվերացի տոնին հաջորդող վեց տոնական օրերից երեքը, որոնք ուղղակի կոչվում են «Եկեղեցու տոն», Տյառնընդառաջը, Ծաղկազարդը և Նոր կիրակին:
Ըստ Առաքելական կանոնի՝ տերունի տոն է նաև տարվա յուրաքանչյուր կիրակի օրը, որը նվիրված է մեր Տիրոջ հարությանը, այդ պատճառով պետք է ամեն կիրակի մատուցել սուրբ Պատարագ:
Հոգեգալուստին հաջորդող կիրակիները, մինչև Բուն բարեկենդան, կոչվում են Հարության կիրակիներ, Բուն բարեկենդանից մինչև Զատիկ՝ Պահոց կիրակիներ, իսկ Զատկից մինչև Հոգեգալուստ՝ Հինանց կիրակիներ:
Սրբոց տոներ:
Սուրբ մարտիրոսների հիշատակին նվիրված օրերը սահմանված են տոնելու հալածանքների ժամանակ նահատակված քրիստոնյաների հոգևոր արիության հիշատակը, ովքեր նեղություների օրերին եղան Քրիստոսի վկաները: Այդ պատճառով առաքյալները կանոն սահմանեցին, որ շաբաթ օրը լինի տոն ի հիշատակ սուրբ մարտիրոսների, մատուցվի սուրբ Պատարագ, և հավատացյալները սրբերի ոսկորների նշխարները պատվի արժանացնելով՝ փառավորեն Քրիստոսին:
Սուրբ մարտիրոսների հիշատակը տոնվում է շաբաթվա չորս օրերին միայն՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Սա վերաբերում է այն շաբաթներին, որոնք տերունի տոների կամ պահքի համար հատկացված չեն: Պահքի շրջանում շաբաթ օրերն են միայն հատկացված սրբերի տոներին, բացի Լուսավորչի, Վարագա խաչի և Սուրբ Հակոբի պահքի շաբաթներից, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ևս սրբերի տոն է կատարվում:
Եկեղեցական օրացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը, իսկ հետագա դարերում ապրած սրբերի հիշատակը նշելու համար Եկեղեցին սահմանել է «Ամենայն սրբոց տոն»-ը, որի ժամանակ հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը:
Պահոց օրեր:
Եկեղեցին բացի տոն օրերից, ունի նաև պահոց օրեր, որոնք ապաշխարության համար են, քանի որ մարդուն խորհրդածելու օրեր էլ են հարկավոր: Ըստ Եկեղեցու կանոնի՝ այդպիսի օրեր են տարվա օրերի գրեթե կեսը: Պահքերը լինում են երեք տեսակ՝ օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Օրապահք են շաբաթվա երկու օրերը՝ չորեքշաբթի և ուրբաթ: Իսկ երբ պահում ենք շաբաթվա հինգ օրերը՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ, ապա դա կոչվում է շաբաթապահք:
Շաբաթապահքերն են՝ Առաջավորաց, Եղիական, Լուսավորչի, Վարդավառի, Վերափոխման, Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի, Հիսնակի, Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի և Ծննդյան պահքերը:
Պահքին նախորդող ուտիքի օրը կոչվում է բարեկենդան, որը նշանակում է բարի կենդանություն՝ ուրախություն: Բուն բարեկենդան է կոչվում Մեծ բարեկենդանը, որին հաջորդում է Մեծ պահքը: Բարեկենդաններն ըստ նրանք պայմանավորողների կատարման հերթականության հետևյալներն են՝ Բարեկենդան Առաջավորաց պահոց, Բուն բարեկենդան, Բարեկենդան Եղիական պահոց, Բարեկենդան Լուսավորչի պահոց, Բարեկենդան Վարդավառի պահոց, Բարեկենդան Վերափոխման պահոց, Բարեկենդան Սուրբ Խաչի պահոց, Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչի պահոց, Բարեկենդան Հիսնակի պահոց, Բարեկենդան սուրբ Հակոբի պահոց, Բարեկենդան Ծննդյան պահոց:
Հատուկ պահքը է հիսնօրյա պահքը: Տարվա մեջ երեք հիսնյակներ կան: Հիսնյակները դրանք հիսուն օրերից կազմված պահոց շրջաններ են, որոնք նախորդում են մեծ տոներին՝ Ծնունդին, Զատկին և Վարդավառին: Սուրբ Ծննդյանը նախորդող հիսնյակը կոչվում է «Հիսնակ»: Այն սկսվում է նոյեմբերի 18-ից, որը և Հիսնակի բարեկենդանն է: Ինչպես Զատկին և Վարդավառին նախորդող հիսնօրյա պահքերի բարեկենդաններն են կիրակի օրը տոնվում, այդպես էլ Հիսնակի բարեկենդանն է կիրակի օրը տոնվում, որը լինում է նոյեմբերի 15-ից մինչև 21-ը հանդիպող կիրակին: Այս շրջանում աշխարհականների համար թելադրվում է պահել հիսնյակի առաջին շաբաթը՝ Հիսնակի շաբաթապահքը, վերջին շաբաթը՝ Ծննդյան շաբաթապահքը, և այդ միջակայքում գտնվող Սուրբ Հակոբի շաբաթապահքը, իսկ հոգևորականների համար՝ ամբողջ հիսնյակը:
Երկրորդ հիսնյակը Զատկին նախորդող Մեծ պահքի շրջանն է և կոչվում է «Աղուհացից»: Այս շրջանում և՜ աշխարհականներին, և՜ հոգևորականներին թելադրվում է պահել ամբողջ հիսնյակը: Իսկ երրորդ հիսնյակը՝ Վարդավառին նախորդող հիսուն օրերն են, որոնցից այժմ միայն երեք շաբաթն ենք պահում՝ առաջին՝ Եղիական, միջին՝ Լուսավորչի, և վերջին՝ Վարդավառի:

Արամ Դիլանյան, հատված՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները» գրքից: