Հալածանքի հետևենաքները եկեղեցու ներքին կյանքի համար. Կիպրիանոս

 -Դառն ժամանակը յառաջ քաշեց եկեղեցու գործնական կազմակերպութեան ու դիսցիպլինայի հարցերը: Եկեղեցական կազմակերպութեան վրայ եղած յարձակումը կարող էր միայն նպաստել նրա վերջնական կատարելութեան հասնելուն: Եթէ եկեղեցու ներքին ճգնաժամը Բ. դարում եկեղեցու միութեան հիմքն էր դրել, այժմ արտաքին ճգնաժամը մի աստիճան էլ առաջ գնաց և ընդհանրականի գաղափարը իւր կատարելութեանն հասցրեց: Առանց ներքին ծանր կռիւների չանցաւ այդ զարգացումը: Դարձեալ մեկուսացաւ քրիստոնէութեան մի մասը, որ վերջին քայլը չէր ուզում անել ընդհանրութեան հետ միասին: Նովացիանի հերձուածի պատճառը ոչ թէ տեսական, այլ գործնական խնդիրներն էին, որ ցոյց է տալիս, թէ միութիւնը ուզում էին հաստատել ոչ միայն ուսման, այլև կեանքի ասպարէզում:
Ինչպէս որ զարգացման Ա. աստիճանի ժամանակ եկեղեցին Իրենիոսի նման մարդիկ ունէր, որոնք պարզ էին կացուցանում դրութիւնը սկզբունքի տեսակէտից, այնպէս էլ այժմ չէին պակասում նշանաւոր մարդիկ, մանաւանդ արևմուտքում, ուր կազմակերպելու ու դիսցիպլինայի ոգին շատ զօրեղ էր: Այդպիսի մարդկանց մէջ ամէնից նշանաւորն է.
Կարթագենի եպիսկոպոս Կիպրիանոսը.-Նա հարուստ հեթանոսական ընտանիքի զաւակ էր և հռետորութեան վարժապետ Կարթագենում: Ցեցիլիանոս երէցը նրան քրիստոնեայ է դարձնում և նա շուտով այնքան ժողովրդականութիւն է ձեռք բերում, որ մկրտութիւնից հազիւ մի քանի տարի անցած 248-ին կամ 249-ին ժողովրդի կամքով Կարթագենի եպիսկոպոս է դառնում: Դեկոսի հալածանքի ժամանակ նա համայնքը վտանգից ազատելու համար մի տարու չափ, մինչև 251-ի զատիկը թագնւում է: Այդ հանգամանքներից յառաջ գալիք դժուարութիւններին յաղթելու համար, նա սերտ նամակագրութիւն է սկսում համայնքի հետ: Միայն 258 թուի Սեպտեմբերի 14-ին սրով մեռնում է նա իբրև խոստովանող եպիսկոպոս Կարթագենում:
Մինչև վերջին րոպէն գիտակից իւր պաշտօնին, պատահականութին չէ, որ նա միակն է բոլոր մեծ եկեղեցական հայրերի մէջ, որ մարտիրոսական մահով է մեռել: Այդ պաշտօնի մէջ, այնպէս, ինչպէս որ Կիպրիանոսն էր ըմբռնել այն ու ձևափոխել, տեսնում էր Հռովմի պետութիւնը վտանգը և այդ է Կիպրիանոսի նշանակութիւնը ընդհանուր եկեղեցու համար: Նա մի եկեղեցական-վարչական անձնաւորութիւն էր, որ կազմակերպելու մեծ տաղանդ ունէր, բայց մի—նոյն ժամանակ բարձր քահանայական ինքնագիտակցութիւն և մանկավարժական խելք: Ամեն տեսակէտից գործնական` թէ իբրև աստուածաբան, թէ իբրև գրող և թէ իբրև եպիսկոպոս, միևնոյն ժամանակ մի կազմակերպուած բնաւորութիւն, նա շատ մեծ չափով նպաստել է եպիսկոպոսական հեղինակութեան բարձրանալուն: Նրան էին դիմում Գալլիայից ու Կապադովկիայից, և ինքն էլ աշխատում էր, որ իւր կարծիքներն ու վճիռները ամենահեռու տեղերն անգամ տարածուին: Աստուածաբանութեան տեսակէտից նա ինքն էլ իրեն իւր հայրենակից Տերտուլիանոսի աշակերտն է զգում, բայց վերջինս շատ բարձր է նրանից ինքնուրոյնութեամբ: Սակայն այս էլ պէտք է ասել, որ միայն Կիպրիանոսի միջոցով Տերտուլիանոսը արևմտեան կաթոլիկութեան հայրը դարձաւ: Նա մի կողմ թողեց իւր վարժապետի նախնի քրիստոնէական-մոնտանական կողմը, մակերևութացրեց ու թանձրացրեց նրա մտածողութիւնը և այդպիսով դարձրեց նաև կաթոլիկ եկեղեցու համար գործածելի: Եկեղեցին դարձաւ մի քահանայական պետութիւն, մի նուիրապետական կազմակերպութիւն ունեցող փրկութեան կամ դաստիարակչական դպրոց: Ինչպէս երկու մեծ Աղէքսանդրացիները վերջնականապէս մտցրին քրիստոնէութեան մէջ Ինտելլեկտուալիզմը, այնպէս էլ երկու մեծ Կարթագենացիները և իրաւաբանն ու քաղաքագէտը, մտցրին Մորալիզմը` գործերի միջոցով արդարանալու գաղափարը, քրիստոնէութեան մէջ:
Կիպրիանոսի գրուածքներն ևս, բոլորն էլ յառաջ եկած գործնական պատճառներից, շատ մեծ հեղինակութիւն են վայելել շնորհիւ իրենց դիւրըմբռնելիութեան ու սահուն լատիներէին, մանաւանդ որ արտաքին հռետորական ձևն էլ պահուած էր, իսկ ներքին ջերմութիւնը պակաս չէր: Արևմուտքում երկու դար շարունակ Ս. Գրքի կողքին համարեա միայն Կիպրիանոսի գրուածքներն են կարդացուել և կանոնական դիրք ձեռք բերել, ազդեցութիւն գործելով նաև ար—ելքի վրայ: Նրա բազմազան բովանդակութիւն ունեցող գրուածքներից բաւական է այստեղ յիշել նախ` de lapsis գրուածքը, որի մէջ նա հաստատուն և բանական եղանակով խօսում է, թէ ինչպէս պիտի վարուել անկեալների հետ. մի նշանաւոր աղբիւր թէ հալածանքների և թէ դիսցիպլինայի պատմութեան համար: Բ. De habitu virginum, որի մէջ յորդորում է կուսական կեանքը` եկեղեցու այդ ծաղիկը, մաքուր պահել այս աշխարհի փորձութիւններից: Գ. De catholicae ecclesiae unitate, եկեղեցական-քաղաքականութեան վերաբերեալ ամենանշանաւոր երկը, որի մէջ Կիպրիանոսը ցոյց է տալիս հերձուածողութեան վտանգաւորութիւնը և յորդորում է հեռու կենալ նրանից: Դ. Վերջապէս նրա 81 նամակներից (15-ը իրեն ուղղուած) բաղկացած նամականին` բոլորը գործնական եկեղեցական խնդիրների վերաբերեալ, ժամանակի պատմութեան ամենակարևոր աղբիւրներից մէկը: Բացի իւր սեպհական գրուածքներից, կան ուրիշ շատ նրան վերագրուող գրուածքներ ժամանակակից խնդիրների մասին, որոնք սակայն նրան չեն պատկանում:
Կիպրիանոսի ժամանակակիցներից նշանաւոր են. Ա. Նովացիանոս, որ Հռովմում մի հերձուած յառաջ բերեց և այնտեղ էլ մեծ հեղինակութիւն էր վայելում թէ իւր գիտութեան և թէ խիստ վարք ու բարքի պատճառով. յետագայ տեղեկութիւնների համաձայն նա Փռիւգիացի է եղել. նրա լեզուն էլ խիստ կոպիտ լատիներէն է և այն շրջանին է պատկանում, երբ յունարէնի տեղ լատիներէնն է սկսում բռնել Հռովմի քրիստոնէական գրականութեան մէջ: Բ. Կոմմոդիան, ամենահին քրիստոնեայ լատին-բանաստեղծը. իբրև հեթանոս ծնուած, Հին Կտակարանի միջոցով քրիստոնեայ դարձած. սա ժողովրդին բարոյական լրջութեան է հրաւիրում իւր գրուածքների մէջ, որոնցից չի երևում թէ նա մեծ տաղանդի տէր է եղել, նկարագրելով վախճանը իւր սարսափներով:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ