Կոստանդինը և իր որդին

Կոստանդին Մեծի ծննդեան ճիշտ թուականն անյայտ է. հաշւում են 274-ի և 288-ի մէջ: Նրա հայրն էր Կոստանցիուս Քլորուսը, իսկ մայրը Հեղինէն, որ հասարակ ծագումից էր: Պատանեկութեան ժամանակ Կոստանդինը ապրում էր իբրև պատանդ Դիոկղետիանոս կայսեր պալատում: 303-305 պաշտօն ունէր Գալերիոսի պալատում. իսկ 305-ից, երբ հայրը կայսր հրատարակուեց, արևմուտք գնաց, հօրն օգնելու կառավարութեան գործում: Կոստանցիուս Քլորուսի մահից յետոյ Գալերիոսը նրան Կեսար նշանակեց, իսկ զօրքն հրատարակեց նրան կայսր: Սեւերոսի († 307) և Գալերիոսի († 311) մահից յետոյ Կոստանդինը զօրացաւ ամբողջ արևմուտքում իսկ Մաքսենտիոսին յաղթելով 312-ին տէր դարձաւ նաև Հռովմին: Այնուհետև նա կռիւ էր մղում Լիկինիոսի դէմ, որին 324-ին յաղթելով, ամբողջ կայսրութեան միապետ դարձաւ:
Կոստանդին Մեծը միանգամից քրիստոնէութիւն չընդունեց: Միայն մահուան անկողնում 337-ին ընդունեց նա Նիկոմեդիայում Եւսեբիոս Նիկոմեդիացու ձեռքից քրիստոնէական մկրտութիւնը: Սկզբում նա յարած էր Նոր Պղատոնականութեան միաստուածութեան, իւր հօր նման, և միայն շատ ուշ, մասամբ էլ քաղաքական դիտումներից դրդուած նա եկեղեցու դաւանած միաստուածութեան մէջ գտաւ իւր հոգու հանգստութիւնը:
Մինչև իւր կեանքի վերջն էլ նա բարեկամ մնաց Սոպատէր Նոր-պղատոնական փիլիսոփային, որը տոգորուած էր հեթանոսութեան վերանորոգութեան գաղափարով: Կոստանդին Մեծն սկսում է ակնյայտնի բարեկամութիւն ցոյց տալ քրիստոնէութեան միայն Մաքսենտիոսի պարտութիւնից յետոյ 312-ին: Եւսեբիոսի վկայութեամբ 312-ի Հոկտեմբերին մի կէսօրից յետոյ նա մի լուսաւոր խաչ է տեսնում երկնքում «սովաւ յաղթեսցես» արձանագրութեամբ. կայսրը անմիջապէս խաչաձև դրօշակներ է պատրաստել տուել Քրիստոսի մենագրութեամբ զարդարուած: Ուրիշ աւանդութեամբ նա մի երազ է տեսել և հետևեալ օրն իսկ դրօշմել է տուել զինուորների վահանների վրայ երկնային նշանը: Յամենայն դէպս 312-ից սկսած գործածական է դառնում խաչի նշանը: Կայսեր պատուին կանգնեցրած արձանի նիզակի ծայրը շինում են խաչաձև: Կոստանդնի վերջին կռիւների ժամանակ դրօշակներն արդէն խաչի նշանով էին զարդարուած: Դորա համաձայն 313-ից սկսած եկեղեցին ու հոգևորականութիւնն էլ սկսում են արտօնութիւններ ստանալ հաւասար հեթանոսական տաճարների ու քրմերի: Լիկինիոսի անկումից յետոյ միայն Կոստանդին աւելի համարձակ է դառնում իւր դէպի քրիստոնէութիւնը ցոյց տուած բարեկամական քաղաքականութեան մէջ:
Արևելքում քրիստոնէութիւնը 324-ից դառնում է ճշմարիտ կրօնը, իսկ հեթանոսութիւնը համարւում է մոլորութիւն: Հեթանոսական սովորութիւններն հետզհետէ սկսում են արգելել և ճնշել: 328-330 կործանում են մինչև իսկ մի քանի հեթանոսական տաճարներ, մանաւանդ անբարոյական ծէսերով յայտնիները: Քրիստոնեաներն ազդեցութիւն են ձեռք բերում պետական պաշտօնէութեան մէջ, մայրաքաղաքը դառնում է Բիւզանդիոնը և կայսեր 25 ամեայ յոբելեանը 330-ին կատարւում է առանց հեթանոսական տօների և ծէսերի: Կայսեր զաւակները ստանում են քրիստոնէական կրթութիւն, որով ապահովւում է քրիստոնէութեան վերջնական յաղթութիւնը: Եկեղեցին դառնում է այժմ իրաւատէր մարմին, ստանում է կալուածքներ, նուէրներ, կտակներ և այլն և ապահովւում նիւթապէս. իսկ այդ բանը շատ կարևոր էր եկեղեցու նուիրապետութեան զարգացման և նրա գործունէութեան համար: Բնական էր, որ կայսեր քաղաքականութիւնը շատ մեծ տպաւորութիւն պիտի գործեր եկեղեցու ներկայացուցիչների՝ եպիսկոպոսների վրայ: Կայսրն էլ իւր կողմից շատ լաւ ըմբռնել էլ եկեղեցու մեծ բարոյական զօրութիւնը և դրա համար աշխատում էր պետութեան շահերի տեսակէտից սերտ դաշնակցութիւն կապել եկեղեցու հետ: Կայսեր նպատակն էր, եկեղեցու բարոյական հեղինակութիւնը պետութեան միութեան պահպանութեան համար գործադրել: Նա հասկանում էր, որ առանց դաշնակցութեան, անկախ եկեղեցին, ապագայում պետութեան ամենազօրեղ և վտանգաւոր ախոյեանը կարող էր դառնալ: Եկեղեցին պէտք է կապուած լինէր պետութեան շահերի հետ.այդ պատճառով էլ անհրաժեշտ էր պահպանել եկեղեցու միութիւնը՝ պետութեան միութիւնը պահպանել կարողանալու համար: Այդ նպատակի իրագործման համար նրա ձեռք առած միջոցները կտեսնենք Դոնատեան և Արիոսական վէճերի ժամանակ: Յամենայն դէպս նրա ամբողջ քաղաքականութեան միտքն էր պետական նոր կրօնը զօրացնել ու պահպանել: Քաղաքական միտումներն անշուշտ շատ զօրեղ էին նրա գործունէութեան մէջ, բայց չի կարելի ասել նաև, ինչպէս փորձում են շատերը, թէ նա բոլորովին հետաքրքրութիւն չի ունեցել կրօնական խնդիրների համար:
Այդպիսի սխալ բացատրութեան շնորհիւ է, որ Կոստանդնին շատ մեծ դեր են տալիս քրիստոնէութեան յաղթանակի մէջ: Առհասարակ սխալ է հարցն այն ձևով դնել, թէ արդեօք առանց Կոստանդնի քրիստոնէութիւնը յաղթութիւն կտանէր, թէ ոչ: Քրիստոնէութիւնն արդէն այն չափով տարածուել էր և այնպիսի մի զօրութիւն էր դարձել, որ մի Կոստանդին վաղ թէ ուշ պիտի գար. միայն շատ աւելի հեշտ կլինէր Կոստանդին լինել իւրաքանչիւր տասնեակ տարի յետոյ: Քրիստոնէութեան յաղթանակը Կոստանդնի անձնաւորութեան հետ կապուած չէ. ամբողջ Փոքր Ասիայում և Միջագետքի վերին մասերում քրիստոնէութեան յաղթութիւնը վճռուած խնդիր էր Կոստանդնից առաջ արդէն. իսկ Ասորիքում, Եգիպտոսում, Իտալիայում և Աֆրիկայում յաղթութեան բոլոր նշանները կային: Կոստանդինը եղել էր Փոքր Ասիայում, այնտեղից էլ անցել էր արևմուտք. աստուածային նշան պէտք չէր նրան հասկացնելու գործի դրութիւնը: Կոստանդնի մեծութիւնը հէնց այն է, որ նա ըմբռնեց, թէ դէպի ո՞ւր է գնում շարժումը, և պետութեան ամենաքաղաքակիրթ ու գլխաւոր նահանգներին տուեց իրենց ուզած կրօնը:
Կոստանդին Մեծի որդիները, Կոստանցիոս և Կոստանս, իբրև քրիստոնէական կրթութիւն ստացած և համոզմամբ էլ քրիստոնեայ մարդիկ, իսկոյն թշնամական դիրք բռնեցին դէպի հեթանոսութիւնը: 341-ին արդէն Կոստանցիոսը խիստ կերպով արգելում է սնոտիապաշտութիւնն ու զոհելը. իսկ 346-ին երկու եղբայրները, Կոստանցիոսն ու Կոստանսը մի ընդհանուր հրամանով մահուան պատժի են դատապարտում զոհողներին, և հրամայում են փակել բոլոր տաճարները: Այս «Սուրբ կայսրները» իրենց կեանքի նպատակն էին համարում հեթանոսութիւնը ոչնչացնել: Դրա համաձայն՝ քրիստոնէական ջատագովութիւնն էլ այժմ մոլեռանդ յարձակման էր փոխուել (Ֆիրմիկոս Մատերնոս): Այսպիսով քրիստոնէութիւնն անում է այն, ինչ որ պահանջում էր հեթանոսութիւնից չանել և մեծ անարդարութիւն էր համարում իրեն նկատմամբ: 356-ին նորոգւում է հրամանը մահուան պատժի սպառնալիքով զոհողների համար. և թէև դեռ հեթանոսութիւնը երկար ժամանակ մնում է մեծամասնութիւն կազմողը Հռովմում, Աղէքսանդրիայում և այլուր, բայց նրա ներքին ոյժը բոլորովին ոչնչացել էր: Զարմանալի չէ այդ պատճառով, որ այս հալածանքների ժամանակ ո՛չ մի տեղ ապստամբական ցոյց չի լինում հալածող պետութեան դէմ:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Նմանատիպ նյութեր