Երբ սուրբ Եպիփանը հեռացավ Ծոփաց գավառից, իր միայնանոցից, որ Մամբրե էր կոչվում, այնտեղ թողեց շատ եղբայրներ-միաբաններ, միահավան հավատացյալ քրիստոնյա կրոնավորներ, լեռնաբնակ միանձն ճգնավորներ եւ մի քահանայի նրանց վրա գլխավոր նշանակեց։
Նրանց մեջ կային ոմանք, որ մանկությունից ի վեր բնավ ուրիշ կերակուր չէին կերել, բացի լոկ բանջարեղենից եւ ջրից. գինու համն էլ չէին առել, թե ինչպես է:
Նրանց մեջ կար մի խստակրոն եղբայր, որ մութ կյանք էր վարում եւ բոլորովին հրաժարվում էր ճաշակել հարության հույսի կենարար բաժակից, այսինքն՝ մեր տեր Հիսուս Քրիստոսի Արյունից։ Որովհետեւ նա չէր կարող հավատալ, թե երբ այդ գինին սուրբ սեղան է բերվում եւ քահանայի ձեռքով բաշխվում, իսկապես Աստծու Որդու Արյունն է դառնում, այլ կարծում էր, թե լոկ գինի է մնում, այս պատճառով էլ հաճախ վիճում էր շատերի հետ։
Օրերից մի օր, երբ գոհության պատարագի խորհուրդն էին կատարում այն վկայարանում, որ շինել էր սուրբ Եպիփանը, եւ սուրբ հացն ու գինին բերին, պատարագի սեղանի վրա դրին, որպեսզի արյուն դառնա, այդ անհավատ եղբայրն էլ այնտեղ էր գտնվում, վկայարանում. քահանան ելել-կանգնել էր սեղանի առաջ եւ նախքան պատարագ մատուցելը՝ ձեռքերը բարձրացնում է սեղանի վրա եւ ասում. «Զորությունների Տեր Աստված, որ բոլոր արարածները ոչնչից ստեղծեցիր, մարդուն հողից ստեղծեցիր կենդանի եւ անապական. մարդիկ Քո պատվիրանը զանց արին եւ իրենց պատվիրանազանցության պատճառով մահվան դատապարտվեցին, եւ Դու արդար դատաստանով նրանց դուրս արիր փափուկ դրախտից այս աշխարհը, որտեղից ստեղծել էիր, եւ նրանք դատապարտվեցին մահով մեռնելու։ Բայց Դու, բարերար Աստված, նրանց ձեռքից չթողիր, այլ Քո Միածնի խնամքով ու շնորհով Քո ստեղծածները երկրորդ ծնունդով նորոգեցիր եւ շատ կերպարանքներով այցելու եղար Քո արարածներին։ Մարգարեներ ուղարկեցիր, տեսակ-տեսակ զորություններ ու հրաշքներ գործեցիր Քո սրբերի ձեռքով, որոնք Քեզ հաճելի եղան, օրենքներ տվիր օգնության համար, հրեշտակներ ուղարկեցիր վերակացության համար։ Իսկ երբ ժամանակների վերջը հասավ, մեզ հետ խոսեցիր Քո Միածին Որդու միջոցով, որի հետ աշխարհն ստեղծեցիր, որ պատկեր է Քո փառքի, կերպարանք է Քո էության, որ կրում է ամեն ինչ զորավոր խոսքով, որ ոչինչ չհափշտակեց Հոր էական բնությունից Իր անձի պատվի համար, այլ հավիտենական Աստված երկրի վրա երեւաց, մարդկանց հետ շրջեց, Սուրբ Կույսից մարմնացավ, ծառայի կերպ արանք առավ եւ մեր տկարության նմանվեց, որպեսզի մեզ նմանակից դարձնի իր փառքին։ Դու մեզ փրկեցիր ամեն տեսակ գայթակղությունից եւ մոլորությունից, աշխարհից վերացրիր որեւէ անհույս թերահավատություն եւ Քո բոլոր արարածներին շնորհեցիր հարության հույս ու հավատ եւ նմանություն Քո պատկերին ու կերպարանքին, եւ բոլորին առհասարակ կյանք շնորհեցիր այն հավատով, որը զորացրիր մարդկանց մեջ։ Այս բոլորն արիր ոչ թե մեր որեւէ արդարության համար, որովհետեւ մենք աշխարհիս վրա ոչ մի բարիք չենք գործել, այլ Քո ողորմության եւ գթության շնորհիվ, որ մեր վրա սփռեցիր, համարձակվում ենք խնդրել սրտ ագետիցդ, որ քննում ես մարդկանց սրտերն ու երիկամունքը, Դու, Տեր, որ բոլորի սրտերը գիտես, Դու ճանաչում ես այս մարդու ճշմարիտ ճգնությունները, որ խստակյաց կյանք է վարում իր ճգնողական կյանքում, սակայն սրա մեջ պակասում է հավատը. արդ՝ տուր սրան հավատ մի մանանեխի հատիկի չափ, որպեսզի չկորչի։ Ո՜վ Քաջ Հովիվ, որ դուրս եկար կորած ոչխարը փնտրելու, որ Քո անձը դրիր Քո խաշների վրա, սրան եւս փրկի՛ր թերահավատությունից, որով բռնված է, որպեսզի թշնամին սրան չհափշտակի եւ այս Քո ստեղծածը, որ Քո կերպարանքի նմանությունն է կրում, հավիտենական կորստի չմատնվի»։
Այս աղոթքն արեց քահանան պատարագը մատուցելուց առաջ, հետո սկսեց Սուրբ եւ Անմահ Պատարագը եւ ամբողջ պատարագամատույցը վերջ ացրեց։ Երբ նա ասաց,.«Հայր մեր, որ յերկինս ես», ծունկ չոքեց եւ երկար աղոթք արեց։ Եվ մինչ նա ծունկ չոքած աղոթք էր անում, թերահավատ եղբայրը ոտքի կանգնած՝ ներքեւից՝ բեմից նայում էր դեպի սեղանը եւ բաց աչքերով մեծամեծ հրաշքներ սկսեց տեսնել։
Նա տեսնում էր Քրիստոսին, որ իջել էր սեղանի վրա, բացել էր կողքի վերքը, որ գեղարդով խոցելուց էր գոյացել, եւ կողքի վերքից արյունը կաթկթելով հոսում էր պատարագի բաժակի մեջ, որ դրված էր սեղանի վրա։ Թերահավատ կրոնավոր եղբայրը այս որ տեսավ, զարհուրեց ու դողաց. հուզված, շփոթված գետին կործանվեց, բերանը կարկամած, ուժասպառ, շնչասպառ ուշաթափ եղավ։
Իսկ քահանան վեր կենալով՝ սուրբ պատարագի խորհուրդը վերջացրեց, եւ երբ սուրբ օրենքը բեմից իջեցնում էր, տեսավ այն եղբորը, որ ուշաթափ ընկած էր գետնին։ Երբ սրբությունը տվեց ում որ պետք էր, ապա մնացորդը դարձյալ տարավ, սեղանի վրա դրեց եւ, ներքեւ իջնելով, բռնեց եղբորից, տեսավ, որ ուշագնաց ընկած է գետնի վրա։ Ջուր բերեց, բերանին սրսկեց. երբ նա վերջապես շունչ քաշեց եւ ուշքի եկավ, վեր կացավ ու պատմեց իր տեսած հրաշքները։ Ապա քահանան կամեցավ սուրբ օրենքով նրան ճաշակել տալ, բայց նա հանձն չառավ, չհամաձայնվեց, որովհետեւ իրեն անարժան էր համարում։ Այլ նա իր համար մի հոր փորեց եւ, մեջը մտնելով, յոթ տարի ապաշխարեց իր թերահավատության մեղքը, եւ յոթ տարուց հետո համարեց, որ իր ապաշխարությունն արժանացել է թողության, դուրս եկավ ուրիշների հետ միասին հաղորդվելու։ Բայց էլի նույն հորն է իջնում բոլոր իր կյանքի օրերում եւ նույն հորումն էլ այդ եղբայրը վախճանվեց։ Ապա քահանան էլ վախճանվեց, եւ երկուսը միասին այն վկայարանի ներսը դրվեցին, Եպիփանի եղբայրանոցում, որտեղ այս հրաշքը երեւաց։

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #31 (65)

Աշոտ Հունանյան