Կիրակնօրյա աղոթք

Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մութով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից: Տեր և Աստված իմ, որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից: Բայց դու, Տեր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրորդությունդ. հավիտյանս
հավիտենից. ամեն:

(Գրաբար)

Յաւիտենից Աստուա՛ծ եւ արարիչ բոլորից, որ յայսմ աւուր սկսեալ՝ ի սկզբանէ արարեր զերկինս եւ զերկիր եւ որոշեցեր զլոյսն ի խաւարէն, խաւարեալս մեղաւք անկանիմ առաջի քո եւ աղաչեմ զքեզ. Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, լուսաւորեա՛ զխաւարեալ խորհուրդս եւ զմթով ծածկեալ միտքս, բա՛ց զառ ի գործեալ զառագաստ զգայարանիս եւ ծագեա՛ առ ծառայս անպիտան զնշոյլ ճառագայթից քոց: Փա՛ռքդ անպատում, որ փարէիր ի վերայ անհուն համասփիւռ ջուրցն, փայլեցո՛ առ փանաքիս զփառացդ լոյսդ սրբարար, մաքրեա՛ ի մեղաց զբազմամեղս եւ սրբեա՛
յանսահման սխալանաց: Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր կոչեցեր զլոյսն տիւ, եւ զխաւարն կոչեցեր գիշեր, զգիշեր մեղաց իմոց եւ զխաւար անաւրէնութեանց իմոց հերքեա՛ եւ հեռացո՛ յինէն: Այլ դու, Տէ՛ր, գթա՛ծ եւ մարդասէր, որ յառաջ քան զլինելն երկնի եւ երկրի պատրաստեցեր զարքայութիւնդ ի սկզբանէ՝ սրբոց առաքելոց եւ ամենայն սիրողաց քոց, արա՛ եւ զիս արժանի ընդ նոսին ժառանգել զխոստացեալ բարիսն եւ ընդ նոսին փառաւորել զամենասուրբ զԵրրորդութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Հովհաննես Գառնեցու Աղոթքները