Կենսական հիշողություն

Verjin @ntriq - Կենսական հիշողություն

Որովհետեւ ես ընդունեցի Տիրոջից՝ ինչ որ ավանդեցի ձեզ. այն, որ Տեր Հիսուս այն գիշերը, երբ մատնվեց, հաց վերցրեց, գոհություն մատուցեց, կտրեց եւ ասաց. «Այս է Իմ Մարմինը, որ ձեզ համար է. արե՛ք այս իմ հիշատակի համար»:
Նույն ձեւով էլ ընթրիքից հետո վերցրեց բաժակը եւ
ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է Իմ Արյունով. արե՛ք այս իմ հիշատակի համար, քանի անգամ էլ որ խմեք»:
Քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, պատմեցե՛ք Տիրոջ մահը, մինչեւ որ նա գա» (Ա Կորնթ.11;23):
Ձեր դուռն
էլ թակած կլինեն առաքյալի այս խոսքերը վկայակոչող, Հիսուսի «մահվան հիշատակության» հրավիրատոմսեր բաժանող «Եհովայի վկաներ», բայց մենք նրանց մասին չէ, որ պիտի խոսենք, այլ այն մասին, թե իրականում ինչպես պետք է հասկանալ ու կատարել Հիսուսի մահվան հիշատակությունը: Ճիշտ հասկանալու համար կարեւոր է չմոռանալ Հիսուսի Անձի մասին եւ այն մասին, թե ինչ մահով Նա մեռավ:
«Այս արեք Իմ հիշատակի համար…», որովհետեւ ընդմեջ Հիսուսի Հրաշափառ Հարության մահը վերածվում է հիշողության ամեն մարդու համար: Ինչպես ասում է Կյուրեղ Երուսաղեմացին. «Դավանում եմ Խաչը, քանզի գիտեմ Հարությունը»: Այսօր մենք ականատես ենք լինում՝ ինչպես են մարդիկ պատրաստվում աշխարհային որեւէ գործի կամ միջոցառման, ինչպես են գնահատում իրենց մարդկային ու աշխարհիկ գործն ու վաստակը: Իրականում, մարդկային կյանքը արժեքավոր է այնքանով, որքանով ներդրված է հանուն մարդ տեսակի պահպանման եւ մարդկության բարօրության: Սակայն այսօր չափանիշներն այլ են, եւ մեր «բարեկամներն» ու «բարերարները» վերցնում են շատ ավելի ծանրակշիռ ու կարեւոր բաներ եւ փոխարենը տալիս են փուչիկներ ու պղպջակներ: Արդյունքում մարդը չի հիշում իր Իսկական, Ճշմարիտ եւ Կարեւորագույն բարեկամին՝ Հիսուսին, Ով առաջինը սահմանեց բարեկամ կոչման էությունը: Մարդիկ հիշում են նաեւ այս աշխարհը լքածներին ու գնահատում են նրանց վաստակը, հպանցիկ կերպով նշում են, որ նրանք մահացել են, բայց շեշտում են, որ նրանք անմահ են իրենց գործով ու թողած վաստակով: Այս ամենով հանդերձ, նրանք չեն հիշում «հավիտյանս հավիտենից կենդանի եղողին», Նրան, Ով մեռավ եւ ահա կենդանի է հավիտյանս հավիտենից: Ոչ ոք չի հիշում Նրա մահը, որովհետեւ Նա մեռավ Խաչի մահով եւ հրավիրեց հետեւել Իրեն, որովհետեւ Նա հեռացավ ոչ թե մահացած կամ անհետ ու անվերադարձ, այլ՝ հարուցյալ, եւ խոստացավ վերադառնալ, ինչը մարդիկ չեն ուզում, որովհետեւ գերադասում են Աստծուց եւ իրենց մեղքերի հանդիմանությունից ապահով հեռավորության վրա մնալ… «մարդկանցից են փառք առնում եւ չեն փնտրում այն փառքը, որ Միակ Աստծուց է գալիս», որովհետեւ Նա չի գա համերգային ծրագրով ծափողջույններ կորզելու, ոչ էլ «բարեգործական» նպատակով սերմացու բաժանելու: Այսօրվա հանդուրժող աշխարհը չի հանդուրժում Աստծո Արդարությունն ու Սրբությունը, Ճշմարտությունն ու Կատարյալ էությունը: «Քանզի այն, ինչ մարդկանց աչքին բարձր է, Աստծո աչքին զազրելի է»: Հիշատակել չի նշանակում ուղղակի հիշել, եւ հիշել չի նշանակում պարզապես մտաբերել: Երբ մենք հիշում ենք հանդերձյալ կյանք փոխադրված մեր հարազատին, մենք անպայմանորեն ափսոսանք ենք ապրում նրա համար հնարավորինը արած չլինելու պատճառով: «Ով այս փոքրերից մեկին անի, ինձ է արել»: Այն ամենը, ինչ մենք արդեն չենք կարող անել Տիրոջ համար, պետք է անենք Նրան ճանաչողների եւ ընդունողների, Նրա հավատարիմների, Նրան փնտրողների, Նրանից պատկառողների, Նրանով հիացողների, Նրա բարեկամների համար: Մենք պետք է Հիսուսի յուրայինների՝ Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդկանց համար անենք այն ամենն, ինչ անպայմանորեն կանեինք Տիրոջ համար: Պետք է Տիրոջը մերժող ու չճանաչող մարդկանց մեջ մեր գործերով ու նկարագրով բարձր պահենք Տիրոջ բարի անունն ու հիշատակը եւ արդարացնենք մեզ արդարացնող Նրա հանդեպ ունեցած մեր հավատը: Պետք է ոչ միայն մասնակցել Սուրբ Պատարագին, այլեւ պատարագվել:

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»