Կատարվածը սահմռկեցուցիչ է, որը նաև զգոնության է կոչում. Սեպուհ արք Չուլջյան

Այսօր Հայ Առաքելական Ս.Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք Չուլջյանը Newsbook-ի հետ զրույցում խստորեն դատապարտեց Գյումրիում կատարված ոճրագործությունը: «Ես իմ կյանքի մի զգալի մասն անց եմ կացրել Գյումրիում, կիսով չափ գյումրեցի եմ: Ես գիտեմ, թե գյումրեցին ինչպիսի հարգանք է միշտ տածել ռուս զինվորի հանդեպ, ինչպես է մեծարել ու գնահատել: Գիտեմ նաև, որ անգամ երկրաշարժից հետո գյումրեցիները՝ իրանք տնանկ ու անօգնական, կանչում էին ռուս զինվորներին, կերակրում, հյուրասիրում: Ուստի կատարվածը չի տեղավորվում բանականության սահմանների մեջ, կատարվածը ոչ միայն դեմ է քրիստոնեական պատկերացումներին, այլև ոճիր է՝ գործված առհասարակ մարդկության դեմ: Ես չեմ ուզում հանցագործին դիտել որևէ ազգի ներկայացուցիչ: Սա մարդկային տականքն է, որն իր համար «բարենպաստ» պայմաններ է գտել, ելել է անզեն ու քնած մարդկանց դեմ: Դատապարտում եմ կատարվածը, աղոթում զոհվածներիկ հոգիների համար: Սակայն, միաժամանակ, բոլորին զգոնության եմ կոչում: Չի բացառվում, որ այս ամենը գործված լինի մի նպատակով. խաթարել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, թշնամացնել երկու ժողովրդի: Հիմա, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել և առավել սերտացրել իր կապերը Ռուսաստանի հետ, ոմանք երևի հանգիստ չեն առնում, չեն կամենում, որպեսզի լինի խաղաղ համագործակցություն»:

Մեր այն հարցին, թե՞ արդյոք Սրբազան հայրը կատարվածի մեջ ադրբեջանական կամ թուրքական հետք չի տեսնում, Սեպուհ եպս Չուլջյանը պատասխանեց. «Ոչինչ չեմ բացառում: Ամեն ինչ հնարավոր է: Մենք շրջապատված ենք թշնամիներով, մենք ապրում ենք վտանգների մեջ: Հետևաբար ամեն ինչ հնարավոր է: Միայն հարկավոր է սառը դատողականությամբ մոտենալ հարցերին, թույլ չտալ բախումներ: Պետք է հավատալ, որ երբեք Արդար դատաստանը չի ուշանում: Ես գյումրեցիներին ուժ և կորով եմ մաղթում: Վստահ եմ, որ այս փորձությունն էլ նրանք կհաղթահարեն»,- եզրափակեց թեմի առաջնորդը:

Նյութի աղբյուրը ` newsbook.am