Խաչը դատաստան է նրանց համար, ովքեր անարգում են այն

Xachyal 600x660 - Խաչը դատաստան է նրանց համար, ովքեր անարգում են այն

 Որովհետեւ շատերը, — որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ եւ այժմ էլ լալով եմ ասում, — ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի Խաչի:
Փիլ. 3; 18-19
Պողոս աստվածախոս առաքյալը կարծես մեր օրերի համար ասած լինի այդ: Շատ անգամներ մենք տեսնում ենք մարդկանց, որոնք Տիրոջ փրկարար խաչի խորհրդանիշը իրենց վրա կրելով բազում ու բազմաթիվ մեղքերի մեջ են ընկմված` շնության, գողության, կաշառակերության, ընչաքաղցության…:
Խաչը դատաստան է նրանց համար, ովքեր անարգում են այն, եւ փրկություն նրանց համար, ովքեր երկրպագում են: Եթե նախկինում մարդիկ իրենց կյանքն էին նվիրաբերում հանուն Քրիստոսի, նահատակության պսակը կրելով հավիտենական կյանքի համար, ապա այսօր պատկերը փոխվել եւ աստվածհայհոյության է վերածվել: Խաչանարգ ու աստվածամերժ այս դարում մարդիկ մոռացել են Քրիստոսի գթառատ սերը եւ լցվել ատելությամբ, ասում են թե քրիստոնյա են, բայց անարգում են Քրիստոսին եւ նրա կենսաբեր խաչը իրենց անբարո կեցվածքով, ասում են թե Աստված կա, բայց աստվածհայհոյության մեջ են կորչում իրենց հակառակը վկայող գործերով: Մարդ սովոր է արդարացնել ինքն իրեն, որպեսզի արդարացնի մեղքը, ինչը հատուկ է սատանային: Անաստված այս դարում աստվածապատկեր մարդը դարձել է այլեւս` դրսից աստվածապաշտ, իսկ ներսից աստվածանարգ, իսկ ոմանք անաստված: Այլեւս կորցրել ենք երկյուղն Աստծո հանդեպ եւ չենք էլ մտածում, որ մեղքերի մեջ ենք եւ դեպի դժողք ենք ուղորդում մեր ընտրած կյանքի ուղին: Կյանքի հորձանուտը անդունդ է նետել մարդ արարածին, կորացրել մեղքերի մեջ եւ ուղղորդել աստվածանարգության: Ետ նայենք ու կտեսնենք, որ մեր հայրերը իրենց կյանքի ողջ իմաստը Խաչի մեջ են տեսել: Մեր սուրբ հայրերը հստակ գիտակցում էին, որ հրաժարվել Խաչից, նշանակում է հոգեպես մերկանալ ու բարոյազրկվել: Խաչի խորհուրդը ոչ այլ ինչ է, եթե ոչ հավատքը նախ Քրիստոսի, ապա մեր սրբազան Եկեղեցու ու նրա ավանդույթների նկատմամբ: Ու եթե այսօր մենք ցավեր ու դժբախտություններ, ներքին խռովք ու տագնապներ ունենք, նշանակում է Խաչից հեռացել ու Նրա խորհուրդն ենք ուրացել եւ որ առավել սոսկալի է` անարգել ենք մեր անօրեն ապրած կյանքի իրականությամբ:
Դարեր ի վեր մեր նվիրումը Քրիստոսի վարդապետության հանդեպ, մեր հավատքը Նրա կենսաբեր խաչին պահպանել է մեր հայ տեսակը եւ առավելեւս թույլ տվել որպես ազգ, որպես ժողովուրդ գոյատեւել: Երբ ծառը կտրես արմատից` կչորանա, երբ այրես կմոխրանա: Մենք աստվածուրացության մեղքի մեջ ընկնելով` չորանում ենք, անարգելով Տիրոջ փրկարար խաչը` մոխրանում, եւ որ առավել ցավալի է կամաց-կամաց դադարում ենք որպես ազգ, ժողովուրդ գոյատեւելուց:
Որեւէ մեկին, երբ լքում է բանականությունը սկսում է գերիշխել բնազդը եւ բնազդային կրքերը, որը հատուկ է չորքոտանի կենդանիներին, հետեւաբար նման մարդուց խաղաղություն, սեր, նվիրվածություն սպասելը առանց շահախնդրության միամտություն կլինի, իսկ եթե մարդ բանականության եւ հավատքի մեջ է նրա մեջ գերիշխում է հավատը եւ դրանից բխած աստվածահաճո բարի գործերը, որով նա վերահաստատում է իր հավատը Քրիստոսի, Նրա փրկարար Խաչի հանդեպ իր նվիրումը:
Մենք մեր ողջ կյանքի ընթացքում մշտապես ընտրության առջեւ ենք կանգնած եւ մենք ենք ընտրում մեր կյանքի ուղին ըստ մեր ընտրածի ստանում համապատասխան պատասխան:
Եթե հարատեւենք անհավատության եւ աստվածանարգ- ության մեջ մեկ օր պետք է զղջանք, բայց ուշացած, անօգուտ եւ այլեւս ենթակա Աստծո դատաստանի: «Մինչ հիվանդանալը հոգ տար քեզ համար» ասում է իմաստունը, իսկ ժողովրդական ասացվածքն ասում է. «Վնասի կեսից հետ դառնաս, օգուտը քոնն է»: Աստված մեր առջեւ կրակ եւ ջուր է դրել ընտրության իրավունքով` մեկով կզովանանք իսկ մեկի մեջ ընկնելով` կայրվենք:

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ, N 33