Իրական կրթություն

Այսօր դեռեւս կանգուն ու գործուն է հայ դպրոցը, մաշտոցյան նվիրական տեսիլքը եւ բոլորանվեր սխրանքը, կանգուն է այսօրվա նվիրյալ ուսուցչի ջանքով ու շնորհիվ, հավատամքով ու համոզմունքով:
Եւ որպեսզի հետայսու էլ, հետագա բալոր դարերում կանգուն մնա հայ հոգու ու մտքի դարբնոցը, պետք է այսօրվա նվիրյալ ուսուցիչը հստակ զատորոշի կրթական համակարգ ներմուծվող կամ սպրդող այն չնչին չափաբաժնով չարիքը, որը հետագայում կարող է համազգային ողբերգության դուռ բանալ:
Համաշխարհային կրթական համակարգը միտված է ջնջել ցանկացած ազգային դիմագիծ, ճնշել ազգային ոգին, մշուշել ազգային տեսլականը, խեղաթյուրել անձի ներքին մարդկային նկարագիրը, կասկածի տակ առնել համամարդկային հոգեւոր արժեքներն ու բարոյական չափորոշիչները: Մենք պետք է ունենանք հաստատուն, կուռ, գեռազանցապես ազգային կրթական համակարգ, համաշխարհային փորձը փոխառելուց, սեփականելուց եւ կիրառելուց առաջ անցկացնենք ազգային շահի գերակայության մաղով եւ ուսումնասիրենք հայի նկարագրի պահպանման նախանձախնդրության մանրադիտակով: Հայ դպրոցը առջեւում շատ վտանգներ ունի դիմագրավելու, շատ կամային որոշումներ ունի կայացնելու հայ ուսուցիչը` զուտ կամակատարի իրեն պարտադրված գործառույթից հրաժարվելու եւ հայի ապագան իր հայեցի նկարագրից չզրկելու գերնպատակով: Անդեմ ու անսեռ սերունդ դաստիարակելու պարտադրանքին պետք է հակադրի հայ ընտանիքի սրբությունը եւ ամրությունը պահպանելու հրամայականը: Համաշխարհայնացման կամ կոսմոպոլիտիզմի սերմերը դպրոցում ներդրվել են դեռեւս կոմունիստսկան ժամանակաշրջանում, երբ մեծ ջանքերով կարողացանք պահպանել ազգային նկարագիրը, իսկ նոր, թվացյալ «անկախ» ժամանակներում վտանգը առավել սրված է: Մեր հայրենիքը մասնատում են վայ-հայրենասերները, սադրիչները, ծախված իշխանությունները, պետականության պատրանքը, հեղհեղուկ ու անդեմ հոգեւոր կյանքը, առեւտրային մտածողությունը, մեզ պարտադրված սպառողական օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրականությունը: «Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով...». ա՜խ, մեր մեծերը. ուշ ուշ են գալիս, բայց հիմա չկան, ու վախենամ, թե այլեւս չգան: Հիմա դարն է գաղջամիջակների, մոխրագույն, լղոզված անդեմ գոյացությունների, որոնք բավարարվում են միայն մեծերից մեջբերում անելով, փոխարենը հավատամք դարձնեն նրանց ավանդած արժեքներն ու ընթանան նրանց հետքերով, շարժվեն նրանց ուղենշած շավիղներով: Նրանց գերնպատակը ազգի եւ հայ տեսակի հարատեւումը չէ, այլ սեփական տեսակի գոյապահպանությունը: Երբ նոր սերնդի շնչած օդը հագեցած է ոչ թե ազգային գաղափարով, այլ նյութականի փնտրտուքով, երբ նույնիսկ անկեղծ հայրենասիրությամբ բաբախող սրտերը կյանքում բախվում են անդեմության ժայռին ու հոգեւարքի մեջ անօգնական թփրտում, երբ հասկանում ես, որ Անդրանիկն ու Նժդեհը չկան, եւ անդրանիկներ ու նժդեհներ չեն գալու, որովհետեւ այսօր հայրենասիրությունը երգ ու պարի ու շոուների շրջանակից դուրս կենսունակ չէ, վարանում ես ու պատվում սարսափով ու անորոշությամբ: Իսկ ո՞վ պիտի սթափեցնի, համախմբի, ոգեշնչի եւ առաջնորդի ամբոխի վերածվող ազգին: Նպատակաուղղված կերպով մեր խելացի պատանիներին խրախուսում են կրթությունը շարունակել եվրոպաներում ու ամերիկաներում, ինչպես, ասենք, չարաբաստիկ «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ, այն դեպքում, երբ դրանց կրթական համակարգերը ճգնաժամի մեջ են, որովհետեւ կրթությունից առավել նպատակ ունեն լվանալ նրանց ուղեղները համամարդկային բարգավաճման հեղհեղուկով եւ որպես նորագույն «լուսավորիչներ» ներդնել համամարդկային հայրենիքի ուտոպիայի պրոպագանդման մեջ: Մեր սուրբ թարգմանիչ վարդապետները ունեին միայն մագաղաթ ու գրիչ եւ ստեղծեցին այն հսկայածավալ ոսկե ժառանգությունը, որը այսօր մեզ հայ է պահում: Այսօր մենք ունենք ամեն ինչ թուղթ ու գրիչից մինչեւ համակարգիչ, բայց գրելու ու համակարգելու բան չունենք: Մենք մեզ ավանդված ժառանգությունը ուսումնասիրում ենք տեղեկատվական մակարդակով: Եթե դպրոցը սերմանի հայրենասիրություն, մեր ուղեղները չեն ձգտի յուրացնել համաշխարհային փորձը, այլ կուսումնասիրեն մեր սեփական ոսկե ժառանգությունը բժշկության, իրավունքի, կառավարման, հասարակական կարգի, բարոյական նորմերի մասին եւ կկիրառեն կյանքում: Բայց հիմա մենք հայրենիք ունենք, բայց չունենք պետություն, որովհետեւ գահակալներին փոխարինելու են եկել նախագահները, հիմա էլ այդ խղճուկ դրածոներից են ուզում մեզ զրկել, այսինքն` պետականության պատրանքից անգամ: Կրթությունը գիտելիքի մեխանիկական յուրացումը չէ, կրթությունը պետք է ծնի ինտելեկտ, այսինքն սեփական եզրահանգումներ անելու կարողություն, այլապես հատորներ յուրացնելն էլ չի օգնի: Գիտելիքից պետք է վերցնել գլխավորը, անհրաժեշտը, հիմնարարը: Կրկնությունը չէ գիտության մայրը, որովհետեւ «հարե կրիշնա» հիշեցնող դասընթացով կարելի է միայն զոմբիացնել կամ բթացնել, բայց ոչ կրթել: Գիտելիքը անհրաժեշտ է համեմել եւ պատշաճ մատուցել: Անշուշտ, շատ կարեւոր է նաեւ ծնողի դերը, երեխայի հետ նրա աշխատանքն ու նրա հանդեպ ուշադրությունը: Երեխայի մոտ ընկերային մտածողություն կարելի է զարգացնել միայն նրա անձի հանդեպ խոր հարգանք եւ անհատական մոտեցում ցուցաբերելով: Երեխան մեզ միշտ վերադարձնում է այն, ինչ մեզնից ստանում է:
Սեր. սա կյանքի այն կարեւորագույն բաղադրիչն է, որ անհրաժեշտ է միշտ. ծաղիկ աճեցնելիս, թե երեխա կրթելիս:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» ամսաթերթ N 68
Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան