Ինչ պարզեց դժոխքը և դրախտը տեսած մարդը (առակ)

Մի հավատավոր մարդ շատ էր ուզում տեսնել և՛ դրախտը, և՛ դժոխքը: Ու միշտ աղոթում էր Աստծուն, որպեսզի Նա ցույց տա իրեն դժոխքի և դրախտի ողջ իրականությունը: Աստված լսելով բարի մարդուն` իր լուսեղեն հրեշտակին է ուղարկում, որն ուղեկցում է մարդուն երկու դռան մոտ ու ասում, որ սրանցից մեկը դժոխքինն է, իսկ մյուսը` դրախտինը: Ներս մտնելով դժոխքի դռնից` մարդը զարմանում է տեսածով. ներսում շրջան կազմած նստած էին մի խումբ մարդիկ, որոնց ձեռքերին կային շատ երկար պոչերով գդալներ, իսկ նրանց կենտրոնում դրված էր աշխարհի բոլոր կերակուրները: Բարի մարդը նկատեց, որ նրանք շատ դժբախտ և տխուր դեմք ունեն և հարցրեց հրեշտակին, թե ինչն է նրանց դժգոհության պատճառը: Հրեշտակն ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը մահու չափ քաղցած է, բայց քանի որ գդալների պոչերը երկար են, չեն կարողանում այդ կերակուրից վերցնել և ուտել: Հետո նրանք դրախտի դուռը բացեցին և, ո՜վ զարմանք, շրջան կազմած նստած են մի խումբ մարդիկ, որոնց կենտրոնում դրված է աշխարհում հայտնի բոլոր կերակուրները: Նրանց ձեռքում էլ կային երկար պոչերով գդալներ, ճիշտ այնպես, ինչպես դժոխքում, բայց զարմանալին այն էր, որ այս մարդկանց դեմքին շողշողում էր երջանկությունը և տիրում էր ուրախությունը: Եվ մարդը նորից հարցրեց հրեշատակին, թե այս մարդիկ ինչու են ուրախ, չէ՞ որ երկու տեղում էլ նույն կարգավիճակում են: Հրեշտակը բացատրեց, որ այս մարդիկ, ի տարբերություն նրանց, սովորել են այս երկար պոչերով գդալներով միմյանց կերակարել և հիմա կարողանում են վայելել բոլոր բարիքները:

Պատրաստեց՝ Տեր Համբարձում քահանա Դանիելյանը