Ինչ է Ծեսը

Ces - Ինչ է Ծեսը

 Ծես, աստվածապաշտություն, խորհըրդաբանական գործողություն կամ գործողությունների, արարողությունների շարք՝ արտահայտելու համար որևէ նվիրական, աստվածային երևույթ. հոգևոր պաշտամունքի ձև: Բազմաթիվ Ծեսեր և ծիսական արարողություններ են նկարագրված Հին կտակարանի գրքերում, ինչպիսիք են՝ օծման Ծես, զոհաբերության Ծես (տես Պատարագ), զատկական Ծես և այլն:
Ծեսը նկարագրված է նաև Նոր կտակարանում: Հիսուսն ինքը իր առաքյալների հետ կատարում էր սաղմոսասացություն, օրհներգություն, այսինքն՝ պաշտամունք առ Հայր Աստված նա ժողովարան գնաց և ընթերցեց Եսայի մարգարեի գիրքը (Ղուկ. 4.16–21), կատարեց Հին ուխտով սահմանված Զատիկը (Պասեք), որի ընթացքում, հաց և գինի բաժանելով աշակերտներին, իբրև տերունական մարմնի և արյան խորհուրդ, հորդորեց այն կատարել այնուհետև իր հիշատակի համար. դրանով իսկ հաստատվեց ս. Հաղորդության Ծեսը կամ ս. Պատարագը (Մատթ. 26.17–30, Մարկ. 14.12–25, Ղուկ. 22.7–20, Հովհ. 13.21–30, Ա Կորնթ. 11.23–26): Ծեսը պահպանվել է նաև առաքելական շրջանում. «… և նրանք հարատևում էին առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման ու աղոթքների մեջ» (Գործք 2.42, տես նաև Գործք 2.46, 20.7, 11, 27.35):
Եկեղեցիների կազմավորման և ճյուղավորման շրջանում յուրաքանչյուր եկեղեցի, պահելով հինկտակարանային և առաքելական շըրջանից ավանդված էական Ծեսերը, միաժամանակ նոր հավելումներ է արել՝ պատշաճեցնելով դրանք հիմնական Ծեսերին: Առաջ են եկել հունական, հայկական, ասորական, լատինական, ղպտական եկեղեցական Ծեսեր և իրենց հերթին՝ դրանց այլ ճյուղավորումներ:

 Հայ եկեղեցական Ծեսը սկզբնական շրջանում կատարվել է ըստ հունական և ասորական առաքելական ավանդությունների: Գրիգոր Լուսավորչից սկսած, ապա, մասնավորաբար V դարից՝ հայոց գրերի գյուտից և Աստվածաշունչը հայերեն թարգմանելուց հետո, ընդհանրական Ծեսը, հայացվելով, դարձել է առավել ազգային, օժտվել նոր հավելումներով ու պատշաճեցումներով: Ծեսի բովանդակային առանցքը կազմող շարականների, աղոթքների խմբագրման և հատուկ դասավորության առումով մեծ դեր են կատարել Սահակ Ա Պարթև կաթողիկոսը, Մեսրոպ Մաշտոցը և Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը (տես ՏՈՆ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ):
Հայ եկեղեցու Ծեսը հարստացել է նաև հետագայում, մասնավորապես VIII, IX, XII դդ.՝ Ստեփանոս Սյունեցու, Հովհաննես Գ Օձնեցու, Խոսրով Անձևացու, իսկ կիլիկյան շրջանում՝ Ներսես Շնորհալու և Ներսես Լամբրոնացու բարենորոգչական ներդրումներով:
Ծեսի կամ աստվածապաշտության արարողակարգի հիմնական բաղկացուցիչ մասերն են խորհուրդները (տես Խորհուրդներ եկեղեցական), ժամերգությունները, տոները և հոգևոր բարեպաշտական արարողությունները:
Աղբյուր` Ք.Հ, հանրագիտարան,, հեղինակ`Լևոն Սարգսյան