Ինչպես Սարդարապատում, այնպես էլ Արցախում, փայլատակեց, ճառագեց Վարդանանց ոգին

Garegin b 3 880x642 - Ինչպես Սարդարապատում, այնպես էլ Արցախում, փայլատակեց, ճառագեց Վարդանանց ոգին

Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց. «…Այսօր, երբ մենք հպարտությամբ անդրադառնում և նշում ենք Սարդարապատը կամ արցախյան հերոսամարտի հաղթանակը, բոլորս աներկբայորեն ընդգծում ու հաստատում ենք, որ այդտեղ, այդ պատերազմի դաշտում, ինչպես Սարդարապատում, այնպես էլ Արցախում, փայլատակեց, ճառագեց Վարդանանց ոգին: Այդ ոգին ապրել և ուղեկցել է մեր ժողովրդին բոլոր ժամանակներում` դժվարությունների թե ձեռքբերումների ժամանակաշրջանում: Այսօր էլ հույժ կարևոր է, որ Վարդանանց ոգին, Վարդանանց գիտակցությունը բնակություն հաստատի մեր մեջ, որ առաջնորդողը լինի յուրաքանչյուրիս և կերտողը մեր կյանքի ընթացքի:
Այսօր էլ մեր երկրի և մեր ժողովրդի առջև ծառացած են բազում մարտահրավերներ` սոցիալ-տնտեսական դժվարություններ, շրջափակում, արցախյան պատերազմի վերսկսման վտանգ, ազգային արժեքների տկարացում, հոգևոր կյանքի զորացման անհրաժեշտություն: Այս բոլոր մարտահրավերների առջև մենք կկարողանանք հաղթությամբ ելնել, եթե մեզ առաջնորդող ունենանք Վարդանանց հերոսական ոգին, Վարդանանց բարձր գիտակցությունը, սերը` առ Աստված և սերն առ հայրենիք: Եթե մենք սիրենք մեր Եկեղեցին Վարդանանց սիրով, մենք երբեք մտահոգություն չենք ունենա հոգևոր և բարոյական արժեքների առնչությամբ, որ դրանք հետընթաց են ապրում մեր կյանքում: Եթե մենք սիրենք մեր հայրենին, մեր երկիրը, մեր հողը Վարդանանց սիրով, մեր կյանքից, մեր հայրենիքի եզերքներից կհեռանան և´ աղքատությունը, և´ ամեն տեսակի նեղություն, և´ ամեն արատավոր երևույթ, որոնք այսօր մտահոգում են յուրաքանչյուրիս` պարզ հայորդուց մինչև պետական իշխանավոր: Ուրեմն` մեր պատգամն է և հորդորը, որպեսզի ապրենք` մեր հոգում կրելով Վարդանանց սուրբ հիշատակը, այն պատվիրանները, այն պատգամները, այն նվիրական տեսիլքը, ի սեր որոնց Վարդանանք իջան Ավարայրի դաշտ և այնտեղ նահատակության փառքի պսակն ընդունեցին»:

Հատված Ս. Վարդանանց նվիրված հանդիսությանը հնչած հայրապետական պատգամից