Ինչպե՞ս է նեռը մոլորեցնելու մարդկանց

Ner - Ինչպե՞ս է նեռը մոլորեցնելու մարդկանց

 Տարբեր կերպերով է խաբելու մարդկանց և մոլորեցնելու նրանց, որպեսզի իրեն երկրպագեն: Սակայն մենք կնշենք նրա հիմնական մոլորությունները.

 1. Զինվելու է Եկեղեցու դեմ՝ խոչընդոտելով ուղղափառ վարդապետության քարոզչությանը, ունենալով կեղծ մարգարեներ, առաքյալներ և վարդապետներ, քարոզելու է կեղծ վարդապետություն, որպեսզի խաբի շատերին, ինչը և երևում է այսօր՝ աղանդավորական քարոզիչների և քարոզների շատացմամբ:

 Այսօր բոլոր աղանդները միահամուռ կերպով պնդում են, թե 1000-ամյա Արքայությունը պետք է շուտով գա, և թե իրենք բոլորը Քրիստոսի հետ միասին պետք է «թագավորեն» 1000 տարի այս երկրի վրա: Այժմ պարզ է՝ ում արքայությունն են նրանք քարոզում և դրանով իսկ պատրաստում մարդկանց նեռի գալստյանը, քանզի, երբ նա գա, բոլորը նրա մեջ կտեսնեն իրենց «փրկչին» և կերկրպագեն նրան, որպեսզի թագավորեն նրա հետ:

 Բացի այդ աղանդավորները չեն ընդունում խաչը, խաչի նշանը, պատարագները, եկեղեցական աղոթքները և այլն, իսկ երբ գա նեռը, կհակառակվի խաչին, եկեղեցական արարողություններին, սրբություններին, աղոթքին, պահքին և հենց դրանով էլ կխաբի նրանց:

Սբ. Տաթևացու խոսքով, նեռի գալուստից առաջ սատանան չար ոգու միջոցով մարդկանց խոսել կտա այլ լեզուներով, ինչը մենք տեսնում ենք այսօր խարիզմատական աղանդների միջավայրում:

 2. Գործելու է հրաշքներ, շարժելու է սարեր և ծառեր, բժշկություններ է կատարելու, ինքն իրեն ցույց է տալու մեռած, իսկ երեք օր հետո հարություն է առնելու, և այդ ամենը՝ կախարդության և ստի միջոցով. «Նրա՝ Անօրէնի գալուստը Սատանայի ներգործութեամբ է, ամենայն զօրութեամբ, նշաններով, խաբեբայական զօրաւոր գործերով…» (Բ Թես 2.9):

 3. Գանձերի միջոցով հարստանալու հնարավորություն կտա հարստություն սիրողներին, ագահներին, ժլատներին և անգութներին, քանզի ինքն էլ կգտնի գանձ և կհարստանա: Իսկ փողը անհասմանափակ իշխանություն է, և այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են շատերը հարստանում մեր աչքների առաջ: Սբ. Տաթևացին ագահին համեմատում է ջրգողությամբ հիվանդ մարդու հետ, ով ինչքան խմի, ավելի է ծարավում, իսկ դա հենց արմատն է այն ամբողջ չարիքի, որը մատնեց Քրիստոսին, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ նեռի ժամանակներում փողասերները կերկրպագեն նրան և կուրանան Քրիստոսին: Այդ իսկ պատճառով Տերը զգուշացնում էր մեզ, թե հնարավոր չէ ծառայել Աստծուն և մամոնային, իսկ Պողոսի համար ագահությունը նույնն է, ինչ կռապաշտությունը (տե՛ս Կող 3.5):

 4. Իսկ նա ով չընդունի նրան, ուժով կստիպի, որպեսզի երկրպագի իրեն:

Հեղինակ՝ Ղևոնդ վարդապետ