Ինչո՞ւ են եկեղեցական ծեսերը գրաբար

Նկատի ունենալով եկեղեցական ծիսակատարությունների գրաբար լեզուն, որով հայությունն այսօր չի խոսում, ոմանք անհրաժեշտ են համարում գրաբար լեզվի փոխարեն խոսակցական լեզվի գործածումը եկեղեցական արարողություններում, հատկապես` Սուրբ Պատարագի արարողության ընթացքում: Սակայն Եկեղեցին նպատակահարմար չի նկատում ծիսական լեզվի փոփոխումը: Կան մի քանի պատճառներ: Այսօր աշխարհասփյուռ հայությունն ապրում է տարբեր երկրներում, որով ծեսի լեզվի փոփոխության պարագային պիտի խախտվի արարողությունների միօրինակությունը. կունենանք արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն, ռուսերեն, իսպաներեն և այլ լեզուներով պատարագներ, և որևէ առիթով տվյալ երկրներում ապրող հայերը, մեկ այլ երկրում Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցելով, օտար և անհաղորդ պիտի լինեն: Մինչդեռ մեր Սուրբ Եկեղեցու արտասահմանյան թեմերում վաղուց արդեն գործածության մեջ են հավատացյալների համար նախատեսված պատարագամատույցները` հայերենին զուգահեռ համապատասխան խոսակցական լեզվով բացատրություններով, որով արդեն պարբերաբար եկեղեցի հաճախող հավատացյալը նույնիսկ մեկ այլ երկրում գրաբար երգեցողությունն ու աղոթքները լսելիս գիտի, թե որն է ասվածի իմաստը: Իսկ Հայաստանում գործածվում են պատարագամատույցներ, որտեղ մանրամասն բացատրված է Պատարագի յուրաքանչյուր հատվածի նշանակությունն ու իմաստը:
Մեր Սուրբ Եկեղեցու շարականների, հոգևոր երգերի, մեղեդիների խոսքերը ևս գրաբար են` բանաստեղծական գեղեցիկ հորինվածքներով ու չափերով: Եվ դրանք գրաբարից այլ լեզվի փոխադրելիս պիտի խախտվի բանաստեղծական չափը, ավելին` ըստ այդմ կայլափոխվի երաժշտությունը: Մեր եկեղեցական արարողությունները, դրանց տեքստերն ու երաժշտությունները նաև մշակութային արժեքներ են, իսկ մշակութային արժեքները չեն ենթարկվում փոփոխությունների:
Զարմանալի է, որ կան նման իրողություններ, որոնց առնչությամբ փոփոխման պահանջներ չեն հնչում: Օրինակ` իտալական օպերաներն ամենուր հնչում են իտալերեն լեզվով, և հանդիսատեսներն այն լսում և ընդունում են այդ լեզվով: Ոչ ոք չի պահանջում, որ հիվանդներին տրվող դեղատոմսերում բժիշկները դադարեն բժշկության մեջ լատիներեն լեզուն գործածելուց և բոլոր դեղատոմսերը գրեն ժամանակակից լեզվով: Բացի դրանից երիտասարդներն արտասահմանյան շատ երգեր են լսում, որոնց բառերը բոլորովին չեն հասկանում և դրանց դեմ չեն բողոքում: Մինչդեռ Պատարագի և մյուս արարողությունների լեզուն դասական հայերենն է, որի բառապաշարը ծանոթ է բոլորին, միայն այլ է քերականությունը: Եվ եթե նույնիսկ չլինեին Սուրբ Պատարագի առնչությամբ վերոնշյալ բացատրական միջոցները, պարզապես նախանձախնդրություն էր պետք` հասկանալու նպատակով գրաբարի մի քանի քերականական կանոններ սովորելու համար: Այսօր բազում մարդիկ օգտվում են համակարգչից, ինտերնետից, որի համար սովորում են անգլերեն տերմիններ ու խոսքեր: Եվ եթե սեփական հաճույքի կամ հետաքրքրության համար մարդիկ բոլորովին օտար բառեր ու եզրեր են սովորում, ուրեմն որքան առավել ևս պետք է նախանձախնդիր լինեն հոգևոր շահի համար մի փոքր բան սովորելու գործում:
Մեր օրերում շատ երիտասարդների հարազատ են աշխարհիկ երաժշտության տարբեր տեսակների հնչյունները, և եթե գնանք փոփոխությունների, ոմանք էլ պիտի ուզեն իրենց հասկանալի և հարազատ երաժշտություն Պատարագի, ժամերգությունների ժամանակ, և ավելի առաջանալով` պիտի պահանջեն նաև Քրիստոսի զոհագործության խորհուրդը հանդիսացող Պատարագի թատերականացում` առավել տեսանելի դարձնելու կատարվող զոհագործությունը: Ոմանք էլ պիտի պահանջեն մանրանկարների և սրբանկարների փոփոխում այսօրվա նկարչությանը հատուկ արտահայտչամիջոցներով կատարված նկարներով: Սակայն բացի փոփոխություն պահանջող մարդկանցից կան նաև բազում մարդիկ, ովքեր դեմ են այդ փոփոխություններին, և Եկեղեցին մի քանի մասերի չպիտի բաժանվի` մարդկանց ցանկություններին ընդառաջ գնալով: Նաև Եկեղեցին բազմադարյա հաստատություն է, որն իր կայունությունը պահպանում է իր առողջ պահպանողականությամբ, քանզի ամեն ժամանակ իր պահանջներն ունի, և ամեն ժամանակաշրջանում մարդկանց ցանկությունների համեմատ փոխվելով` Եկեղեցին Եկեղեցի չէր մնա:
Կաթոլիկ Եկեղեցին փորձ կատարեց ծիսական լեզվի փոփոխման, որոշ տեղերում անգամ արարողությունների երաժշտությունների արդիականացման, որը բոլորովին չբերեց մարդկանց և հատկապես երիտասարդների դեպի եկեղեցի հոսքի, ինչը որ սպասվում էր այդ փոփոխություններից: Մարդը, այնուամենայնիվ, հոգու խորքում ցանկանում է Եկեղեցին տեսնել ավելի վեր այս աշխարհի սովորական ընթացքից և սովորույթներից: Եվ, ինչպես նշվեց, լեզուն հասկանալու համար պարզապես պետք է ցանկություն և նախանձախնդրություն, երաժշտությունը հասկանալու և հոգեհարազատ զգալու համար` ապաշխարող խոնարհ հոգի, քանզի խորը զղջում և ապաշխարություն չապրած մարդը երբեք չի կարող հասկանալ հոգևոր երաժշտությունը: Իսկ սա նշանակում է, որ ոչ թե Եկեղեցին պետք է փոխվի ըստ մարդու, այլ մարդը պետք է փոխվի ըստ Եկեղեցու:

ԿՐԿԻՆ ԾԻՍԱԿԱՆ ԼԵԶՎԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սուրբ Մեսրոպ Մաշտոցը եղել է Սուրբ Ներսես Մեծ Կաթողիկոսի աշակերտը, եղել դպիր Հայոց թագավորի արքունիքում, այնուհետև դարձել զինվորական, բայց իր հոգու ձգտումին անսալով` հոգևոր ծառայության անցել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում` ճգնավորական կյանք վարելով: Սուրբ Մեսրոպը իր հոգևոր սպասավորության տարիներին մեծ դժվարության է հանդիպել Սուրբ Գրքի քարոզչության գործում, քանի որ եկեղեցական արարողությունները կատարվում էին հունարեն և ասորերեն լեզուներով, և Աստվածաշնչի օրինակներն էլ այդ լեզուներով էին: Քարոզիչներն այդ լեզուներով կարդում էին Աստվածաշունչը, այնուհետ բանավոր կերպով հայերեն թարգմանում ունկնդիրների համար, ինչը քիչ արդյունավետ էր ժողովրդի հոգևոր կարիքների բավարարման գործում:
Ոմանք ասում են, թե այսօր էլ նույն իրողությունն է, քանի որ եկեղեցական արարողությունները կատարվում են մարդկանց անհասկանալի գրաբարով: Սակայն այս պարագայում տեղին չէ հանգամանքների նույնություն տեսնել, որովհետև Մեսրոպ Մաշտոցը նախ Սուրբ Գրքի քարոզչության համար մտահոգված գրերի գյուտն արեց, իսկ այսօր եկեղեցական արարողությունների, հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում Աստվածաշնչից ընթերցումները կատարվում են ոչ գրաբար, ժողովրդին հասկանալի լեզվով, և հոգևորականների քարոզները հնչում են բոլորին հասկանալի լեզվով: Բացի դրանից հինգերորդ դարում եկեղեցական արարողությունների ընթացքում գործածական էին օտար լեզուները` հունարենն ու ասորերենը, իսկ հիմա` գրաբարը, որը ոչ թե օտար լեզու է, այլ դասական հայերենն է, որի հիմնական բառապաշարը ծանոթ է արդի հայերեն իմացող բոլոր անձանց, պարզապես կան քերականական որոշ տարբերություններ, որոնք դժվար չէ սովորելը:
Ոմանք էլ բողոքում են եկեղեցական երաժշտության ոչ արդիականացումից: Ճիշտ կարելի է համարել այն միտքը, թե երաժշտությունը զգացմունքների և կրքերի լեզուն է, ինչպես բառերը` բանականության լեզուն: Պլատոնն ասում է, որ մեղեդիների շարժումը հոգու հուզումների է նմանվում: Նաև Արիստոտելն ասում է, թե ինչու՞ երաժշտական ռիթմերը և մեղեդիները լինելով հասարակ հնչյուններ, այնուամենայնիվ, նման են լինում հոգևոր վիճակների: Եվ եկեղեցական արարողությունների ընթացքում աղոթքների գրաբար գեղեցիկ հնչողությունը ևս դարձել է հոգևոր երաժշտություն եկեղեցի միշտ հաճախողների համար, ովքեր պարբերաբար մասնակցելով եկեղեցական արարողություններին` հասկանում են ամենօրյա աղոթքների և մաղթանքների իմաստը: Իսկ բողո-քում են նրանք, ովքեր շատ հազվադեպ են լինում եկեղեցում, որով էլ և, բնականաբար, միշտ լինելով աշխարհիկ իրողությունների և հնչյունների շրջագծում` անհաղորդ են մնում եկեղեցական երաժշտությանն ու լեզվին: Եվ նման բողոքից կարելի է հստակ պատկերացում կազմել բողո-քողի եկեղեցի այցելելու հաճախականության վերաբերյալ:

Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իկսությունը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2012 թ.