Ինչո՞ւ եմ ես քրիստոնյա

Կյանքը մեր առջև բազմաթիվ ճանապարհներ է բացում. ամեն օր և ամեն ժամ մենք բախվում ենք ընտրության խաչմերուկներին՝ կերտելով մեր ապագան և լրացնելով մեր կյանքի մատյանը անջնջելի թանաքով: Մեր ազատությունը քաղցր և արբեցուցիչ գինու պես է, սակայն նրա մրուրը դառն է և երբեմն թունալի:  Մեր ընտրված ճանապարհների վերջնական արդյունքը  կերտում է մեր ներքին, խորունկ աշխարհը և ըստ այդմ դրոշմում է մեր ինքնությունը:

 Իմաստուններից մեկն ազատությունը նմանեցրեց անարատ կաթին, որը շուտ է թթվում անմաքուր անոթի մեջ: Այդպես և մեր ազատությունը հաճախ դառնում է անպիտան և բազմաթիվ չարիքների պատճառ: Հաճախ ես ինքս ինձ հարցնում էի, թե ո՞րն է այս ամբողջ թոհ ու բոհի իմաստը, արդյո՞ք այսքան խղճուկ է կյանքը, որ մարդ անգամ չի գիտակցում իր ինչ լինելը, գալիս է այս աշխարհ մերկ և կույր և ելնում է՝ տառապանքներով ու ցավերով լի:

 Հարցերիս պատասխանը գտա Սուրբ Ավետարանի մեջ: Իրոք, աշխարհը իմաստավորվում է Տիրոջ երկնային լույսի ներքո: Երբ ընկալում ես քո կյանքն ինչպես մի չնչին ճանապարհ դեպի հավիտենականություն, այնժամ կարծես ամեն բան իր տեղն է ընկնում: Այն ժամանակ հարցերն սպառվում են և սկսում է գործնական, իմաստավորված ընթացքը՝ շնորհազարդված Եկեղեցու սուրբ Խորհուրդների զորությամբ և լուսավորված Տիրոջ սիրո հայտնությամբ՝ Սուրբ Ավետարանով:

 Ինձ համար քրիստոնեությունը լի է ուրախությամբ, այն ուրախությամբ, որն աշխարհն այդպես էլ չճանաչեց: Տիրոջ սերը, մարմնավորված Իր Սուրբ Խորհուրդների մեջ, արդեն այս կյանքում մեզ հաղորդակից է դարձնում գալիք Արքայությանը և իմաստավորում մեր ազատությունը, բացում մեր սրտերի աչքերը և նորոգում մեր մտքերը հոգևոր իմաստությամբ՝ մեզ դարձնելով ժառանգորդ հավիտենական սիրո արքայությանը:

 Կյանքը մեր առջև բազմաթիվ ճանապարհներ է բացում, սակայն ինձ համար հավատարիմ և արդար է Նա, ով ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը»…

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 1-րդ համարից

Պատրաստեց՝ Դավիթ դպիր Գիշյան