ի՞նչ հիմնական տարբերություններ կան Հայ Առաքելական Եկեղեցու եւ մյուս Եկեղեցիների միջև

Այս հարցը քննելուց առաջ օգտակար կլինի ծանօթանալ որոշ պատմական տեղեկութիւնների հետ.
Ա. Հայ Եկեղեցին Առաքելական, Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու մի հարազատ ճիւղն է։ Քրիստոնեայ բոլոր եկեղեցիները մինչեւ Քաղկեդոնի ժողովը (451 թ.) մէկ էին։ Բոլոր եկեղեցիները միեւնոյն դաւանանքն ու վարդապետութիւնները ունէին եւ միեւնոյն եկեղեցու տարբեր մասերն էին։ Ամէն մէկը կարող էր գնալ ուրիշ ազգերի եկեղեցի եւ հաղորդութիւն ընդունել, քանի որ միեւնոյն դաւանանքն ունէին, եւ տարբերութիւնն այն էր, որ տարբեր լեզուներով էին խօսում։
451 թ.-ից յետոյ եկեղեցիները բաժանուեցին։ Հայերը չընդունեցին նրա որոշումները, որ Յիսուսի համար «երկու բնութիւն եւ երկու կամք» էր դաւանում։ Մինչ առաջին երեք Տիեզերական ժողովներում ընդունուած բանաձեւն էր՝ «Մի բնութիւն՝ Բանին մարմնացելոյ»։ Այս երեք ժողովներն են որոշել դաւանութեան հիմնական կէտերը՝ Ս. Երրորդութեան, մարդեղութեան մասին, փրկչական խորհուրդները եւ Հաւատամքը։
Բ. Քրիստոնէական Եկեղեցին այսօր ներկայացնում է Հին եւ Նոր Եկեղեցիները։ Հին Եկեղեցիները բաժանւում են երկու մասի՝ Արեւմտեան Եկեղեցիներ եւ Արեւելեան Եկեղեցիներ։ Արեւմտեան Եկեղեցին Հռոմէական Կաթոլիկ Եկեղեցին է։ Արեւելեան Եկեղեցին իր հերթին դարձեալ բաժանւում է երկու մասի՝ Արեւելեան 0րթոդոքս (Ուղղափառ) քաղկեդոնական Եկեղեցիներ եւ Արեւելեան Ուղղափառ ոչ քաղկեդոնիկ Եկեղեցիներ։ Առաջին խմբի մէջ մտնում են յոյն, ռուս, վրաց եւ այլ
Եկեղեցիներ, իսկ երկրորդի մէջ՝ հայ, ասորական, ղպտական, եթովպիական եւ այլ եկեղեցիներ։ Քաղկեդոնի «միութիւնը» երկար չտեւեց։ ԺԱ դարում Պապը Հանգանակի Սուրբ Հոգուն վերաբերող մասում աւելացրեց «յՈրդւոյ» բառը (Բխումն ի Հօրէ եւ յՈրդւոյ)։ Այդ «ողբերգական» բառն էլ դարձաւ վէճերի ու բաժանման պատճառը։ Այս բաժանումից յետոյ արեւելեան յոյն եկեղեցին իրեն անուանեց «Յոյն 0րթոդոքս (Ուղղափառ) Եկեղեցի», իսկ արեւմտեան կամ լատին Եկեղեցին՝ կաթոլիկ (ընդհանրական) Եկեղեցի։
ԺԶ դարում Հռոմի Եկեղեցում ծաւալուեց բարենորոգչական շարժում (Լիւթեր, Կալուին եւ այլն), որի հետեւանքն եղաւ ընդհանուր Բողոքական Եկեղեցու առաջացումը՝ իր բազմաթիւ ու բազմազան ճիւղաւորումներով։
Գ. Հռոմի Եկեղեցու գլուխը համարւում է Հռոմի Պապը, որի խօսքը համարւում է անսխալական՝ դաւանաբանական եւ այլ հարցերում։ Պապը ընտրւում է կարդինալների կողմից՝ կարդինալների միջից։
Յոյն Ուղղափառ Եկեղեցու պատմական Աթոռը համարւում է Կ. Պոլսի Պատրիարքութիւնը, որի գահակալը կոչւում է «Տիեզերական Պատրիարք»։ Հայ Եկեղեցու գլուխն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հայ Եկեղեցին Կաթողիկոսին անսխալական չի հռչակում, այլ անսխալականութիւնը դիտում է Եկեղեցու ամբողջութիւնը ներկայացնող Տիեզերական ժողովի մէջ։ Կաթողիկոսը ընտրւում է եպիսկոպոսների միջից, ձեռնադրւում է եւ օծւում։ Կաթողիկոսի ձեռնադրութեան եւ
օծման կարգը բնորոշ է միայն Հայ Եկեղեցուն, մինչ միւս Եկեղեցիներում «Եկեղեցու գլուխը» միայն ընտրւում է, ձեռնադրութիւն եւ օծում չեն կատարում։ Հայերի մէջ կան նաեւ կաթոլիկ դաւանանք ունեցող հայեր (Հայաստանում բնակուող հայ կաթոլիկներին ժողովուրդը յաճախ կոչում է «ֆրանկ» անունով)։ Կաթոլիկ հայ Եկեղեցու գլուխն է ընտրովի Պատրիարքը։ Արեւելեան Եկեղեցում քահանաները պէտք է ամուսնացած լինեն։ Հռոմի Եկեղեցում քահանաները չեն ամուսնանում, կուսակրօն են։
Դ. Բողոքական Եկեղեցին չունի նուիրապետական կարգ, հետեւաբար չկայ նաեւ «Բողոքական Եկեղեցու գլուխ» հասկացութիւն։ Բողոքական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջին դիրքում է Անգլիկան Եկեղեցին, որն առաջացել է ԺԶ դարում՝ բողոքական շարժման հետեւանքով։ Ի տարբերութիւն միւս բողոքական եկեղեցիների, Անգլիկան Եկեղեցին ունի նուիրապետական կարգ եւ ընդունում է Հին Եկեղեցիների կողմից ընդունուած որոշ դաւանաբանական սկզբունքներ (Նիկիայի «Հաւատամքը», եօթը խորհուրդները եւ այլն)։
Ե. Յոյն Ուղղափառ (կամ պատմական Բիւզանդական) Եկեղեցին ընդունում է միայն առաջին եօթը Տիեզերական Ժողովները, Հայ Եկեղեցին՝ միայն առաջին երեքը (Նիկիայի՝ 325 թ., Կոստանդնուպոլսի՝ 381 թ. եւ Եփեսոսի՝ 431 թ.)։ Միւս ժողովներին (Քաղկեդոն՝ 451 թ. Կոստանդնուպոլսի Բ՝ 553 թ., Կոստանդնուպոլսի Գ՝ 681 թ., եւ Նիկիայի Բ՝ 767 թ.) Հայ Եկեղեցին տիեզերականութեան ուժ եւ հեղինակութիւն չի տալիս։
Զ. Հայ Եկեղեցին ընդունում եւ հետեւում է հետեւեալ կանոնին. «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր յամենայնի», որ թարգմանւում է՝ միութիւն կարեւոր հարցերում, երկրորդականներում՝ ազատութիւն, իսկ ամէն ինչում՝ սէր։
Է. Քրիստոսի բոլոր ճշմարիտ եւ ուղղափառ եկեղեցիները իրենց անդամներին ցոյց են տալիս ճշմարտութեան ճամփան եւ ամէնքն էլ Յիսուսի Աւետարանի վրայ են հիմնուած։ Այս է «ամէն բանում՝ սէր» սկզբունքը։ Իսկ ինչ վերաբերում է այն նորահնար կոչերին, թէ՝ մեր եկեղեցուց դուրս չիք փրկութիւն, մերժելի են ու անընդունելի, որ եկեղեցու կողմից էլ որ հռչակուած լինի։ Այսինքն՝ այստեղ բացակայում է «ամէն բանում՝ սէր» սկզբունքը, եւ հետեւաբար քրիստոնէական չեն։
Ը. Հայ Եկեղեցին հիմնել են Թադէոս եւ Բարդուղիմէոս առաքեալները եւ ըստ այդմ նրա անունն է «Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի»։ Միայն ռուսներն են Հայաստանեայց Եկեղեցուն կոչում «Հայ Գրիգորեան Եկեղեցի» անունով, նշելով Ս. Գրիգոր Լուսաւորչին, այսինքն՝ Հայ Եկեղեցու ծագումը դնելով 301թ.-ին, մինչդեռ Հայ Եկեղեցին Առաքելադիր է, իսկ Ս. Լուսաւորչի օրօք մենք ամբողջ ազգով պետականօրէն ընդունեցինք քրիստոնէութիւնը եւ այդ ժամանակ էլ ծնուեցինք Ս. Աւետարանի խօսքով, իսկ Եկեղեցին Հայաստանում սկիզբ էր առել դեռեւս առաքելական շրջանից։ Յիշենք Աբգարի, Սանատրուկի, Սանդուխտ կոյսի եւ այլոց պատմութիւնները։ Հայ Եկեղեցին սրբացնելով այդ աւանդութիւնները, ընդունում է նրանց ճշմարտացիութիւնը։
Ուղղափառները չեն ընդունում մեր եկեղեցու առաքելական ծագումը եւ մինչ հիմա ջանում են ապացուցել վերոյիշեալ անձերի ոչ պատմական լինելը. աւելացնենք, որ այդ բանակի մէջ իրենց «ուրոյն» տեղն ունեն նաեւ հայ պատմաբանները, հայ կաթոլիկ հայրերից ոմանք եւ այլն։ Չգիտես ինչու, ճշմարիտ է համարւում Հռոմի Եկեղեցու առաքելադիր լինելու աւանդութիւնը, մինչ Հայ Եկեղեցու համար այն համարւում է ոչ ճշմարիտ, չնայած որ պատմագրական տեղեկութիւնների շատութեամբ ու ստուգութեամբ Հայ Եկեղեցին չի զիջում Հռոմի Եկեղեցուն։
Թ. Հայ Եկեղեցին լինելով Ընդհանուր Քրիստոնէական Եկեղեցու մէկ անդամը, իր տօնացոյցի մէջ ընդգրկում է նաեւ ազգութեամբ ոչ հայ սրբերի։ Տօնացոյցի մէջ ընդգրկուած են հիմնականում Ա-ԺԵ դարերի սրբերը, որոնց վարքը արձանագրուած է «Յայսմաւուրքում»։
Հայ եկեղեցու հայազգի տօնելի սուրբերն են՝ Սանդուխտ կոյս, Ոսկեանք, Սուքիասեանք, Հռիփսիմեաց կոյսեր, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Տրդատ թագաւոր, Արիստակէս եւ Վրթանէս, Ներսէս Մեծ, Սահակ ու Մեսրոպ եւ նրանց թարգմանիչ աշակերտները, Վարդանանք, Վահան Գողթնացի, Յովհաննէս 0ձնեցի, Գրիգոր Նարեկացի, Ներսէս Շնորհալի, Յովհաննէս Որոտնեցի, Գրիգոր Տաթեւացի եւ Մովսէս Տաթեւացի։
0տար եկեղեցիներում հայազգի սուրբերից նշում են Ս. Գրիգոր Լուսաւորչի յիշատակը։ Բացի սուրբերից հայոց մէջ եղել են նաեւ բազմաթիւ վկաներ (նրանք, ովքեր նահատակուել են Յիսուսի անուան համար՝ վկայելով իրենց հաւատարմութիւնը Աւետարանին եւ Քրիստոսին)։ Բազմաթիւ աղբիւրներից եւ ձեռագրերից Մանանդեանն ու Աճառեանը հաւաքել են ԺԲ-ԺԶ դարերի շուրջ 150 վկաների մասին տեղեկութիւններ։ Առաւել յայտնի վկաներից են Զաքարիա կաթողիկոս Աղթամարցին եւ մեծն Սայեաթ-Նովան։ Ինչ խօսք, որ հիմա, այդ ցանկը կարելի է աւելացել վերջին՝ կարմիր ժամանակների բազմաթիւ նորանոր անուններով։
Ժ. Նոր Եկեղեցու ճիւղերից շատերի մօտ այնպիսի յաւակնութիւն կայ, թէ իրենց աղօթքի ու պաշտամունքի ձեւերը համաձայն են առաքելական դարի պարզութեանը։ Սա ոչ թէ յաւակնութիւն է, այլ՝ ինքնախաբէութիւն։ Նոր Եկեղեցու եւ ոչ մի ճիւղ իր պաշտամունքային ձեւով նման չէ առաքելական դարի քրիստոնեաների պաշտամունքի ձեւերին։ Քրիստոնէական կրօնը Աստուծոյ բացառիկ յայտնութիւնն ու միջամտութիւնն է պատմութեան եւ մարդկային կեանքի մէջ։ Քրիստոնէական սկզբնական շրջանում ամէն ազգ իրեն յատուկ ձեւով եւ ոգով կազմեց ու դասաւորեց իր ծէսը։ Հայ Եկեղեցու ծէսը Ընդհանուր Եկեղեցու ծէսերի մէջ ինքնայատուկ է եւ շեշտուած է իր ազգային նկարագրով ու արտայայտութեամբ։ Հայ Եկեղեցու ծէսը ծնունդ առաւ եւ կազմաւորուեց գրերի գիւտից յետոյ եւ ապա Աստուածաշնչի թարգմանութեամբ։ Այստեղից սկսած Հայ Եկեղեցին թէ՛ իր վարդապետական ըմբռնումով եւ թէ՛ իր իւրայատուկ ծէսով, ազգային ուրոյն դրոշմ ստացաւ եւ ազգայնացաւ։
Բաւականին շատ են ոչ էական, երկրորդական տարբերութիւնները թուարկած բոլոր եկեղեցիների միջեւ, որոնք հիմնականում ծիսական բնոյթ են կրում։ Այսպէս.
-Հայերը եւ կաթոլիկները նոյն ձեւով են խաչակնքւում՝ ձախից աջ, իսկ ուղղափառները՝ աջից ձախ։
-Ասորիները մէկ մատով են խաչակնքում, իսկ միւս ազգերը՝ երեք մատը սեղմած։
-Բողոքական յարանուանութիւնները չեն խաչակնքում ընդհանրապէս եւ այլն։
ԺԱ. Այժմ մի քանի խօսք այն տարբերութիւնների մասին, որոնք միշտ հարցեր եւ վէճեր են առաջացնում տարբեր եկեղեցիների պատկանող հաւատացեալների միջեւ։ Ինչպէս նշեցինք, Հայ Եկեղեցու եւ կաթոլիկ ու ուղղափառ Եկեղեցիների միջեւ հիմնական անջրպետը Քաղկեդոնն է, իր որոշումներով ու դրանցից բխող հետեւութիւններով։
Մնացած դաւանաբանական խնդիրներից կաարելի է առանձնացնել՝
— Քաւարանի հարցը,
— Պատկերների հարցը,
— Աստուածամօր անարատ յղութեան հարցը,
— Ս. Հոգու բխման հարցը։
Բողոքական եկեղեցու հետ ունեցած խնդիրներից կարելի է առանձնացնել՝
Սուրբերի բարեխօսութեան հարցը,
— Ննջեցեալների համար հոգեհանգիստ կատարելու հարցը,
— Յիսուսի «եղբայրների» հարցը,
— Մանկամկրտութեան հարցը,
— Մատաղի հարցը,
— Վերստին Ծնունդի եւ Ս. Հոգու պարգեւների առնչութիւնը

Աղբյուր՝ ՈՍԿԵՓՈՐԻԿ կամ ԿՐՕՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ (ՄԱՍՆ Ա)
Հեղինակ՝ Սերժ Մայիլյան։