ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ

 2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության:

 1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, աքսորի ճանապարհներին վերապրած հայերը ապաստան գտան Արևելյան Հայաստանում` ներկայիս Հայաստանի Հանրապետությունում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետություններում:

 Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` «լքյալ կալվածքներ» անվան տակ:

 Ցեղասպանությունից 98 տարիներ անց Թուրքիո ներկա պետությունը` որպես իրավահաջորդը Օսմանյան կայսրության, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլև շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը:

 Հետևաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը և պահանջում.

1) Ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2) Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց

3) Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները:

  Աղոթքով հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին` դատապարտում ենք ամեն բռնարարք` ուղղված աստվածապարգև կյանքի, մարդու արժանապատվության և մարդկության խաղաղ համակեցության դեմ, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ` խաղաղության» (Ա Կորնթ. 14.33), որ մարդկանց կոչել է սիրո, համերաշխության և գործակցության:

 Երախտագիտությամբ ենք հիշում բոլոր ժողովուրդներին ու պետություններին, որոնք Ցեղասպանության օրերին ապաստան տվեցին տեղահանված հայերին և հոգատարություն ու եղբայրական սեր ցուցաբերեցին հայրենազրկված ու տարագրված հայերի հանդեպ:

 Հայ ժողովուրդը հավետ երախտագետ է լինելու նաև այն բոլոր պետություններին, որոնք մարդասիրության և արդարության սկզբունքներով առաջնորդված` դատապարտել և պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

 Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախասեմին մեր բոլոր կարելիությունները ի գործ պիտի դնենք` միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները` հանուն արդարության և հայության իրավունքների պաշտպանության:

ԳԱՐԵԳԻՆ Բ                                                                                                       ԱՐԱՄ Ա

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ                                                        ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ

ԱՊՐԻԼ 24, 2013