Թզուկը (առակ)

Tzuk 600x660 - Թզուկը (առակ)

Ասում են, թե մի մարդ կլինիկական մահ է ապրում ու հայտնվում է մի մեծ ու լուսավոր քաղաքի հրապարակում, ուր ամենուր թզուկներ էին…:
Երկնքում նկատում է Աստծո հրեշտակին ու հարցնում.
-Այս ուր եմ ընկել և ովքե՞ր են այս թզուկները.
Հրեշտակը պատասխանում է.
-Դու հանդերձյալ աշխարհում ես, իսկ այս թզուկներն այն մարդիկ են, ովքեր իրենց երկրային կյանքում իրենց հոգևոր էության մեջ մանուկ են մնացել ու կատարյալ հոգևոր հասակի չեն հասել…:
Մարդը տեսնում է, որ թզուկների մի մեծ բազմություն հավաքվել է մի բարձր պատվանդանի մոտ, որի վրա բանալիներ են դրված ու փորձում են ցատկել ու բանալիները վերցնել, բայց չի ստացվում….
Մարդը կրկին հարցնում է հրեշտակին.
-Այդ ի՞նչ բանալիներ են, որ այս թզուկ մարդիկ չեն կարողանում պատվանդանի վրայից վերցնել
Հրեշտակը պատասխանում է.
-Դրանք երկնքի արքայության դռների բանալիներն են, թզուկները ցատկում են, որպեսզի վերցնեն այդ բանալիները և կարողանան մտնել երկնքի արքայություն:
Մարդը, ինքնագոհ ու վստահ, մոտենում է պատվանդանին, նկատում է, որ այն բավականին բարձր է: Ցատկում է, ձեռքը բանալուն չի հասնում, նորից է ցատկում, բայց ապարդյուն…. Զարմացած նայում է շուրջբոլորը, թզուկներին, որոնցից մեկն ասում է.
-Ինչու՞ ես զարմացել, միթե կարծում ես, որ քո թզուկ հասակով կարող ես ինձանից լավ ցատկել: Այս երկու հազար տարի է, ինչ ցատկում եմ, բայց ձեռքս բանալուն չի հասնում, էլ ուր մնաց, որ քո մեկ, երկու ցատկով կարողանաս բանալին վերցնել….:

Իսկ մենք ձգտու՞մ ենք հոգևոր կատարյալ հասակ ունենալ, թե պարզապես բավարարվում են քրիստոնյա կոչվելով… Ամեն քրիստոնյա պետք է ձգտի հոգևոր թզուկ չմնալու համար և ամոթով չմնա երկնքի արքայության դռների առջև…..

Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան