Էվթանազիա (բարոյական եւ քրիստոնեական մոտեցումներ)

 Մեղքն առաջին հերթին բարոյական ավերածություն է։ Մեր նախահայրը մեղք գործելով մահվան դատապարտեց ոչ միայն իրեն, այլեւ հետագա սերունդներին՝ մինչեւ Քրիստոսի առաքելությունը: Ուրեմն, եթե ախտերը մարմինն են սպանում, ապա կրքերի ձեւով արտահայտվող մեղքերը հոգին են կորցնում (հմմտ. Գրիգոր Նարեկացի, Մատյան Ողբերգության, Բան ԻԸ 14-15, Երեւան, 1960, էջ 118):
Միաժամանակ ամեն մի մեղք կարելի է դիտել իբրեւ հոգեկան ախտ, իսկ ամեն ախտ, այսինքն՝ հիվանդություն, որպես մարմնի մեղք, որովհետեւ մեղքերն ի վերջո քայքայում, կազմալուծում են մարմինը, իսկ մարմնական տկարությունները ներգործում են հոգեկան աշխարհի վրա: Բժշկագիտության պատմության մեջ նման պատկերացում գոյություն չի ունեցել: Այդ պատկերացումը ոչ միայն իրական հիմք ունի, այլեւ համընդհանուր եւ հավիտենական ճշմարտություն է: Բժշկությունը բավարարվում է ամեն մի հիվանդության առանձնակի, իրավիճակային ախտորոշմամբ, մինչդեռ երկու կարգի ախտորոշումներն էլ անհրաժեշտ են. մեկը հիվանդության վերջնական, իրական, խորքային պատճառն է հայտնաբերում, իսկ մյուսը` անմիջական ախտը: Արդյունավետ կլիներ, եթե այս երկու ախտորոշումներն էլ կիրառվեին միաժամանակ: Միգուցե այնտեղ, որտեղ վերջանում են բժշկության հնարավորությունները, սկսվում է հավատքը, բայց, մյուս կողմից էլ, ցանկացած հիվանդության դեպքում չօգտվել բժշկությունից եւ հիմնվել միայն հավատքի վրա, նշանակում է անտեսել Աստծո` մարդուն տված մեծագույն պարգեւներից մեկը` մտածելու կարողությունը: Պարզապես պետք է այդ կարողությունը ծառայեցնել իր ճիշտ նպատակին: Աստծո բոլոր պարգեւները բարի են, բայց դրանք մարդու կողմից կարող են չարի փոխվել՝ սխալ օգտագործմամբ:
Քրիստոնյայի կյանքը որդու կյանք է. նա պետք է ընդունի այն, ինչ տալիս է հայրը: Աստված մարդուն միայն բարիք է ցանկանում, ինչպես հայրն է որդուն բարիք ցանկանում, սակայն միշտ չէ, որ մարդը հասկանում է Աստծո տվածի իմաստն ու նպատակը: Մեղքից է առաջանում տառապանքը, եւ տառապանքի միջոցով է հաղթահարվում մեղքը: Կյանքում մշտապես իրականանում է այն օրենքը, որ մեղքի դիմաց տառապանք է տրվում: Այս տառապանքն իմաստալից է այնքանով, որքանով որ այն հնարավորություն է տալիս քավելու մեղքը: Մեղքի հաղթահարման այս ուղին ոչ միայն մաքրում է մարդու հոգին, այլեւ իմաստություն է տալիս` գիտակցելու եւ բացահայտելու կյանքի բարոյական կողմը, կյանքի իմաստի ողջ խորությունը՝ թեկուզ տառապանքների գնով: Մարդը յուրաքանչյուր տառապանք կկարողանա հաղթահարել, եթե դրանում իմաստ տեսնի: Քրիստոնեական աստվածաբանության մեջ շեշտվում է այն միտքը, որ ամենամեծ տառապանքը դրա աննպատակ լինելու գիտակցության մեջ է, որն առաջանում է հավատքի բացակայությունից: Նույն միտքն է արտահայտում Նիցշեն` ասելով, որ մարդու համար անտանելի է ոչ թե տառապանքը, այլ տառապանքի անիմաստությունը: Հիվանդը տառապում է ոչ թե սոսկ ֆիզիկական ցավերից, այլ հոգեկան վշտերից (տե՛ս Բիոէթիկա, էջ 146): Հոգեկան այդ վշտերը հաճախ անիմաստ են թվում, որն էլ խորացնում է տառապանքը եւ հուսալքություն առաջացնում: Հետեւաբար տառապանքի պատճառի եւ իմաստի գիտակցումը տանելի է դարձնում այն: Բայց գիտակցումը դեռ բավարար չէ. ընդունել կյանքը նշանակում է նաեւ ընդունել տառապանքը, եւ մարդու կյանքի գլխավոր նպատակներից մեկն այդ տառապանքների հաղթահարումն է: Մարդկության պատմությունը ցավի պատմություն է: Ցավն ու տանջանքը մարդու կյանքի անբաժան մասն են, եւ նրա կյանքի յուրաքանչյուր հանգրվան ունի իր ցավն ու տառապանքը: Բայց իրականությունն այն է, որ դրանք մարդու հոգեւոր կյանքի հիմքն են (Joseph A. Amato, Victims and values, A History and a theory of suffering, New York, 1990, էջ 1):
Քրիստոնեական աստվածաբանությունը յուրահատուկ մոտեցում ունի տառապանքի նկատմամբ` հիմնված Հիսուս Քրիստոսի տառապանքների վրա (տե՛ս Companion Encyclopedia of Thelogy, էջ 832): Տառապանքի մասին քրիստոնեական ժամանակակից գաղափարախոսությունը համահունչ է Աստծո տառապանքի պատմության հետ, Ով մարդացավ եւ զոհաբերվեց հանուն մարդկության: Ինչպես աստվածաբան Բերնարդ Հարինգն է ասում` «Քրիստոսը ֆիզիկապես չարչարվեց եւ սարսափելի տառապանքներ ստանձնեց` անցնելով մարմնական ցավից անդին» (անդ, էջ 832): Քրիստոսն անմեղ տառապանք կրեց, բայց ոչ աննպատակ: Նրա տառապանքների ամբողջ իմաստը բացահայտվում է մարդկության մեղքերի քավումով: Հիսուսի տառապանքները բժշկող ազդեցություն ունեցան տառապանքների աշխարհում (տե՛ս Paul S. Fiddes, The Creative Suffering of God, Oxford, 1992, էջ 110): Ցավն ու տառապանքը մեղքի միջոցով աշխարհ մտան, բայց հենց դրա միջոցով էլ Քրիստոսը հաղթեց դրանց: Նա մարդկության մեղքերով ծանրացած խաչն Իր ուսերին կրեց եւ օրինակ տվեց աշխարհին, օրինակ, որ սովորեցնում է համբերությամբ կրել տառապանքի խաչը, քանզի այս կյանքի տառապանքների հաղթահարումը շնորհի է արժանացնում մարդուն` մասնակից դարձնելով Քրիստոսի տառապանքներին: Այս մասին է վկայում Պետրոս առաքյալը. «Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ։ Այլ, որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղեք, որպեսզի Նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք» (Ա Պետրոս Դ 12-13):
Ժամանակակից աշխարհում գնալով ավելանում են բժիշկների, բժշկական տեխնիկայի հնարավորությունները, բարձրանում է բուժման մակարդակը, բայց հիվանդությունները ոչ միայն չեն պակասում, այլեւ ավելանում են: Հիվանդությունների աճը եւ բազմազանությունը վկայում են այն մասին, որ մարդու խաթարված ընթացքն աշխարհի վրա շարունակում է խորանալ, որի հետեւանքով մարդկության մեղքերն ավելի բազմազան եւ բազմաբնույթ են դառնում: Աստված մարդուն առողջ է ստեղծել, իսկ հիվանդություններն ու առհասարակ ցանկացած նեղություն անցյալ, ներկա եւ նույնիսկ ապագա մեղքերի համար են տրվում` կա՛մ որպես մեղքի քավության հնարավորություն, կա՛մ էլ դեռեւս չգործված մեղքերի կանխում, քանզի Տերը «չի ուզում, որ որեւէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն» (Բ Պետրոս Գ 9):
Ուրեմն, քրիստոնեական աստվածաբանությունը մերժում է տառապանքի վերաբերյալ էվթանազիայի արդարացմանն ուղղված փաստարկները: Եթե ոմանց կողմից մահն ընկալվում է որպես միակ միջոց տառապանքներից ազատվելու համար, ապա քրիստոնեությունը նույնիսկ անմեղ տառապանքների մեջ իմաստ է տեսնում: Այդ ամենը բացահայտվում է Քրիստոսի երկրային առաքելությամբ. Նա մարդկության պատմության մեջ միակ անմեղ մարդն է եւ միեւնույն ժամանակ ամենամեծ տառապողը, սակայն Նրա անմեղ տառապանքը փրկեց ամբողջ մարդկությանը: Եվ ինչպես Քրիստոսի անմեղ տառապանքները պտղաբերեցին ամբողջ մարդկության համար, այնպես էլ ցանկացած մարդու տառապանքն է պտղաբերում իր եւ իր նմանների համար:
Էվթանազիան պաշտպանողների մյուս փաստարկմամբ՝ կյանքի իմաստը որոշվում է տառապանքների եւ հաճույքների համեմատաբար առավելության հաշվարկով: Այն դեպքում, երբ տառապանքներն ավելի շատ են, քան հաճույքները, կյանքի որակի հավասարակշռությունը խախտվում է` դառնալով անհամաչափ: Ըստ էվթանազիայի կողմնակիցների` այսպիսի վիճակները պետք է թեթեւացնել՝ մահն արագացնելու միջոցով:
Այս փաստարկն ուժեղ կողմեր ունի, հատկապես, երբ առկա են տառապալի կյանքը եւ հիվանդի ցանկությունը` չգտնվել այդ վիճակում, այսինքն՝ հիվանդը ոչ երկիմաստ կամք է արտահայտել: Այնուամենայնիվ, այն խոցելի է երկու պատճառներով. նախ` էվթանազիայի հնարավորության վերլուծության ժամանակ կոռեկտ չէ որպես տանջանք կյանքը համեմատել հաճույքի հետ: Տանջանքներն ավելի վատ են հաճույքներից, բացասական հուզումները` դրականներից, բայց կարո՞ղ ենք ասել, որ տանջանքն ավելի վատ է անհուսությունից, իսկ բացասական հուզումները` ամեն մի հուզմունքի բացակայությունից: Էվթանազիայի իրավիճակում գիտակցական որոշման ժամանակ առկա են ոչ թե կյանքի տարբեր որակական վիճակները, այլ ընտրությունը կյանքի եւ մահվան միջեւ: Տանջանքները չարիք են հաճույքների համեմատ, երբ ընտրություն է կատարվում տանջանքների եւ հաճույքների միջեւ: Բայց տանջանքները բարիք են մեռած անզգայության համեմատ, երբ կատարվում է ընտրություն տանջանքների եւ նույնիսկ տանջվելու անհնարինության միջեւ (անզգայություն):
Քրիստոնեությունը կյանքը դիտում է բարիք իր բոլոր դրսեւորումներում` ե՛ւ տանջանքներում, ե՛ւ հաճույքներում: Կյանքը բարիք է եւ բարիք է մնում նույնիսկ այն ժամանակ, երբ այն գերազանցապես տանջանք է դառնում կամ նույնիսկ` անվերջ տանջանք: Ինքնասպանության կարեւոր դրդապատճառներից է տառապանքներից ազատվելը, բայց արդյոք գոյություն ունի՞ սպասվող հանգստությունը: Քրիստոնեությունն ասում է, որ դա հուսախաբություն է, որը հանգեցնում է ավելի մեծ տառապանքների, բայց այն աշխարհում:
Հեդոնիզմը (բարոյական դիրքորոշում, երբ մարդու վարքի հիմնական դրդապատճառն ու նպատակը դառնում է հաճույքի ստացումը- խմբգ.) արդարացնում է էվթանազիայի կողմնակիցների` տառապանքի եւ հաճույքների վերաբերյալ առաջ քաշած փաստարկները: Եթե հեդոնիստի համար մահը լիակատար անորոշություն է եւ հնարավոր է նաեւ բացարձակ վերջը, ապա քրիստոնյայի համար կեցության ձեւի փոփոխություն է միայն, կյանքի օրինաչափ ընթացքի մի հանգրվանը հավերժության անցման ճանապարհին: Սրանցով են պայմանավորված կյանքի նպատակի ընկալման երկու տեսակետները. հեդոնիստի համար՝ այս կյանքի հաճույքները, քրիստոնյայի համար՝ հոգու փրկությունը: Երբ խոսք է գնում տառապանքների ժամանակ կյանքի եւ մահվան ընտրության միջեւ, քրիստոնեական տեսանկյունից հարցը մտնում է հոգու փրկության դաշտ:
Աստված երբեք մարդուն թույլ չի տալիս կրելու առավել տառապանք, քան նա կարող է տանել, եթե ունենա համբերություն եւ ընդունի այն շնորհն ու ուժը, որ Ինքն է տալիս մարդուն՝ նրա պայքարի ընթացքում: Երբ Աստված թույլ է տալիս, որ տառապանքը մուտք գործի մարդու կյանք, Նա դրանում մեծ բարիք է դնում, որին մարդն արժանանում է այն հաղթահարելու միջոցով: Եթե ամփոփենք տառապանքի իմաստի քրիստոնեական ողջ էությունը, ապա այն կարելի է մեկ մտքով արտահայտել. տառապանքը բացահայտում է կյանքի խոր իմաստը եւ մարդուն հասկացնել տալիս, որ նա տիեզերքի տերը չէ, մարդ, ով այսօրվա տեխնիկայով հագեցված ժամանակաշրջանում իրեն Աստված է զգում, եւ ում թվում է, թե ինքը կարող է գերազանցել Աստծո արարչագործությունը:
Հաջորդ փաստարկը, որն առաջին հայացքից շատ հիմնավոր եւ համոզիչ է թվում, էվթանազիայի արդարացումն է գթասրտության եւ արդարության միջոցով. էվթանազիան համարվում է գթասրտություն նրա նկատմամբ, ում օգնում են մահանալ, եւ արդարացի՝ շրջապատի եւ հասարակության նկատմամբ: Էվթանազիայի կողմնակիցների բարեգութ սպանության տեսությունը մերժվում է քրիստոնեական մտածողության դիրքերից: Էվթանազիայի արդարացման գթասրտության փաստարկը հաճախ կարող է կեղծվել թե՛ հիվանդի հարազատների, թե՛ բժիշկների կողմից. միգուցե հարազատների համա՞ր է անտանելի` տեսնել հիվանդին այդ վիճակում, եւ հիվանդի հանգիստ մահվան միջոցով փորձում են հենց իրենց ազատել այդ տառապանքներից: Էվթանազիան նման պարագաներում հանդիսանում է հեշտ եւ էժան ընտրություն: Իսկ այն դեպքում, երբ էվթանազիան կատարվում է իրական գթասրտության քողի տակ, պետք է մի բանում համոզված լինել. բժիշկը եւ առհասարակ որեւէ մեկը ավելի գթասիրտ չեն, քան Նա, Ով մարդկային էակին է արարել: Աստված մարդուն կյանք է շնորհել, եւ Նա էլ կանխորոշված ժամկետում այն նրանից վերցնում է: Սիրաքի իմաստության մեջ ասվում է. “Տիրոջ բոլոր գործերը շատ բարի են, եւ Նրա բոլոր հրամանները կատարվում են իրենց ժամանակին. վայել չէ ասել` ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամեն ինչ պիտի կատարվի իր ժանանակին” (Սիրաք ԼԹ 21): Բժշկի “գթասիրտ” քայլը չի դադարում սպանություն լինելուց նույնիսկ այն պարագայում, երբ այդ քայլին նրան դրդել են գթասրտության զգացումը, անհուսալի ու ծանր հիվանդին հետագա տառապանքներից ազատելու մարդկային ցանկությունն ու խիղճը: Էվթանազիայի հակառակորդների այս հիմնավորման դեմ առաջ է քաշվել այն հակափաստարկը, որ սարքը պահպանում է միայն կյանքի երեւութականությունը, որը դրսեւորվում է շնչառության եւ արյան շրջանառության ձեւով այն դեպքում, երբ իրականում մարդը մեռած է, որեւիցե ցավ չի զգում, նրա կենսագործունեության աղբյուրը` ուղեղը, արդեն մեռած է: 18-րդ դարի փիլիսոփա Դեյվիդ Հյումը պնդում էր, որ եթե արհեստականորեն մարդու կյանքին վերջ դնելն օրինազանցություն է Աստծո առջեւ` իբրեւ կյանք պարգեւողի եւ տնօրինողի, նույնը կարող է ասվել արհեստականորեն որեւէ մեկի կյանքը բժշկական սարքավորումներով երկարաձգելու պարագայում (տե՛ս “Վազգենյան դպրանոց”, հոգեւոր-մշակութային պարբերական, 2008, թիվ 2, էջ 29 (Գեւորգ աբղ. Սարոյան, Էվթանազիա եւ բժշկական էթիկա):
Քրիստոնեությունը մարդու կյանքը բացառիկ արժեք է ընդունում, արժեք, որն անփոխարինելի եւ եզակի է: Հետեւաբար մարդն ամեն ինչ պետք է անի այդ արժեքը պահպանելու համար: Բժշկությունից պետք է օգտվել միայն այն դեպքում, երբ այն նպատակ ունի երկարաձգելու Աստծո պարգեւը` կյանքը: Չպետք է առաջնորդվել մարդկային չափորոշիչներով` կյանքի արժեքը սահմանելու համար: Այդ արժեքն արդեն իսկ Աստծո կողմից բացարձակ է տրվել մարդուն, բացարձակ այն կոչումով, որ նա այլեւս պահապանն ու պատասխանատուն է այդ անսահման արժեքի: Իսկ իրականում գթասրտությունը ոչ թե մահվան օգնության մեջ է, այլ նրա հետ ցավը կիսելու, նրան կարեկից լինելու մեջ, որը հիմնավորվում է Հիսուսի խոսքերում. “Հիվանդ էի, եւ Ինձ տեսնելու եկաք” (Մատթ. ԻԵ 36):
Գիտությունը սրընթաց կերպով զարգանում է, կատարելագործված կենսաբժշկական տեխնիկան հրաշքներ է գործում` պահպանելով մարդու կյանքը նույնիսկ տասնյակ տարիներ, բայց ավելին անել անկարող է: Նա բացահայտեց մարդու մարմնի գրեթե բոլոր գաղտնիքները, բայց դրանից այն կողմ մի իրականություն է, որտեղ այլեւս անելիք չունի: Հոգեւոր այդ իրականությունը հավիտենական է ու անսահման, եւ մարդը, ըստ Սուրբ Գրքի, մասնակից է լինելու այդ հավիտենականությանը՝ հոգին փրկելու կամ կործանելու վիճակներով: Քանի դեռ մարդը երկրային կյանքի մեջ է, հնարավորություն ունի շատ բան ճանաչելու եւ որ գլխավորն է` իր ընթացքից դարձի գալու: Տառապող հիվանդը շատ մոտ է ճանաչողության այդ սահմանին եւ, ո՞վ գիտի, միգուցե արդեն իսկ սկսում է ճանաչել, իսկ մարդուն կյանքից զրկելն էվթանազիայի միջոցով ոչ միայն բռնությամբ հոգու վտարում է, այլեւ զրկում է ճանաչելու եւ մեղանչելու հնարավորությունից: Եթե Աստծո կամքն է, որ հիվանդը մահանա, ապա կատարելագործված տեխնիկան ոչինչ չի կարող անել, իսկ քանի դեռ հիվանդը կա, ապրում է, ուրեմն դա Աստծո կամքն է, եւ պետք է ընդառաջ գնալ Նրա կամքին: Աստծո կամքին ընդառաջ գնալն այս պարագայում Նրա իսկ կողմից մարդուն պարգեւած շնորհի ճիշտ օգտագործումն է` պահելու, պահպանելու եւ արդյունավորելու այն կյանքը, որը սուրբ է: Այսպիսով, քրիստոնեական տեսանկյունից էվթանազիան աստվածադիր օրենքների խախտում է, մարդուն տրված ազատության չարաշահում, հոգու անմահության ու հավիտենական կյանքի ժխտում եւ վերջապես` անհավատություն: Մարդկության այդ անհավատությունն ու մեղքերը թերեւս բավարար կլինեին կրկին խաչը բարձրացնելու Հիսուսին, Ով պիտի կրկներ` “Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում” (Ղուկ. ԻԳ 34):
Էվթանազիայի մասին վեճերը շարունակվում են, օրեցօր ավելանում են նրա օրինականացման փորձերն ու հաջողությունները, իսկ թե ինչ կլինի մոտ ապագայում, հայտնի չէ. միայն մի բան պետք է հիշել` մարդու հետագա գոյությունը կախված է նրա հոգեւոր վիճակից:

Հեղինակ` Ժորա սրկ. Սարգսյան