Էմանացիայի վարդապետություն

Շնորհիւ Բազիլիդէսի նոր պղատոնական Էմանացիայի վարդապետութիւնը մտնում է գնոստիկականութեան մէջ: Ամենաբարձր անանուն Աստծուց բղխում են նրա կարողութիւնները, որոնք են` Միտք, Բան, Մտածողութիւն կամ Բանականութիւն, Զօրութիւն Իմաստութիւն: (Նուս, Լոգոս, Ֆրոնէզիս, Դիւնամիս, Սոֆիա): Բայց սոքա դեռևս իսկական աշխարհին չեն պատկանում: Միայն շնորհիւ Կարողութեան Իմաստութեան յառաջ են գալիս առաջին իշխաններն ու հրեշտակները և առաջին երկինքը:

 Այդպիսի երկինքներ հաշուում են 365 հատ: Վերջին 7 հրեշտակները կամ աստղերի հոգիները, որոնք ամենաստորին երկինքն են իրանց մէջ պարունակում, գտնուում են հրէաների Աստուծոյ իշխանութեան ներքոյ — տեսանելի աշխարհի — մարդկութեան ստեղծողն են: Հրեշտակներն երկիրն ու ազգութիւնները բաժանել են իրար մէջ, այդ պատճառով միշտ կռիւ կայ նոցա — հրէից Աստուծոյ մէջ, որ կամենում է բոլոր միւս ազգերին իրեն ենթարկել: Այստեղ ևս աշխարհի զօրութիւնները յաղթահարուում են շնորհիւ անանուանելի Հօր, որ իւր միածին միտքը իբրև Քրիստոս (օծեալ) ուղարկում է ազատելու հաւատացեալներին: Մտքի երկրի վրայ լինելը միայն երևութական էր, և նրա փոխարէն խաչուած է Սիմէօն Կիւրենացին, որին Քրիստոսը իւր պատկերն էր տուել, իսկ ինքը նորա պատկերով կանգնած էր Խաչի մօտ: Եւ այդպէս համբարձաւ առ Հայր, ծիծաղելով նոցա վերայ, որոնք կարծում էին, թէ նրան բռնել են: Այդ պատճառով էլ գնոստիկեանները Քրիստոսի խաչելութիւնը չեն ընդունում:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ