ԶՈՒ հոգևոր առաջնորդ. Նոյեմբերյանում մի խոսքից երեք ընտանիք դժբախտացավ

 Մի փոքրիկ խոսքից Նոյեմբերյանում տեղի ունեցավ հայտնի ցավալի պատմությունը: Մենք այսօր հաճախ ենք մոռանում խոսքի զորությունն ու մատերի արանքով ենք նայում դրան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Նոյեմբերյանի զորամասերից մեկում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությանն ասաց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

 «Այստեղ ուզում եմ Քրիստոսի բառերը մեջբերեմ` լեզվից, բերանից դուրս եկածն է պղծում: Տեսանք, թե ինչպես Նոյեմբերյանի զորամասում ընդամենը մի բառից` մի հայհոյանքից, երեք մարդ ու ընտանիք դժբախտացավ»,- ասաց Վրթանես եպիսկոպոսը:

 Եպիսկոպոսի խոսքով` հիմա ճիշտ ժամանակն է կանգ առնելու ու նայելու` ինչպես ենք մենք մեր զավակներին դաստիարակում.

 «Զորամասի հոգևոր սպասավորից իմացա, որ պատահարին մասնակից երեք երիտասարդներն էլ կարգապահ զինվորներ էին: Կրակող զինվորն անգամ լավ կրակող չէր: Բայց այդ պահին մարդը մոռանում է, որ իր դիմաց եղբայր է կանգնած: Այդ պահին չար ուժը քեզ ավելի է դրդում ու դու չես կարողանում այլևս տիրապետել քեզ, հետագայում արածիդ համար, սովորաբար, զղջում ես, բայց` արդեն ուշ է լինում»,- ասաց եպիսկոպոսն ու կոչ արեց բոլորին` հատկապես զենք կրող երիտասարդներին, լինել ավելի զուսպ:

Աղբյուր՝ aysor.am