«Զգուշացեք Եհովայի վկաներից» կամ Պատասխան քարոզչություն «վայ» քարոզիչներին

Արդեն ամիսներ ի վեր Հայաստանի տարբեր մարզերում «Եհովայի վկաներ» կազմակերպությունը տեղադրում է ստենդներ իրենց կազմակերպության «հոգևոր գրականությամբ», որն անվճար բաժանում են անցորդներին։ Գրականության բաժանման հիմնական նպատակն է նոր անդամներով հարստացնել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության շարքերը։ Այս ոչ բարի քարոզչության կենտրոններից մեկն էլ Վանաձոր քաղաքն է, որտեղ օրերս մի խումբ քրիստոնյա երիտասարդներ փորձեցին օգտվել օրենքի «շնորհած բարիքներից» և զգուշացնել բնակիչներին` հեռու մնալ ազգակործան և հոգեկան լուրջ խեղման տանող այս վայ քարոզչությունից: Երիտասարդները` «Զգուշացեք Եհովայի վկաներ աղանդից» պաստառով գրությամբ, Ավետարանից համապատասխան մեջբերմամբ և կրոնական այս և այլ կառույցների ազգակործան քարոզչության մասին ինֆորմացիոն գրքույկներով հայտնվեցին Եհովայի վկաներ կառույցի ստենդի և այն հսկող վկաների կողքին: Եհովայի վկաները, ովքեր «բարի լուր» էին ավետում քաղաքի բանուկ հատվածներից մեկում, տեսնելով երիտասարդների պաստառը, փորձեցին բանավեճի մեջ ներգրավել և սպառնալ վերջիններիս` թե ոստիկանության միջոցով կհեռացնեն նրանց: Սպառնալիքը ազդեցություն չունեցավ: Երիտասարդներին երկար բարակ անպատասխան հարցադրումներից, նկարահանումներից, սպառանալիքներից հետո, վերջիններս հավաքեցին իրենց գրականությունը և քայլերն ուղղեցին դեպի Վանաձորի Հելսինկյան գրասենյակի առջև, որտեղ էլ հիմնականում կանգնում են և բաժանում են իրենց գրքերը: Տեսնելով երիտասարդների պաստառը նաև այստեղ` երեք հոգուց բաղկացած վկաների կազմը լքեց տարածքը: Երիտասարդներին որպես սպառնալիք մնաց միայն «ձեզ համար վատ է լինելու» խոսքը, որը շպրտեց նրանց այդ օրվա միակ տղա քարոզիչ վկան:
«Եթե օրենքը այդքան բարեհաճ է և այս աստիճան ծայրահեղական կրոնական կառույցի արտոնում է նման քարոզչություն իրականացնել իրենց տարածքից դուրս, ապա մեզ էլ` իբրև հայ քրիստոնյա, կանգնեցնում է պարտքի առջև` զգուշացնել հանրությանը հեռու մնալու նման այս կառույցից»,-նշեց ակցիայի ակտիվիստ Դավիթ Խաչիկյանը: Ինչպես նշում են երիտասարդները, այս լուռ ակցիան, որը օրենքի շրջանակներում է դարձյալ, պարզապես զգուշացում է և ինչու չէ, բնակիչների շահերի պաշտպանում: Երիտասարդների խոսքով ակցիան շարունակական է և կլինի այնքան ժամանակ, որքան «բարի լուր» ավետարանողները կշարունակեն խեղկատակել քաղաքի որևէ հատվածում:
Որպես լրացում, խոսենք նաև այն օրենքի շուրջ, որը ստիպեց երիտասարդներին քայլեր ձեռնակել` իրենց փոքր հնարավորության սահմաններում ծառայություն մատուցել քաղաքի բնակչությանը: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի փոքր-ինչ ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ կրոնական այս կառույցները իրենց տարածքից դուրս քարոզչության արտոնություններ չեն կարող ունենալ` ելնելով այդ օրենքի 7-րդ հոդվածով: Իսկ եթե որևէ եզրույթի այլ բացատրությամբ, կամ որոշ օտար ուժերի դրդմամբ և կամ Եվրոպայից սնվող այս կամ այն կառույցների օժանդակությամբ այս հոդվածը մեկնաբանվում է «հասարակ բնակչությանը ոչ հասանելի» կերպով կամ արտոնվում է հոգեկան խեղման հանգեցնող վայ քարոզիչների գործունեությունը, ապա ողջ ազգը կանգնում է ծաղրալի մի իրավիճակում: Ի վերջո ծաղրալի չէ, ապա ինչ է, երբ Հայաստանի տարածքում բաժանվում է մի գրականություն, որը արգելված է, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես ծայրահեղական և աղանդավորական գրականություն և կամ որը լուրջ հոգեկան շեղումների և խնդիրների առջև է կանգնեցնում այն ուսումնասիրողին, ասել է թե խեղաթյուրում է հոգեբանությունը:
Լուռ ակցիան կազմակերպող երիտասարդները կոչ են անում քաղաքի բնակիչներին զգոն և զգույշ լինել այս կրոնական կառույցից և հավատարիմ լինել իրենց ավանդվածին` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանությանը:

Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության անդամներ

Ehovayi Vkaner 1

Ehovayi vkaner 2

Աղբյուր՝ https://www.facebook.com/dialogarmenia