Օրեր առաջ դիտեցի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Որբերի ընտանիք» նոր ներկայացումը: Ներկայացումը շատ հաջողված էր: Սյուժեն կայանում էր նրանում, որ հարազատներին կորցրած և միայնակ դարձած երիտասարդը փորձում է մի հարկի տակ հավաքել անտուն որբերի և ստեղծել նոր ընտանիք` հայր, մայր, տատիկ, կին, երեխա: Ներկայացումը լի էր մարդասիրական և ուսուցողական տարրերով:
Ընտանիքը չափազանց կարևոր դեր է խաղում մարդու կյանքում ծնված օրվանից մինչև մահ: Ծնողներից ստացված սիրո և փորձի շնորհիվ երեխան կառուցում է իր սեփական ընտանիքը: Ընտանիքը ոչ միայն այն միջավայրն է, որտեղ մարդը ստանում է սեր, ուշադրություն, հարգանք, դաստիրակություն, նաև աջակցություն և հմտություններ՝ այլ միջավայր մտնելու, ընտելանալու և համապատասխանորեն դրսևորվելու համար: Եվ վերջապես, ընտանիքը և ծնողները այն կարևոր աղբյուրն են, որտեղից անհատը հոգևոր դաստիարակության փորձն է ստանում` հետագայում Աստծո հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու համար:
Ամուր ընտանիքների շնորհիվ են կարողանում գոյատևել ազգեր, հասարակություններ և պետություններ: Ընտանեկան արժեքներից են ձևավորվում հասարակության և պետության արժեքները: Եվ ընտանիքի կարևորության պատճառով բոլոր աղանդները մեծ նշանակություն են տալիս անհատի միջոցով ընտանիքի վրա ներազդելու հանգամանքին: Իրենց անդամներին ընտանեկան նոր արժեքներ թելադրելով` նպաստում են ոչ միայն անհատի քայքայմանը, այլ նաև բացասական ազդեցություն են ունենում հասարակության և պետության արժեքների վրա:
Նախ և առաջ աղանդ մտնելու պահից անձին համոզում են, որ մինչ այդ պահն իր ապրած ողջ կյանքը անանցանելի խավար է եղել, իր կողքին եղած մարդիկ սխալ ուղղությամբ են առաջնորդել, ծնողները խոչընդոտ են հանդիսացել Աստծո հետ հանդիպման նրա ճանապարհին (հատկապես երբ ծնողները բացասական են արտահայտվում տվյալ աղանդի մասին):
Հայտնի է, որ դեռահասության տարիքում և կյանքի տարբեր իրավիճակներում յուրաքանչյուր անձ անհասկացվածության պահեր է ապրում ծնողների հետ հարաբերություններում, անգամ կարծում է, որ ծնողներն իր թշնամիներն են: Աղանդավորներ, օգտագործելով այդ և նմանատիպ այլ երևույթներ մարդու կյանքում, դրան տալիս են «հոգևոր» և գաղափարախոսական նշանակություն՝ համոզելով անձին, որ կենսաբանական ծնողները իրական ծնողներ չեն, իրական ծնողներն այստեղ են՝ իր նոր «ընտանիքում»: Բոլոր աղանդներում ներկա է ընտանիքին առնչվող տերմինաբանություն`«Մենք մի ընտանիք ենք», «Աստծո ընտանիք», «Աստծո տուն», «Աստծո զավակներ», «Աստծով քույր-եղբայրներ»: Ճիշտ է, ուղղադավան քրիստոնյաներն էլ են Աստծուն Հայր դիմում, բայց նրանք չեն մերժում կենսաբանական ծնողներին, քանի որ ծնողները և ընտանիքը Աստծուց են տրված: Բացի այդ, Աստծո պատվիրաններում ասվում է. «Պատվիր քո հորն ու մորը», այլ ոչ թե «Պատվիր նրանց, ով քեզ հայր կամ մայր կլինի»: Այսպիսով, աղանդները ստեղծում են կեղծ ընտանեկան արժեքների մթնոլորտ` նոր ծնողների, նոր քույրերի և եղբայրների մասնակցությամբ: Ընդ որում, նոր քույրեր և եղբայրները չափազանց բարեհամբույր, անդադար ժպիտներով և «հոգատարությամբ» պատմում են այն վարդագույն տեսլականների մասին, որոնք սպասվում են նոր ընտանիքում: Այսպիսով, աղանդի նորածին անդամի մոտ սկսվում է աղանդավորական «մեղրամիսը», որը մեծամասնության մոտ տևում է տարիներ:
Ըստ ուղղափառ մոտեցման` ապաշխարությունը հրաժարումն է մեղքերից և անցյալ կյանքի սխալ ուսմունքներից և համոզմունքներից, այլ ոչ թե ինքնությունից, անձի ազատությունից, կյանքի ընթացքում ունեցած ձեռբերումներից, այդ թվում՝ ամեն բարիից և լուսավորից, ընտանեկան և ընկերական հարաբերություններից:
Երկրորդ փուլում, երբ անձը արդեն հրաժարվել է իր անցյալից և հետևաբար` իր ինքնությունից, նրա մոտ պետք է ձևավորել նոր արժեքներ: Բոլոր աղանդներում յուրաքանչյուր քարոզ իր մեջ պարունակում է ընտանիքի հետ փոխհարաբերությունների հրահանգներ և մոդելներ: Ամեն երկրորդ սեմինարը վերաբերվում է ընտանեկան արժեքներին, որն առաջին հայացքից կարող է բարի նպատակների տպավորություն թողնել, եթե չտեսնենք դրա տակ թաքնված կեղծիքները, հետևաբար` վտանգները: Ընտանեկան դաստիարակության հարցում որոշ մոտեցումներ կարող են տարբերվել, սակայն վերջնական նպատակը և քայքայիչ ազդեցությունները նույնն են: Օրինակ, Եհովայի վկաների մոտ ծնողների հանդեպ դեռահասի բողոքները դիտվում են որպես չարի ներգործության կամ ադամական մեղքի հետևանք: Այս դեպքում, ծնողը իր երեխայի զարգացման և կայացման բնական փուլերը հասկանալու և դրանք սիրով ուղղորդելու փոխարեն, սկսում է երեխայի մեջ վախեր սերմանել նրա սատանայից բռնված լինելու և/կամ իր հանդեպ ամբողջ աշխարհի չարությամբ տրամադրված լինելու վերաբերյալ: Եվ իհարկե վախեցած երեխային մնում է մի ճանապարհ` հանգստությունը գտնել Եհովայի վկաների մոտ: Ընդ որում, հստակ մեխանիզմներ են տրամադրվում մանիպուլյացիաների միջոցով երեխաներին դրանում համոզելու համար (Հիմնավորումը կարելի է գտնել Եհովայի վկաների կողմից հրատարակված «Ընտանեկան երջանկության գաղտնիքները» գրքույկում, որն ամեն օր տարածվում է Երևանի փողոցներում):
Հոգեգալստական կամ հիսունական ուղղության համայնքներում ամուսնության տարիքի երիտասարդների համար զույգ է ընտրում հովիվը` իր հայեցողությամբ: Ընդ որում, խըախուսվում են, եթե չասեմ պարտադրվում են, վաղ տարիքում ամուսնությունները և շատ երեխաներ ունենալը: Հանդիպել եմ դեպքերի, երբ ընտրյալը այլ երկրից է և համաձայնությունը տրվում է մեկ լուսանկարի հիման վրա: Այս ընտանիքներում առաջին հայացքից գրեթե խնդիրներ չեն լինում, զույգերը համոզված են, որ իրենց ամուսնությունը Աստծո նախախնամությամբ է: Հովիվը ուղղորդում է ընտանիքի ձևավորման և զարգացման հետ կապված բոլոր տեսակի հարցերը` իբրև թե քրիստոնեական արժեքներով: Սակայն դրանք չի կարելի առողջ ընտանիքներ համարել, քանի որ երրորդ անձի բոլոր որոշումներին անվերապահորեն ենթարկվելը զրկում է անձին իր ընտանիքի հանդեպ գիտակցված որոշումներ կայացնելու ունակությունից: Ամուսիններից մեկը մյուսի հանդեպ միշտ հայտնվում է զոհի կարգավիճակում, իսկ ընտանիքի փաստացի գլուխը դառնում է այն ամուսինը, ով «հոգևոր» լիդեր է:

Իրականում աղանդներում ձևավորված այս ընտանիքներն արդեն չի կարելի դիտել որպես հասարակության բջիջ, քանի որ հասարակությունը ոչ մի օգուտ չի ստանում վերջիններից: Այդպիսի ընտանիքն ամբողջությամբ աշխատում է աղանդի համար: Այստեղ ծնված երեխաները, ինչպես ստրկության մեջ ծնված ծնողների երեխաները՝ նույնպես ստրուկներ են, հանձնվում են այդ աղանդին, որը նրանց երբեք բաց չի թողնի: Այս երեխաների մեջ արդեն չեն սերմանվի ոչ պետականություն, ոչ ազգային, ոչ էլ համամարդկային արժեքներ:

Երբ ծնողներից որևէ մեկն է աղանդավոր դառնում` սա նույնպես գրեթե բոլոր դեպքերում հանգեցնում է ընտանիքի փլուզմանը: Հաճախ աղանդավորը ընտանիքի անդամներից գումարային միջոցներ և թանկարժեք իրեր է կորզում, վաճառում է բնակարանը` ընտանիքի անդամներին թողնելով անտուն: Հաճախ աղանդավորներն ազդեցության տակ լինելով՝ ներքին ագրեսիայի արդյունքում բռնություն են գործադրում իրենց ընտանիքի անդամների հանդեպ` ի հակառան նրան, որ աղանդում իրենց մասին պարկեշտ և աստվածապաշտ հավատացյալի կարծիք ունեն:

Տոտալիտար աղանդներում բազմաթիվ են բարեպաշտ թվացող առաջնորդների կողմից երեխաների հանդեպ տարիներով կատարված բռնաբարությունների դեպքերը: Շատ անգամ ծնողներն անվերապահորեն հավատարիմ լինելով իրենց «սուրբ» առաջնորդին` բոլոր մեղքերում մեղադրում են սեփական երեխաներին կամ ծածկում են բռնաբարության փաստերը:

Աննկարագրելի են այն մարդկանց տառապանքները, ում հարազատները հայտնվել են աղանդում: Շատերը վկայում են, որ դա այնպիսի դժբախտություն է, որը կարելի է համեմատել մտերիմ մարդու մահվան հետ: Դու ականատես ես լինում, թե ինչպես է քո մտերիմը կորցնում իր էությունը, անհատականությունը և ազատությունը, քայքայում իր կյանքը, կորստյան մատնում հոգին:

Վերջում ամփոփեմ այն հնարավոր վնասները, որոնք աղանդները կարող են հասցնել ընտանիքին և ընտանեկան հարաբերություններին.

1. Ընտանեկան ավանդույթների և ընտանեկան ամբողջականության քայքայում,

2. Սոցիալական որբերի ավելացում` երբ ծնողներից մեկը կամ երկուսը լքում են երեխային, թողնելով նրան բարեկամի խնամքին,

3. Երեխաների հանդեպ ծնողական պարտականությունների կատարման թերացում, երիտասարդների կողմից` ծնողների հանդեպ,

4. Թմրանյութերից և ալկոհոլից կախվածությունների ձևավորում,

5. Աղանդավորի և նրա ընտանիքի անդամների առողջական վիճակի վատթարացում,

6. Սուիցիդով և հոգեկան խանգարումներով հիվանդների թվի ավելացում (աղանդում գտնվողներից յուրաքանչյուր երկրորդը հոգեկան խնդիրներ ունի),

7. Ընտանեկան դժբախտություններ, որոնք կապված են գույքի վատննման, բաժանման, աղանդին նվիրատվության հետ,

8. Ֆիզիկական և հոգեբանական ճնշում ընտանիքի անդամների հանդեպ,

9. Մասնագիտական կրթությունից, սոցիալական ադապտացումից զրկում,

10. Անձի ընդհանուր սոցիալական իրավունքների ոտնահարում:

Պատրաստեց՝ Ալմաստ Մուրադյանը