ԵՎ դևը հեռացավ. Զարմանալի պատմություններ շարքից

1992 թվականին էր: Մի օր Մայր տաճարում ծառայող երիտասարդ վարդապետներից մեկին մոտեցավ մի կին և հայտնեց, որ իրենց մի հարազատի տանն այս էլ քանի ամիս տարօրնակ ու անհասկանալի բաներ են կատարվում: Գիշերային ժամերին ձայներ են լսվում, իրերն իրենք իրենց տեղափոխվում են, կոտրվում են ափսեներն ու բաժակները…
Նրանք դիմել էին զանազան մարդկանց` մոգերի, գրբացների, էքստրասենսների, սակայն որևէ արդյունքի չէին հասել:
Ամբողջ շենքը տեղյակ էր այս մասին և շենքի բոլոր բնակիչները միահամուռ կերպով հաստատում էին, որ իրենց հարևանի տանն ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում և այնտեղ առկա է ինչ-որ չար ոգի:
Չգիտես ինչու կինը կարծում էր, որ երիտասարդ վարդապետը կարող է քշել չար ոգուն, դրա համար էլ հաստատակամոր են պնդում էր, որ հայր սուրբը գնա և որևէ կարգ կատարի: Վարդապետն սկզբում փորձեց հրաժարվել` զանազան պատճառաբանություններով, սակայն ի վերջո անսալով նրա
պնդումին` տեղի տվեց, բայց խոստացավ գալ մեկ շաբաթ անց միայն:
Վարդապետը շատ լավ գիտեր տերունական խոսքը, թե. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով» (Մարկ. 9:28): Եվ, չնայած նրան, որ մինչ այդ այնքան էլ հակված չէր պահեցողության ու աղոթքի, պահք պահեց և աղոթեց երկար ժամանակ:
Իսկ մեկ շաբաթ անց, սպառազինված պահքով, աղոթքով և ծիսական անհրաժեշտ պարագաներով, շաբաթը պահքով ու աղոթքով անցկացրած իր երկու ուսանողների ուղեկցությամբ գնաց նրանց տուն: Հարց ու փորձից պարզվեց, որ այս շաբաթ դևն իրեն առավել անպատկառ ու հանդուգն է պահել, զանազան սպառնալիքներ է տեղացել տան տերերի գլխին: Հոգևորականն սկսեց պայքարը ստի թագավորի դեմ:
Նա և աշակերտները «Մաշտոցից» ընթերցեցին դիվահալածության ողջ կարգը, և դա արվեց առավել սրտանց ու հոգով, քան` երբևէ: Կարգն ավարտելուց հետո հայտնեց նաև, որ կշարունակի գալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի:
Աղոթքից ու հուզմունքից ուժասպառ` նա վերադարձավ իր խուցը և ննջեց: Առավոտյան, դեռ ժամերգության չէր իջել, երբ դուռը ծեծեցին այդ տան բնակիչները:
-Հայր սուրբ, դևը հեռացել է,- հայտնեցին նրանք:
-Փառք տվեք Աստծուն,- պատասխանեց երիտասարդ վարդապետը:

ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
Շիրակի թեմի առաջնորդ
Հատված՝ Հրաչ Բեգլարյանի՝ «Զարմանալի պատմություններ» գրքից: