Եվտիքյան վեճեր և Քաղկեդոնի ժողով

Քանի դեռ կենդանի էին Յովհաննէս Անտիոքացին ու Կիւրեղը–միութիւնն յառաջ բերողները, խաղաղութիւն էր տիրում. հէնց որ նրանք մեռան, (առաջինը 441-ին/442-ին, Բ-ն 444-ին) խառնակութիւնն սկսուեց: Անտիոքի նոր պատրիարքն էր Դոմնոսը, Թէոդորէտի և Եդեսացի Իբասի մտերիմը. իսկ Աղէքսանդրիայի աթոռի վրայ բազմել էր Կիւրեղի նախկին սարկաւագ Դիոսկորոսը–մի մարմնացումն Եգիպտական վանականութեան մոլեռանդութեան, բռնակալութեան ևանկիրթութեան. Կիւրեղեան ուղղափառութեան բիրտ մոնոֆիզիտական ըմբռնմամբ, նոյնչափ բիրտ քաղաքականութեան մէջ, Եփեսոսի ժողովի տուած օրինակին համաձայն. մի խօսքով մի մարդ, որ կարծես կոչուած էր Աղէքսանդրիայի արդէն գագաթնակէտին հասած զօրութիւնը կամ աւելի ևս աւելացնելու, կամ խորտակելու այն:
Երրորդ անգամ բռնկեց կռիւը Կ.Պօլսում, որ 446-ից կամ 447-ից սկսած դարձեալ մի նոր մարդ էր բազմել պատրիարքական աթոռի վրայ, Ֆլաւիանոսը, որը թէև Անտիոքի դպրոցին չէր պատկանում, բայց աւելի հեռու էր Աղէքսանդրացիներից: Աղէքսանդրիայի կողմն էին շնորհիւ եօթանասնամեայ Եւտիքէս վանահօր, Կ.Պօլիս վանականներն ու կայսերական պալատը, այն ինչ Հռովմի համակրութիւնը, ուր այժմ Լևոնն էր եպիսկոպոս 440-ից սկսած, կարծում էին թէ ունին Աղէքսանդրացիք Եփեսոսի ժողովի ժամանակներից: 448-ին սկսուեց գործողութիւնը հակառակ Անտիոքի Աղէքսանդրիայից և Կ.Պօլսից միաժամանակ: Դիոսկորոսը յորդորներ էր կարդում Դոմնոսի գլխին ուղղափառութեան մասին, իսկ կայսերական հրովարտակները դատապարտում էին Նեստորականութիւնը, բանտարկում էին Թէոդորէտին ևգրգռում Իբասի դէմ: Սակայն Դոմնոսն էլ իւր կողմից գանգատուեց կայսերը Եւտիքէսի վրայ, անուանելով նրան ապոլինարեան: Եւ յիրաւի Եւտիքէսը Կիւրղի վարդապետութեան միայն մոնոֆիզիտական կողմն էր ըմբռնել ևայնքան կրթութիւն չունէր, որ գոնէ Կիւրղի ծածկոյթներն իսկ հասկանար: Մինչևանգամ Ապոլինարի գրքերի վարդապետութիւնը, սխալ անունների տակ, ընդունել էր նա իբրևհարց՝ Աթանասի և Գրիգոր սքանչելագործի, Յուլիոս և Ֆելիքս պապերի վարդապետութիւն, ևըստ այսմ էլ մինչևիսկ միութեան թղթի մէջ Նեստորականութիւն էր փնտրում ևայդպիսով անտանելի ևկասկածելի դառնում նաևայս նոր ուղղափառների համար: Դոմնոսի այս առաջին յարձակումը անյաջող անցաւ, բայց Դորիլէումի եպիսկոպոս Եւսեբիոսը կրկնեց յարձակումը և 448-ի Կ.Պօլսի մի ժողովում նզովուեց Եւտիքէսը, թէևնա մայրաքաղաքի վանականներին աշխատել էր գրգռել ժողովի դէմ: Նեղն ընկած ժողովում, Եւտիքէսը խոստովանել էր Քրիստոսին մեզ բնութենակից (omoousioz hmin), այն էլ շատ անհաստատ կերպով, ևընդունել էր երկու բնութիւն, բայց միութիւնից առաջ: — meta tn enwsin mian fusin omologw
Եւտիքէսի դատապարտութիւնը խիստ զայրացրել էր Դիոսկորոսին ևնա այժմ տիեզերական ժողով էր պահանջում: 449-ի Օգոստոսի մէկին գումարուեց այդ ժողովը Եփեսոսում, ուր Կիւրեղը իւր յաղթանակներն էր տարել: Բայց այժմ դրութիւնը փոխուած էր. նախ՝ Եւտիքէսը այնքան անկիրթ էր, որ պարզ հասկացողութիւն չունէր վէճի նիւթ եղող խնդրի մասին–իսկ նրա հակառակորդ Ֆլաւիանոսը շատ զգոյշ էր. Բ. Դիոսկորոսը Հռովմի համակրութիւնը այնպէս հաստատ կերպով չէր վաստակել, ինչպէս 430-ին Կիւրեղը: ԹէևԵւտիքէսն ու Ֆլաւիանոսը դիմել էին Հռովմի վճռին, բայց այժմ Լևոնը անցել էր Ֆլաւիանոսի կողմը. ո՛չ միայն այն պատճառով, որ նա մտածելով գտել էր, որ արևմուտքի ըմբռնողութիւնը աւելի մօտ է Անտիոքացիներին, այլ գլխաւորապէս նրա համար, որ Հռովմն այլ ևս չէր կարող թոյլ տալ, որ Աղէքսանդրացու աստղը աւելի ևս բարձրանայ: Դիոսկորոսն արդէն իշխում էր ո՛չ միայն իւր թեմում, այլ ևԱնտիոքում ու Կ.Պօլսում, ուր նա Եւտիքէսին դեռ տիեզերական ժողովից էլ առաջ եկեղեցական հաղորդակցութեան մէջ ընդունեց, նրան վերստին իւր պաշտօնին կարգեց և Ֆլաւիանոսի վճիռը ոչնչացրեց: Նա իրեն զգում էր արևելքի պապ ևայդպէս էլ գործում էր, այն ինչ Լևոնը նրան արդէն 445-ին յիշեցրել էր, որ Մարկոսը Պետրոսի աշակերտն է, ուրեմն Աղէքսանդրիայի ուսուցիչը Հռովմը պիտի լինի բնականաբար: Այժմ նա մի ընդարձակ դաւանական նամակ գրեց Ֆլաւիանոսին (tomus Leonis) աւելի միանալով նրա ևԱնտիոքացւոց վարդապետութեանն ևմիանգամայն ընդմիշտ հեռանալով Աղէքսանդրացիներից: Դիոսկորոսն այժմ ո՛չ թէ Հռովմի հետ միացած Անտիոքացւոց ևկայսեր հետ պիտի մրցէր, ինչպէս Կիւրեղը մի ժամանակ, այլ ընդհակառակը կայսեր հետ միացած Հռովմի և Անտիոքացւոց – մի պատրիարքը կանգնած էր 2-ի հանդէպ: Այնուամենայնիւ Դիոսկորոսը յաղթող հանդիսացաւ ժողովում ևբնական էր, որ այդ ժողովում բռնութիւն պիտի իշխէր: Լևոն պապը այս ժողովին «աւազակաց ժողով» անունը տուեց, թէևկարելի է ապացուցանել, որ ֆիզիքական բռնութիւնը, բռունցքների ևփողի լեզուն այստեղ աւելի քիչ դեր են խաղացել, քան թէ օրինակ հէնց Եփեսոսում 431-ին:
Դիոսկորոսը նախագահում էր ժողովին. Եւտիքէսն ու իւր վանականները կարող էին ազատ արդարացնել իրենց, այն ինչ Եւսեբիոսին թոյլ չէր տրւում կրկնել իւր հիմունքները, իսկ Ֆլաւիանոսը մեղաւոր էր ճանաչուած արդէն սկզբից իսկ կայսերական հրովարտակով: Կայսեր մի հրաման արգելում էր Թէոդորէտին ժողովի մասնակցել, իսկ վանահայր Բարսումասը, իբրևհականեստորեան ոյժ, հրաւիրուած էր ժողովի: Լևոն պապի պատուիրակներին կասկածի ենթարկեց Եւտիքէսը ևնրանց թոյլ չտրուեց պապի նամակները կարդալ: Կայսեր ներկայացուցիչը ժողովը բաց էր արել սպառնալով՝ թէ «Կայսեր ևԱստուծոյ դատաստանը կհասնի նրան, ով որ ճշմարտութիւնը թիւրէ». ևայդ պատճառով ներկայ 135 եպիսկոպոսները գիտէին, թէ ինչ պիտի անէին: Ինչպէս բոլորովին ահաբեկուած ու խեղճացրած էր ժողովը, երևում է այն հանգամանքից, որ Դոմնոսը, Անտիոքի պատրիարքը ամեն բան ստորագրեց, դրանով նաևիւր սեպհական դատավճիռը:
Եւտիքէսին ուղղափառ հռչակելուց յետոյ Դիոսկորոսը Ֆլաւիանոսին ևԵւսեբիոս Դորիլէումցուն աթոռազուրկ հրատարակեց, որովհետևնրանք համարձակուել էին, հակառակ Եփեսոսի 431-ի ժողովի դրած արգելքի, Նիկիական հանգանակի վերայ նորամոյծ յաւելուածներ անել, ինչպէս օրինակ երկու բնութիւն մարդանալուց յետոյ ևայլն: Բոլոր ներկայ եղող եպիսկոպոսներից պահանջուեց իսկոյն ևեթ ստորագրել վճիռը. ևբոլորն էլ այդ պահանջը կատարեցին՝ զինուորական ևվանական ոյժի ազդեցութեան ներքոյ:
Ապա իրենց աթոռներից զրկուեցան նաևԱնտիոքի դպրոցի բոլոր նշանաւոր ներկայացուցիչները-ինչպէս Իբաս Եդեսացին, Թէոդորէտը ևվերջապէս Դոմնոսը: Ֆլաւիանոսը ճանապարհին Լիւդիայում մեռաւ: Դիոսկորոսի հակառակորդները լուր տարածեցին, հաւանօրէն անհիմն կերպով, թէ նա մեռել է իւր Եփեսոսում կրած նեղութիւններից: Ֆլաւիանոսի ևԵւսեբիոսի նման Թէոդորէտն էլ Հռովմի օգնութեան դիմեց. Լևոն պապը մի հռովմէական ժողովով մերժեց Դիոսկորոսի Եփեսոսի ժողովի բոլոր որոշումները ևդիմեց կայսեր, պահանջելով նրանից մի նոր տիեզերական ժողով Իտալիայում: Կայսրը նրա առաջարկը կտրուկ կերպով մերժեց: Կ.Պօլսում նստած էր այժմ մի Աղէքսանդրեան ուղղութեան պատրիարք՝ Անատոլիոս անուամբ ևԴիոսկորոսն իշխում էր ամբողջ արևելքում անսահման կերպով. թւում էր թէ միանգամայն ապահով էր քրիստոսաբանական դոգմայի զարգացումը դէպի միաբնակութիւն, որը այնպէս աննկատելի կերպով յառաջ էր եկել յունական-աղէքսանդրեան աստուածաբանութիւնից:
Սակայն Թէոդոս կայսեր մահը 450 թուականի ամառը ընդհանուր դրութիւնը միանգամայն փոխեց: Պուլխերիան, ամուսնացած Մարկիանոսի հետ, եղբօր մահից յետոյ իշխանութիւնն իւր ձեռքն առաւ: Մարկիանոսը մի նամակով հասկացրեց Հռովմի եպիսկոպոս Լևոնին, որ Աղէքսանդրիայի դէմ կռուելու համար նա՝ իրեն օգնութեան վրայ յոյս դնել կարող է. կայսրը խոստանում էր նաևԼևոնի ցանկացած տիեզերական ժողովը շուտով հրաւիրել: Այդ փոփոխութեան պատճառը այն էր, որ Դիոսկորոսն աշխատել էր արգելք լինել Մարկիանոսի կայսր ճանաչուելուն Եգիպտոսում: Ուրեմն կայսրը ևգլխաւորապէս Պուլխերիան, որ մի ժամանակ Կիւրղի կողմնակիցն էր, այժմ հակառակ էր Աղէքսանդրիային պատրիարքին ճիշտ այնպէս, ինչպէս նաևՀռովմի եպիսկոպոսը: Պուլխերիային առաջնորդում էր նաևայն քաղաքական սկզբունքը, որ աւելի յարմար է ու լաւ, որ Բոսփորի ափին լինի եկեղեցական կենդրոնը, քան թէ Նեղոսի ափին. միևնոյն ժամանակ նա շատ անյարմար էր համարում, որ այժմ պետութեան երկու մասերի մէջ բաժանումն ընկնի: Անատոլիոսն էլ շատ շուտ հասկացաւ դրութիւնը ևմի ժողովով յայտնեց իւր զզուանքը Եւտիքէսին ևհամաձայնութիւնը Լևոնի տումարին: Բիւզանդիոնը Հռովմի օգնութեանն էր կարօտ, Հռովմն էլ Բիւզանդիոնի, այդ պատճառով նոքա հեշտութեամբ համաձայնութեան եկան: Մինչ Եւսեբիոս Դորիլէումցին դեռ ևս Հռովմի պաշտպանութիւնն էր վայելում, կայսեր հրամանով Ֆլաւիանոսի մարմինը մեծ շքով թաղուեցաւ Կ.Պօլսում, իսկ Թէոդորէտը ևմիւս աքսորեալները յետ կանչուեցան: ՈրովհետևԴոմնոսի յաջորդ՝ Անտիոքի եպիսկոպոս Մաքսիմոսն էլ նզովել էր Եւտիքէսին, իւր համաձայնութիւնն յայտնել Լևոնի հաւատին ևիւր թեմի մէջ մեծ յաջողութեամբ աշխատել այդ հաւատի համար, այդ պատճառով առանց մի նոր ժողովի էլ Եփեսոսի 449-ի ժողովի նշանակութիւնը բոլորովին կորած էր ևԴիոսկորոսը առանձնացրած:
Այս հանգամանքի շնորհիւ Լևոնը այլ ևս չկրկնեց իւր ցանկութիւնը տիեզերական ժողով գումարելու, մանաւանդ որ կայսրը Իտալիայում ժողով հրաւիրել չէր կամենում, իսկ իւր թուղթը արևելքում արդէն «հաւատոյ սահմանի» նշանակութիւն էր ստացել, որի հեղինակութեանը նոր տիեզերական ժողովը միայն վնասել կարող էր: Բայց հէնց նոյն այս հիմունքնէրը ուրիշների հետ պատճառ էին, որ Պուլխերիան ու Մարկիանոսը տիեզերական ժողովի գաղափարը աչքից չթողնէին: Կայսեր աչքի առաջ, Հռովմի օգնութեամբ, բայց ո՛չ Հռովմում պիտի հաստատուէր ուղղափառութիւնը: Նշաններն արդէն ցոյց էին տալիս, որ այժմ մրցումը ո՛չ թէ Աղէքսանդրիայի ևԿ.Պօլսի մէջ պիտի լինէր, այլ ընդհակառակը հին ևնոր Հռովմների: Դեռ պապի պատուիրակները ճանապարհ չէին ելել կայսեր զեկուցանելու, որ Լևոնը այլ ևս չի պնդում տիեզերական ժողովի վրայ, երբ կայսրը նոր տիեզերական ժողովը հրաւիրեց 451 թուականի Սեպտեմբերի 1-ին Նիկիայում, դրանով ցոյց տալ կամենալով, որ Նիկիայի հանգանակը պիտի ուղեցոյց լինի բոլորի համար ևնրա վրայ պիտի մնայ քրիստոնէական եկեղեցին, առանց նոր փոփոխութիւններ ևյաւելուածներ անելու: Պապը ստիպուած էր զիջանել, բայց նա իւր պատուիրակներին համապատասխան հրահանգներ տուեց՝ պաշտպանել Հռովմի իրաւունքները: Նոքա պնդում էին նաև, որ կայսրը անձամբ ներկայ լինի ժողովին, բայց վերջինս պետական գործերի պատճառով անկարող էր նշանակած ժամանակին ժողովին մասնակցել. իսկ որովհետևեպիսկոպոսները շատ տրտնջում էին ուշանալու պատճառով, կայսրը ուղարկեց նրանց բոլորին Քաղկեդոն Բոսփորի ափին, ուր Դ. տիեզերական ժողովը բացուեց Հոկտեմբերի 8-ին:
Ժողովի նպատակը պարզ էր. դրութիւնն այնպէս էր, որ կասկած չկար թէ ով պիտի յաղթութիւնը տանէր, ուրեմն պէտք էր աշխատել անձնական հակառակութիւնները որքան կարելի է մեղմացնել ևմիութիւն յառաջ բերել 449 թուականից առաջ եղած դրութեան համեմատ. ևյիրաւի անձնաւորութիւնների խնդրում ժողովը մեղմութեամբ վարուեց. անխուսափելի էր միայն Դիոսկորոսին աթոռից զրկելը, որ ևկատարուեց: Պէտք է ասել, որ Դիոսկորոսին ևս յարմարութիւն տրուեց յետ դառնալու իւր շաւղից. կայսրը հրաւիրեց նրան մի մասնաւոր խորհրդակցութեան, բայց իբրևընկած մեծութիւն էլ ևկայսերական վեհափառութեան առաջ էլ Դիոսկորոսը հաւատարիմ մնաց իւր կրքոտ ու կտրուկ բնաւորութեանը: Նա գետին նետեց Լևոնի տումարը ևնզովեց նրա հեղինակին կայսեր առաջ: Հասկանալի է, թէ ինչու պապի պատուիրակները անպատճառ կայսեր ներկայութիւնն էին պահանջում ժողովում՝ իբրևպայման իրենց ժողովին ներկայ գտնուելու: Սակայն դրութիւնն այժմ այլ էր, ևանկարելի էր Եգիպտական շքախմբով ահաբեկել ժողովը: Բազմաթիւ կայսերական պաշտօնեաների հետ ժողովին մասնակցում էին 600 եպիսկոպոսներ-ամենաբազմամարդ ժողովը մինչևայդ ժամանակ–որոնց մէջ Եգիպտացիք փոքրամասնութիւն էին կազմում բնականաբար. արևմուտքից՝ բացի երկու փախած աֆրիկացիներից, միայն պապի 3 պատուիրակներն էին ներկայ, որոնք մինչևայդ ժամանակ չլսուած դիրք ունէին ժողովում. նոքա ժողովի նախագահներն էին: Ինչ որ կայսեր ու պապի ներկայացուցիչները միասին կամենում էին, այն էլ եղաւ: Դիոսկորոսն երևաց դադապարտեալի դերում, իսկ Դորիլէումի եպիսկոպոս Եւսեբիոսը եղաւ կրկին նրա դատախազը: Մինչևանգամ բանադրուած Թէոդորէտը կայսեր թոյլտւութեամբ ժողով մտաւ, չնայելով Դիոսկորոսի կուսակցութեան կատաղի աղաղակներին թէ՝ «Դուրս ձգեցէ՛ք այդ հրէային». որին ի պատասխանի միւսները նոյնպիսի կատաղութեամբ բղաւում էին.-»Դուրս ձգեցէ՛ք Ֆլաւիանին սպանողներին«: Որքան էլ աննպաստ կազմութիւն ունէր ժողովը Դիոսկորոսի համար, այնուամենայնիւ նրան իւր դաւանանքի պատճառով չզրկեցին աթոռից, այլ միայն եկեղեցական կարգապահութիւնը խախտած ևբռնութիւններ գործած լինելու պատճառով: 454-ին նա մեռաւ իւր աքսորավայրում Գանգրայում. նրա ընկեր Երուսաղէմի եպիսկոպոս Յոբնաղը (Juvenal) թողութեան արժանացաւ, ինչպէս նաևԹէոդորէտը, որ այժմ միայն պաշտօնական կերպով նզովեց Նեստորին: Դոմնոս Անտիոքացին այժմ էլ մնաց աթոռազուրկ:
Մի նոր հաւատոյ հանգանակ հաստատելու հակառակ էր ժողովը, ևբոլորն էլ ուզում էին պարտադիր ճանաչել Կիւրղի Եփեսոսի 431-ի ժողովը և433-ի միութիւնը. հակառակութիւն կար ժողովում, թէ արդեօք Լևոնի տումարն ևս պէ՞տք էր պարտադիր ճանաչել թէ ոչ. մեծ մասը համաձայն էր, բայց պակաս չէին նաևհակառակ կարծիք ունեցողները: Բայց կայսեր ներկայացուցիչները պնդում էին, թէ պէտք է մի նոր պարզ հաւատոյ սահման որոշել: Եպիսկոպոսներն ստիպուած էին մի մասնաժողով նշանակել, որն ևԱնատոլիոսի նախագահութեամբ մի հանգանակ մշակեց ևառաջարկեց ժողովին, որ պարզ կերպով Կիւրղի վարդապետութեանն էր հետևում ևիբրևնշանաբան գործ էր ածում »յերկուց բնութեանց մի« բանաձևը: Թէևժողովի մեծամասնութիւնն իւր համաձայնութիւնն յայտնեց այս բանաձևին, բայց մասնաժողովից դուրս մնացած Հռովմի ներկայացուցիչները սպառնում էին Հռովմ գնալ իսկոյն ևայնտեղ մի նոր ժողով գումարել տալ, եթէ ժողովը պարզ ու որոշ կերպով իւր համաձայնութիւնը չյայտնէ Լևոնի տումարին:
Այս կրիտիկական րոպէին, երբ արևելքի ու արևմուտքի հակառակութիւնը նորից զարթնել էր սկսել ևԱնատոլիոսը սառն կերպով պնդում էր, որ Դիոսկորոսը հաւատի համար չէ աթոռազուրկ եղել, մէջ մտաւ շտապով տեղեկութիւն ստացած կայսրը ևիմացնել տուեց հայրերին, որ իսկոյն պիտի գումարուի մի նոր մասնաժողով, Հռովմի ներկայացուցիչներն էլ անպատճառ մէջը, թէ չէ նա հրաման կտայ ժողով գումարելու արևմուտքում: Արևմտեան ժողովի երկիւղն ազդեց ամեն բանից աւելի ևնոյն Ե. նիստին ներկայացրած երկար հանգանակը ընդունուեց, իսկ Զ. նիստին հրատարակուեց այն կայսեր ու կայսրուհու ներկայութեամբ, որոնց ժողովը ոգևորութեամբ ողջունել էր իբրևնոր Կոստանդնի ևնոր Հեղինէի: »Մենք բոլորս այդպէս ենք հաւատում, գոչում էր եպիսկոպոսների ճնշող մեծամասնութիւնը, մենք բոլորս ուղղափառ ենք. այս հաւատը փրկեց աշխարհը: Փառք Մարկիանոսին, նոր Կոստանդնին, նոր Պօղոսին, նոր Դաւթին. դուք էք աշխարհի խաղաղութիւնը. Պուլխերիան մի նոր Հեղինէ է«: Նոր ընդունած հանգանակը պահպանելով ընդհանուր Կիւրեղեան բնաւորութիւնը, աւելացնում է նրա վրայ Հռովմէական բանաձևերը: 431-ի Եփեսոսի ժողովը, Կիւրեղի 12 նզովքները ևայլն ընդունելուց յետոյ, Քաղկեդոնի հանգանակը Նեստորի ևԵւտիքէսի նկատմամբ միջին ճանապարհն է ընտրում ևքարոզում մի Քրիստոս, կատարեալ մարդ, կատարեալ Աստուած, հօրն ու մեզ էակից, որդի Աստուծոյ ևորդի Մարիամայ: Երկու բնութիւնների յարաբերութիւնը Քաղկեդոնի հանգանակն այսպէս է որոշում »Մի ևնոյն Քրիստոս, յերկուս բնութիւնս, անխառն ևանփոփոխ (Եւտիքէսի դէմ), անքակտելի ևանբաժանելի (Նեստորի դէմ)«:
Ուրեմն այստեղ իրար հետ միայն միացրել էին իսկապէս գոյութիւն ունեցող ուղղութիւնները, ինչպէս մի անգամ 433 թուին էր եղել Կիւրեղի ևԹէոդորէտի շնորհիւ. տարբերութիւնն այն էր, որ այժմ արևմուտքի բանաձևերն էին մէջ տեղ եկել, ևՔաղկեդոնի դաւանութիւնը իսկապէս միայն արևմուտցիների սրտովն էր: Էապէս սակայն դաւանական դրութիւնը աւելի յառաջ չէր գնացել, քան 381 թուին: Քաղկեդոնը արևելցիներին միայն զրկում էր իրենց հաւատից. նոքա այնուհետևչպիտի կարողանային առանց կասկածների ուսուցանել, որ Բանն Աստուած մարդկային բնութիւնը իւր միակ էութեան հետ միացրել է ևիւր Աստուածութեան կատարեալ օրգանը դարձրել: Աստուածութիւնը չէ իւր մէջ առնում մարդկայինը, մարդկութիւնը չէ Աստուածային դառնում միութեան միջոցով, այլ միայն Փրկչի անձնաւորութեան մէջ միացած են մարդկային ևԱստուածային բնութիւնները: Ոչ մի բարեպաշտ յոյն, որ Աթանասին ու Կիւրղին էր աշակերտել, չէր կարող այս իբրև»Իսկական միջին ճանապարհ« ընդունել. դրանով արգելւում էր միայն քրիստոսաբանական բանաձևը փրկագործութեան վարդապետութեան համաձայն կազմել: Թէևկարելի է ասել, որ Քաղկեդոնը իւր վճռով կորչելուց ազատեց արևելեան եկեղեցու Յիսուսի մասին ունեցած պատմական հասկացողութեան չնչին մնացորդը, բայց այն հայրերը, որ Քաղկեդոնի դաւանանքը ստորագրեցին, նախ՝ այդ մասին ամենևին չէին մտածում, որովհետևնրանք երկիւղի ազդեցութեան ներքոյ ընդունեցին հանգանակը. ևԲ. նոցա տուածը աւելի էր քան այն, ինչ որ ստացան: Այն միաբնակութիւնը, որ քարոզում է թէ Քրիստոս նոյն մարմինն է ստացել ինչ որ մենք, բայց Բանն Աստուած այդ մարմինը իւր իսկականն է դարձրել, ևայդ պատճառով էլ իւր էութեան հետ միացրել, անշուշտ Աթանասի աստուածաբանութեան ճշմարիտ ժառանգն է ևյունական քրիստոնէութեան ամենահամապատասխան արտայայտութիւնը: Որ այս նախադասութիւնը ճշմարիտ է, ցոյց տուին մեզ նախ՝ ժողովի ժամանակ եղած դէպքերի նկարագրութիւնը ևԲ. այդ աւելի պարզ ու որոշ կերպով կտեսնենք դեռ միաբնակութեան մասին եղած վէճէրի առթիւ:
Քաղկեդոնի ժողովում հաստատուն էին մնացել միայն Եգիպտացիք իրենց վանականների հետ ի միասին. նրանք խնդրեցին ժողովին իրենց չստիպել ընդունելու ևստորագրելու »նոր« հաւատը. բայց չենք կարող ասել թէ նրանց մէջ հաւատոյ հաստատութիւնն էր խօսում: Նրանց յուսահատական ճիչը՝ »Մեզ կսպանեն, եթէ մենք Լևոնի տումարը ստորագրենք. աւելի ուրախութեամբ ձեր ձեռքով կմեռնենք մենք, քան թէ այնտեղ: Խղճացէ՛ք մեզ. աւելի ուրախութեամբ կմեռնենք ձեր ու կայսեր ձեռքով, քան թէ տանը«,-պարզ ցոյց է տալիս, որ Եգիպտական եպիսկոպոսները շատ աւելի էին վախենում կոպտական մոլեռանդութիւնից, քան թէ կայսեր դահիճներից: Բայց սա պարզում է միևնոյն ժամանակ թէ ինչ էր Եգիպտոսի համար մի բնութեան վարդապետութեան դաւանանքը: Նրանց թոյլ տուին ստորագրութիւնն ուշացնելու մինչևԱղէքսանդրիայի նոր եպիսկոպոսի ընտրութիւնը, որովհետևնրանք յայտնել էին, թէ առանց Աղէքսանդրիայի եպիսկոպոսի իրենք միանգամայն անկարող են որ ևէ գործ ձեռնարկել: Բայց մինչևայդ ժամանակը նրանք իրաւունք չունէին Կ.Պօլսից հեռանալու:
Երկու զօրեղ կուսակիցները՝ կայսրն ու պապը ստացան այն, ինչ որ ուզում էին: Սակայն հէնց դեռ ժողովում էլ վերջացաւ նրանց միութիւնը. դրա պատճառը այն էր, որ վերջը ժողովը եկեղեցական կարգ ու կանոնի նկատմամբ 28 կանոններ խմբագրեց ևընդունեց, որոնցից վերջինը վերստին հաստատում էր 381-ի Կ.Պօլսի Գ. կանոնը — այն է՝ Կ.Պօլսի եպիսկոպոսը պիտի ունենայ պատուոյ աստիճան Հռովմից անմիջապէս յետոյ: Նոյեմբերի 1-ին պապի պատուիրակների բողոքով փակուեց Քաղկեդոնի ժողովը: Կայսրն ուզում էր իւր՝ Լևոնի ձգտումների նկատմամբ բռնած դիրքի վարձը ստանալ, իսկ Լևոնը ամենևին մտադիր չէր այն վճարելու: Ինչքան էլ ամբողջ ժողովը, Մարկիանոսը, Անատոլիոսը փորձեցին քաղցր ու շողոքորթող լեզուով գրուած նամակներով համոզել Լևոնին ընդունելու 28-րդ կանոնը, ինչպէս արևելքը իւր դաւանական թուղթն էր ընդունել, այնուամենայնիւ պապն հաստատ մնաց իւր որոշմանը, լաւ հասկանալով այդ կանոնի վտանգաւոր նշանակութիւնը Հռովմի համար: Ընդհակառակը՝ շուտով նա անցաւ այժմ նորից Աղէքսանդրիայի ևԱնտիոքի պատրիարքների կողմը, մինչևանգամ ուշացնում էր Քաղկեդոնի ժողովի որոշումներն ընդունելը այդ կանոնի պատճառով: Կ.Պօլսի Անատոլիոս եպիսկոպոսի հետ նա կտրեց յարաբերութիւնը, ևայժմ սկսեց օգնել Աղէքսանդրիայի ու Անտիոքի նոր եպիսկոպոսներին, աշխատելով նրանց դիրքն ամրացնել իրենց պատրիարքութիւնների մէջ ևխնդրելով որ իրեն յաճախ տեղեկութիւն տան, որ կարողանայ նրանց պաշտպանել պէտք եղած ժամանակ: Սակայն շուտով սկսուող դաւանական վէճերի ժամանակ Կ.Պօլսի եպիսկոպոս Անատոլիոսն այնպէս նեղն ընկաւ, որ ստիպուած եղաւ բոլորովին մի կողմ դնել Քաղկեդոնի 28-րդ վտանգաւոր կանոնը ևԼևոնի բարեկամութիւնը խնդրել նորից, որը ևչզլացաւ շնորհել նորան:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ