Եհովայի վկաները ոչ թե պաշտում են խաչին այլ պաշտում են ցցին

Հունարեն σταυρός բառը շատ իմաստներ ունի. փայտ, չորսու, գերան, սյուն, խաչ և այլն: Ընդ որում հունարեն այդ բառն յուրօրինակ կենսագրությունն ունի. հին հույները այդ բառը նույնացնում էին սյուն, փայտ և նման բառերի հետ (Մատթ. ԻԷ, 32, 40, 42, Փիլ. Բ, 8, Եփ. Բ, 16, Եբ. ԺԲ, 2, Ա Կորնթ. Ա, 17, 18, Գաղ. Ե, 11, Զ, 12, 14):
Այդ բառին հոմանիշ է ξύλον բառը, որ թարգմանվում է նաև փայտ, գերան (Ա Կրնթ. Գ, 12, Հայտ. ԺԸ, 12, Գործ. ԺԶ, 24, Մատթ. ԻԶ, 47, 55, Գործ. Ե, 30, Ժ, 39, ԺԳ, 29, Ղուկ. ԻԳ, 31, Հայտ. Բ, 7): Հռոմեական կայսրության հզորացման հետ, հույները ծանոթացան մահապատժի այդ հռոմեական գործիքի` խաչի հետ, որին էլ շարունակեցին անվանել այդ նույն σταυρός բառով, իսկ փայտ, գերան և նմանատիպ բառերը` ξύλον բառով, թեև ξύλον բառը մնաց նաև հոմանիշ խաչ բառի: Հիսուսի ժամանակներում հույներն արդեն σταυρός բառով միայն խաչն էին պատկերացնում: Հոմերոսի և հույն դասականների ժամանակ σταυρός բառի փայտ, գերան իմաստը տեղափոխել Հռոմեական կայսրության ժամանակները, ինչպես անում են Եհովայի վկաները, անիմաստ է և սխալ: Հույն դասականների ժամանակ նրանք Հռոմեական սարսափ մահապատժի գործիքի մասին պատկերացում անգամ չէին կարող ունենալ:
Օրինակ հունարեն δηբαγωγία/δηբαγωγός բառը մինչ Ն.Ք. V դարը կիրառվել է «Ժողովրդի ղեկավար, առաջնորդ» իմաստով, հետագայում, ստանալով բացասական երանգ, օգտագործվել է «խաբել, մոլորեցնել, սեփական նպատակին ծառայեցնելու մեթոդ» իմաստով: Եվ կարելի է պատկերացնել, թե ինչ կստացվի, եթե ավետարանական ժամանակների հունարենում հանդիպող նման բառը թարգմանվի հին իմաստով:
Նման «կենսագրական» փոփոխությունների կարելի հանդիպել ցանակացած լեզվում: Հայերենում, օրինակ, «Մարդը մահկանացու է» նախադասությունը հասկանալի է ժամանակակից հայի համար, մինչդեռ Մաշտոցի ժամանակակիցն այդ նախադասությունը անիմաստ կհամարեր: Հետևաբար պետք է զգույշ լինել և, ժամանակի մեջ ճամբորդել` բառը տեղաշարժելով մի շրջանից մեկ այլ շրջան, միշտ չէ որ կարող է ճիշտ լինել: Բնական է պետք նկատի ունենալ առաջին հերթին տվյալ ժամանակում եղած պատկերացումները, մեր պարագայում, խաչ- σταυρός բառի նշանակությունը այդ իսկ ժամանակաշրջանում:
1. Հովհաննեսի ավետարանը պատմում է, որ առաքյալները հավաքված էին և դռները փակել էին, երբ Հիսուս հայտնվում է իրենց: Թովմաս առաքյալը այնտեղ չի լինում: Երբ այդ մասին պատմում են Թովմասին, նա ասում է. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի տեղը և իմ մատները մեխերի տեղը չդնեմ… չեմ հավատա» (Հովհ. 20, 25): Այստեղ ուշադրություն պիտի դարձնել «մեխե բառի թվի վրա. այն հոգնակի է: Այսինքն, խոսքը մեկ մեխի մասին չի եղել, այստեղ ավետարանիչը, ի միջի այլոց նա վկա է եղել խաչելությանը, օգտագործում է մեխ բառը հոգնակի թվով, քանի որ հակառակ դեպքում` ցցի վրա գամելու պարագայում, նա կօգտագործեր մեխ բառը եզակի թվով:
2. Ավելի հետաքրքրական է Հովհաննեսի մեկ այլ վկայություն, երբ հարուցյալ Տերն ասում է Պետրոսին. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր` ուր և կամենում էիր, սակայն երբ ծերանաս, ձեռքերդվեր կը բարձրացնես, և ուրիշները քեզ գոտի կը կապեն ու կը տանեն` ուր չես կամենա» (Հովհ. ԻԱ, 18-19): Հունարենում ընդգծված բայն է ἐκτενεῖϛ, որ թարգմանվում է «տարածել, երկարել»: Այդ ձևն օգտագործված է Մատթ. Ը 3-ում, երբ «Ձգեաց զձեռն իւր և հասոյց ի նա Յիսուս և ասէ, Կամիմ, սրբեացþ: Շատ այլ տեղերում ևս ավետարանիչներն օգտագործում են բայի նման ձևը, «ձեռքերը երկարել, ձգել, տարածել» իմաստով (Ղուկ. ԻԲ 53, Գործք Դ 30, ԻԷ 30 և այլն): Բոլոր այս տեղերում ἐκτενεῖϛ բայը միանշանակորեն «տարածել, երկարել» իմաստն է արտահայտում: Իսկ թե ինչպես պիտի մահվան դատապարտվեր Պետրոսը, հայտնի է` խաչվելով` ձեռքերը տարածելով, ինչպես Հիսուս, միայն հակառակ ուղղությամբ` գլխիվայր:
Միջնադարում հայ եկեղեցու հայրերն էլ խաչելությանն նվիրել են բազմաթիվ տողեր, ուր գովերգել են Խաչյալին, խաչելության ավանդական ձևը աչքի առաջ ունենալով: Մասնավորաբար Ս. Ներսես Շնորհալու հայտնի «Տարածեալը», որը ներկայացնում է Հիսուսի խաչելությունը.

Տարածեալ ձեռք ընդ ձեռաց                                          Ձեռքերի տեղ ձեռքերը տարածեց,
Ոտք ընդ ոտից ընթանեալց,                                         Ընթացող ոտքերի տեղ` ոտքերը,
Փայտ ընդ փայտի դառն պտղոյ                                  Դառն պտուղի փայտի տեղ` փայտը,
Կեանք ընդ մահու փոխարկելով:                               Մահը կյանքի փոխարկելով:

Ակնհայտ է, որ Շնորհալին աչքի առաջ ունեցել է խաչելության` ավանդական պատկերը: Եվ եթե պատկերացնենք Խաչելությունը ոչ ավանդական ձևով, այսինքն, եթե Հիսուս իր ձեռքերը աջ ու ձախ տարածելու փոխարեն ձեռքերը գլխավերև բարձրացներ, ապա ոչ միայն վերը նշված բոլոր համարներում կստանանք անիմաստ ու անկապ պատկերներ, այլ քրիստոնեության շատ սկզբունքներ կդառնային nonsense:
3. Մատթ. ԻԷ 37-ում ավետարանիչը գրում է. «Եվ նրա գլխի վերևը դրեցին հանցապարտության գիրը, թէ` սա է Հիսուսը` հրեաների թագավորը»:
Եթե Հիսուս խաչվեր Եհովայի վկաների տեսության համաձայն, ապա ավետարանիչը կգրեր`«Եվ նրա ձեռքերի վերևը դրեցին հանցապարտության գիրը…»:
Կարծում ենք որ սուրբգրային այս համարները բավական են ցույց տալու, որ Հիսուսի Խաչը ավանդական ձև ուներ: Եհովայի վկաների վերջերս հրատարակած գրքում, ամենուր խաչ σταυρός բառը վերացրել են, փոխարինելով այն ցից, տանջանքի ցից բառով: Բնականաբար հարց է առաջանում, եթե σταυρός –ը փոխարինել են ցից բառով, ապա որտեղից են վերցրել տանջանք բառը, այն բացակայում է բերված համարներում:
Հայրաբանական գրականության մեջ էլ երբեք չենք հանդիպում խաչի` սյան ձևի նկարագրության, ընդհակառակը, հետ առաքելական շրջանում ակնարկություններ կան խաչի ձևի` ավանդական նկարագրության մասին: Նշենք մի կարևոր փաստարկ ևս. Խնդիրն այն է, որ առաքելական շրջանում հունարեն լեզուն ուներ սյուն = στῦλος բառը, և եթե ավետարանիչները ուզենային նկարագրել «սյունաձև» խաչելություն, ապա նրանք չէին օգտագործի σταυρός բառը սյան փոխարեն:
Ստորև կբերենք այն համարները, ուր հանդիպում ենք սյուն բառին: Նոր Կտակարանում այն հանդիպում է հետևյալ տեղերում. Տիմ. Գ 15, Գաղ. Բ 9, Հայտ. Գ 12, Հայտն. Ժ 1:
Ա Տիմ. Գ 15
στῦλος καὶ ἑδραίωբα τῆς ἀληθείας — սյուն և հաստատություն ճշմարտության
Գաղ. Բ 9
Ἰάκωβος καὶ Κηφᾶς καὶ Ἰωάννης οἱ δοκοῦντες στῦλοι — երբ Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում…
Հայտ. Գ 12
Ὀ νικῶν ποιήσω αῦτόν στῦλον ἐν τῶ ναῷ τοῦ θεοῦ բοῦ — ով հաղթի նրան իմ Աստծու տաճարին սյուն պիտի դարձնեմ…
Հայտն. Ժ 1
καὶ οἱ πόδες αὐτοῦ ὡς στῦλοι πυρός — իսկ նրա ոտքերը հրեղեն սյուների…:
Այս պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ առաքյալները սյուն ասելով հասկացել են στῦλος և ոչ թէ` σταυρός: Ավելին. Քրիստոսից երեք դար առաջ էլ σταυρός-ը երբեք սյուն չի նշանակել: Բավական է համեմատել 70-ից թարգմանության մի քանի համարներ:
Ծ ն ն դ . 19 26
καὶ ἐγένετο στήλη ἀλός — և դարձավ աղե արձան (սյուն): Ի Վերջո, խաչ-մահվան գործիքը, որին հունարենում տվել են  անունը, խորհրդանշել է Հռոմեական կայսրության հզորությունը, և, անկախ նրանից, թե ինչպես են այն պատկերացրել հույները կամ «սյուն, տանջանքի ցից» բառերի հեղինակ տխրահռչակ Ռուտերֆորդը, ավելի կարևոր է մեզ համար, թե ինչպես են պատկերացրել, պատրաստել և կիրառել … բուն հռոմեացիները:
Խաչի` (Crux) ուղղահայաց ձողը հռոմեացիներն անվանում էին Staticulum, իսկ հորի զոնական ձողը` Patibulum: Հռոմեացիներն ընդհանրապես Crux հաճախ անվանում էին միայն հորիզոնական ձողը, քանի որ մահապատիժներն արագացնելու համար նրանք ուղղահայաց ձողը միշտ կանգնած էին թողնում անշարժ, և միայն հորիզոնականն էր փոխվում: Խաչվողներն էլ այդ հորիզոնական ձողն էին տանում, մինչև խաչվելու վայրը, այսինքն նրանց խաչում էին Patibulum-ի վրա, ձեռքերն տարածելով աջ և ձախ, հետո բարձրացնում Staticulum-ի վրա: Բոլոր դեպքերում, հռոմեական խաչելությունը երբեք չի ճանաչել միայն ուղղահայաց խաչելություն` ցցահանում:
Վերջում բերենք մի քանի օրինակներ տարբեր հեղինակներից, որոնք հիշում են խաչելությունը` ավանդական ձևով:
Պոլիբիոս պատմիչը, նկարագրելով Կարթագենում վարձկանների ապստամբությունը, հիշատակում է նաև այն մասին, որ նրանց առաջնորդը` Սպենդիուսը խաչվել է խաչի վրա: Խաչում էին միայն ստրուկներին, հանցագործներին, որոնք քաղաքացիություն չունեին, ինչպես, օրինակ, Պետրոս առաքյալին խաչեցին, որովհետև հրեա էր և քաղաքացիություն չուներ, իսկ Պողոս առաքյալին չխաչեցին, այլ գլուխը կտրեցին, քանի որ քաղաքացի էր: Բայց լինում էին նաև բացառություններ: Սվետոնիուսը իր «Տասներկու կեսարների կյանքը» գրքում նկարագրում է մի դեպք, երբ Գալբան քաղաքացիություն ունեցողին էլ մահապատժի ենթարկվեց խաչելությամբ, բայց վերջին փաստն օգնեց նրան այնքանով, որ Գալբան նրան խաչել տվեց ամենաբարձր և սպիտակ ներկած խաչի վրա. «Մի խնամակալի, որ թունավորել էր մի որբուկի, որպեսզի նրանից հետո ժառանգությունը ինքը ստանա, խաչել տվեց, իսկ երբ սա սկսեց դիմել օրենքների օգնությանը, հավաստիացնելով, որ ինքը Հռոմի քաղաքացի է, ապա Գալբան, ասես թեթևացնելու համար նրա պատիժը, կարգադրեց հանուն մխիթարանքի և պատվի նրան փոխադրել մեկ ուրիշ` մնացյալներից ավելի բարձր և սպիտակ ներկված խաչի վրա»:
Այսպիսին էր Հռոմեական իրականությունը, և բացառվում էր խաչելության որևէ կայացում միայն στῦλος-ի վրա, ինչքան էլ ցանկանային Եհովայի վկաները. նրանք չէ, որ Ի դարում պիտի «սովորեցնեին» Ա դարի հռոմեացիներին, թե ինչպես պետք է խաչել մահապարտներին. սա nonsense է: Հայտնի են նաև հնագիտական բազաթիվ գտածոներ, որոնք ապացուցում են, որ խաչը խաչ է, ու ոչ թե սյուն: Բերենք մի օրինակ: Պաղեստինում, Քրիստոսից առաջ, խաչը նույնպես հայտնի էր որպես մահապատժի գործիք xxi, որոնք հիմնականում ավանդական ձևն ունեին, կամ  T և X ձևն ունեին: Հնագիտական գտածոներն էլ ամենահավաստի տեղեկություններն են տալիս այն մասին, որ խաչն ունի ավանդական ձև, այսինքն` T ձևի, կամ X ձևի: Մասնավորաբար հայտնի է 1968 թ. Գիվատ Խա-Միվտար լեռան վրա պեղումների արդյունքը, Երուսաղեմի արվարձանում, որտեղ հնագետները պեղեցին T-ձևի խաչված մի մարդու գերեզման:

Ղևոնդ քահանա Մայիլյան
(«Էջմիածին», 2012, Բ, էջ 115)