Դեկտեմբերի 29 † Կիր. Զ. կիր. Յիսնակի

Astvacashunch 123 - Դեկտեմբերի 29 † Կիր. Զ. կիր. Յիսնակի

Ես 41.4-14։ Եբր 7.11-25։ Ղկ 19.12-28։

Եսայի

4Արդ, կ՚ասէ՞ք, թէ Նա չի գալու. ո՞վ արեց ու կատարեց այս ամէնը, ո՞վ կանչեց նրան, որ կանչւում էր առաջին ցեղերից։ Ես եմ Տէրն առաջին, նոյնն եմ լինելու եւ յաւիտեան։ 5Տեսան ինձ հեթանոսները եւ վախեցան, երկրի բոլոր ծագերը սարսափեցին. իրար մօտեցան եւ միասին եկան։ 6Ամէն մէկը մտքում դրեց ընկերոջն ու եղբօրն օգնական լինել՝ ասելով. 7«Թող հիւսնը քաջալերի դարբնին՝ կռելու, կոփելու եւ մուրճով հարուածելու, եւ ասի՝ ինձ համար լաւ օգնութիւն եղաւ»։ Գամերով գամում են կուռքերը, դնում գետնի վրայ, որպէսզի չշարժուեն։ 8Բայց դու, ո՛վ իմ ծառայ Իսրայէլ, ո՛վ Յակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զաւակ, որին սիրեցի, 9որին օգնական եղայ՝ երկրի ծայրերից ու նրա եզերքներից կանչելով նրան եւ ասելով, թէ՝ «Դու իմ ծառան ես, քեզ ընտրեցի ես եւ չեմ լքի քեզ», — 10դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբուիր, քանզի ես եմ քո Աստուածը, ես, որ զօրացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։ 11Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, եւ բոլոր քեզ ամբաստանողները պիտի կորչեն։ 12Եթէ փնտռես էլ, չես գտնելու այն մարդկանց, որոնք քո դէմ թշնամութիւն էին անում, քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան։ 13Արդարեւ, ես եմ քո Տէր Աստուածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ, թէ՝ «Մի՛ վախեցիր, ես կ՚օգնեմ քեզ»։ 14«Չվախենաս, Յակո՛բ, որ որդ ես հիմա,եւ դու, Իսրայէ՛լ, որ սակաւամարդ ես այժմ,ես օգնեցի քեզ», — ասում է Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որը փրկելու է քեզ։

Եբրայեցիներ

11Իսկ արդ, եթէ կատարելութիւնը ղեւտացիների քահանայութեան միջոցով էր լինում (քանի որ ժողովուրդը նրանով էր օրէնք ստացել), ի՞նչ կարիք կար այլեւս, որ մի այլ քահանայ երեւան գար, ըստ Մելքիսեդեկի կարգի, չասելու համար՝ ըստ Ահարոնի կարգի, 12որովհետեւ քահանայութիւն փոփոխուելով՝ պէտք էր, որ օրէնքի փոփոխութիւն էլ լինէր։ 13Եւ նա, ում մասին այսպէս է ասւում, պատկանում էր այլ ցեղի, որից ոչ ոք երբեք սեղանի ծառայութեան մասնակից չեղաւ։ 14Արդ, յայտնի իսկ է, թէ մեր Տէրը սերում է Յուդայի ցեղից. այդ ցեղից եղած քահանաների մասին Մովսէսը ոչինչ չի ասել։ 15Եւ առաւել եւս յայտնի է, թէ Մելքիսեդեկի նմանութեամբ երեւալու է մի այլ քահանայ, 16որը ըստ մարմնաւոր պատուիրանի չէ, որ եղաւ քահանայ, այլ՝ ըստ անվախճան կեանքի զօրութեան։ 17Արդարեւ վկայուեց, թէ՝ 18Առաջին պատուիրանը արհամարհուեց իր տկարութեան եւ անօգտակարութեան պատճառով, — 19քանզի օրէնքը կատարեալ ոչինչ չարեց, — եւ նրա տեղ մտաւ լաւագոյն մի յոյս, որով մօտենում ենք Աստծուն։ 20Այն չափով, որ Յիսուս երդումով քահանայ եղաւ (որովհետեւ կան ոմանք, որ առանց երդումի են քահանաներ կարգուել, 21բայց սա՝ երդումով, նրա՛ ձեռքով, ով ասաց նրան. 22այդ նոյն չափով Յիսուս երաշխաւոր եղաւ լաւագոյն մի ուխտի։ 23Եւ այսպէս, շատ քահանաներ եղան, որովհետեւ մահը արգելք էր լինում, որ նրանք տեւապէս քահանայ մնան։ 24Իսկ սա, յաւիտենական լինելու պատճառով, ունի անանց քահանայութիւն։ 25Ուստի եւ կարո՛ղ է իր միջոցով Աստծուն մօտեցողներին մէկընդմիշտ փրկել. քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխօս լինելու նրանց համար։

Ղուկաս

12Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար։ 13Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»։ 14Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»։ 15Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել։ 16Եկաւ առաջինը եւ ասաց. «Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց»։ 17Եւ տէրը նրան ասաց. «Ազնիւ եւ բարի ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ»։ 18Եկաւ երկրորդը եւ ասաց. «Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց»։ 19Տէրը նրան ասաց. «Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ»։ 20Միւսն էլ եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. 21վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել»։ 22Եւ տէրը նրան ասաց. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ՝ ուր չեմ սերմանել։ 23Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուիր, որպէսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջէի այն»։ 24Եւ սպասաւորներին ասաց. «Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տուէք նրան, ով տասը մնաս ունի»։ 25Եւ ծառաները ասացին նրան. «Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛»։ 26- Ասում եմ ձեզ, թէ՝ «Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի։ 27Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ»։ 28Եւ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղէմ ելնելու համար։