ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ

 Դատաւոր մի էր ի քաղաքի ուրումն, յԱստուծոյ ոչ երկնչէր եւ ի մարդկանէ ոչ ամաչէր…
Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում:
Ղուկ. 18:2
Ոմանք առակում այս խոսքերը վերագրում են Աստծուն, քանի որ Նա է բոլորի Իշխանն ու Դատավորը, իսկ քաղաքն անվանում են այս աշխարհը: Բայց առաջանալով տեսնում ենք, որ առակում դատավորն անիրավ է կոչվում, իսկ ինչպես գիտենք Աստված արդար Դատավոր է: Ապա ուրեմն առակի խոսքերն Աստծուն չեն պատշաճում:
Ոմանք էլ հրեշտակներին են իշխան և վերակացու անվանում մարդկանց վրա կարգված, սակայն հրեշտակներն անհրաժեշտ հոգիներ են, որոնք ուղարկվում են մարդկանց սպասավորելու և պահպանելու համար:
Իրականում առակի խոսքերը տարածվում է յուրաքանչյուր մարդու վրա, որովհետև մարդը կենդանի քաղաք է՝ Աստծուց շինված, ըստ Պողոս առաքյալի այն խոսքի, որ ասում է. Դուք Կենդանի Աստծո տաճար էք: Իսկ դատավորը միտքն է, մարդու թշնամիներն էլ` հոգին ու մարմինը: Դրա համար էլ ասում է. Մի դատավոր կար մի քաղաքում:
Արդ մարդը քաղաք է կոչվում նախ` ըստ համեմատության: Ինչպես որ քաղաքն ունի պարիսպներ և դռներ, բնակիչներ, իշխաններ և հարստություն, այնպես էլ մադու քաղաքի պարիսպը մարմինն է, դռները` զգայարանները, հոգին` բնակիչը, միտքը` իշխանը, իսկ հարստությունը` հավատքը, հույսը և սերը:
Իսկ ըստ առավելության մարդը քաղաք է կոչվում նախ.
Ա — որովհետև քաղաքը մարդու ձեռքի կառուցածն է, իսկ մարդը` Աստծո:
Բ — Քաղաքը բնակություն է մարդու համար, իսկ վերջինս` Աստծո:
Գ — Քաղաքը հողի պատկերն է, իսկ մարդը` Աստծո: Իսկ այս արդար քաղաքի Դատավորը հաստատեց միտքը, որն արդարապես քննում ու տանջում է մարդուն, տրտնջալով քննում և զատում է չարը բարուց, միշտ փախչում է չարից և հետևում բարուն: Իսկ եթե միտքը սխալվելով ընկնում է չարի մեջ, այնժամ խղճմտանքը չարչարում և տանջում է նրան իբրև հանցավորի և դառը տրտմության մեջ պահում ըստ Դավթի խոսքի. Միշտ տրտմած էի շրջում, որովհետև իմ անձը լի էր չարչարանքներով, իսկ Եսայի մարգարեն ավելացնում է. ՙԱմբարիշտների համար ուրախություն չկա, — ասում է Ամենակալ Տերը, խոսք, անշուշտ, հոգևոր ուրախության մասին է: Միտքը հոգու և մարմնի համար արդար դատավոր է: Եւ եթե աշխարհիկ դատավորները չորս բանի պատճառով տգիտությամբ, կաշառքով, երկյուղով և ակնառությամբ են սխալ դատավարություն անում, ապա միտքը զերծ է այս ամենից, քանզի իմաստուն է, ունեցվածքի կարիք չունի, անկաշառ է, ոչ մեկից չի վախենում, արդար է և հենց դրա համար էլ ակնկալիք չունի, ապա ուրեմն ճշմարտապես է դատում:
Եւ քանի որ միշտ նրանց մեջ է բնակվում, գիտի նրանց գործերը և վկայի կարիք չունի, դրա համար էլ արդարությամբ է դատում, ինչպես ասում է Հովհաննես առաքյալը. ՙԵղբայրներ եթե մեր միտքը մեզ չհամդիմանի… համարձակություն ունենք:
Ահավասիկ, սիրելիներ, այս վկայից չենք կարող մեր մեղքերը թաքցնել, որովհետև ամեն ժամ մեզ հետ է, ուսուցանում ու խրատում է մեզ, որպեսզի կատարյալ լինենք:
Առակում ասում է եթե այն դատավորն Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում ու քանի որ ծածուկ տեղում է և ուրիշ մեկը նրան չի տեսնում դրա համար էլ միտքը մարդկանցից չի ամաչում, իսկ Աստծուց էլ չի վախենում, քանզի ինքն իշխանությամբ ազատ է:
Մարդ էակը նույնպես ինքնիշխան է: Մենք խոսքով խորհում ենք և ընտրում բարին ու չարը, արդ, ինչը որ խորհում և ընտրում ենք իշխան ենք այդ բաները գործելու, հետևաբար բանական էակներ ենք: Եւ որովհետև եղական ենք, հետևաբար փոփոխական ենք, ուստի մեր ինքնիշխանությունն էլ է փոփոխական, այսինքն՝ երբեմն փոխվում է բարու, երբեմն էլ՝ չարի: Աստված ևս ինքնիշխան է, ինքնիշխան են նաև հրեշտակներն ու ընտրված հոգիները, որ չեն կարող չար բաներ գործել, այլ ընտրում են բարին և հեռու են չարից, ոչ թե տկարությամբ, այլ ազատ կամքով:
Դևերը նույնպես ինքնիշխան են, սակայն նրանց համար խոտելի է բարին և ընտրում են չարը, ոչ թե բռնի կերպով, այլ իրենց խստասրտությամբ:
Չպետք է Աստծուն մեղադրել այն բանի համար, որ մարդուն բարիքի համար ինքնիշխանություն տվեց, սակայն մարդիկ իրենք այն փոխեցին չարի: Եւ երբ ինքնիշխանությամբ ենք բարիք գործում՝ վարձատրվում ենք, բայց բռնությամբ ու անհրաժեշտությամբ անելու դեպքում վարձք չեն ստանում, ինչպես որ անբան անասուններն ունեն խոհեմություն, արիություն, ողջախոհություն և արդարություն, բայց վարձք չեն ստանում, որովհետև բնության անհրաժեշտությունից է և բռնադատված:
Արդար դատավորը՝ միտքը, որ ինքնիշխան է, երբ սրբությամբ գործի՝ բաժանելով բարին չարից միշտ կխորհի երկնայինի մասին, ուր Քրիստոս նստում է Աստծո աջ կողմում: Իսկ եթե միտքը դատարկվում է բարի խորհուրդներից, այնժամ ամեն ինչ փոխվում է: Միտքը, որ առաջնորդ է ու առաջնայինը, դառնում է վերջին՝ ենթարկվելով մարմնական ցանկություններին:
Սիրելի ընթերցողներ, ինքնիշխան միտքը գերվում է զգայություններից և ծառայում մեղքին, ինչպես Տերն է ասում: Ով մեղք է գործում՝ ծառա է մեղքին: Այնժամ ոսոխը, այսինքն՝ մարմինը, մտքից զորանալով հարձակվում է հոգու վրա, կեղեքելով չարչարում է նրան՝ այդպես իրեն զորացնելով, իսկ այնուհետև Քրիստոս փեսայից այրիացած հոգին, որովհետև Աստծո հարսն էր, իսկ երբ արհամարհելով ատեց Աստծո օրենքը, բաժանվեց գլխից և այրիացավ, այսինքն՝ հոգին Աստծո կամքը թողնելով դառնում է այրի, անզավակ և անպտուղ՝ բարի գործերից:
Արդ, այդ նույն այրին, ըստ Հովհաննեսի, գնում է դատավորի մոտ և ասում. ՙԻմ ոսոխի դատաստանը: Այսինքն՝ հոգին գալիս է դատավոր մտքի մոտ և թախանձում, որպեսզի միտքը հոգու ոսոխի՝ մարմնի
դեմ դատը տեսնի, քանզի մարմինն անիրավ է և զրկում է հոգուն բարիքից ու հեռացնում նրան Աստծո կամքից:
Սակայն միտքը մարմնի հետ նույն ցանկության մեջ մնալով չի ուզում լսել հոգուն և դատ անել, դրա համար էլ անիրավ դատավոր է կոչվում։ Բայց հետո ինքն իրեն ասում է. Թեև Աստծուց չեմ վախենում ու մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի: Այսինքն՝ միտքը որոշում է այդպես վարվել, որպեսզի խղճմտանքը չդատի իրեն անիրավության ժամանակ: Ահա այսպես միտքը զղջալով փոխվում է և արդար դատաստան է անում, այսինքն՝ ապաշխարհությամբ և զղջմամբ դառնում է մեղքից և խղճմտանքն այլևս նրան չի անհանգստացնում:
Անիրավ դատավորն ապաշխարհության և զղջման միջոցով դառնում է արդար դատավոր: Եւ հենց սրա համար Հիսուս առակի վերջում ավելացնում է. Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին որոնք գիշեր ու ցերեկ աղաղակում են:
Ինչպես արդեն ասել ենք՝ մեր գործերը, պահապան հրեշտակները, մեզանից անտեսված ու արհամարված հոգիները և երկինքն ու երկիրը, երբ տեսնում են մեր մեղքերն ու չար գործերը, զօր ու գիշեր աղաղակում են առ Աստված։ Սակայն մարդասեր Աստված միշտ ներում է բոլոր մեղավորներին, որպեսզի ապաշխարեն ու փրկվեն։ Իսկ եթե նա, ով առաքյալի խոսքի համաձայն արհամարհում է Աստծո ներողամտությունը, իր անձի համար արդար դատաստանի ժամանակ բարկություն է հավաքում։
Ուստի սիրելի ընթերցողներ, երբեք չարհամարհենք Աստծո ներողամտությունը, այլ միշտ հուսանք նրան, որպեսզի արժանի լինենք Երկնքի Արքայությանը և Տիրոջ օրհնությանը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն։