Բայց չէ որ, համաձայն «Մի՛ սպանիր» պատուիրանի զէնք վերցնել չի կարելի

Paterazm 880x660 - Բայց չէ որ, համաձայն «Մի՛ սպանիր» պատուիրանի զէնք վերցնել չի կարելի

  Արդէն հասկանալի է, որ քրիստոնեայի համար զէնքերը միայն պաշտպանական բնոյթ են կրում։ Սա էլ նշանակում է, որ պատերազմողն Աստուած է։ Հին Կտակարանում Դաւիթ թագաւորը միշտ պատերազմում էր թշնամիների դէմ։ Պատերազմի համար նրանից ոչ մէկը ոչ մի բան չէր պահանջում։ Բայց երբ մի անգամ նա դիտաւորեալ սպանել տուեց իր հաւատարիմ զինուորներից մէկին՝ Ուրիային, այդ թափած արիւնը Աստուած պահանջեց Դաւթից (Բ Թագ. ԺԲ-ԺԳ գլուխներ)։ Ուստի պատերազմը յանուն ժողովրդի, յանուն մերձաւորի փրկութեան սուրբ է։ Այսինքն՝ «Վասն Հայրենեաց եւ վասն հաւատոյ» պատերազմը չի հակասում Աստուածաշնչին։ Եւ իզուր չէ, որ Հայ Եկեղեցին սրբացրել է Վարդանանց։ Մնացած դէպքերում զէնքի ամէն մի գործածութիւն, ինչ նպատակով էլ որ լինի Ս. Գիրքը արգելում է (Ուրիայի դէպքը)։ Նոյնը կարելի է ասել նաեւ մեր օրերի համար։ Սէրը մերձաւորի հանդէպ, սէրը հայրենիքի հանդէպ պարտաւորեցնում է մեզ առաջին հերթին պաշտպանել նրանց։ Վեցերորդ պատուիրանը («Մի՛ սպանիր»), վերաբերում է անհատին, յետոյ ազգին։ Աւետարանի բերած սէրը, ներողամտութիւնը ամէն մի ընտանիքի, ժողովրդի ամրութեան, անխափանութեան, յաւիտենականութեան եւ անբաժանելութեան գրաւականն է։ Չարին բարիով պատասխանելը, բարիով յաղթելը բնորոշ են միայն քրիստոնեաներին։ Այս է մեր պահովութեան երաշխիքը։ Սէրը մերձաւորի, ընկերոջ, մտերիմի նկատմամբ  ժողովրդի միասնութեան երաշխիքն է։ Ներողամտութիւնը ընտանիքի ու ժողովրդի կայունութեան չափանիշներն են։ Դուրս գալ այս նոյն տրամաբանութեամբ ազգամիջեան ասպարէզ  սխալ է։ Պահանջել, որ բոլոր ազգերը ապրեն եւ առաջնորդուեն Լերան քարոզով, զէնք չկիրառեն չենք կարող։ Չենք կարող նաեւ բացատրել պատերազմների գոյութիւնը, ազգամիջեան ընդհարումները, դրանց կանխումը։ Մի բանում կարող ենք վստահ լինել, որ եթէ իրօք Քրիստոս թագաւորի բոլոր մարդկանց սրտերում չեն լինի ո՛չ պատերազմներ, ո՛չ էլ սպանութիւններ։ Սա է Աստծոյ Թագաւորութիւնը երկրի վրայ։
Իսկ հիմա, ամենամեծ յաղթանակը թշնամու նկատմամբ, նրան բարեկամ դարձնելն է։ Սա է Սուրբ Գրային սկզբունքը, նման հարցերի մէջ կողմնորոշուելու համար։

Աղբյուր՝ ՈՍԿԵՓՈՐԻԿ կամ ԿՐՕՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ (ՄԱՍՆ Ա)
Հեղինակ՝ Սերժ Մայիլյան