Արիոսի և Ալէքսանդրի վարդապետությունների էությունը

 Նախքան Նիկիոյ ժողովի մանրամասնութիւններին անցնելը, տեսնենք թէ ինչ էր Արիոսի և Աղէքսանդրի վարդապետութիւնների էութիւնը: Աղէքսանդրի վարդապետութեան համաձայն Հայր և Որդի անսկզբնական և յաւիտենական կերպով էակից են. Հայրը ո՛չ մի ժամանակ առանց Որդւոյ չի կարելի ընդունել: Այն ինչ, ըստ Արիոսի, միակ Աստուածը միայն յաւիտենական է. բացի նրանից ամեն ինչ արարած է. այդ պատճառով էլ Որդին յաւիտենական չէ, այլ Աստուծոյ արարած ոչնչից: Արիոսի վարդապետութեան գլխաւոր կէտերն հետևեալներն են.
Ա. Միայն մի Աստուածը, բացի որից ուրիշը չկայ, անստեղծ, անսկիզբն ու յաւիտենական է. նա անճառելի, անըմբռնելի և միանգամայն աննման է. ամեն ինչ ստեղծել է իւր ազատ կամքով, և չկայ մի բան իրենից, որ ստեղծուած չլինի:
Բ. Աշխարհի սկզբից առաջ իբրև միջնորդ, որի միջոցով բոլոր մնացած արարածները պիտի ստեծուէին, Աստուած իւր ազատ կամքով մի անկախ էակ (ousia, upostasiz) ստեղծեց, որը Ս. Գրքում Իմաստութիւն, Որդի, Բան ևայլն է անուանում: Այդ Իմաստութիւնը–համեմատած Աստուծոյ ներքին իմաստութեան հետ ոչ իսկական իմաստութիւն-ստեղծուած է ոչնչից, այնպէս ինչպէս միւս արարածներն են ստեղծուած: Ոչ մի մտքով նա Աստուծոյ էութիւնից չէ. նա սկիզբն ունի, ուրեմն միշտ գոյութիւն չունէր: Մի ժամանակ կար, երբ նա չկար:
Գ. Ըստ էութեան Որդին ուրեմն Հօր էութիւնից միանգամայն բաժան, տարբեր, օտար և անկախ էութիւն է: Նա ոչ միևնոյն էութիւնն ունի ինչ որ Հայրը, ոչ էլ միևնոյն բնութիւնը: Եթէ նա այդ բաներն ունենար, այն ժամանակ 2 աստուածներ կլինէին: Նա ունէր, ինչպէս բոլոր բանական արարածները, ազատ կամք և ենթակայ էր փոփոխութեան: Նա կարող էր ուրեմն բարի և չար լինել. սակայն նա բարին ընտրեց և առանց տատանուելու բարու մէջ էլ մնաց: Ուրեմն միայն իւր կամքի զօրութեամբ նա անփոփոխ մնաց:
Դ. Որովհետև Որդին էութեամբ Հօրից օտար է, այդ պատճառով նա իսկական Աստուած չէ. նա միայն Բան և Իմաստութիւն է եղել: Ինչպէս որ նա յաւիտենական չէ, այնպէս էլ նրա գիտութիւնը կատարեալ չէ. նա Աստուծոյ բացարձակ գիտութիւն չունի, այլ միայն յարաբերական. մինչև իսկ նա իւր էութիւնը լիովին չի ըմբռնում. այդ պատճառով էլ Որդուն Հօրը հաւասար փառք ու պատիւ չի վայելէ:
Ե. Այնուամենայնիւ Որդին նոյն տեսակ արարած ու ստեղծեալ չէ, ինչպէս միւսները. նա »կատարեալ արարած« է=ktisma teleion: Նրա միջոցով ստեղծուած է ամեն բան. նա առանձին յարաբերութեան մէջ է Աստուծոյ հետ, բայց այդ պայմանաւորւում է միայն շնորհիւ և որդեգրութեամբ: Որդին արժանացել է այդ շնորհին իւր ազատ կամքով դէպի բարին: Աստուծոյ օգնութեամբ և սեպհական յառաջադիմութեամբ նա Աստուած է դարձել, այնպէս որ նրան այժմ անուանել կարելի է »Միածին Աստուած, հզօր Աստուած«, ևայլն:
Զ. Որդու Մարդեղութեան և նրա մարդկային կեանքի համար ընդունելի են այն ամենը, ինչ որ Ս. Գիրքը և աւանդութիւնը նրա մասին վկայում են: Նա մի մարդկային մարմին ընդունեց իսկապէս: Այն զգացումներն ու կրքերը, որ պատմական Յիսուսը ունեցել է և արտայայտել, ցոյց են տալիս, թէ Բանը, որին այս բաները վերագրուելու են (քանի որ Քրիստոսը մարդկային հոգի չունէր), մի չարչարանքների ընդունակ, ոչ բոլորովին կատարեալ (այլ կատարելութիւն գտնելու համար կռուող) էակ է:
Է. Ստեղծուած ոյժերից (dunameiz) իբրև երկրորդ, անկախ էութիւն պէտք է Ս. Հոգին ի նկատի ունենալ Որդու հետ միասին. որովհետև քրիստոնեան հաւատում է 3 բաժան և տարբեր էութիւնների՝ (ousiai, upostaseiz) Հայր, Որդի և Հոգի: Հաւանօրէն Արիոսն ու նրա հետևողները Հոգին Որդու միջոցով ստեղծուած և նրան ստորադրեալ էակ էին համարում:
Արիոս և Արիոսականները իրենց այս վարդապետութիւնը ի հարկէ Ս. Գրքի վրայ էին հիմնում և նրանք ամենից աւելի հետևեալ տեղերն են ի վկայութիւն կոչում. Բ. Օրէնք Զ. 4., ԼԲ. 39., Սաղմ. ԽԵ. 8., Մատթ. ԺԲ. 28., Մարկ. ԺԳ. 32., Մատթ. ԻԶ. 41., ԻԸ. 18., Ղուկ. Բ. 52., ԺԸ. 19., Յովհ. ԺԱ. 34., ԺԴ. 28., ԺԷ. 3., Գործք Բ. 36., Ա. Կորնթ. Ա. 24., ԺԵ. 28., ևայլն ևայլն:
Տեսնենք այժմ թէ ինչ էին վարդապետում Արիոսի հակառակորդները, Աղէքսանդրիայի ներկայացուցիչները: Որովհետև հակառակ կողմի ամենանշանաւոր ներկայացուցիչը և յետագայում էլ Արիոսական ամբողջ վէճի մէջ կարևորութիւն ստացողը Աթանաս Մեծն է, Նիկիոյ ժողովի ժամանակ դեռ սարկաւագ, յետոյ Աղէքսանդրիայի եպիսկոպոս, ուստի ամենից աւելի յարմար է նրա վարդապետութիւնը մէջ բերել:
Այն ամբողջ հաւատը, որի համար Աթանասը իւր կեանքը դրեց, կարելի է մի նախադասութեամբ ասել. »Ինքն Աստուած է մարդ դարձել«: Փրկութեան գաղափարն է Աթանասի Աստուածաբանութեան և Քրիստոսաբանութեան հիմքը–ուրիշ նպատակ նա չունի: Հեթանոսութիւնն ու հրէութիւնը մարդուն Աստուծոյ հետ յարաբերութեան մէջ չդրին, որ ամենակարևորն էր մարդկութեան համար: Միայն Քրիստոսն է մեզ այդ հաղորդակցութիւնը պարգևել: Նա եկաւ մեզ աստուածացնելու, այսինքն մեզ որդեգրութեամբ (per adoptionem) Աստուծոյ որդիք և Աստուածներ դարձնելու: Քրիստոս չէր կարող սակայն այդ բարիքը մեզ բերել, եթէ նա ինքն էլ իբրև ընծայ ստացած լինէր այն. որովհետև այն ժամանակ նա միայն այնքան կունենար, ինչքան որ իրեն անհրաժեշտ էր. և այն ինչ որ իւր սեպհականը չէր, չէր կարող ուրիշներին պարգևել: Այդ պատճառով ուրեմն Քրիստոսը Աստուծոյ էութիւնից և նրա հետ մէկ պիտի լինի. ով որ այս չի ընդունում, նա քրիստոնեայ չէ, այլ հրէայ կամ հեթանոս: Այս է Աթանասի հիմնական գաղափարը: Որդու մէջ մենք Հօրն ենք տեսնում – ով որ Որդուն ճանաչում է, ճանաչում է Հօրը: Այս խոստովանութիւնն իսկապէս ամբողջ քրիստոնէութեան խոստովանութիւնն է: Արդէն սկզբից և եթ աւանդած և հակառակորդների կողմից էլ ընդունուած Քրիստոսին պաշտելը վճռում է ամբողջ հարցը. միայն Աստծուն կարելի է, և պէտք է պաշտել. հեթանոսութիւն է արարածներին պատուելը-այս նախադասութիւնը շատ է կրկնում Աթանաս.-ուրեմն եթէ Քրիստոս պաշտւում է, նա աստուածային էութիւնից պիտի լինի:
Բանի կամ Լոգոսի մասին Աթանաս իսկապէս չի մտածում այլ ևս, այլ այն աստուածայինի մասին, որ Յիսուս Քրիստոսի մէջ է երևացել: Նա Քրիստոսաբան է: Հետևեալ կէտերը կարող են իբրև ուղեցոյց ծառայել Աթանասի մտածողութիւնը հասկանալու համար:
1. Եթէ Քրիստոսի մէջ էականը Աստուած է, այն ժամանակ նա ոչինչ արարածական չունի, ուրեմն և արարածների շարքին երբէք պատկանել չէ կարող: Ուրիշ խօսքով այս խնդրում Աթանասի և Արիոսի վարդապետութիւնների տարբերութիւնն այն է, որ Արիոսի կարծիքով Որդին աշխարհին է պատկանում, իսկ Աթանասի կարծիքով Քրիստոս Աստծու կողմը, աշխարհին դէմ յանդիման պիտի դնել:
2. Ս. Գիրքն ու աւանդութիւնը միայն մի Աստուած են ճանաչում, նոքա սակայն Քրիստոսին էլ Աստուած են համարում, անուանելով Քրիստոսի մէջ երևացող Աստուածայինը Լոգոս, իմաստութիւն և Որդի: Այսպիսով Ս. Գիրքը տարբերում է Որդին Հօր Աստծուց: Քրիստոնէական հաւատն այս պիտի պահպանէ անխախտ: Այս ընդհանուր սկզբունքից հետևում է.
ա. Աստուածութիւնը մի միութիւն է (monaz, monaz thz qeothtoz). ուրեմն Քրիստոսի մէջ երևցած Աստուածայինը պէտք է այդ միութեանը պատկանէ. միայն մի անստեղծ պրինցիպ, սկզբունք կայ. այդ Հայրն է:
բ. Հէնց Հայր անունը ցոյց է տալիս, որ Աստուածութեան մէջ մի երկրորդ էութիւն կայ. Աստուած միշտ Հայր է եղել. և ով որ նրան Հայր է անուանում, նա Որդուն էլ հետն է ընդունում իբրև էութիւն. Հայրը Որդու Հայրն է և միայն անուղղակի կերպով աշխարհի և մարդկանց հայրը, որովհետև վերջիններս ստեղծուած են. անստեղծ է միայն Աստուածային երրորդութիւնը:
գ. Այս Որդին (gennhma tou patroz) սակայն մարդկային ձևով չէ սերուած, այլ նա յառաջ է եկել այնպէս, ինչպէս որ Արևից լոյս և աղբիւրից առուն է յառաջ գալիս: Նա Որդի է կոչւում, որովհետև Հօր կատարեալ արտացոլումն է, Հօր էութիւնից բղխած պատկերը: Նա Բան և Իմաստութիւն է կոչւում ոչ այն պատճառով, որ իբր թէ Հայրը առանց նրա կատարեալ չէր լինի, այլ որովհետև նա Հօր ստեղծող զօրութիւնն է: Ծնեալ ի Հօրէ,-նշանակում է Հօր բնութեանը բնութեամբ էակից լինել:
դ. Ուրեմն սխալ է Արիոսականների այն կարծիքը, որ իբր թէ մի ժամանակ կար, երբ Որդին չկար, որ նա ստեղծեալ է, փոփոխական է ևայլն. ընդհակառակը նա յաւիտենական է Հօր նման, Հօր էութիւնից է, առանց որի նա Աստուած չէր լինի, իւր բնութեան բոլոր կողմերով միևնոյնն է ինչ որ Հայրը: Եւ այս բոլորն է նա վերջապէս, որովհետև միևնոյն էութիւնն ունի, ինչ որ Հայրը և նրա հետ մի միութիւն է կազմում: Այսպէս ուրեմն Որդին ճշմարիտ Աստուած է անբաժան Հօրից, ո՛չ երկրորդ Աստուած, այլ ինչպէս նկատուեցաւ, արտացոլումն, պատկեր, Որդի միևնոյն աստուածութեան մէջ: Նա ամէն բան ունի, ինչ որ Հայրը. մինչև անգամ Հօր բնութիւնը = Ուզիան նրան ևս պատկանում է. նա omoousioz է:
3. Ինչ որ Ս. Գիրքը Քրիստոսի մասին մարդկային և արարածական բաներ է ասում, վերաբերում են միշտ և միայն նրա մարդկային բնութեան, որ նա ընդունեց մարդկանց փրկելու համար: Բնութեամբ Աստուածը մարդկային մարմին առաւ, բնութեամբ մարդուն աստուածութեան հետ միացնելու և աստուածացնելու համար. այդ պատճառով էլ նա յանձն առաւ մարդկային կրքերն ու զգացումները: Քրիստոսի մարդկային բնութիւնը միանգամայն նոյնն էր, ինչ որ ընդհանուր մարդկային բնութիւնը, և ինչպէս որ Քրիստոս բարձրացաւ ըստ Գրոց, այնպէս էլ մարդկութիւնը պիտի բարձրանայ դէպի Աստուածութիւնը: Որովհետև Բանի մարմինը իւր իսկական մարմինն էր և այդ միութիւնը կատարուել էր հէնց Ս. Կոյսի արգանդում, ուստի այն ամենը, ինչ որ մարմնին են վերաբերում, վերաբերում են և Բանին (մինչև անգամ բոլոր չարչարանքները, թէև ըստ աստուածութեան նա չի ենթարկւում այդպիսիների). իսկ Մարիամը Աստուածածին է:
Տեսնենք այժմ, թէ ի՞նչ պակասութիւններ ունին այս վարդապետութիւնները: Աթանասն ինքը ցոյց է տուել շատ յաջող կերպով, թէ որն է Արիոսի վարդապետութեան թոյլ կողմը, և այդ խնդրում նա համարեա միշտ իրաւունք ունի: »Մի որդի, որ որդի չէ. մի Լոգոս, որ Լոգոս չէ, մի միաստուածութիւն, որ բազմաստուածութեան առաջ դռները բաց է անում. երկու կամ երեք երկրպագելի էութիւններ, որոնցից սակայն միայն մէկը տարբերւում է արարածներից. մի անորոշ էակ, որ Աստուած է դառնում իւր մարդ դառնալու միջոցով և որը այնուամենայնիւ ո՛չ Աստուած է և ո՛չ մարդ, ևայլն, ևայլն,-ահա Արիոսի վարդապետութեան էութիւնը: Բայց միանգամայն թոյլ է և անընդունելի Արիոսի վարդապետութիւնը նաև փրկութեան խնդրի նկատմամբ, և ինչպէս երևում է Արիոս և նրա բարեկամները այդ խնդրի մասին լուրջ կերպով ամենևին չեն էլ մտածել: Այն Աստուածայինը, որ երկրի վրայ երևացել է, Աստուածութիւնն ինքը չէ, այլ նրա մի արարածը. Աստուած ինքը մնում է անծանօթ: Ով որ այս խօսքերն հանգստութեամբ ասել կարող է, Աստուծոյ միութիւնը պաշտպանել, միայն որպէս զի տիեզերքի միութեան գաղափարը չխախտուի, բայց նաև պատրաստ է այդ մի Աստուծոյ մօտ ուրիշ աստուածներ, որոնք արարածներ են, պատուելու,- ով որ կրօնը դարձնում է մի հերոսական վարդապետի պաշտամունք, թէկուզ նրան ktisma teleion անուանէ և ընդունէ, որ ամբողջ աշխարհը նրա միջոցով է եղել, նա իւր կրօնական համոզումներով յոյն է և իրաւունք ունի հելլենիստների մօտ պատիւ վայելելու:
Արիոս և Արիոսականներն աւելի շեշտում էին պատմական Յիսուսի կեանքն ու գոյութիւնը, բայց կրօնական տեսակէտից նոքա այստեղ ևս շատ թոյլ են. պատմական Յիսուսին նոքա միացնում են իրենց Արարած-Բանի -logos-ktisma-ի հետ և այդպիսով ամեն բան ոչնչացնում: Աւետարանի բացատրութեան մէջ նոքա ո՛չ թէ աշխատում էին հաստատել, որ Քրիստոսն Աստուծոյ կողմից ընտրուած մի անձն էր, կամ որ Աստուած մարդ Յիսուսի մէջ էր, այլ բոլոր վկայութիւնները ծառայեցնում էին ապացուցանելու, որ Յիսուսը կատարեալ Աստուած չէ եղել: »Եթէ Արիոսականութիւնը յունական աշխարհում յաղթող հանդիսանար, նա ամենայն հաւանականութեամբ ամբողջ քրիստոնէութիւնը կոչնչացնէր, այսինքն տիեզերաբանութիւն և բարոյականութիւն կդարձնէր այն, և կրօնը կկորչէր ըստ ինքեան« (Ադոլֆ Հառնակ): Եւ յիրաւի Արիոսի քրիստոսաբանութիւնը ըստ ներքին բովանդակութեան ամենաանկայունն է, և ըստ դաւանական տեսակէտի ամենաաննշանակը բոլոր քրիստոսաբանութիւնների մէջ:
Այնուամենայնիւ Արիոսականութիւնն էլ իւր կոչումն ունէր. և այդ տեսակէտից նա մեծ գործ է կատարել: Արիոսական միաստուածութիւնը մի տեսակ կամուրջ էր իսկական միաստուածութեան անցնելու, մանաւանդ կրթուածների և կիսակիրթների բազմութեան համար, որոնք շնորհիւ Կոստանդինի քաղաքականութեան քրիստոնեայ էին դարձել: Միաստուածութեան գաղափարը իբրև ճշմարտութիւն հրատարակեց նա, միևնոյն ժամանակ երկրորդական Աստուածներ թոյլ տալով, այնպէս որ յոյները իրենց փիլիսոփաների իմաստութիւնը քրիստոնէութեան մէջ գտնել կարող էին:
Աթանասի վարդապետութեան մէջ ընդհակառակն Քրիստոսի երկրաւոր կեանքի պատկերը բոլորովին կորած է: Մի, բայց ամենագլխաւոր կէտը պահել է Աթանաս. այն է՝ Քրիստոս եկել է մարդկանց և Աստուծոյ մէջ մի յարաբերութիւն հաստատելու: Այս գաղափարի ներքոյ է դնում նա Յիսուսի մասին եղած բոլոր պատմական աւանդութիւնը: Այն ամենը ինչ որ Քրիստոս է, և մեզ համար, նրա Աստուածութիւնն է: Որդու մէջ ունինք մենք Հօրը, և Աստուածայինը ճանաչում ենք Որդու բերածի շնորհիւ: Այս գաղափարը նոր չէր, այլ եկեղեցու մէջ կար Յովհաննու աւետարանից սկսած. բայց Յովհաննու աւետարանից յետոյ ոչ ոք այնպէս որոշ, յաղթական կերպով մտածուած, ամուր և պարզ կերպով չէր արտայայտել Բանի միութեան գաղափարը Հօր հետ, ինչպէս Աթանասը: Եւ այն հանգամանքը, որ եկեղեցու գլխով անցած ամենամեծ յեղաշրջման ժամանակ Կոստանդինի դարում Աթանասի այս հաւատը այնպէս որոշ կերպով քարոզուեց, փրկեց քրիստոնէական եկեղեցին, չնայելով այն բոլոր հակասութիւններին ու անըմբռնելի բաներին, որ կային Աթանասի վարդապետութեան մէջ: Փրկութեան գաղափարը պահպանել կարողանալու համար նա ամեն տրամաբանութիւն մի կողմ է դնում, և մտքի փոխարէն զգացումով է որոշում այս խնդիրները: Աստուած մէկ է, բայց այդ միութեան մէջ Հայր և Որդի երկու են: Միայն մի անեղ սկզբունք կայ. բայց Որդին ևս անեղ է: Աստուածայինը Քրիստոսի մէջ յաւիտենական Որդին է, բայց այդ Որդին նոյնքան հին է, որքան Հայրը: Այս Որդին ո՛չ ստեղծուած է, ո՛չ Աստուծոյ յատկութիւններից մէկն է, ո՛չ Աստուծոյ մի մասն է, ուրիշ խօսքով նա միանգամայն անսահմանելի է: Այս բոլոր անտրամաբանական մտքերը բղխում են Աթանասի և ժամանակակից քրիստոնէութեան պահանջից՝ փրկութեան գաղփարն հաստատուն պահել:
Նիկիոյ ժողովը սրբագործեց Աթանասի այս մարդկային միտքը զգացմունքին զոհ բերող փրկագործութեան վարդապետութիւնը, և այն օրուանից ի վեր քրիստոնէական դաւանանքը թողեց պարզ մտածողութիւնը և սովորեց հակաբանական, բնազանցական գաղափարների: Մի հակասութիւնը պատճառ և մայր դարձաւ ուրիշ շատ հակասութիւնների: Աթանասի վարդապետութեան մէջ ամենից աւելի աչքի ընկնող թոյլ կողմն այն է, որ նա միանգամայն զոհ բերեց իւր հաւատին պատմական Յիսուսի կենդանի պատկերը:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ