Արդյո՞ք ինձ էիր փնրում (առակ)

Arak 2 - Արդյո՞ք ինձ էիր փնրում (առակ)

Ամբրոսիոս անունով հռչակավոր մի ճգնավոր է լինում: Նրա համբավը և հրաշագործությունները ամենուր տարածված են լինում: Մի երիտասարդ ցանկանում է նրա աշակերտը դառնալ, ավելի ճանաչել Աստծուն, նվիրվել հոգևոր կյանքին: Մի անգամ հանդիպում է մի ծերունու, ով նրան ասում է.
— Եթե ուզում ես ավելին գիտենալ Աստծու մասին, այդ դեպքում փնտրիր Ամբրոսիոս ճգնավորին, նա քո առջև կբացահայտի Աստծո խորհուրդները: Երիտասարդը ճամփա է ընկնում ու գտնում հռչակավոր սրբին ու ասում.
— Հա’յր սուրբ, մանկությունիցս Աստծուն եմ փնտրել ու կամեցել Նրան լավ ճանաչել, Նրա ճանապարհներն ու շավիղներն իմանալ ու Նրան հետևել: Խնդրում եմ, ընդունիր ինձ որպես աշակերտ քեզ մոտ: Ճգնավորը նայում է երիտասարդին, ժպտում ու հարցնում.
— Արդյո՞ք կարող ես թողնել աշխարհը և հետևել ինձ;
— Կարող եմ,- պատասխանում է երիտասարդը:
Ճգնավորն ասում է.
— Այդ դեպքում, հետևիր ինձ ու լսիր, թե Տիրոջ մասին քեզ ինչ կասեմ ու կպատմեմ, և թե ինչպես է պետք հոգևոր կյանքով ապրել: Եվ նրանք զրուցելով քայլում են: Նրանց դեմ-դիմաց գեղեցիկ կառք է գալիս քաղաքի եպիսկոպոսը` ոսկեզոծ զգեստներ հագած ու մեծ հարգանքով բարևելով ճգնավորին ասում է.
— Հա’յր սուրբ, գիտեմ, որ Աստծո առաջ մեծ շնորհ ունես և բազում աշակերտներ: Ինձ մի օգնական է պետք, ուղարկիր աշակերտներիցդ որևէ մեկին` որպես ինձ օգնական:
Երիտասարդը տեսնելով գեղեցիկ կառքը, հրաշագեղ նժույգներն ու եպիսկոպոսի ոսկեզոծ հագն ու կապը, խնդրում է.
— Սրբազան հայր մանկությունիցս ի վեր ցանկացել եմ ծառայել Աստծուն ու Նրա շավիղներն ու ճանապարհները իմանալ վերցրու ինձ` իբրև քեզ օգնական: Եպիսկոպոսը նայում է ճգնավորին, որը գլխի շարժումով իր հավանությունն է տալիս: Երիտասարդը մեծ ուրախությամբ նստում է կառքը, եպիսկոպոսի հետ հեռանում: Ետ է նայում ու մի տեսիլք է տեսնում, որ ճգնավորի հետ մի ծերունի է քայլում: Ծերունին կանգնում է, շրջվում: Դա այն ծերունին էր, որ երիտասարդին խորհուրդ էր տվել գտնել ճգնավորին ու աշակերտել նրան: Այնուհետև ծերունին վերափոխվում է և երիտասարդը պայծառ լույսի մեջ տեսնում է Հիսուսին: Հիսուս նրան հարցնում է.
— Արդյո՞ք ինձ էիր փնտրում:
Երիտասարդը պատասխանում է.
— Տե’ր իմ, գիտես, որ միշտ քեզ եմ փնտրել, քանի որ հոգևոր էությունս միշտ կամեցել է Քեզ մոտ շատ լինել և Քեզ ավելի լավ ճանաչել: Հիսուս նրան պատասխանում է.
— Եթե դու հոգևոր լինեիր, կճանաչեիր Իմ խոսքը, կլսեիր Իմ ձայնը` կանչն ու հրավերը և կհետևեիր Ինձ, բայց դու ընտրեցիր աշխարհը և նրա անցեղիկ փառքը:
Այնուհետև Հիսուս շրջվում է ու ճգնավորի հետ հեռանում: Երիտասարդը հասկանում է իր սխալը, կանգնեցենում կառքը, դուրս գալիս ու շտապում դեպի ճգնավորը:

ԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ «ԲԱՐՈՅԱ-ԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ»