Ավետարանակաները ի սկզբանե զբաղվում են հայ ժողովրդի բնաջնջմամբ (պատմական ակնարկ)

«ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ» ԱՂԱՆԴ ԿԱՄ
ՄԻ «ԲԱՐԵՆՈՐՈԳՉՈՒԹՅԱՆ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Դու պապանձեցրու, Տե՜ր, հերձվածողների բերանները…
կործանի՜ր Քո Սուրբ Եկեղեցու վրա հարձակվողներին…»
Սուրբ Եղիշե Վարդապետ
Շատերի մոտ է այս հարցը առաջանում. ավետարանական եկեղեցի կոչվածը եկեղեցի՞ է, թե՞ աղանդավորական ինքնակոչ կազմակերպություն, այնտեղ հաճախելով արդյոք չե՞նք ուրանում մեր Առաքելական Սուրբ Հավատը, և արդյոք ինքներս մեզ դժոխքի չենք դատապարտում: Հարցին պատասխանելու համար մի փոքր էքսկուրս կատարենք՝ օգտվելով հենց իրենց՝ ավետարանականների գրքերից:
ՊԱՏՄԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍ ԿԱՄ ՍԿԻԶԲՆ ՉԱՐՅԱՑ
1846 թվական. հուլիսի մեկ. Թուրքիա. Ստամբուլ… 40 հայեր Ստամբուլում հիմնեցին, այսպես կոչված, հայ ավետարանական եկեղեցի՝ այդ օրը ևս մտցնելով հայ ժողովրդին դժբախտություն բերող տարեթվերի մեջ:
Չորս տարի անց՝ 1850 թվականի նոյեմբերի 27-ին, հայ ավետարանականները պաշտոնական ճանաչում ստացան օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիթի կոմից, որով վերջինս կարողացավ հայության մի ստվար զանգված բաժանել Մայր եկեղեցուց և օտարացնել հայությունից։ Իսկ բողոքական առաջնորդներ հայերը փաստորեն կամա թե ակամա նպաստեցին դրան։ Հայ բողոքականներին օժանդակում էին նաև ամերիկացի բողոքական միսիոներները և Հայ Առաքելական Եկեղեցում թաքնված «բարենորոգչականները»:
Հայ Առաքելական Եկեղեցին կտրականապես մերժեց, այսպես կոչված բարենորոգչական (բարեկարգողական, մոդեռնիստական) շարժումը, որովհետև ինչպես Սիմեոն Երևանցի կաթողիկոսն էր ասում. «Ոչ է հաւտն մեր հնացեալ զի նորգեսցի և ոչ է թերի՝ զի լրասցի» («Մեր Հավատը հնացած չէ, որ նորոգվի և ոչ էլ թերի, որ լրացվի»), Հայ Առաքելական Եկեղեցին, Առաքելական ժամանակներից գալով, միևնույն ժամանակ անաղարտն է՝ շնորհիվ իր ավանդապահության և դարերի ընթացքում ամեն կարգի մոդեռնիզմի մերժման: Այն սրբությամբ և առանց փոփոխման մեզ է հասցրել մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար Լույս Վարդապետությունը:
Այդ մոդեռնիզմը իրենց պայքարի հիմնական աղբյուր դարձրին բողոքական հակվածություն ունեցող հայերը։ Այդպիսիների թվում կային նաև հոգևորականներ, որոնք, մոռացած իրենց ուխտը, չարի գործիք էին դարձել։ Հակոբոս Պատրիարքը 1839 թվականին «բարենորոգչական շարժմանը» նպաստելու համար բանտարկեց և աքսորեց երեք հայ հոգևորականի։ Նույն տարում բազմաթիվ մարդիկ կանչվեցին Պատրիարքարան՝ այդ հարցի կապակցությամբ քննվելու :
Կոստանդինապոլսի Հայոց Պատրիարքարանը, նկատելով ամերիկացի միսիոներների հսկայական ազդեցությունը մոդեռնիստների վրա, այդ «ինքնակոչ բարեկարգիչներին» իրավացիորեն բնութագրեց որպես «ամերիկացի միսիոներների վարձկաններ»:
«Բարեկարգության» անվան տակ այդ վարձկանները փորձում էին Եկեղեցում տարածել աղանդավորական և հերձվածողական մտագարություններ: Հայոց Պատրիարքարանի գլխավոր խոսնակ Ավետիս Պերպերյանը նշում է, թե ինչպիսի հերետիկոսությունների մեջ էին ամբաստանվում այդ «լուսավորիչները»: Նրանք մերժում էին Եկեղեցու Սուրբ Ավանդությունը, մերժում էին ընդունել Պատարագի ընթացքում տեղի ունեցող փոխարկումը, երբ հացը և գինին փոխվում են Քրիստոսի Մարմնի և Արյան, մերժում էին Սրբերի բարեխոսությունը, մերժում էին Խոստովանությունը քահանային և այլն… :
Այսպիսով՝ «բարեկարգիչները» դարձան Մայր Եկեղեցու և նրա Աստվածավանդ Լույս Վարդապետության, նրա հրաշք Ծեսի քննադատները:
Նրանք դիվական լրբությամբ և հանդգնությամբ փորձեցին լինել «սրբագրիչ սրբոց»։ Իրենց նպատակները իրագործելու համար նրանք հիմնեցին գաղտնի մի միություն՝ ստապատիր «Բարեպաշտության միաբանություն» անունով :
Հայ Եկեղեցին ամեն ինչ արեց, որպեսզի իր հոտի մոլորված զավակներին հետ պահի «հոգեկործան նոր աղանդների վարդապետությունից» և վերադարձնի փրկարար ճանապարհին, սակայն՝ ապարդյուն։ «Բարենորոգչության» կողմնակիցների շարունակական պնդումների և գործողությունների համար Հայոց պատրիարքարանը ստիպված եղավ զորավոր հակադարձության գնալ, և քանի որ նրանք հաշտեցման և իրենց դիվական ծրագրի դադարեցման որևէ քայլ չէին կամենում անել, Պատրիարքը արդարացիորեն նրանց բանադրեց, և Թուրքիայի տարածքի Առաքելական բոլոր եկեղեցիներում հավատացյալ հոտին զգուշացվեց. «Զգուշանալ արդի աղանդավորների սխալ վարդապետություններին հետևող մոլորե-ցուցիչ և անբարեպաշտ անձերից» (այսինքն՝ բարենորոգչականներից և ավետարականներից):
Սակայն Եկեղեցու դեմ ապստամբածները չսթափվեցին Պատրիարքի այդ քայլից, չզղջացին, չխոստովանեցին իրենց ծանր մեղքը և չվերադարձան Մայր Եկեղեցու գիրկ, չհիշեցին (կամ չուզեցին հիշել) Սուրբ Գրքի այն խոսքը, թե. «Լսեցե՜ք ձեր առաջնորդներին և հնազանդ եղե՜ք նրանց» (Եբր. 13.17), նաև «Ապստամբությունը կախարդության մեղքի պես է, և անհնազանդությունը՝ կռապաշտության պես» (Ա Թագավորաց 15.23), այլ դևի նման անզեղջ մնալով՝ չարիքի վրա առավել չարիք ավելացրին և իրենց հետ շատերին ապստամբեցնելով՝ կազմակերպեցին առանձին կրոնական համայնք՝ բողոքական միլլեթ, այն պարագային, երբ թուրքահայության համար այդ օրերին միասնական լինելը առավել հրամայական էր դառնում՝ իրենց միասնականության առանցք և հիմք ունենալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Շատերն էլ աղվեսի խորամանկությամբ թեև հաճախում էին Հայոց Եկեղեցի, սակայն ծպտյալ բողոքականներ էին։ Այդպիսիներին բացահայտելու և ուղղելու համար Պատրիարքը հարցումների մի թերթիկ կազմեց, որով պետք է խոստովանեին ուղղափառ դավանության մի շարք կետեր, մասնավորապես՝

Ա. Փրկությունը միայն հավատով չէ, այլ նաև բարի գործերով:
Բ. Զինվորյալ Եկեղեցին անսխալական է:
Գ. Ընդունում են Եկեղեցու յոթ Խորհուրդները, որոնք կարող են կատարել միայն ձեռնադրված հոգևորականները:
Դ. Մկրտությունը, հաղորդությունը, քահանայի մոտ խոստովանությունը պարտադիր և անհրաժեշտ պայման են փրկության համար. Նա, ով Սուրբ հաղորդությունը չի համարում Քրիստոսի ճմարիտ Արյուն և Մարմին, հավիտենական դատապարտության ենթակա է /եթե հետ չկանգնի իր մոլորությունից և չապաշխարի:
Ե. Սուրբ Կույս Աստվածամոր և Սրբերի բարեխոսությունն ընդունելի է Աստծո առջև:
Զ. Աստված հրաշքներ է գործում Սրբերի մասունքների և Սուրբ Խաչի միջոցով:
Է. Հավատալ Եկեղեցուն, նշանակում է հավատալ նրա Խորհուրդներին, ինչպես նաև՝ Սուրբ Ավանդությանը, որ ստացել ենք Առաքյալներից և նրանց հաջորդած Սուրբ Հայրերից:
Փոխանակ ընդունելու այս կետերը, ավետարանականները սկսեցին զգացական, դիվական հպարտությամբ և կեղծավորությամբ շաղախված հայտարարություններ անել՝ ասելով, թե իբր իրենք ճշմարիտ հավատացյալներ են, ընդունում են միայն Աստվածաշունչը, սիրում են իրենց ազգը, Մայր Եկեղեցին և պատիվ են համարում հայ քրիստոնյա կոչվել և այլն և այլն։ Երբ սպառվեցին հաշտեցման բոլոր միջոցները, ինչպես վերն ասվեց, Մատթեոս պատրիարքը 1846 թվականի հունիսի 21-ին ազդագիր արձակեց, որով բանադրում (նզովում) էր հայ տխրահռչակ բարեկարգիչներին, հեռացնում Հայ Առաքելական Եկեղեցուց և դադարեցնում նրանց հետ որևէ հաղորդակցություն՝ դրանով նրանց վերջնականորեն զատելով Հայ Առաքելական Եկեղեցուց :
Ավետարանականների աղանդը այնքան վտանգավոր էր դարձել, որ երբ Մատթեոս պատրիարք Չուհաջյանը /Չուխաճյան/ 1858 թվականին դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս, իր գլխավոր պարտականությունը համարեց պայքարել վասն ուղղափառ դավանանքի և ընդդեմ ավետարանաբարենորոգչական հերձվածի:
Նա 1861 թվականի ապրիլի 25-ին կաթողիկոսական բանադրական կոնդակ արձակեց բողոքականների (բարենորոգչաավետարանականների) դեմ, որով քահանաներին պատվիրում էր այդպիսիներին Հայ Եկեղեցի չընդունել և Եկեղեցական Սուրբ Խորհուրդներին չարժանացնել:

 ԱՌ ԱՅՍՕՐ ԱՅԴ ԲԱՆԱԴՐԱՆՔ ՆԶՈՎՔԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ՎԵՐԱՑՐԵԼ ԵՎ ԲՈԼՈՐ ԲԱՐԵՆՈՐՈԳՉԱԿԱՆԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՐՁՎԱԾԻ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԸ ԴՐԱ ՏԱԿ ԵՆ, ԵՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՅԴ ՆԶՈՎՔԸ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐՍ ՄԵՂԱՅԱԿԱՆՈՎ ՉՀՐԱԺԱՐՎԵՆ ԻՐԵՆՑ ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԶՂՋՄԱՄԲ ՈՒ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՍՏԻՆ ՉՄԻԱՆԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՆ:
Մատթեոս Ա կաթողիկոսն իր կոնդակով Հայ Եկեղեցուց վտարվածներին վերստին Եկեղեցի ընդունելու համար նախապայման է դնում, որ նրանք զղջան (ընդունեն իրենց մոլորված լինելու հանգամանքը, զղջան և խոստովանեն), ընդունեն Առաքելական Եկեղեցու Ծեսերը, Սուրբ Խորհուրդները և Սուրբ Ավանդությունը :
Արևելահայաստանի ավետարանականները, մորթապաշտական նկատառումներով, մի քանի անգամ փորձեցին խորամանկորեն վայելել Հայոց Եկեղեցու հովանավորությունը։ Գևորգ Գ կաթողիկոսի օրոք (1866-1882 թթ.) նրանք հալածանքներից խուսափելու նպատակով առաջարկեցին առանց իրենց համոզմունքները փոխելու ընդգրկվել Հայ Եկեղեցու գիրկը, սակայն, բնականաբար, մերժվեցին։ Այնուհետև Խրիմյան Հայրիկի կաթողիկոսութան օրոք (1892-1907 թթ.) նորից նույն առաջարկությունն արեցին՝ իրենց մոլար վարդապետության մեջ մնալու պայմանով։ Նրանք նաև առաջարկեցին, որ իրենց հոգևոր գործիչներին ձեռնադրի Մայր Աթոռը, սակայն նորից պնդելով, որ պահպանեն իրենց հերձվածը։ Այդ խնդրանքը ևս իր լուծումը չգտավ :
Ավետարանականները 1970 թվականին առաջադրեցին 1846 թվականի բանադրանքի վերացման և Առաքելական Եկեղեցու հետ իրենց մերձեցման հարցը, սակայն այն նույնպես իր լուծումը չգտավ։ Եվ դա հասկանալի էր, քանի որ հնարավոր չէր վերացնել բանադրանքը, եթե նախապես վերացված չեն դրա պատճառները:
Ավետարանականները պետք է թեկուզ այսօր՝ 150 տարի ուշացումով, ընդունեն իրենց սխալը, ընդունեն, որ իրենց վարդապետությունը հերձված է, Մատթեոս պատրիարքի խոսքերով ասած՝ ընդունեն, որ. «իրենք խաբված են սատանայի չար հրապույրներից»։ Այնուհետև դադարեցնելով իրենց ինքնակոչ եկեղեցիների գործունեությունը՝ զղջմամբ և ապաշխարությամբ հրաժարվեն դիվապատիր վարդապետություններից և Հայ Առաքելական Սուրբ և Ուղղափառ դավանանքը խոստովանելով՝ վերադառնան Մայր Եկեղեցի։ Այսինքն՝ այսպես կոչված ավետարանական եկեղեցիների լուծարմամբ է (գիտակցաբար օգտագործում ենք «լուծարում» բառը, որն օգտագործում են կազմակերպությունների պարագայում), որ պետք է լուծվի բանադրանքի խնդիրը։ Մեկ այլ ուղի պարզապես չկա և չի էլ կարող լինել։ Դա հասկանալով էր, որ Վազգեն Առաջին կաթողիկոսը ևս չվերացրեց բանադրանքը, քանզի հակառակ պարագայում Եկեղեցին պետք է ընդուներ, որ ինքն է սխալվում և մեղանչեր Ճշմարտության առաջ։ Ավելին՝ Վազգեն վեհափառը 1972 թվականի դեկտեմբերի 30-ի նամակով վերջ տվեց այդ «մերձեցման շարժմանը»։ Նա գրում է, թե պետք է ստուգել, թե հայ ավետարանականները որ չափով և ինչ ձևով են պատրաստ ընդունել Հայ եկեղեցու Դավանությունը, Ծեսը, Նվիրապետությունը և կանոնական ու ավանդական սկզբունքները:
Ավետարանականները այս նամակից խիստ նեղացած են մինչև այսօր։ Նրանք մերձեցում ասելով հասկանում էին և ակնկալում էին բոլորովին այլ բան և բնավ ո՜չ «անառակ որդու դարձ» :
Ավետարանականները չեն ընդունում «Մեկ Եկեղեցի, Մեկ Ժողովուրդ, Մեկ Հայրենիք» կարգախոսը իր ուղիղ և ամբողջական իմաստով։ Ավելին՝ նրանք այդ իմաստով այն նույնիսկ վտանգավոր են համարում՝ առանց տրամաբանական որևէ փաստարկների։ Նրանք կամենում են պահպանելով իրենց թյուր, հոգեկործան վարդապետությունները, բողոքական պարզունակ «պաշտամունքները»՝ միաժամանակ Առաքելահիմն Սուրբ և Ուղղափառ Եկեղեցու հետ, իրենց խոսքերով ասած, «ներդաշնակության» մեջ լինել՝ չմտածելով, որ դրան երբեք չեն համաձայնվի Եկեղեցու զավակները, քանզի. «… ի՞նչ կապ ունի արդարությունը անօրենության հետ և կամ ի՞նչ հարաբերություն լույսի և խավարի միջև և կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի և բելիարի միջև…» (Բ Կորնթ. 6. 14, 15):
Վ. Թութիկյանը այն տեսակետն է պնդում, որ միևնույն ազգի մեջ հարանվանությունները ցանկալի են. «Միևնույն ազգի կյանքի մեջ բաղձալի է ունենալ տարբեր հարանվանությունների պատկանող եկեղեցիներ, ինչպես պարտեզի մեջ հաճելի կլիներ ունենալ տեսակավոր ծաղիկներ …» և այլն և այլն։ Սա արդեն աբսուրդի հասնող սենտիմենտալություն է, որը որևէ եզր չունի քրիստոնեության հետ ընդհանրապես, և հայոց ազգի գոյապահպան ռազմավարական մինիմալ հարցերի հետ մասնավորապես:
Ավետարանականների նկատմամբ իր ժամանակին խիստ բացասական վերաբերմունք ուներ նաև հայ քրիստոնյա հասարակ ժողովուրդը։ Այդ առթիվ ավետարանականներից մեկն իր դժգոհությունն է հայտնում «Մշակի» էջերում՝ ասելով, որ որևէ մեկը չի ուզում լսել հայ ավետարանականներին, և իրենք մշտապես միայն նախատինքների և հայհոյանքների են արժանանում… :
Երբ Մատթեոս պատրիարքը 1846 թվականի հունիսի 21-ին բանադրեց, բողոքական-բարենորոգչականավետարանական աղանդավորներն էլ կարծես դրան էին սպասում. ընդամենը մեկ շաբաթ չանցած՝ հուլիսի 1-ին, հիմնադրեցին իրենց հերձվածողական ուղղությունը՝ այն ինքնակոչ ձևով եկեղեցի հռչակելով:
Իսկ «ավետարանական եկեղեցու» հիմնադրման արարողությունը (Քրիստոսի Սուրբ Եկեղեցու կողքին, անսահման հպարտությունից դրդված, մարդկային ջանքերով նոր եկեղեցի հիմնելու մտքի հանդգնության չափի մասին խորհելը թողնում ենք ընթերցողին) շատ զավեշտալի կերպով ընթացավ։ 1846 թվականի հուլիսի 1-ին 37 տղամարդ, 3 կին, մի քանի միսիոներների հետ միասին հավաքվեցին միսիոներ Թուայթի տան ընդարձակ սենյակում (որը միսիոներական մատուռ էին անվանում): Աստվածաշնչի ընթերցումից և աղոթքից հետո ներկաները ընդունեցին միսիոներների օժանդակությամբ պատրաստված, այսպես կոչված, հայ ավետարանական եկեղեցու կանոնադրությունը։ Ապա հատուկ հրավերով ներկա գտնվող միսիոներները ոտքի ելան և որպես բողոքական ավետարանական «եկեղեցիների» ներկայացուցիչներ՝ հրապարակավ նրանց ճանաչեցին իբրև Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցի :
Զարմանալ կարելի է. մի՞թե այդ քառասուն թշվառ հայերը խակամտորեն իսկապես կարծում էին, թե մեծամտության մտագարության ակնհայտ ախտանշաններ դրսևորող մի քանի ամերիկացիների որոշելով, Աստված պետք է իրենց հերձվածը ընդունի որպես Քրիստոսի Ճշմարիտ Եկեղեցի:
Պատրիարքարանի բնութագրումը չուշացավ. այն շատ հակիրճ, բայց ինքնին խոսուն էր՝ հավատուրացություն: Մի անվանում, որ տրվում էր քրիստոնեությունը ուրացած և իսլամը ընդունած հայերին :
Ավետարանականների ներկայիս հովիվներից Վ. Թութիկյանը վերը նշված այդ իրադարձությունները, որոնք միանշանակ դիվական աստվածամարտ ապստամբության ոգով էին ղեկավարվում, անվանում է ոչ այլ կերպ, քան՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ ավետարանական եկեղեցու հիմնում: Սա արդեն հայհոյություն է Սուրբ Հոգու դեմ և արժանի Սուրբ Գրքի այն «վայ»-ին, որ ասում է. «Վայ նրանց, ովքեր չարը բարի կանվանեն և բարին՝ չար, ովքեր լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս, ովքեր դառնը քաղցր կհամարեն և քաղցրն՝ դառը…» (Եսայի 5.20) և «…ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա» (Մարկ. 3.29): Իսկ տիեզերալույս սուրբ Հովհան Ոսկեբերանը ասում է. «Ամեն մի անջատում Եկեղեցուց, հեռացում է Սուրբ Հոգու շնորհներից»: Մի փոքր անց Վ. Թութիկյանը, մոռանալով իր ասածը, օբյեկտիվ է դառնում. «… Հայ ավետարանական եկեղեցին, ինչպես որևէ կազմակերպություն, կատարելության կնիքը չի կրում և կատարյալ լինելու հավակնություն չունի» : Մոռանալով այն պարզ դրույթը, որ Եկեղեցին անսխալական է, կատարյալ, ավետարանական քարոզիչը հենց ինքն է փաստում, որ «ավետարական եկեղեցին» բնավ էլ Եկեղեցի չէ, այլ ինչ որ աղանդավորական կազմակերպություն, քանի որ իրապես սխալ էր հիմնադրումից իսկ:
Քրիստոս Աստված Ինքը Հիմնեց Իր Եկեղեցին, և փողոցից ինչ-որ մեկը չի կարեղ եկեղեցի հիմնել կամ կազմակերպել:

 Ինչպես ասվեց ավետարանականների կայացմանը խիստ նպաստում էր Արտաքին առաքելությունների ամերիկյան հանձնաժողովը։ Ինչքան էլ տարօրինակ լինի, սրա նպատակը «օտար երկրների հեթանոսներին ավետարանելն էր» :
Եթե սկզբնական շրջանում այդ միսիոներները հիմնականում զբաղվում էին բժշկական ծառայություններ մատուցելով, որը գնահատանքի արժանացավ Հայ Եկեղեցու առաջնորդների կողմից, ապա մի փոքր անց ամերիկյան հոգևորսներն իրենց մեջ եղած մաղձը չկարողացան թաքցնել և փորձելով առավելագույնս տարածել իրենց դիվական, հոգեկործան վարդա-պետությունները՝ բացահայտ հարձակման անցան. սկսեցին վայրահաչել Հայ Եկեղեցու վրա, ողջ տիեզերքում ամենաանաղարտ նրա Լույս Վարդապետության վրա, նրա հրաշք Խորհուրդների վրա, Առաքյալներից և Սուրբ Հայրերից ավանդված Սրբազան Ավանդության վրա: Հայ Եկեղեցու հոգևորականներն այն եզրակացության հանգեցին, որ միսիոներները ի չար են գործածում իրենց հանդեպ ունեցած վստահությունը, և ստիպված էին արդեն, թերևս նույնիսկ ուշացումով, հակամարտ դիրք որդեգրել միսիոներների նկատմամբ: Միսիոներներ, որոնք հեթանոսներին իրենց եղծված հավատը քարոզելու հետ մեկտեղ դիվական հպարտությամբ և անպատկառությամբ բռնված՝ կամենում էին «ձեռքի հետ» քարոզել, «դարձի բերել» Քրիստոսի Առաքելահիմն Ուղղափառ Սուրբ Եկեղեցին:
Այնուհետև Հայոց Եկեղեցու և ազգի այս պառակտիչներն սկսեցին սեպ խրել Եկեղեցու և ազգի, պետության միջև՝ մերժելով Պետություն-Եկեղեցի դաշինքի գաղափարը։ «Նրանք չըմբռնեցին և ոչ էլ գնահատեցին այն իրողությունը, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայ ժողովրդի համար կատարում էր թե՜ պետության և թե՜ Եկեղեցու դերը։ Նրանք չըմբռնեցին, որ հայկական այս փորձառությունն իր նմանօրինակը չունի եվրոպական ժողովուրդների մոտ… և ինչ որ սպառնալիք հանդիսացավ եկեղեցուն, այն սպառնալիք համարվեց նաև հայ ժողովրդին» :
Փաստորեն թուրքերը, ի դեմս ամերիկյան միսիոներների և մոդեռնիստների, գտան հիանալի գործընկերներ՝ հայերին պառակտելու և հավատափոխ անելու՝ փոխանակ միսիոներների սկզբնական այն հայտարարության, թե իբր իրենք, հայերի օգնությամբ, կամենում են քրիստոնյա դարձնել թուրքերին և հրեաներին:
Միսիոներները սկսեցին կազմակերպել «ավետարանչական» պաշտամունքներ։ Գործի դրվեց նաև նյութական օգնության գործոնը, որից Աստված և հայրենիք մոռացած շատ հայեր սկսեցին հարել միսիոներներին — :
Այս և վերը նշված պատճառով «ամերիկացի միսիոներների շարժառիթները լրջորեն կասկածի են ենթարկվել և խստորեն քննադատվել են մի շարք հայ պատմագետների կողմից։ Այս պատմագետները կփաստարկեն, թե միսիոներների շարժառիթը Ավետարանը տարածելուց առավել ամերիկյան բողոքականության տարածումն էր, այսինքն՝ հավատափոխությունը» :
Ապացույցը իրենց պտուղն է՝ հայ բողոքականության առաջացումը։ Անշուշտ, ամերիկյան միսիոներները որոշ նյութական ծառայություն մատուցեցին հայ ժողովրդին և այստեղ չենք նշում հաճախ որպես ծառայություն հիշվող կրթական, մշակութային «աջակցությունը», որն ամենամեղմ բնութագրմամբ կարելի է անվանել ոչ այլ կերպ, քան «արջի ծառայություն»։ Ամերիկյան կրթական կործանարար վտանգը տեսնելով՝ Եկեղեցու առաջնորդները ծնողներին հրահանգեցին հետ պահել իրենց զավակներին ամերիկյան դպրոցներից: Սակայն այդ նյութական օգնության հիշողությունն էլ ի չիք է դառնում, երբ տեսնում ես նրանց հասցրած հոգևոր վնասը, որը հոգևոր աղետ, հոգևոր եղեռն կարելի է անվանել, և այն շարունակվում է մինչ օրս: «Եղեռն» եզրը օգտագործելը պատահական չէր, որովհետև բողոքական դառնալով և բողոքականության մեջ մեռնող հազարավոր հայորդիներ իրենք իրենց դժոխքի կրակին դատապարտեցին, մի ցավալի երևույթ, որ շարունակվում է նաև մեր օրերում:
Արջի ծառայությունների թվում կարելի է նշել նաև հայերի մեջ ֆեմինիստական շարժմանը խթանելը, ինչպես նաև գրաբար լեզվի հետզհետե էլ ավելի հետ մղմանը նպաստելը, որին դեմ էին Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետությունը և պահպանողական աշխարհիկ շատ մտավորականները:

«ԻՆՔՆ ԻՐ ՄԵՋ ԲԱԺԱՆՎԱԾ ԱՄԵՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԵՐՎՈՒՄ Է,
ԵՎ ԻՆՔՆ ԻՐ ՄԵՋ ԲԱԺԱՆՎԱԾ ԱՄԵՆ ՔԱՂԱՔ ԿԱՄ ՏՈՒՆ ԿԱՆԳՈՒՆ ՉԻ ՄՆԱ…»
Հենց առաջին իսկ օրերին նորաթուխ հայ բողոքականների մեջ աստվածաբանական տարաձայնություններ սկսվեցին, ինչը բնորոշ է բոլոր աղանդավորներին, և հետագայում այդ տարաձայնությունները նրանց մեջ պառակտումների առիթ հանդիսացան:
Նրանք անվիճելի էին համարում հետևյալ հերձվածողական դրույթները. միայն հավատով, (առանց գործերի) փրկությունը, բոլոր հավատացյալների քահանայությունը, Եկեղեցու Սուրբ Ավանդության մերժումը և վարդապետական հարցերում անձնական դատողությունների իրավունքը «որը և պատճառ դարձավ նորանոր հերձվածների ծնունդի, որն էլ իր հերթին նպաստեց հայ ավետարանականների հետագա պառակտմանը:
Հենց սկզբից ավետարանականները, բողոքական լինելով, բնականաբար, ժամանակի ընթացքում որդեգրեցին բողոքական շատ այլ վարդապետություններ։ Նրանք նաև իրենց համար նոր հավատամք կազմեցին, որն անվանեցին «հավատքի խոստովանություն», որն իրենից բողոքական հերձվածխոսության մակարդուկ էր ներկայացնում։ Այն, ի թիվս այլ պնդումների, մերժում էր փրկության մեջ հավատին զուգահեռ նաև բարի գործերի, ապաշխարության անհրաժեշտությունը՝ պնդելով, որ միայն հավատը բավական է՝ հակառակ Ասվածաշնչում միանշանակ դրա անհրաժեշտության պնդմանը. «Եղբայրնե՜ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա: Մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել» (Հակ. 2.14), «…հավատը առանց գործերի մեռած է» (Հակ. 2.17),
«Դու հավատում ես, որ մեկ է Աստված, լավ ես անում: Դևերն էլ են հավատում և դողում: Ո՜վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի: Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացավ՝ սեղանի վրա հանելով իր որդուն՝ Իսահակին, որպես զոհ: Տեսնո՞ւմ ես, որ հավատը գործակից եղավ նրա գործերին, և գործերով էլ հավատը կատարյալ դարձավ: Եվ կատարվեց Գրվածը, որն ասում է. «Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ նրան որպես արդարություն համարվեց, և նա Աստծուն բարեկամ կոչվեց»:
Տեսնո՞ւմ եք, որ գործերով է արդարանում մարդը և ոչ թէ միայն հավատով… Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակ. 2.19-26):
«Այսուհետև ապաշխարության արժանի պտուղներ գործեցեք…» (Մատթ. 3.8):

 Եվ բազում այլ համարներ, որ եթե մեկը կույր չէ, ինքը կարող է տեսնել, և եթե միտքը դեռ լրիվ խավարած չէ, կարող է հասկանալ, որ.
ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆ Է ՈՒՂՂԱՓԱՌ ՀԱՎԱՏԸ
ԵՎ ԱՅԴ ՃՇՄԱՐԻՏ ՀԱՎԱՏԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑԱԾ ԳՈՐԾԵՐԸ :
Հավատով ենք տեսնում Աստծուն և սուրբ գործերով մոտենում Նրան: … Նախ հավատն է, ապա գործերը, քանզի հավատը հիմքն է, գործերը՝ շինվածքը, հավատը գլուխն է, և գործերը՝ ողջ մարմինը: … Հավատը առանց գործերի սոսկ անուն է և ոչ իր: … Եվ ինչպես որ հավատը մեռած է առանց գործերի, այդպես էլ գործերն առանց /Ուղղափառ/ Հավատի ունայն են, քանզի գործերը Ճշմարիտ Հավատով են արդյունավորվում, նաև հույսով ու Աստծո սիրով: … Հավատի կենդանությունը գործն է: … Եվ ինչպես թռչունը չի կարող մեկ թևով թռչել, այլ երկու՝ այնպես էլ քրիստոնյան չի կարող թռչել մեկ թևով՝ հավատով կամ գործով, այլ թռչելու համար անհրաժեշտ են երկու թևեր…,- ասում է սուրբ Գրիգոր Տաթևացին:

 Մենք մի փոքր կանգ առանք այս մի օրինակի վրա, որպեսզի ցույց տանք, որ ընդամենը մի օրինակը բավական է տեսնելու համար, որ ավետարականները ինչքան էլ պատեհ և անպատեհ հայտարարեն, թե իրենք հիմնվում են միմիայն Աստվածաշնչի վրա, դա ընդամենը կեղծիք է և բացահայտ սուտ, իսկ ստախոսների, մոլորեցնողների, գայթակղեցնողների բաժինը դևերի հետ է լինելու, որովհետև ում ծառայեցին, նրա հետ էլ լինելու են:
Ավետարան/չ/ականները արհամարհում են Եկեղեցու Հայրերի կողմից Սուրբ Հոգով արված Աստվածաշնչի մեկնությունները, նրանցից յուրաքանչյուրն իր սեփական մեկնությունը ունի, յուրաքանչյուրն ըստ իր «նախասիրությունների» է մեկնություններ անում: Այս երևույթը կարելի է անվանել «Մեկնողական բռնություն Սուրբ Գրքի հանդեպ»:
Իրենց «Հավատքի խոստովանությամբ» ավետարականները մերժում են Առաքյալների և Սուրբ Հայրերի Աստվածային Հայտնությամբ (ինչպես Աստվածաշունչը) տրված Սրբազան Ավանդությունը։ Մերժում են Եկեղեցու նվիրապետությունը՝ համարելով, որ բոլոր քրիստոնյաները քահանաներ են, սակայն այդ ասելու հետ մեկտեղ՝ նրանց, ովքեր ստացել են հովվական հատուկ դաստիարակություն «ձեռնադրում են» հովիվ ։
Մերժում են Եկեղեցու Յոթ Խորհուրդները, բայց միաժամանակ նրանց «պատվելիները» ՝ աշխարհիկ մարդիկ, «մկրտում են» և «հաղորդություն տալիս»՝ դրա տակ բնավ որևէ խորհուրդ չտեսնելով և նկատի չունենալով այն, ինչ այդ բառի տակ հասկանում ենք մենք, մերժում են սրբերի բարեխոսությունը, Պատարագներով, ողորմություններով, աղոթքներով ննջեցյալներին օգնելը, ննջեցյալների համար արվող հոգեհանգստի պաշտոնը ։
Այդ դրույթների և հնօրյա դիվական պավլիկյան ու թոնդրակյան պիղծ աղանդի ուսմունքների շատ կետերի հետ ունեցած նույնությունը ապշեցուցիչ է։ Երկուսում էլ զգացվում է սատանայի (որ թարգմանվում է ապստամբ, հակառակորդ) չար ոգին։ Իրենք ավետարանականները ավելին են պնդում. նրանք իրենց ակունքները տեսնում են պավլիկյանների և թոնդրակեցիների աղանդի մեջ. «պավլիկյան-թոնդրակեցիների մնացորդների և եվրոպական բողոքականության ազդեցության տակ 18-19 դարերում այդպիսի միտումները /հակաեկեղեցական/ ավելի որոշակի են դառնում և իրականության մեջ վերածվում ավետարանական հոսանքի։ Հետագայում այդ անհատները /հակաեկեղեցական նորաթուխ պավլիկյանները/ դարձել են հայ առաջին ավետարանական համայնքների… հիմքը, սկզբնական տարրը» :

Հատված «ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ» ԱՂԱՆԴ ԿԱՄ ՄԻ «ԲԱՐԵՆՈՐՈԳՉՈՒԹՅԱՆ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ  գրքից