Ավանակի ստվերի մասին լսել ուզում եք, իսկ հոգու փրկության մասին՝ ոչ (առակ)

Մի վարդապետ չէր կարողանում հասնել այն բանին, որ ժողովուրդն իրեն ունկնդրեր, երբ խոսում էր Աստծո կարևորագույն գործերի մասին։ Այդժամ նա սկսում է պատմել մի մտացածին պատմություն այն մասին, թե ինչպես մի պատանի ամռանը մի մարդու ավանակ է վարձում, որ մի քաղաքից մյուսը գնա։ Երբ կեսօրին արևն սկսում է կիզել, երկուսն էլ ցանկանում են շոգից պատսպարվել ավանակի ստվերի ներքո, սակայն վիճելով՝ սկսում են հրմշտել իրար ստվերի համար։ Պատանին ասում է, որ ինքն է վարձել ավանակին, ուստի նրա ստվերը ևս իրեն է պատկանում, իսկ տերը, թե՝ վարձով է տվել առանց ստվերի։
Պատմելով այսքանը՝ վարդապետը թողնում է իր տեղը, որ հեռանա, սակայն ժողովուրդը ետ է պահում նրան՝ պահանջելով, որ ավարտի պատմությունը և ասի, թե ինչպե՛ս լուծվեց վեճը։ Այդժամ վարդապետը ծիծաղում է և ասում. «Ի՜նչ մարդիկ եք դուք։ Ավանակի ստվերի մասին լսել ուզում եք, իսկ հոգու փրկության մասին՝ ոչ»։
Այդպիսին են նաև անունով քրիստոնյաները. երբ նայում են, լսում կամ կարդում ունայն բաներ, բնավ չեն ձանձրանում, թեկուզ այն շարունակվի մի ամբողջ օր։ Իսկ Աստծո Խոսքը կարդալու կամ լսելու ժամանակ ամենևին չունեն։

Facebook