Ավագ շաբաթի խորհրդաբանությունը տարբերվում է սուրբ քառասնորդաց պահքի խորհրդաբանությունից: Սուրբ քառասնորդաց պահքն ավարտվում է Ղազարոսի հարությամբ, իսկ դրան հաջորդող զատկական շաբաթի ութ օրերը համապատասխանում են արարչության յոթ օրերին և ութերորդ անվախճան դարին:
Այս շաբաթը կոչվում է մեծ կամ ավագ, քանի որ պարունակում է չորս մեծ խորհուրդ: Նախ աշխարհի արարման առաջին շաբաթի խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ դարերի խորհուրդը, այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթի խորհուրդը, և վերջապես՝ վերջին օրվա ու աշխարհի վախճանի խորհուրդը:
Այս պատճառով էլ Ծննդոց գրքի առաջին գլուխները տարին երեք անգամ ենք ընթերցում. առաջին անգամ՝ Տիրոջ Ծննդյան օրը, քանի որ Նա, Ով սկզբում նախամայր Եվային դատապարտեց՝ ասելով. «Ցավերով երեխաներ պիտի ծնես», եկավ ու ծնվեց սուրբ Կույս Մարիամից ու վերացրեց անեծքի դատակնիքը, երկրորդ անգամ՝ այսօր, քանի որ այս շաբաթն Աստծու արարչության օրերի առաջին շաբաթն է, Իսկ երրորդ անգամ՝ Զատկի ճրագալույցին, քանի որ այդ օրը Իր պատկերով Ադամին ստեղծող Արարիչը վերստին նորոգում է մարդուն ու առաջնորդում Դրախտ:
Արարչության երկրորդ օրը
Նախ տեսնենք, թե ինչպես է, որ այս շաբաթն ունի արարչության առաջին շաբաթվա խորհուրդը, որի ընթացքում գոյացան բոլոր արարածները: Արդ՝ «Արմավենիների օրը» խորհրդանշում է արարչության առաջին օրը, երբ Աստված արարեց երկինքն ու երկիրը: Իսկ Ավագ երկուշաբթի օրը խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված արարեց հաստատությունը, ինչը իմաստունները զատելով մյուս չորս տարրերից՝ հինգերորդ տարր և եթեր անվանեցին: Հաստատությունը գոյացավ արարչության երկրորդ օրը, երբ ջրերը բաժանվեցին միմյանցից՝ ըստ Աստծու խոսքի. «Թող հաստատություն առաջանա ջրերի միջև, և ջրերը թող բաժանվեն ջրերից: Եվ եղավ այդպես» (Ծննդ. Ա 6): Եվ ջրերը, որ սփռվել էին երկրի վրա, Աստծու հրամանով, միջից պատռվելով բաժանվեցին ու իրարից հեռացան, սակայն եզրերում չբաժանվեցին միմյանցից, այլ մեկմեկու միահյուսված, շրջան կազմելով՝ անբաժան մնացին, ինչպես տիկը, որ փչվելիս ուռչում է, և կողերը հեռանում են միմյանցից՝ առանց իրարից բաժանվելու: Երկրից ջրի հեռանալով, խավարը, որ անդունդի վրա էր, տարածվեց ջրերի միջև, և լույսն իր սահմաններում վանեց խավարը, և հաստատությունը, որը ջրերի միջև էր, Արարչի կողմից երկինք անվանվեց: Եվ որպեսզի այս զգալի ու նյութական աշխարհը չայրվի աննյութ երկնքի արփիափայլ ճառագայթներից, որը բնակավայրն է անմարմին անմահների՝ սուրբ հրեշտակների, վերևի ջրահարկը գմբեթաձև կամարակապ խորան դարձավ զգալի աշխարհի վրա՝ հովանի լինելով երկրին և առանց ծանրանալու հաստատության վրա: Ջրային կամարը մի տեղ նոսր և կամ մեկ այլ տեղում խիտ չէ, այլ ամբողջովին համասեռ է, միատեսակ, և՜ վերևում, և՜ ներքևում, Իսկ հրեղեն երկինքը, որն առաջին օրն արարվեց, դարձավ կամար ջրերի վրա: Կամար դարձավ նաև հաստատությունը, ինչը գտնվում է այս երկու կամարներից ցած, և այս կամարները միմյանցից հեռու են: Իսկ հրեշտակների կայաններն այս ջրերի վերևում են: Նրանցից շատերն իջնում են ջրերից ներքև՝ մարդկանց պահպանության համար, և դարձյալ վեր բարձրանում՝ Աստծուն պաշտելու ու երկրպագելու, և պատմում են Տիրոջը մարդկանց գործերի մասին:
Աստված երկինքը կատարյալ կազմեց, և նրա բնակիչները՝ հրեղեն զորությունները, ստեղծվեցին երկնքի ստեղծումով, և երկնքի կատարելությունը ցույց է տալիս Աստծու անբավ զորությունը: Իսկ երկիրը Տերն աստիճանաբար բերեց կատարելության, և այդպես արեց, որպեսզի մեզ ցույց տա Իր հայրական խնամքը, որ տածում է մեր հանդեպ:
Երկրորդ դարի խորհուրդը
Ավագ երկուշաբթին խորհրդանշում է երկրորդ դարը, երբ ապականվեցին բոլոր մարմինները՝ ըստ այս խոսքի. «Մեկ մարդու անհնազանդությամբ շատ մեղավորներ եղան» (Հռոմ. Ե 19): Ապականությունը ընդգրկեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու Ադամի փոխարեն երկինք տեղափոխվեց: Ադամն ուտելով պտուղը՝ վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը՝ մտավ Դրախտ ու անմահություն: Երկրորդ դարը ավարտվում է Նոյի կյանքի երեք հարյուր հիսունութերորդ տարում:
Այս օրերը նաև Քրիստոսի չարչարանքների օրերն են, երբ Տերը գալով Երուսաղեմ՝ ճանապարհին անիծեց թզենուն, և մտնելով տաճար՝ ամոթով թողեց դպիրներին ու փարիսեցիներին, և շատ բաներ ասաց Իր մասին:
Տեսնենք նաև, թե ինչպես է Ավագ շաբաթը համապատասխանում վերջին օրվա և վախճանի խորհրդին: Երբ Տերը եկավ Բեթանիա՝ «սգի ու չարչարանքների տուն», դա Նրա առաջին գալուստն էր, իսկ Ծաղկազարդի կիրակին խորհրդանշում է Նրա Երկրորդ գալուստը, երբ աշխարհը դղրդալով սասանվելու է և մեռելները դուրս են գալու գերեզմաններից ու կանգնելու են Քրիստոսի առջև: Նրանցից ոմանք ուրախանալու են Քրիստոսի պատվով ու փառքով, ինչպես ծերերն ու մանուկները, իսկ ոմանք էլ տխրելու են, ինչպես քահանաներն ու դպիրները: Ավագ երկուշաբթի օրը Տերն անիծեց անպտուղ թզենուն, ինչը մեղավորների օրինակն է, ովքեր անիծվելու են վերջին օրը Աստվածային հրամանով. «Անիծյալնե՜ր, գնացե՜ք Ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար» (Մատթ. ԻԵ 41):

Կանոն Ավագ Երկուշաբթիի
(Մատթ. ԻԱ 17-27)

Արդ՝ երեկ տոնեցինք մեր Տիրոջ հրաշափառ գալստյան օրը: Իսկ այսօր Նրա հետ տաճար ելնենք Կեդրոնի ձորի այն կողմից, որը Ձիթենյաց լեռան ստորոտն է, ուր Տերը հանգրվանում էր իր սուրբ աշակերտների հետ, իսկ ցերեկը ժողովրդին ուսուցանում տաճարում, որպեսզի մեզ սովորեցնի, թե երբ ժողովուրդը խաղաղվի աշխարհածուփ զբաղմունքներից և միջօրեին մոտենա ու խնդրի աստվածային լուսազարդ պայծառություն, ապա պետք է գնալ նրանց մեջ ու վարդապետել օգտակար խրատներով: Իսկ երբ գիշերային ու աշխարհական գետնաքարշ հոգսերը նրանց պաշարեն, ապա պետք է առանձնանալով փախչել Ձիթենյաց լեռան ստորոտը և այնտեղ օթևանել, որը նշանակում է վեր բարձրանալ երկրաքարշ հոգսերից և հոգևոր երգերով հալածել մեր մտքի խավարը և աստվածավանդ ձեթով օծել մեր գլուխները, որպեսզի մենք ևս չբռնվենք աշխարհական ծփանքներով, ինչը խավարեցնում է մեր խորհուրդները:
Մատթեոսը գրում է. «Եվ նրանց թողնելով՝ ելավ քաղաքից դուրս, դեպի Բեթանիա. և այնտեղ գիշերեց» (Մատթ. ԻԱ 17): Բեթանիա գնալը խորհրդանշում է համբարձման օրը, երբ Հիսուս Իր աշակերտների հետ գնաց Բեթանիա, նրանց օրհնեց ու երկինք համբարձվեց: Իսկ առավոտյան քաղաք վերադառնալը խորհրդանշում է Նրա Երկրորդ գալուստը և մարդկանցից բարի գործեր պահանջելը: Եվ եթե որևէ մեկը բարի գործեր չունենա, նրան անիծելով ձախ կողմ է ուղարկելու:
«Եվ առավոտյան երբ քաղաք վերադարձավ, քաղց զգաց»: Փրկագործի համար մեր կրքերն անհրաժեշտություն չէին: Տերը դրանք կրում էր կամավոր, որպեսզի մեզ կյանք տա: Քանզի երբ կամենում էր, այնժամ հրաման էր տալիս քաղցին ու ծարավին, և կրքերը մոտենում էին Իր Աստվածախառն մարմնին: Այդպես էլ երբ կամեցավ, այն ժամանակ մահացավ և հարություն առավ: Սա է տարաժամ ու անսովոր ժամին քաղց զգալու բացատրությունը:
«Եվ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ եկավ դեպի այն և նրա վրա ոչինչ չգտավ, այլ միայն՝ տերև»: Բոլորը գիտեն, որ մարտ ամսին թզենու վրա պտուղ չի լինում: Սակայն Քրիստոս՝ մեր ամենատես ու հոգատար Քավչապետը, Իր զորությամբ «անգիտանում» է, ինչպես մի ժամանակ Դրախտում ասաց. «Ո՞ւր ես, Ադամ»: Նաև առաջին սպանողին ասաց. «Ո՞ւր է Աբելը՝ Քո եղբայրը»: Անգիտությամբ է վարում, որպեսզի կատարվեն աստվածային նշանները, քանի որ թզենին հրեաների օրինակն է, ինչպես և «Չար մշակների» առակում նրանց այգի է անվանում (տե՜ս Մատթ. ԻԱ 34-39): Իսկ առաքյալը, հռոմեացիներին իր ուղերձում (տե՜ս Հռոմ. ԺԱ 17), նրանց ընտանի ձիթենի է անվանում:
Այստեղ հրեաներին առակով թզենի է անվանում, որոնց նախապես Օրենքով ու մարգարեներով ամրացրել էր: Իսկ այժմ, ժամանակների վախճանին, եկել էր ստանալու նրանցից բարի գործերի պտուղները, սակայն չգտնելով՝ հարվածեց ու գոսացրեց նրանց դալարությունը: Իսկ երբ ծառն առանց չորանալու գոսանում է, ապա հրո ճարակ է դառնում: Նույնպես և հրեաները՝ այրվելով կործանվեցին հռոմեացիների կողմից, ովքեր էլ որպես ավար վերցրին նրանց սրբությունը, նրանց սուրբ քաղաքը հիմնահատակ քանդեցին և նրանց պոկելով արմատներից՝ գերության մատնեցին:
«Եվ թզենուն ասաց. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»: Քանի որ, իջնելով երկնքից ու գալով հրեաների մոտ, Հիսուս նրանցից պահանջեց Աբրահամի հավատն ու գործերը, բայց գտավ միայն որդեգրության անունը, որը տերևն է, և ո՜չ՝ պտուղը: Այդ պատճառով վերցրեց նրանցից նաև «հրեա» անունը:
Տերը նախապես հրեաներին ընտրեց որպես Իր ժողովուրդ և նրանց միջոցով կամեցավ հավատ փնտրել նաև հեթանոսների մեջ, սակայն հրեաները հակառակվեցին Նրա Աստվածությանը: Եվ Տերն անիծեց թզենուն՝ ասելով. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»: Այսինքն՝ չլինի ո՜չ մարգարե ու աստվածախոս և ո՜չ զոհ, պատարագ ու ընծա: Կատարվեց Դանիելի մարգարեությունը, թե վաթսուներկու յոթնյակից հետո պիտի վերցվի օծությունը:
«Եվ նույն պահին թզենին չորացավ»: Թզենին նույն պահին չորացավ, որպեսզի ճանաչենք Նրան, Ով սկզբում օրհնեց զեռուններին ու ասաց, որ աճեն ու բազմանան և լցնեն երկիրը, և այդ հրամանն անմիջապես կատարվեց: Անմիջապես կատարվեց նաև այն խոսքը, որ ասաց Տերը մեր նախահորը. «Թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը» (Ծննդ. Գ 17):
Գոսացած թզենին առակն է նաև այն թզենու, որից Ադամն ու Եվան տերևներ պոկեցին՝ ծածկելու համար իրենց մերկությունը: Արդ՝ այսօր Տերը գոսացնում է թզենին, քանի որ, այսուհետև, մարդկային ցեղն այլևս կարիք չունի տերևով ծածկելու իր ամոթը, որովհետև սուրբ Ավազանի միջոցով զգեստավորվեց Տիրոջ պատմուճանով՝ ըստ այս խոսքի. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք» (Գաղատ. Գ 27):
Դարձյալ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, այլ «խռովություն» չգործեց երկրի վրա բացի թզենու տիրոջը և գերգեսացի խոզատերերին տրտմեցնելուց, որոնց խոզերին դևերը ծովում խեղդեցին (տե՜ս Մատթ. Ը 32): Քանզի ծովեզերքի բոլոր կողմերից ու այլ շրջաններից բոլոր հրեաներն ու հեթանոսները գալիս էին Նրան լսելու, տեսնելու Նրա սխրալից նշաններն ու բժշկությունները, սակայն գերգեսացիները, ովքեր հարուստ էին, շահի հետևող, խոզապահ, անարվեստ ու տվայտող, չեկան տեսության՝ անտեսելով Հիսուսի վերաբերյալ այդ զարմանալի լուրերը: Տերն էլ՝ մարդասիրաբար կամենալով կարճել նրանց ագահությունը, ամբողջապես ջնջեց նրանց սնոտի հույսը: Իսկ ծառի տերն անտեսել էր Օրենքը, որ ասում է. «Երբ քաղես քո այգին, քաղից հետո ճռաքաղ չանես. դա թող պատկանի եկվորին, որբին ու այրուն» (Բ Օրենք ԻԴ 18): Այդ պատճառով բոլորիս Տերն ամբողջ ծառը տուգանքի ենթարկեց, որպեսզի ծառի տերը երկյուղ ունենա Օրենքից:
«Երբ աշակերտներն այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպե՞ս թզենին իսկույն չորացավ»: Քանի որ տունկը, երբ հատում են արմատից, անմիջապես չի չորանում. այլ նախ՝ մի քանի օր թառամում է, հետո՝ կամաց-կամաց չորանում և մերկանում կեղևից: Իսկ այդ թզենին Տիրոջ հրամանով անմիջապես արմատից չորացավ: Այդ պատճառով էլ աշակերտները զարմացել էին:
Չորացրած թզենու պատմությունը այլ խորհուրդներ ևս ունի: Այն ցույց է տալիս, որ Տերը միշտ չէ, որ գործում էր ողորմելով, այլ նաև պատժում էր, և դա հայտնի է հետևյալից. նախ՝ խոզերին ծովում խեղդելուց, երկրորդ՝ խաչելության ժամանակ վեմերը պատռելուց ու երկիրը շարժելուց, և վերջապես՝ թզենին չորացնելուց:
Սրանով Տերը ցույց տվեց, որ Ինքն Իր կամքով տվեց Իր Անձը չարչարվելու ու մահանալու՝ մեր փրկության համար, ապա թե ոչ, ինչպես չորացրեց թզենին, այնպես էլ խաչողներին կարող էր սպանել: Նաև հայտնում է, որ Ինքն Իշխան է ու Տեր և Իր մի խոսքով կարող է տնկել ու պոկել:
Անպտուղ թզենին նրանց օրինակն է, ովքեր առաքինության միայն արտաքին տեսքն ունեն և ո՜չ՝ պտուղը: Այդպիսիների համար ասում է. «Նրան կսպանի և կեղծավորների վախճանին կարժանացնի. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտում» (Մատթ. ԻԴ 51):
«Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՜ր ու ծովն ընկիր, այն կկատարվի»: Ասելով, թե այն ամենը, ինչ կխնդրեք հավատով, կստանաք, նրանց թելադրում է աղոթել: Տերն ուսուցանում էր ոչ այնպես, ինչպես դպիրներն էին սովորեցնում, և ո՜չ էլ՝ ինչպես մարգարեները, ովքեր խոսում էին ժողովրդի հետ ինչպես Աստծու պատգամավորներ, այլ Իրենից էր սովորեցնում ժողովրդին՝ իշխանությամբ ու տիրաբար, և Սուրբ Հոգին բացում է ունկնդրողների լսողությունը, ամենուր տարածելով աստվածային վարդապետության խոսքերը, և հանգրվանում բոլորի լսողության մեջ՝ և՜ խուլերի, և՜ մանուկների, և՜ անգետների:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի