ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 IV դարի եգիպտացի ճգնավոր աբբա Անտոնիոս Մեծի մոտ մի նշանավոր փիլիսոփա է գալիս և հարցնում է. «Աբբա՜, դու ինչպե՞ս կարող ես այստեղ` անապատում ապրել` զրկված լինելով գրքերի ընթերցանության սփոփանքից»: Ձեռքով ցույց տալով կապույտ երկինքը, կիզիչ արևը, լեռները, ավազները, անապատի աղքատիկ բուսականությունը` ճգնավորն ասում է. «Իմ գիրքը, փիլիսոփա՜, արարված բաների բնությունն է, և երբ ցանկանամ, կարող եմ նրա մեջ Աստծո գործերը կարդալ»:
Մեր աշխարհն Աստվածային Հայտնության Մեծ գիրք է: Բանականությամբ, դիտողականությամբ ու վերլուծության հակումով օժտված յուրաքանչյուր մարդ, այն ուշադիր թերթելով, չի կարող չզարմանալ այն ներդաշնակությամբ, գեղեցկությամբ, նպատակասլացությամբ ու բանականությամբ, որոնք առկա են ամեն ինչում` սկսած մոլեկուլից մինչև գալակտիկաները: Եվ ակամա հարց է ծագում. անբնական, խառնաշփոթ ու անգիտակից սկիզբը մի՞թե կարող է բանական ու ներդաշնակ գոյության աղբյուր լինել:
Աստծուն ժխտող մարդիկ ամեն ինչ բացատրում են դիպվածի հանգամանքով: Միշտ և ամենուր գոյություն ունեցող նյութը, հավաստիացնում են նրանք, ինչ-որ մի պահի սկսել է այնպես զարգանալ, որ դրա հետևանքով ինքնաբերաբար այս հրաշալի աշխարհն է ծնվել:
Նրանք ինչո՞ւ են այդպես մտածում: Այն պատճառով, որ իմաստուն ու նպատակասլաց կերպով հաստատված մեր աշխարհում մենք բանականության տեսանելի աղբյուր չենք գտնում: Արդյունքում՝ բանական աշխարհը կա, բանականության աղբյուրը՝ ոչ: Բնական է ենթադրել, որ այդ աղբյուրը մեր աշխարհից դուրս է, սակայն տվյալ պարագայում անխուսափելիորեն հարկավոր է ճանաչել Աստծո գոյությունը: Հակառակ դեպքում հարկ է ընդհանրապես հրաժարվել գոյության բանական սկզբի որոնումից: Եվ այդ դեպքում մնում է տիեզերքի ծագման միակ պատճառը ճանաչել մի ինչ-որ պատահական «ինքնաբռնկում», դիպվածային հանգամանքների դարձյալ պատահական մի զուգադիպություն, որոնք ինչ-որ անբացատրելի եղանակով կանխորոշել են պարզից բարդի, անկենդանից կենդանիի, անբանականից բանականի, հրաբխային լավայից մարդկային ուղեղի, խղճի, սիրո, գեղեցիկի զգացման փոխարկվելու, կատարելագործվելու` իր բարդությամբ ֆանտաստիկ գործընթացը: Եվ այսպես` աշխարհի սկիզբը բանակա՞ն է, թե՞ պատահական: Այն արարվա՞ծ է, թե՞ պատահական:
Եկեղեցին մեզ ուսուցանում է, որ տիեզերքն Աստվածային Հայտնության մեծ գիրք է, որ աշխարհը հայտնվել է որպես Աստծո` ինքն իր մասին բնական վկայություն: Մտահայելով այս աշխարհը` մենք կարող ենք նրա մեջ միջնորդավորված, բայց իրական կերպով զգալ Աստվածային ներկայությունը: Տեսնելով աշխարհի հաստատության բանական լինելը` բնական է մտածել, որ բանական է նաև Արարիչը, իսկ կյանքի գոյության իրողությունը բացատրել նրանով, որ Աստված Կյանքի Աղբյուր է:
Սակայն շրջապատող աշխարհը դիտելով` տարբեր մարդիկ տարբեր եզրակացությունների են հանգում: XX դարի մեծ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի համար մեր աշխարհը հիրավի Աստվածային Հայտնության բնական գիրք է: Գիտնականն ինքն այդ միտքը հիանալի է արտահայտել հետևյալ խոսքերով. «Իմ կրոնն այն զգայական խորին համոզվածությունն է, որ գոյություն ունի բարձրագույն ինտելեկտ, որը մեզ բացվում է ճանաչման համար մատչելի աշխարհում»: Էյնշտեյնն աստվածաբան չէր, սակայն դիտարկելով շրջապատող աշխարհը` շատ կարևոր եզրակացություն է անում. ֆիզիկական աշխարհի ճանաչումը բացահայտում է Արարչի իմաստությունը:
Բայց գիտության ոչ բոլոր մարդիկ են հակված այդպիսի եզրակացություններ անելու, քանի որ նրանց մեջ կան ինչպես հավատացյալներ, այնպես էլ անհավատներ: Կար ժամանակ, երբ մեր երկրի գիտնականների մեծամասնությունը իրենց մասին խոսում էին որպես աթեիստների: Պատմությունը ցույց տվեց, որ նրանցից շատշատերն այդպես էին վարվում, որովհետև այլ կերպ ասելուց վախենում էին: Եվ դա լիովին հասկանալի է: Այն ժամանակ լինել հավատացյալ՝ նշանակում էր լինել հասարակությունից մերժված անձ: Եվ ոչ բոլորն արիություն ունեին խոստովանելու, որ իրենք, գիտնական ու հետազոտող լինելով, միևնույն ժամանակ հավատացյալներ էին: Սակայն այն ժամանակ էլ կային արիակամ մարդիկ: Չեմ կարող մոռանալ ականավոր գիտնականկենսաբան, ակադեմիկոս Ա. Ա. Բաևին, ում հետ Տերն ինձ մտերմացրեց 1984 թվականին: Այդ մարդն ինձ պատմեց, թե ինքը, գիտնական լինելով, ինչպես է կարդում բնական Հայտնության այն մեծ գիրքը, ինչը մենք կենդանի բնություն ենք անվանում: Այդ ակադեմիկոսի` հավատացյալ ու շատ տառապած մարդու համար այս աշխարհն իրոք Աստծո Հայտնության կենդանի գիրք էր:
Սակայն տիեզերքի բացահայտման համար բնական Հայտնությունը ոչ բոլորին է բավարար: Պատահում է, որ շրջապատող աշխարհի դիտարկումները մարդկանց հասցնում են տարբեր, հաճախ տրամագծորեն հակադիր եզրակացությունների: Ուստի Տերը հաճել է իր մասին մարդկանց տալ ևս մեկ ավետիս` գերբնական Հայտնությունը:
Մարդկային պատմության մեջ միշտ էլ մարդիկ են եղել՝ ընդունակ Աստծո ձայնը լսելու: Դրանք մարգարեներն են: Հաղորդակցության մեջ մտնելով նրանց հետ` Աստված իրեն հայտնի էր դարձնում: Բայց նա իրեն ամբողջությամբ հայտնի դարձրեց Հիսուս Քրիստոսի մեջ, որ երկու հազար տարի առաջ ծնվեց Հուդայի Բեթղեհեմ քաղաքում: Քրիստոսով աշխարհին կատարյալ Հայտնություն տրվեց:
Հայտնությունը, որ Աստված իր մասին հաղորդեց մարգարեներին և աշխարհին հայտնի դարձրեց իր Որդու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, կոչվում է գերբնական Հայտնություն: Այդ Հայտնությունը մշտապես ջերմեռանդորեն է պահպանվել հավատացյալների ընկերակցությունում` Հին Կտակարանի ժամանակներում` հրեա ժողովրդի մեջ, իսկ Տիրոջ` Փրկչի Ծնունդից հետո` քրիստոնեական համայնքում: Այն պահպանվել է խնամքով՝ սերնդեսերունդ փոխանցվելով: Եվ որպեսզի ստացված Հայտնությունը մարդկային հիշողության տկարության կամ անհատական մեկնաբանության պատճառով չխաթարվի, այն արդեն իսկ խոր հնադարում սկսեցին գրի առնել: Այդպես ի հայտ եկան Սրբազան գրքերը:
Սերնդեսերունդ փոխանցվող Հայտնությունը կոչվում է Սրբազան Ավանդություն: Իսկ Ավանդության այն մասը, որ գրի են առել մարգարեներն ու առաքյալները` Սուրբ Գիրք:
Աստվածային Հայտնության շնորհիվ մարդիկ վերզգայական աշխարհի մասին անհրաժեշտ գիտելիք ունեն:
Իհարկե, Հայտնության մեջ ամեն ինչ չէ, որ ասված է: Մարդիկ ամեն ինչ կիմանան միայն այն ժամանակ, երբ կհատեն ֆիզիկական կյանքն ապագա կյանքից բաժանող սահմանը: Սակայն Աստվածային Հայտնությունը բովանդակում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է Աստծո հետ մարդու ճիշտ հարաբերությունների կառուցման համար:
Երբ մենք կարդում ենք Սուրբ Գիրքը, ապա մեր առջև պարզապես պատմական մի փաստաթուղթ կամ գրական ստեղծագործություն չէ, որ ունենում ենք: Մենք ճշմարտապես հպվում ենք Աստծո Խոսքին, որը կարող է յուրահատուկ կերպով ներգործել մեր բանականության վրա: Վերևում խոսեցինք, որ հավատն սկսվում է բանականությունից: Աստվածային Հայտնությամբ լուսավորված բանականությունը գործի է դնում կրոնական զգացումը, որն էլ հենց բոցավառում է հավատը` մարդու առջև իրական Աստվածճանաչողության ճանապարհը բանալով: Այս իմաստով` Աստծո Խոսքն իրոք լուսավորում է մեզ, քանի որ, ինչպես Հովհան Ոսկեբերանն է ասում. «Լցված լինելով լույսով և լույս ճառագելով` այն լուսավորում և պայծառացնում է իր հավատացյալների հոգիները»:

Կիրիլ Պատրիարք Մոսկվայի և Համայն Ռուսիո «Հովվի խոսքը»