Ասորի ուղղափառ եկեղեցի

Asori ekexeci - Ասորի ուղղափառ եկեղեցի

 Ասորի ուղղափառ եկեղեցի, Սիրիական ուղղափառ եկեղեցի , Հակոբիկյան եկեղեցի, Արևելյան ուղղափառ եկեղեցիներից: Ասորի ուղղափառ եկեղեցու գլուխն է պատրիարքը (կոչվում է Անտիոքի պատրիարք), նստավայրը՝ 1959-ից Դամասկոսում (Սիրիա): Քրիստոնեությունն ասորախոս (արամեախոս) աշխարհում տարածվել է առաքելական ժամանակներից, իսկ ասորի եկեղեցին սկիզբ է առել Անտիոքի վաղ քրիստոնեական համայնքից, ինչը հիշատակված է Գործք առաքելոցում: Այստեղ գործել են Բառնաբաս, Պողոս և Պետրոս առաքյալները: Անտիոքի եկեղեցու հիմնադիր է համարվում Պողոս առաքյալը: Անտիոքից քրիստոնեությունը տարածվել է դեպի Արևելք: Ասորի քրիստոնյաները քարոզել են Եդեսիայում (Օսրոյենե), Ադիաբենեում, Միջ ագետքում, արաբներին՝ Պարսկական ծոցում, հասել մինչև Ցեյլոն (Շրի Լանկա), Հնդկաստան և Չինաստան: Ասորախոս քրիստոնյա բնակչությունը բաժանված է եղել Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև: Պարսից արքա Շապուհ I-ի (243–273) տեղահանումների հետևանքով քրիստոնյա ասորիները Անտիոքի շրջանից հաստատվել են նաև Պարսկաստանում: Այդ ժամանակվանից սկսած Պարսկաստանում գոյություն են ունեցել երկու քրիստոնեական ասորական համայնքներ՝ արամեախոս և հունախոս: IV դ. սկզբին ձևավորվել է պարսկական եկեղեցու նվիրապետությունը՝ Տիզբոնի կաթողիկոսի գլխավորությամբ: Խուսափելով Պարսից Շապուհ II թագավորի (310–380) հալածանքներից՝ քրիստոնյաներից շատերը հաստատվել են Հռոմ. կայսրության սահմաններում: 363-ին, երբ պարսիկները գրավել են Մծբինը, քրիստոնյա ասորիները Եփրեմ Ասորու գլխավորությամբ տեղափոխվել են Եդեսիա: Մծբինը և Եդեսիան իրենց նշանավոր դպրոցներով եղել են ասորական քրիստոնեության հոգևոր կենտրոններ: 410-ին Սելևկիայի ժողովն ընդունել է Նիկիայի Հավատո հանգանակը և եպիսկոպոսական ձեռնադրման կանոնները: Պարսկաստանի ասորիները, ձգտելով ձերբազատվել բյուզանդամետության մեղադրանքներից և խուսափել հալածանքներից, 424-ի Մարկաբդայի ժողովում հայտարարել են Պարսից ասորական եկեղեցու անկախությունը բյուզանդական եկեղեցուց: Այս ձևով Պարսկաստանի ասորիները սկսել են հեռանալ Հռոմեական կայսրության ասորիներից, իսկ Տիզբոնի կաթողիկոսը համարվել է Պարսից Արևելյան ասորական եկեղեցու գլուխ: Հաղորդակցությունը Անտիոքի և այլ ավանդական կենտրոնների հետ թուլացել է: 431-ի Եփեսոսի Գ տիեզերական ժողովում Նեստորի դատապարտությունից հետո նրա հետևորդները, հալածվելով Բյուզանդական կայսրությունից, ապաստան են գտել Պարսկաստանում և որպես Բյուզանդիայի հակակշիռ հովանավորվելով Պարսից արքունիքի կողմից՝ ամրապնդել իրենց դիրքերը երկրում: 484-ին Բեթ Լափաթի ժողովը դատապարտել է Եփեսոսի տիեզերաժողովի որոշումները, իսկ 499-ին Սելևկիայի ժողովում նեստորականությունը հռչակվել է Պարսից եկեղեցու պաշտոնական դավանանք: Քաղկեդոնի ժողովը նոր պառակտումներ է առաջ բերել քրիստոնյա, հատկապես՝ կայսրության տարածքում բնակվող ասորիների միջև: VI դ. Պարսից նեստոր. եկեղեցուն զուգահեռ ստեղծվել է Քաղկեդոնի ժողովը մերժած ասորիներինոր նվիրապետություն, իսկ Պարսկաստանի հակաքաղկեդոնիկ ասորի փոքրամասնությունը, որն ընդդիմացել էր նեստորականությանը, VI դ. կեսին միացել է ուղղափառ (հականեստորական, հակաքաղկեդոն.) ասորիներին: Ասորական Արևելքի հակաքաղկեդոնական պայքարի ամենանշանավոր ներկայացուցիչը VI դ. Սկզբին եղել է Անտիոքի պատրիարք (512–518) Սևերիոս Անտիոքացին, որը մեծ հեղինակություն վայելող աստվածաբան էր հատկապես ասորախոս բնակչության շրջանում: Սակայն բյուզանդական Հուստինոս I-ի (518–527) հակաքաղկեդոնական հալածանքների հետևանքով՝ նա 518-ին աքսորվել է Ալեքսանդրիա: Նույն թվին Ալեքսանդրիա աքսորված մեկ այլ նշանավոր հակաքաղկեդոնիկ աստվածաբանի՝ Հալիկառնասի եպիսկոպոս Հուլիանոս Հալիկառնասցու հետ Սևերիոս Անտիոքացու վեճը Տիրոջ մարմնի անապականության շուրջ նոր պառակտումներ է առաջացրել ասորական համայնքներում: Հուլիանոս Հալիկառնասցու աշակերտ Եվտրոպոսը, դառնալով եպիսկոպոս, սկսել է Կ. Պոլսի, Ալեքսանդրիայի, Անտիոքի, Արաբիայի, Պարսկաստանի, ինչպես նաև Հայաստանի ասորիների համար եպիսկոպոսներ ձեռնադրել: Իսկ Անտիոքի քաղկեդոնիկ նոր պատրիարք Եփրեմի (527–545) նախաձեռնությամբ Սևերիոս Անտիոքացու հետևորդների դեմ սկսվել են դաժան հալածանքներ: Սևերիոս Անտիոքացին սկզբնապես չի ցանկացել Ընդհանրական եկեղեցուց անջատ նվիրապետություն ստեղծել, սակայն իրենց վանքերից աքսորված ասորի սևերյան վանականներն սկսել են իրենց համար հովիվներ ձեռնադրել, և 529-ին Սևերիոս Անտիոքացին ստիպված ճանաչել է բաժանված եկեղեցու օրինականությունը: Սակայն բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի (527–565) հալածանքները ծանքների հետևանքով ասորական հակաքաղկեդոնիկ համայնքների մեծամասնությունը մնացել է առանց եպիսկոպոսների և եկեղեցական կառույցի: Այդ ընթացքում մի շարք եպիսկոպոսներ գաղտնի ճանապարհորդել են նոր քահանաներ ու եպիսկոպոսներ ձեռնադրելու համար: VI դ. Եդեսիայի Հակոբ Բարադեոս եպիսկոպոսը (542–578) բազմաթիվ եպիսկոպոսներ և քահանաներ է ձեռնադրել՝ Բյուզանդական կայսրության ու Պարսկաստանի հակաքաղկեդոնական համայնքների հոգևոր կարիքները հոգալու համար և հաստատել նոր, ինքնուրույն եկեղեցնվիրապետություն: Քաղկեդոնականությունը և նեստորականությունը մերժած ուղղափառ ասորիների այս եկեղեցին հայտնի է Հակոբիկյան եկեղեցի անունով՝ իր սեփական [Արևմտյան ասորական (սիրիական) կամ անտիոքյան կոչվող] ծիսակարգով ու ավանդույթներով: 564-ին Հակոբ Բարադեոսը Անտիոքի պատրիարք է ձեռնադրել Պողոս Բեթ-Ուքամայեցուն (564–577), որի քաղկեդոն. միտումների պատճառով Հակոբիկյան եկեղեցին ներքին ճգնաժամ է ապրել: Սակայն Անտիոքի Աթանաս Ա Գամալա պատրիարքը 615–616-ին հաշտեցրել է կողմերին: Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքները մինչև 1034-ը նստել են Անտիոքում, այնուհետև՝ Մար Բարսում
ա (1034–1293), Դերեզ-Զաֆառան (1293–1924) վանքերում, Հոմսում (1924–59) և վերջ ապես՝ Դամասկոսում: Միջին դարերում ասորական ուղղափառ գիտական միտքը մեծ վերածնունդ է ապրել, համայնքներն ունեցել են աստվածաբանության, փիլիսոփայության, պատմության և այլ գիտությունների բարգավաճող կենտրոններ: Զարգացման իր բարձրակետին (XIII դ.) Ասորի ուղղափառ եկեղեցին ներառել է 20 մետրոպոլիտական աթոռներ և 103 թեմ, որոնք հասել են մինչև Աֆղանստան: Այդ ժամանակաշրջանում Կենտրոնական Ասիայում գոյություն են ունեցել նաև առանց եպիսկոպոսի առաջնորդվող ասորական ուղղափառ հավատացյալների համայնքներ: Սակայն XIV դ. վերջին Լենկթեմուրի արշավանքների ընթացքում ասորական եկեղեցիների և վանքերի մեծամասնությունն ավերվել է, փակվել են կրթության շատ կենտրոններ՝ սկիզբ դնելով երկարատև անկմանը: Ասորի ուղղափառ եկեղեցին մեծ կորուստներ է կրել հատկապես առաջին համաշխ. պատերազմի տարիներին Թուրքիայում իրականացված հալածանքների և ջարդերի պատճառով: Ողջ մնացածներից շատերը գաղթել են հարևան արաբական երկրներ, Եվրոպա և Ամերիկա: XVII դ. կեսից Ասորի ուղղափառ եկեղեցին ներառել է Հնդկաստանի ինքնավար եկեղեցին, որի մի մասն այսօր կոչվում է Մալաբար ասորական ուղղափառ եկեղեցի (Հվ. Հնդկաստանի Քերալա նահանգում), որի գլուխն է կաթողիկոսը (կաթողիկոսանիստը՝ նահանգի մայրաքաղաք Քոթայայում): Ասորի ուղղափառ եկեղեցու ԱՄՆ-ի և Կանադայի թեմերը հիմնվել են 1957-ին: Դրանք ընդգրկում են 18 պաշտոն. ծխեր և առաքելություն իրականացնող 4 միաbանություններ: 1993-ին Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքը հնդիկ հավատացյալների համայնքները բաժանել է սիրիական թեմից և մետրոպոլիտ Մար Նիկոլոսոս Զաքարիայի հովվական առաջնորդության ներքո Հս. Ամերիկայում ստեղծել Ասորի ուղղափառ եկեղեցու Մալաբար (Մալանկարա) թեմը: Այն ներառում է 23 ծուխ, որտեղ ծառայում է 25 հոգևորական: Ավստրալիայում, որտեղ պաշտոնավարում է պատրիարքական փոխանորդ արքեպիսկոպոսը, կան 6 ուղղափառ ասորական եկեղեցիներ: Ներկայումս (2001) 2,4 մլն հակոբիկ քրիստոնյա բնակվում է Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում և Լիբանանում, 2 մլն՝ Հնդկաստանի Քերալա նահանգում, 50 հզ.՝ Արմ. Եվրոպայում, 50 հզ.՝ Հյուսիսային և 50 հզ.՝ Հարավային Ամերիկայում: Հնագույն ասորական քրիստոնեությունն ունեցել է խիստ ճգնավորական բնույթ, շեշտված վանական ավանդություն: Եկեղեցիների կորիզը կազմել են վանական համայնքները: Բյուզանդական կայսրության տարածքում հակոբիկ եպիսկոպոսները սովորաբար իրենց աթոռները գաղտնի հաստատել են վանքերում, քանի որ քաղաքներում իշխանություններն ուժով պարտադրել են քաղկեդոնականություն, իսկ քաղաքներից հեռու վանքերը իշխանությունների վերահսկողությունից դուրս են եղել: Ներկայումս միայն մի քանի վանքեր են պահպանվել Հվ-Արլ. Թուրքիայում, Իրաքում, Լիբանանում, Սիրիայում: Մեկ վանք բացվել է Նիդերլանդներում, որն իր տեսակի մեջ միակն է ասոր. սփյուռքում: Վանքերը ներկայումս կրթական կենտրոններ են, որտեղ ստանում են աստվածաբանական կրթություն: Ասորի ուղղափառ եկեղեցու գլխավոր աստվածաբանական հաստատությունը Ս. Եփրեմ սիրիական ուղղափառ ճեմարանն է: Հիմնվել է 1939-ին, Մոսուլում (Իրաք), ապա 1960-ական թթ. փոխադրվել Լիբանան: 1968-ին ճեմարանը տեղափոխվել է Բեյրութին մոտ գտնվող Ատչանեհ վայրը, սակայն Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով ուսանողները հաստատվել են Դամասկոսում: 1995-ին Ս. Եփրեմ ճեմարանի նոր մասնաճյուղեր են բացվել Դամասկոսին մոտ գտնվող Սայեդնիյայում: Ասորիները եղել են քրիստոնեության առաջին քարոզիչները նաև Հայաստանում, որտեղ քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց (301) հետո նրանք գործունեության ազատ ասպարեզ են ստացել: Ասորերենը՝ որպես նոր կրոնը քարոզելու միջոց, հունարենին զուգընթաց, IV դ. Հայաստանի եկեղեցիներում ուդպրոցներում պաշտոնական լեզու էր: Հայոց պատմության վաղ շրջանի բազմաթիվ անցքեր ու ավանդություններ արտացոլվել են ասորի մատենագիրների երկերում, որոնցից օգտվել են հայ մատենագիրները: Մեսրոպ Մաշտոցին, հայկական գրերը ստեղծելիս, աջակցել են ասորի գիտնականները: Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունները կատարվել են նաև ասորերենից: Ասորերեն են թարգմանվել հայ մատենագիրների երկերը: Հայ Ասորի ուղղափառ եկեղեցու հարաբերությունները, սկիզբ առնելով քրիստոնեության վաղ շրջանից, շարունակվել են հետագա դարերում: Մերժելով նեստորականությունը, հետևաբար՝ Նեստորական եկեղեցու հետ ամեն հարաբերություն՝ Հայ եկեղեցին առնչվել է հակաքաղկեդոնական ասորիների հետ: Հատկապես VI–VIIIդդ., երբ Հայ եկեղեցին մեծ հեղինակություն և դիրք է ձեռք բերել Քաղկեդոնը մերժած եկեղեցիների և ժողովուրդների շրջանում, ուղղափառ ասորիներն իրենց պաշտպանությունը գտել են դավանակից Հայ եկեղեցում, իսկ Հայոց կաթողիկոսները եպիսկոպոսներ են ձեռնադրել նաև նրանց համար: Դվինի 506-ի ժողովում քննարկվել է նաև նեստորականներից հալածված՝ Պարսկաստանի ուղղափառ ասորիների հարցը, որոնք օգնության խնդրանքով դիմել էին Հայոց կաթողիկոս Բաբկեն Ա Ոթմսեցուն: Վերջինիս գրած «Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս» երկու թղթերը հավաստել են երկու եկեղեցիների դավանական միասնությունը: 554-ի Դվինի Բ ժողովին, որը, ըստ տիրող կարծիքի, սկիզբ է դրել Հայ և քաղկեդոնիկ եկեղեցիների պաշտոնական բաժանմանը, մասնակցել է նաև ուղղափառ ասորիների Աբդիշո եպիսկոպոսը, որն էլ օգնել է հայերեն թարգմանելու VI դ. հակաքաղկեդոնիկ աստվածաբան Փիլոքսենոս Մաμուգեցու (Քսենայա) գրվածքները: Հայ-ասորական Մանազկերտի եկեղեցական ժողովում (726), որը հրավիրվել էր Հայոց կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցու և Անտիոքի Աթանաս պատրիարքի նախաձեռնությամբ, Հայ և Ասորի Հակոբիկ եկեղեցիների միջև կնքվել է դավանական միություն անապականության խնդրի շուրջ, ինչպես նաև մի շարք ծիսական հարցերում (Քրիստոսի ծննդյան օրվա, Պատարագի անխմոր հացի և անխառն գինու մատուցման ևն) որդեգրվել է միասնական մոտեցում: Ասորական եկեղեցու հայրերից մի քանիսը (Հակոբ Մծբնացի, Եփրեմ Ասորի և այլն), որոնք իրենց գործունեությամբ և մատենագրական վաստակով առնչվել են հայ իրականության հետ, դասվել են Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Եփրեմ Ասորին Հայ եկեղեցու «երկոտասան վարդապետներից» է, համաքրիստոնեական սուրբ հայրերից (տես Եկեղեցու հայրեր): Հայ-ասորական եկեղեցական, մշակութային առնչությունների լավագույն հետազոտողը եղել է Ե. Տեր-Մինասյանը:

Իգոր Դորֆման