Առ այսօր, փառք Աստծո, չի եղել որևէ անձ, որ հրաժարված լինի այդ պատվից. քահանան ամպհովանակիրների մասին

Ter Vahram 2 - Առ այսօր, փառք Աստծո, չի եղել որևէ անձ, որ հրաժարված լինի այդ պատվից. քահանան ամպհովանակիրների մասին

Հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Սբ պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Պատարագի սկզբում եկեղեցականների թափորն Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր տաճար: Ամպհովանին կրում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, սուդանահայ բարերար Հրաչ Մարտիկյանը և արվեստաբան Հրավարդ Հակոբյանը: Արմեն Էլբակյանի և Տիգրան Ներսիսյանի ամպհովանակիր լինելը մասնավոր քննարկման և նաև քննադատության նյութ դարձավ վերջին օրերին սոցցանցերում, նաև մի շարք ԶԼՄ-ներում: Այս հարցերի պարզաբանման համար Tert.am-ը դիմեց Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանին:

— Ի՞նչ է նշանակում ամպհովանին և եկեղեցական ի՞նչ խորհուրդ ունի:

— Հայ առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն` ամպհովանին գործածվում է եկեղեցական մեծահանդես հայրապետական թափորների ժամանակ` իբրև Աստծո հովանու ներկայություն և առաջնորդություն` այնպես, ինչպես աստվածաշնչյան ամպի սյունը, որը հրեա ժողովրդին եգիպտական գերությունից առաջնորդեց դեպի ավետյաց երկիր: Հայրապետական թափորների ամպհովանակիրներ են լինում ժողովրդի տարբեր դասերի պատվարժան ներկայացուցիչները: Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական ընտրությունից ի վեր ամպհովանի կրելու պատվին են արժանացել Հայաստանի ու սփյուռքի մի քանի տասնյակ ճանաչված հայորդիներ` ազգային բարերարներ, պետական ու հասարակական գործիչներ, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, մտավորականներ:

Ինչպես Վեհափառն իր խոսքերից մեկում ժամանակին նշել է, Հայոց հայրապետի կողքին մշտապես կանգնած են եղել մեր ազգի անվանի ու մեծավաստակ զավակներ` խորհրդանշելով հայ եկեղեցու և հայ ժողովրդի միջև անքակտելի այն միությունը, որ մեզանից յուրաքանչյուր ոք պարտավոր է պահել ու ամրապնդել: Այս խորհուրդն ի մտի և այս գիտակցությամբ պետք է մոտենալ ամպհովանակրի հանգամանքին և առաքելությանը:

-Թերևս լրատվամիջոցներով չափազանց հախուռն արձագանքվեց Արմեն Էլբակյանի և Տիգրան Ներսիսյանի ամպհովանակիր լինելը: Ինչո՞ւ հասարակությունն այդպես բացասական ընդունեց այս երևույթը:

— Նախ՝ համաձայն չեմ, որ հասարակությունը բացասական է ընդունել Տիգրան Ներսիսյանի և Արմեն Էլբակյանի ամպհովանակիր լինելը: Պարզապես կան մարդիկ, ովքեր բացասական են արտահայտվել, իսկ թե ինչու՝ թողնում եմ իրենց խղճին և հասարակության դատին:

-Իսկ միգուցե աղմուկի պատճառը եղավ այն, որ ժամանակին Էլբակյանն ու Ներսիսյանը մեղադրվում էին աղանդավոր լինելու մե՞ջ:

-Գիտեք, դյուրին է մարդկանց պիտակավորելը: Նման իրավունք, սակայն, ոչ ոքի վերապահված չէ, ավելին` մեծամտություն է սեփական արատները անտեսելով փորձել այլոց նսեմացնել: Ես՝ որպես Նորին սրբության մամլո խոսնակ, համոզված կարող եմ ասել, որ պրն Էլբակյանը և պրն Ներսիսյանը մեր եկեղեցու զավակներ են` բարեպաշտ անձեր և ուրախություն է, որ եկեղեցին ունի նման զավակներ: Նրանք ևս իրենց համարում են Հայ եկեղեցու զավակներ: Մնացյալը այլևս անիմաստ և անհիմն ենթադրություններ են:

Ամենայն հայոց հայրապետի կողմից, նկատի ունենալով նրանց վաստակը ազգային հայրենական կյանքում, հրավեր է ուղղվել՝ լինելու Հայրապետական պատարագի ամպհովանակիր: Առ այսօր, փառք Աստծո, չի եղել որևէ անձ, որ հրաժարված լինի մեծագույն այդ պատվից և բոլորն էլ, այդ թվում և նրանք, որդիական պատրաստակամությամբ իրենց մասնակցությունն են բերել Հայ եկեղեցու ծիսաարարողական կյանքին նաև այս առումով:

— Ոմանք ասում են, որ կանոնական խախտում է, երբ նախագահը կանգնում է ամպհովանու տակ:

— Ոչ մի կանոնական խախտում չկա և այս առումով ամեն ինչ հստակ է: Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ՀՀ նախագահի` հայրապետական ամպհովանու ներքո վեհարանից Մայր տաճար քայլելու մեջ որևէ անպատեհություն չկա, չի կարող լինել նաև որևէ տարըմբռնում: Դա ձևավորված գեղեցիկ ավանդույթ է, որը գեղեցկությունից ավելի նաև խորհրդանշական է. ընդգծում է հայոց աշխարհի միությունը իր ազատ ու անկախ հայրենիքով, ազգային եկեղեցով և աշխարհասփյուռ ժողովրդով: Եվ սա պետք է գնահատել և փայփայել: Իսկ երևույթի մասին մեկնաբանությունները, կարծում եմ, պետք է քննել և դիտարկել Սբ Ծննդյան տոնին տրված Վեհափառ հայրապետի պատգամի լույսի ներքո. «Չարի խաբեպատիր ընթացքները զորանում են, երբ մարդը հեռանում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքներից` կյանքը լցնելով կեղծիքներով ու խեղաթյուրումներով: Այսպես է, որ իրողությունների ներկայացումը ձևափոխվում է բանսարկության և անճիշտ գնահատականների»:

Աղբյուր՝ tert.am