Անասնամոլների, իգացողների, եւ արվամոլների մասին

LBGT 880x660 - Անասնամոլների, իգացողների, եւ արվամոլների մասին

  Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ…, Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն: (Ա Կորնթ. 6;9)
Բոլոր հայտնի ամբարշտություններից առավել ավազակություն է սա, առավել է, քան գաղտնի գողությունների չարիքները, քան ամուսնացածների շնությունը, քան կույսերի պոռնկության պղծությունները, քան արյունահեղ սպանություններն ու չարչարանքները:

   Իսկ այս բոլոր չար ու ամբարիշտ մեղքերից առավել ահավոր ամբարշտություն ու սարսափելի պղծություն է այն, որ դիվական մոլությամբ արուներն արուների հետ են գործում զազրելի անօրինություններ, եւ էգերն էգերի հետ են հագուրդ տալիս իրենց անառակ ցանկություններին ու սատանայական կրքերին, իսկ դրանցից առավելն այն է, երբ պղծվում են անբան անասունների հետ:

  Սրա վրա վերին զորություններն էլ են ապշում ու զարմանում, սրա վրա տխրելով սգում են սուրբերի դասերը, սրա վրա ողբում են բոլոր արդարները, որովհետեւ անօրեն պղծություններով անարգեցին ու արհամարհեցին արարածների Արարչին: Սրանցից գարշում, փախչում ու հեռանում է Սուրբ Հոգին եւ այլեւս չի վերադառնում սրանց մոտ, որից հետո սրանք դառնում են սատանայի ու դեւերի բնակարան եւ ողորմելի բոլորի համար: Քանզի ոչ մի ամբարշտություն չի հավասարվում այս ախտին, այլ բոլոր տեսակի դիվահարներից առավել են անզգայացած նրանց անձերը, քանի որ նրանք ախտավոր ցանկություններով կատաղում են իրար հետ. արուները վավաշոտելով` իգացնում են արուների արուական բնությունը, իսկ էգերն անամոթանալով ու լրբանալով` իգական բնությունն են արվացնում: Նաեւ անբան անասունների հետ ապականվեցին, որ առավել է, քան բոլոր պղծությունները:

  Բայց ես հիանում ու զարմանում եմ Աստծու համբերության վրա, որ Երկնքից շուտափույթ կայծակներ չի իջեցնում այդպիսի ամբարիշտների վրա եւ ոչ էլ Երկիրն է բացում եւ ընկղմում գարշելի տիղմով զազրացածներին: Քանզի նրանք պղծվեցին օրենքից դուրս, եւ նրանց անօրինությունները գերազանցեցին մեղքերի բոլոր սահմանները:

  Չեմ կարողանում ցույց տալ դառը, ողբալի ախտի վտանգավորությունը եւ առավել զարմանում ու ապշում եմ, երբ կանայք են գործում այդպիսի մոլեկան կատաղությունը եւ այս մտքից դուրս պղծությունները գործում: Քանզի ի սկզբանե տղամարդը տղամարդ ստեղծվեց կանանց պետքերի համար, իսկ կինը կին ստեղծվեց` տղամարդկանց օգնական լինելու համար: Բայց այս անզգայական ախտերն ու անօրեն անառակությունները աստվածադիր օրենքները փոխեցին ամբարշտությամբ, եւ բնական պետքերը, որ այրերը պետք է ընդունեին կանանցից, իսկ կանայք` այրերից, նրանք նաեւ ուրիշ աղտեղությունների փոխեցին եւ վերածեցին անհանդուրժելի գարշանքի, որ նողկանք է պատճառում բոլոր լսողներին, որի մասին պատմելը զարհուրեցնում է ինձ:

  Արդ, դուք նույնպես, խոսքերս լսելով, գարշեցե՛ք եւ երանի թե զզվեիք ու նողկայիք այդ ամենից, որովհետեւ դրանք զազրելի են բոլոր ախտերից: Այդպիսի մարդու հետ չի կարելի բնակվել, ո՛չ էլ նրա հետ հաց ուտել, այլ պետք է փախչել նրանից, ինչպես դեւից: Պիղծ է այն ամենը, ինչին դիպչում են նրա ձեռքերը, բոլոր պղծություններից առավել պիղծ է նա, արժանի մեծագույն պատուհասների եւ բազում հրեղեն շանթերի ի վերուստ: Նա եւ առավել ժանտամահ պիտի լինեն այդպիսի մարդիկ, ինչպես պոռնիկները, պիտի դատապարտվեն ահավոր չարչարանքների:

  Քանզի պոռնկությունը, թեպետեւ անօրեն ու աստվածային պատվիրաններին հակառակ ախտ է, այսուհանդերձ ըստ բնության է այս մեղքը, մինչդեռ անասնամոլների, իգացողների եւ արվագետների պղծություններն առավել են, քան բոլոր մեծագույն անօրինությունները, եւ արթնացնում են Աստծու բարկությունն ու սաստիկ ցասումը: Քանզի ասում է. «Բոլոր մեղքերը, որ գործում է մարդը, իր մարմնից դուրս են, իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դեմ է մեղք գործում» (Ա Կոր. 6; 18): Այնքան զազրելի ու դժնդակ է այս մոլությունը եւ բոլոր պոռնկություններից առավել ահավոր պղծություն, որ դրա առավել ամբարշտության համեմատությամբ արդարանում են բոլոր մեղքերի սաստիկ անօրինությունները: Ինչպես որ գրված է. «Հուդայի ուխտազանցության համեմատ արդարացավ Իսրայելի կռապաշտությունը» (Երեմ. 3; 11), այդպես բոլոր անօրեն ախտերի չարությունից առավել եռաց այս ամբարշտությունը, որի պղծության մասին անհնարին է խոսքերով պատմել. քանզի խառնակեցին փոխեցին իրենց բնությունը. տղամարդկային բնությունը կանացի դարձավ, իսկ կանացի բնությունը` առնացի, եւ առավել սողալով` ապականվեցին անբան անասուններով. անօրե՛ն, ահավո՛ր անօրինություններ, արհավիրքներ, սոսկալի ահուդող:

  Արդ, ի՜նչ ասեմ, ինչպիսի՜ խոսքերով ճանաչեցնեմ այս չար ախտի դառնությունները. այս ախտից բացվում են գարշահոտ անդունդներ, ականջները չեն հանդուրժի լսել այդ մասին: Քանզի եթե այս ախտի բնությունը խոսքերով մերկացնելով` ճշմարտապես ճանաչեցնեմ ձեզ, որպեսզի լավ հասկանաք, կաղտոտեմ, կապականեմ եւ տիղմով կշաղախեմ լեզուս, իսկ եթե զղջալով` քողարկելով խոսեմ, կծածկվի այս մոլեկան ախտի չարությունը:

  Նրանց մարմիններում անհանգչելի կրակ բորբոքվեց եւ վերբարձրացաւ. եւ պղծվեցին ոչ նման բնությամբ. տղամարդը տղամարդ էր, ախորժեց կին լինել եւ կորցրեց իր բնույթը, կինը կին էր, կամեցավ տղամարդ լինել եւ կորցրեց իր կանացի էությունը: Նրանց պետք էր հալածել կանանց եւ տղամարդկանց միջից, որովհետեւ թողեցին բնական պետքերն ու անբնականներով պղծվեցին: Այդ մասին եւ Պողոսն էր ողբալով ասում, թե` «Նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով, նաեւ արուները, թողնելով էգերի հանդեպ բնական կարիքները, բորբոքվեցին միմյանց ցանկությամբ, եւ արուներն արուների հետ խայտառակություն գործեցին» (Հռոմ. 1; 26-27):

  Նրանք, պիղծ խորհուրդներով չար ցանկությունները լցնելով իրենց մարմինների մեջ, անբան անասունների հանդեպ բորբոքվեցին եւ բոլոր տեսակի չարիքները գործեցին եւ պղծվեցին առավել, քան եկեղեցի կողոպտողները, քան գերեզման քանդողները, եւ մարդասպաններից առավել անօրինացան. քանզի մարդասպանը մի այն մարմինն է սպանում, այն էլ` միայն այստեղ, իսկ սրանք հոգին ու մարմինն են սպանում հավիտենական տանջանքներով:

  Սա առավել մեծ ամբարշտություն է, քան հեթանոսությունը. սրա պատճառով սաստիկ բարկություններ են հեղվում Երկրի վրա, սրա պատճառով Երկինքը կա՛մ փակվում է չարաչար, կա՛մ բացվում խստությամբ, սրա պատճառով տարաժամ մահեր ու զանազան պատուհասներ են լինում, սրա պատճառով ջրհեղեղը կորստյան մատնեց ամբողջ աշխարհը, սրա` արվամոլության ախտի եւ իգական կատաղությունների պատճառով կայծակների հրացայտ անձրեւ տեղաց Սոդոմի վրա եւ այրեց նրա բոլոր սահմանները: Ո՜վ անօրեն մոլորություն, ո՜վ սաստիկ կուրություն եւ մի գապատ հիմարություն. սկզբից իսկ սարսռում եմ, վախից հիմարանում է միտքս, եւ չեմ կարողանում խոսքս բովանդակել: Ո՞վ տեսավ, կամ ո՞վ լսեց այսպիսի ահավոր արհավիրքներ, անօրեն ամբարշտություններ եւ զազրելի պղծություններ: Ո՛վ սատանա եւ ի սկզբանե մարդասպան, ո՜ր խավարն ու անօրինության ինչպիսի՜ խորքերն իջեցրիր մարդուն, մինչեւ իսկ արվամոլ, անասնամոլ ու իգացող ես դարձնում նրան:

  Եվ այժմ ի՞նչ անվանենք նրանց, ովքեր այդպիսի մոլեգնություններով մոլեգնեցին. դրանք մարդ չե՛ն: Անասո՞ւն կոչենք նրանց. բայց նրանք անասունից ավելի անմիտ են, որովհետեւ երբեք չենք տեսնում, որ անասունը մարդկային բնությունն ախորժի: Կատաղած շո՞ւն անվանենք. նրանք անամոթանալով` շներից առավել են կատաղում: Քանզի շներն իրենց նմաններին են ախորժում եւ ըստ իրենց բնության օրենքի են մոտենում, մինչդեռ իգացողները, արվագետները եւ անասնամոլները շներից ավելի են կատաղում, եւ իրենց գործած չարիքներով գերազանցում են դեւերին:

 Ո՜վ Աստծո մեծ համբերությանը, ո՜վ Բարերարի մեծ սիրուն եւ անբավ երախտիքներին, որ Երկինքը չի կործանում այդպես ամբարշտացողների գլխին, Երկիրը չի ճեղքում եւ չի ծածկում ապականվածներին ու այդպիսի մեղքերով ծանրացածներին, ոչ էլ սաստիկ փայլակներ է իջեցնում վերեւից եւ կրակի շանթերով այրում, այլ համբերությամբ սպասում է, մինչեւ վրեժխնդրության ժամանակը եւ ահեղ դատաստանի Օրը: Եվ արդ, քանի՜ գեհեն ու հրացայտ հնոց բավական կլինեն այդպիսի անձանց, ներքին քանի՜ տարտարոս ու խավարի աղջամուղջ` այդպիսի անօրեն զեխության փոխարեն, քանի՜ որդնալից գուբ է սպառնում եւ տանջանքների ինչպիսի՜ բազմություն. չեմ կարող ասել հրեղեն հորդահոս գետերի մասին, որոնք հոսելով իջնում են ամբարշտությունների վրա, ուր ահավոր արհավիրքներ են, անդադար լաց ու ողբ:

  Արդ, ողորմելի՛ եւ թշվառակա՛ն, չարաչար վախճանիդ օրը ի՞նչ պիտի անես հիմար կույսերի սաստիկ դառնությունը, երբ հոգուդ անողորմ պահանջողները ահավոր կերպարանքներով եկած` հասնեն քեզ վրա` փութով հոգիդ հափշտակելու մարմնիցդ, իսկ սարսափած հոգիդ ահագին ահով ու դողով ջանա ետ դառնալ եւ թաքնվել մարմնիդ հարկի տակ. չպիտի կարողանա հանդարտնա յելիր դեմ եկող հրեշտակներին, որոնք սաստիկ սպառնալիքներով պիտի ջանան հոգիդ հանել մարմնիցդ: Այն ժամ քեզ պիտի պատեն ահեղ ատյանի սոսկալի արհավիրքներն ու չարաղետ տանջանքների տագնապն ու սարսափը:

  Եվ արդ, դառնորեն լաց չե՞ս լինում` հիշելով այն սարսափի մասին, եւ անդադար ողբերով չե՞ս հառաչում քո բազմաթիվ չարաչար ամբարշտությունների համար. թերեւս Տերը ներողամտաբար կգթա քո վշտագնած սրտի ջերմեռանդ արտասուքների համար եւ գորովագութ ողորմությամբ կընդունի քո` հեծեծանքով պաղատանքները: Արդ, շտապի՛ր ապաշխարել, քանի դեռ ժամանակը մերն է, որպեսզի չլինի թե Օրը գա, «քեզ հափշտակի, եւ չլինի մեկը, որ քեզ փրկի» (Սաղմ. 7; 3): Այլ փութա՛ ձերբազատվել պղծությունիցդ` ապավինելով Աստծու մարդասիրությանը: Թեպետեւ անթիվ են քո անօրինությունները, բայց անսահման է Աստծու մարդասիրությունը. թեպետ եւ չարաչար գլորվեցիր, բայց շտապի՛ր. աղաչի՛ր Քրիստոսին, Ով կանգնեցնում է գլորվածներին: Թեպետ եւ ամբողջովին տիղմով թաթախված` զազրելի դարձար, բայց ունես արտասուքների աղբյուր, որ մաքրում ու լվանում է: Թեպետ եւ կապվեցիր սատանայի շղթաներով եւ պատվեցիր նրա լարերով, քո խիստ պահեցողությունն ու ջերմագին աղոթքները կքակտեն սատանայի մեղքերի շղթաներն ու կապանքները: Թեպետ եւ քո ահավոր անօրինությունները քեզ խավարային անդունդի խորքերն իջեցրին, կամավոր ապաշխարությանդ խնդրանքներն ու հառաչանքները քեզ կհանեն խորին խավարից եւ կբարձրացնեն դեպի երկնային կամարը, ուր արդարների համար պատրաստված բարիքներն են: Թեպետ եւ առավել պիղծես, քան կուռքերին զոհաբերվածն ու մեռելոտին, բայց առաքինի վարքով կարո՛ղ ես մաքրվել եւ հաճոյանալ Աստծուն:
Շատերը խոտորվեցին ճշմարտությունից, իսկ հետո գտան փրկության ճանապարհը. շատերը չարաչար գլորվեցին, բայց կրկին կանգնեցին. շատերը, իրենց դեմ կռվողներից խոցվելով, մահացու վիրավորվեցին, բայց դարձյալ հաղթեցին. շատերը աղքատացան նավաբեկությունից, բայց դարձյալ հարստացան. շատերն ընկղմվեցին չարիքների խորքերը, բայց արդարացան ապաշխարությամբ. հիվանդներից շատերը անհույս լինելուց հետո բժշկվեցին. շատ մեղքերով ծանրաբեռնվածներ թեթեւացան ջերմեռանդ ապաշխարությամբ: Արդ, դու նույնպես հույսդ մի՛ կտրիր մարդասեր Աստծու ողորմությունից. հիշի՛ր, որ բազում մաքսավորներ արդարացան, բազում պոռնիկներ սրբվեցին, բազում ավազակներ արդարացան եւ բացեցին դրախտի դուռը: Դու նույնպես փութա՛, կանգնի՛ր գլորումիցդ, հեռո՛ւ վանիր քեզնից անօրինությունդ եւ կհասնես փրկության: Անզղջությամբդ մի՛ նմանվիր սոդոմցիներին, որպեսզի նրանց հետ չայրվես գեհենի հրում, այլ ապաշխարությամբ Նինվեի՛ն նմանվիր եւ ե՛տ դարձիր չար ճանապարհից: Ահա քո մեջ դեռեւս բնակվում է անօրեն թշնամին եւ խստացնում է քո սիրտը` չդառնալու դեպի զղջումն ու ապաշխարությունը: Ճանաչի՛ր սատանայի գաղտնի նետերը եւ փութա՛ ազատվել նրա որոգայթներից: Ահա քո շուրջը դեւերի անթիվ բանակներ են հսկում եւ պատում ու պաշարում են խորհուրդներդ, որպեսզի չխոստովանես ու չապաշխարես. ցատկի՛ր նրանց միջից, ինչպես կցատկեիր կայծակների հրի միջից, եւ փութա՛ նետվել Աստծու ողորմության մեջ: Ողբա՛` ասելով. «Հա՛յր, մեղանչել եմ Երկնքի դեմ եւ Քո առջեւ» (Ղուկ. 15; 18), մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունը, որովհետեւ մարգարեից լսել եմ. «Թող ներված լինեն քո մեղքերը» (Բ Թագ. 12; 13): Որին մենք նույնպես թող արժանանանք շնորհներով եւ մարդասիրությամբ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու. Նրան փառք, պատիվ եւ երկրպագություն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավի տենից. ամեն:

Գրաբարից փոխադրեց` Մարթա Արաբյանը

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» ամսաթերթ N 69