Անապատականության սկիզբը և զարգացումը մինչև 5-րդ դարի վերջ

 Գ. դարու կիսից սկսած, երբ պետութեան վիճակը սոցիալական տեսակէտից շատ վատ էր, մանաւանդ երրորդ դարու վերջին, երբ ամբողջ հեթանոսական համայնքներ, մինչև իսկ ազգեր քրիստոնեայ էին դառնում, բնականաբար պահանջ պէտք է առաջ գար շատ քրիստոնէաների մէջ, թողնել աշխարհի ունայն կեանքը, քաշուել անապատ և այնտեղ անցկացնել կեանքը ճգնութեամբ և Աստուծոյ հետ դէմ յանդիման: Նոքա վտանգուած էին տեսնում քրիստոնէական համայնքի սրբութիւնը, մանաւանդ երբ կայսրների քաղաքականութեան շնորհիւ, առանց համոզմունքի ու կամքի, առանց քրիստոնէութեան իսկութիւնը ճանաչելու՝ մարդիկ քրիստոնէութեան անունն էին վերցնում իրենց վրայ: Բնորոշ հանգամանք է անապատականութեան սկզբնաւորութեան համար, որ այն ամենից առաջ հանդէս է գալիս առաջաւոր Ասիայում, և գլխաւորապէս Եգիպտոսում, հին աշխարհի քաղաքակրթութեան կենդրոններում, ուր այդ երևոյթը նկատելի էր նաև հեթանոսական կրօնների մէջ: Միայնակ ճգնական կեանք վարող տղամարդկանց և կանանց մասին տեղեկութիւն ունինք հին ժամանակներից. գլխաւորապէս Ասորիքում, Աֆրաատէսի տեղեկութեան համաձայն, կային այդպիսիները, սակայն նոքա ապրում էին համայնքների մէջ, թէև կուսակրօն (337): Անապատականութեան մէջ նորութիւնն այն էր, որ անապատականները ամեն կերպ կտրում էին իրենց նախկին սոցիալական կազմակերպութիւնների հետ, արհամարհում էին ընտանիք և հարստութիւն: Ըստ վկայութեան Փիլոն Եբրայեցու, այսպէս կոչուած Թերապեւտները, երբ փիլիսոփայութեամբ զբաղուել էին կամենում, թողնում էին իրենց ունեցած չունեցածը, հեռանում էին քաղաքի պարիսպներից դուրս և ապրում պարտէզների և արտերի մէջ միայնակ, որովհետև ոչ գաղափարակից մարդկանց հետ յարաբերութիւն ունենալը վնասակար էին համարում: Եւսեբիոս Կեսարացին (Եկ. պատմ. II, 17) սոցա համարում է իւր ժամանակի ասկետների իսկական նախապատկերները և անուանում է սոցա միայնակեաց — monacoi: Անապատ փախչելը, Աստուծոյ հետ երես առ երես, հեռու մարդկանցից, ապրելը համարւում էր կատարելութեան գագաթնակէտը, մի հրեշտականման կեանք: Այս տեղեկութիւններն ունենք Աթանաս մեծի գրած Անտոնիոսի վարքից:
Անտոնիոսն էր, որ առաջին անգամ այլ ևս բաւարար չհամարեց հայրենի քաղաքի դռների մօտ կեանք վարելը, ինչպէս այն ժամանակ սովորութիւն էր, և անապատ քաշուեց. սրանով նա դարձաւ եգիպտական անապատականների հայրը: Անտոնիոսը ազգով կոպտ էր, մի յարգուած ընտանիքի զաւակ միջին Եգիպտոսում. դեռ ևս 20 տարեկան հասակում 270-ին մեծ ազդեցութիւն թողեց նրա վրայ աւետարանի մէջ եղած հարուստ երիտասարդի արարմունքը (Մատթ. ԺԹ.): Նա բաժանեց իւր հարստութիւնը աղքատներին և անապատ գնաց: Իւր միայնակեցութիւնը նա չափազանցութեան հասցրեց, փակել տալով իրեն մի գերեզմանի մէջ, կամ մի հին աւերակ ամրոցում, միայն թոյլ տալով, որ իրեն ժամանակ առ ժամանակ հաց բերեն: Նա մինչև անգամ մեղք էր համարում իւր վրայի կեղտը մաքրելը: Նրա հռչակը տարածուեց ամեն կողմ. իսկ երբ մանաւանդ Մաքսիմինի հալածանքների ժամանակ Աղէքսանդրիա եկաւ 311-ին, եղբայրներին ոյժ ներշնչելու համար, բոլորին նա երևաց իբրև մի պատկեր միւս աշխարհից: Ամեն կողմից նրա մօտ էին գալիս խորհուրդ հարցնելու կամ նրա աղօթքների միջոցով բժշկութիւն ստանալու: 40 տարի յետոյ նա Արիոսականների հետ կռուելու համար մի անգամ ևս Աղէքսանդրիա եկաւ: Այնուհետև իւր անապատը դարձաւ, որ արդէն լցուել էր նրանից օգնութիւն խնդրողներով և նրան հետևողներով, և մեռաւ 356-ին, 100 տարին անցկացրած:
Անտոնիոսին հետևողները և նրան յարգողները նոյնպէս դէպի անապատ էին դիմում, հնազանդելով նրան իբրև պատրիարքի. այս ձևով սկսեցին յառաջ գալ վանքերը, որոնք արդէն Աթանասի գրած «Անտոնիոսի Վարուց» մէջ monasthria անունն են կրում: Սկզբում ամուր կազմակերպութիւն չկար այդ վանքերում. բոլորն էլ կամաւոր կերպով ենթարկւում էին իրենց մի հոգևոր հօրը-abbaz: Նոցա գլխաւոր գործն էր աղօթքը և ձեռքի աշխատանքներ, որ Անտոնիոսն իսկ պատուիրել էր, որպէս զի ճգնաւորները կարողանային նաև ողորմութիւն բաժանել: Վանքերի մէջ ընդունուելը տարբեր է եղել. այսպէս մի տեղ օրինակ պահանջում էին եռամսեայ քննութիւն մինչև մէկին վանականի շոր հագցնելը:
Սակայն դրութիւնը այսպէս մնալ չէր կարող և Պախոմէոսի վաստակն է, որ վանականութեան մէջ մտնում է համակեցութեան սկզբունքը: Սա վերին Եգիպտոսից էր և իւր անապատն ունէր Թէբէից հիւսիս Նեղոսի ափերում, այսպէս կոչուած Տաբեննիզիում (=Իզիսի արմաւենիներ): Պախոմէոսը աշխատեց ո՛չ թէ որքան կարելի է մոնախների խցերը իրարից հեռու շինել, ինչպէս առաջ էր, այլ ընդհակառակը, որքան կարելի է իրար մօտ. այնպէս որ անապատներում առաջ եկան գիւղերի նման բնակատեղիներ — laura, mandra: Վերջապէս հնարաւոր եղաւ նաև շատ տներ միացնել միևնոյն յարկի տակ և առաջ բերել մի համակեցութիւն -koinobion, որ իւր ամուր կազմակերպութիւնն էր պահանջում:
Անապատ դիմողների թիւն այնքան շատ էր, որ իրար յետևից շատ շուտով 8 վանքեր էլ ստիպուած եղաւ շինել տալ Պախոմէոսը, որոնց բոլորի վանահայրը ինքն էր: Սոցա վերայ աւելացաւ նաև մի կուսանաց վանք, որի հիմնադիրն էր Պախոմէոսի քոյր Մարիամը: Այսպէս Պախոմէոսը ոչ միայն առաջին վանական կանոն սահմանողն է, այլ և առաջին Կոնգրեգացիայի հիմնադիրը: Նորա սիրելի աշակերտի և Գ. յաջորդ Թէոդորի ժամանակ այս վանական կեանքն աւելի ևս ծաղկեց (306-363):
Պախոմէոսի առաջնորդութեամբ կազմուած վանքերն հետզհետէ բազմանում են և բռնում ամբողջ Թէբայիսը: Իւր վանքերի համար Պախոմէոսը կանոններ է մշակում, որոնցից տեղեկանում ենք, թէ ինչ էր պահանջւում այդ ժամանակի վանքերից. դրսի հետ յարաբերութիւնը բոլորովին կտրած, բայց ներսը դեռ ևս ազատ. իւրաքանչիւր վանականի համար մի խուց, լուռ հացկերոյթներ միասին, բայց զանազանակերպ. մեղմ պահեցողութիւն, հիւանդների համար առանձին հեշտութիւններ, կէս նստած դրութեան մէջ ննջել և այլն: Շաբաթ և կիւրակէ օրերը Աստուածպաշտութիւն և հաղորդութիւն եկեղեցու մէջ: Յետագայ ժամանակներում կարիք է զգացւում այդ կանոններն ընդարձակել, բայց հին առողջ և մեղմ հոգին դեռ ևս թագաւորում է: Թէև այժմ ընդունելութիւնն աւելի խիստ էր, բայց դրա հետ դեռ որոշ ուխտ կապուած չէր: Վանքից հեռանալը կամ մէկից միւսն անցնելը թոյլատրուած էր. միայն վանահօրը պարտական էին բոլորը հնազանդուել: Ընդհանուր վանահայրը մասնաւոր վանքերի համար վանահայր էր նշանակում: Ամենից խիստ պատժում էին բարոյականութեան դէմ գործած յանցանքները: Աշխատանքը պարտադիր էր և լռութեամբ պէտք է կատարուէր: Վանականների գլխաւոր զբաղմունքն էր երկրագործութիւնը և այլ պիտանի աշխատանքներ: Վանականը ո՛չ մի սեփականութիւն չունի, նոյն իսկ շորերն էլ իրենը չեն. բոլոր աշխատանքների արդիւնքը յանձնւում է մեծ տնտեսին, որը այդ բոլորը տարին մի անգամ Աղէքսանդրիա էր տանում և փոխարէնը վանքի կարիքները հոգում: Այս հանգամանքի շնորհիւ Պախոմէոսի բոլոր վանքերը կարճ ժամանակում ահագին հարստութիւն են հաւաքում և Պախոմէոսի ամենամեծ ծառայութիւնը պիտի համարել, որ նա աշխատանքը պարտաւորական դարձրեց. առանց աշխատանքի վանքերի մէջ միայն բիրտ վարք ու բարք և կոպտութիւն կարող էր թագաւորել:
Անտոնիոսի և Պախոմէոսի ստեղծագործութիւնը միայն Եգիպտոսում չմնաց. շատ շուտով ամբողջ հռովմէական աշխարհը լցուեց վանքերով: Քրիստոնէութեան մէջ մի նոր ոգևորութիւն առաջ եկաւ և մարդիկ կարծում էին, թէ երկար տարիներից յետոյ այժմ միայն գտել են ճշմարիտ քրիստոնէայի իդէալը՝ փախուստ աշխարհից և կեանք Աստուծոյ հետ: Եգիպտոսը բաւական ժամանակ մնաց վանականութեան կլասսիկ կենդրոն. ով որ այս նոր քրիստոնէական հերոսութիւնը ճանաչել էր կամենում, դէպի Նեղոսի ափերն էր դիմում, նոր հերոսական ոգւով վառուելու համար: Եգիպտոսից յետոյ Ասորիքը, Պաղեստինի և Միջագետքի հետ միասին դարձաւ վանականութեան գլխաւոր կենդրոնը: Պաղեստինի համար նշանաւոր էր նաև այն հանգամանքը, որ նա սուրբ երկիր էր. Հիլարիոն Գազացին դարձաւ Պաղեստինի վանականութեան հիմնադիրը: Անշուշտ Միջագետքից և Ասորիքից վանականութիւնը անցաւ Հայաստան, ասորիների գործունէութեան շնորհիւ (Դանիէլ և Շաղիտա): Եւստաթէոս Սեբաստացու միջոցով վանականութիւնը տարածուեց Փափղագոնիայում, Ասորիքում և փոքր Հայաստանում. Բարսեղ Կեսարացու շնորհիւ Կապադովկիայում և Փոքր Ասիայում. Եպիփանի շնորհիւ Կիպրոսում: Դրութիւնն այնպէս էր, որ Դ. դարու վերջին նոյն իսկ մայրաքաղաք Կ.Պօլիսը շատ վանքեր ունէր: Ոգևորութեան ազդեցութեան տակ կարծում էին, թէ առաքելական շրջանի շնորհները այժմ նորից հանդէս են եկել քրիստոնէութեան մէջ. նոյն իսկ կայսրները (Թէոդոս Մեծը) անապատ էին դիմում հռչակաւոր միայնակեացների մօտ: Նշանաւոր ճգնաւորներն ու վանականներն Դ. դարում այլ ևս ասպարէզ չգտնելով քրիստոնէութեան համար մարտիրոսանալու, իրենք իրենց հետ էին կռւում և աշխատում էին ներքին թշնամուն յաղթահարել: Ամեն աշխարհային բան թողած, նոքա միայն հանգիստ էին որոնում իրենց Աստուծոյ մօտ:
Ինչքան էլ, որ այս վանականների շնորհիւ կրօնական բարոյական գաղափարները որոշ բարձրութեան հասան, այնուամենայնիւ չպէտք է մոռանալ, որ հեթանոսական կրօնների ազդեցութեամբ քրիստոնէութեան մէջ ևս հանդէս եկաւ մի նոր տեսակի աւելի բարձր բարոյականութիւն. աշխարհիկ կեանքը իբրև մի չարիք նկատուեց, որ գոյութիւն ունի միայն այն պատճառով, որովհետև անկարելի է այն վերացնել: Ուր որ հեթանոսութեան հետ շփումը շատ էր, այնտեղ և չափազանցութիւնները շատ զօրեղ էին: Այդպէս էր օրինակ արևելքում, Միջագետքում և Հայաստանում: Մծբինի շուրջն էին ապրում խոտաճարակները, որոնք առանց բնակութեան տեղի թափառում էին անդադրում, խոտով կերակրւում և շարունակ աղօթքներով և շարականներով Աստծուն փառաբանում: Ասորիների մէջ առաջ եկան այն տարօրինակ ճգնաւորները, որոնք իրենց բնակութեան տեղ շինեցին սիւների գլխին, հետևելով Կիլիկիայի հովիւ Սիմէօն Սիւնակեացին († 460): Առաջ էին եկել նաև այնպիսի ճգնաւորներ որոնք Աստծուն ընդմիշտ փառաբանելու համար վճռել էին չքնել: Բայց որովհետև այդ բանն անելը շատ դժուար էր, այդ պատճառով մի խումբը յաջորդում էր միւսին (Ակոյմետներ):
Բնական էր, որ այսպիսի հասկացողութիւնների շնորհիւ և այս դրութեամբ վանականները չկամենային նաև եկեղեցու հետ որև է յարաբերութիւն ունենալ, որովհետև նոցա կարծիքով եկեղեցին ևս միանգամայն աշխարհիկ է և հեռացած քրիստոնէական սկզբունքից: Վանականները եկեղեցական պահքը, մկրտութիւնը և հաղորդութիւնը անվաւոր հրատարակեցին, բողոքելով եկեղեցու այդպիսով կամաց կամաց պետական հաստատութիւն դառնալու դէմ: Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ վանական շարժումը հոգևորականների ձեռքով չէր սկսուած, այլ ընդհակառակը միանգամայն աշխարհիկ շարժում էր: Քրիստոնեայ լինելու համար նրանց ասելով ամենևին կարևոր չէ նուիրապետութիւնը և իւրաքանչիւրը կարող է առանց եկեղեցու և նուիրապետութեան ամենաբարձր բարոյական քրիստոնեան դառնալ. ուրիշ խօսքով ճգնաւորը միանգամայն հակառակ է իւր էութեամբ որոշ նուիրապետութեան և քարոզում է մի տեսակ ընդհանուր քահանայութիւն: Որ մի քանի նշանաւոր եկեղեցականներ հէնց սկզբից այս շարժման մէջ են եղել և աշխատել են մեծապէս նպաստել նրա տարածմանը, ամենևին չի հակասում մեր ասածին: Վանականները սկզբում ձեռնադրուած չէին, միայն 12-րդ դարուց սկսած է, որ բոլոր վանականները ձեռնադրութիւն են ստանում:
Եկեղեցին շատ շուտ զգաց իրեն սպառնացող վտանգը այս մեծ շարժման կողմից և աշխատեց ամեն կերպ իւր ներկայացուցիչների միջոցով կորստաբեր բաժանման առաջն առնել. եկեղեցին կարողացաւ այս բանը գլուխ բերել միայն շնորհիւ այն հանգամանքի, որ նա աշխատեց իւր մէջ առնել վանականութիւնը և համակերպել նրա սկզբունքներին. եկեղեցին ընդունեց, որ վանականութիւնը իւր աղքատ ու կուսակրօն կեանքով աւելի բարձր բարոյականութիւն է, քան միւս քրիստոնէութիւնը: Միևնոյն ժամանակ պէտք է ի նկատի ունենալ, որ իւրաքանչիւր վանքում մի եկեղեցի կար և վանականութիւնը չէր կարող առանց քրիստոնէական եկեղեցու գոյութիւն ունենալ: Երկու կողմից եղած զիջումները այն համոզումը մէջ տեղ բերին ու ընդհանրացրին, որ կէս աշխարհիկ եկեղեցին ու կէս աշխարհից փախուստ տալը՝ կազմում են իսկական կաթոլիկութիւնը: Այսպէս յառաջ են գալիս մարդիկ եկեղեցու մէջ, որոնք եպիսկոպոս լինելով, իրենց անձի մէջ միացնում են թէ եպիսկոպոսական իշխանութիւնը և թէ վանական ձգտումները և այդպիսով հոգևորականութիւնը միայնակեցական են դարձնում: Այդ գործում մեծ ծառայութիւն արեց Եւստաթէոս Սեբաստացին, 350 թուին եպիսկոպոս. նա ինքը վանական զգեստ էր կրում և ստեղծել էր մի վանական դպրոց, ուր ամենալաւ վանականներն էին պատրաստւում: Եւստաթէոսը սկսեց իւր անձով կղերականութիւն վանականացնել, միևնոյն ժամանակ եկեղեցական օրէնքները պահպանելով: Բոլորովին նոյն ուղղութեամբ սկսեց գործել Եւստաթէոսի բարեկամ Բարսեղ Կեսարացին. արդէն մանուկ հասակից բոլորովին Եւստաթէոսի ազդեցութեան տակ, այնպէս էլ մնաց մինչև իւր կեանքի վերջը, այնպէս որ շատերը կարծում են, որ Բարսեղի բոլոր եկեղեցական գրուածքները իսկապէս Եւստաթէոսինն են: Սակայն որքան էլ Բարսեղի անհատականութիւնը աւելի պակաս էր, քան Եւստաթէոսինը, այնուամենայնիւ նա մեծ ազդեցութիւն է ունեցել վանականութեան և եկեղեցու միութեան գործում: Իւր կանոնների մէջ իբրև հաստատուն սկզբունք դրեց, որ վանական կեանքը աւելի բարոյական է, քան անապատական մենակեաց կեանքը: Աստծուն սիրելու պատուիրանի կողքին նա չքաշուեց դնել նաև ընկերին սիրելու պատուէրը, և քարոզեց որ վանականներն իրենց ծառայութիւնը մատուցանեն խեղճերին, աղքատներին և հիւանդներին. այդ իսկ պատճառով նա իւր հիւանդանոցի համար քաղաքի դռների մօտ մի անք հիմնեց: Լինելով միևնոյն ժամանակ քահանայ և վանական, նա այդ երկու գաղափարները գեղեցիկ կերպով միացրեց իւր անձի մէջ և այդպիսով բոլոր կասկածների առաջն առաւ: Նորա կանոնները արևմուտք և արևելք տարածուեցին, այնպէս որ նա դարձաւ Յունական վանականութեան հայրը, թէև նրա ազդեցութիւնը ամբողջ եկեղեցու վրայ էլ փոքր չէր: Այս ձևով միացած եկեղեցին ու վանականութիւնը սկսեցին կռիւ մղել ծայրայեղ անապատականների դէմ, որոնք առաջ էին եկել թէ արևելքում և թէ արևմուտքում:
Այդպիսի ծայրայեղներից էին Եւխիտները կամ Մեսալլեանները: Մասնաւոր ժողովներում սոցա դատապարտելուց յետոյ, նոյնը կարելի եղաւ անել նաև Եփեսոսի ժողովում 431-ին: Սկզբում այս միջոցներով այդ ծայրայեղ շարժման առաջն առնել անհնար եղաւ: Նեստորական եկեղեցու համար նա մի մշտական գործ մնաց: Մեսալլեանները տարածուել էին Միջագետքում, գլխաւորապէս Նինուէի մօտերը և այնտեղ պաշտպանւում էին եկեղեցու բոլոր յարձակումների դէմ դարեր շարունակ: Նոյն դրութիւնն էր նաև Հայաստանում: Մեսալլեանների գլխաւոր հակառակութիւնը եկեղեցու դէմ այն էր, որ նոքա չէին ուզում ճանաչել եկեղեցու մէջ միանգամ ընդմիշտ որոշուած և օրէնք դարձած աղօթքները, և պահանջում էին, որ իւրաքանչիւր ոք ազատ լինի աղօթելու այնպէս, ինչպէս իւր սիրտն է թելադրում (Մեսալեան=աղօթող). նոքա մերժում էին պահքը և եկեղեցու խորհուրդները. Ս. Հոգու շնորհքը կարելի էր ստանալ աղօթքի միջոցով:
Նոյնպիսի մի անապատականութեան ազդեցութեամբ առաջ եկած և որոշ ծայրայեղութեան հասած երևոյթ էր արևմուտքում Պրիսկիլլիանիզմ կոչուածը: Այդ շարժումն սկսուեց 375-ի և 380-ի մէջ հարաւային Սպանիայում մի հարուստ և Ս.Գրքին լաւ տեղեակ աշխարհականի, Պրիսկիլլիանի կրակոտ քարոզների շնորհիւ, որ մկրտութիւնից սկսած բոլորովին թողել էր աշխարհը, բայց միևնոյն ժամանակ բարեփոխութեան համար էր աշխատում, ճգնաւորական տեսակէտով ի հարկէ: Նրա շուրջը հաւաքուեցին մարդիկ ու կանայք մեծմ խմբով, երբեմն նշանաւոր անձնաւորութիւններ, նպատակ ունենալով աւելի մօտիկ ծանօթանալ Սուրբ Գրքի հետ: Բայց արևելեան ծայրայեղ անապատականութեան նման այստեղ էլ իսկոյն երևաց հակառակութիւնն ու հակադրութիւնը ընդհանրական եկեղեցու հետ: Նոքա ասում էին՝ Հոգին կապուած չէ կանոնի հետ, այդ պատճառով էլ կարդում էին նաև ապոկրիֆ գրուածքներ. Հոգին կապուած չէ նաև որոշ պաշտօնի հետ. առաքեալների իսկական յաջորդը ուսուցանելու կարողութիւն ունեցողն է. մարգարէութիւնն այսօր իսկ ծաղկում է. այսօր էլ, ով որ հաւատ ունի, ազատ խօսել կարող է Աստուծոյ մասին, թէ տղամարդիկ և թէ կանայք: Հոգին կապուած չէ նաև եկեղեցու սահմանած ժամանակների և տեղերի հետ: Ազատ պիտի լինին ժողովի տեղը և տօները:
Առանձնապէս վտանգաւոր էր Պրիսկիլլիանական այս շարժումը այն պատճառով, որ նայս ճգնաւորները միայնակեացներ չէին, այլ եկեղեցական պաշտօնների մէջ էին կամ ձգտում էին այդպիսի պաշտօններ ձեռք բերել. նոցանից մի քանիսը մինչև իսկ եպիսկոպոս էին, ինչպէս օրինակ ինքը Պրիսկիլլիանը: Շարժումը տարածուեց ամբողջ թերակղզու վրայ մինչև 383 թիւը և ապա անցաւ նաև Աքուիտանիա: Միայն Գալլիայում նա պարտութիւն կրեց, և կամաց կամաց մի հերձուածողական շարժում դարձաւ, այն ինչ սկզբից նրա տրամադրութիւնն էր ընդհանուր եկեղեցական բարենորոգութիւն մտցնել:
Այնպէս որ կաթոլիկ եկեղեցին այս տեղ էլ յաղթող հանդիսացաւ, ինչպէս նաև արևելեան ծայրայեղ անապատականութեան հանդէպ:
Այնուհետև եկեղեցու հետ միացած վանականութիւնը սկսեց մեծ ազդեցութիւն ունենալ արտաքին գործերի մէջ: Վանականները ո՛չ միայն իբրև Քրիստոսի զինուորներ կռւում էին հեթանոսական սնոտիապաշտութեան դէմ, այլ մանաւանդ ծառայում էին զանազան ազդեցիկ եպիսկոպոսների ձեռքին իբրև գործիք, իենց եկեղեցական քաղաքականութիւնը յառաջ տանելու համար: Այս մոլեռանդ հոգևորական ամբոխի միջոցով ժողովների և եպիսկոպոսների վրայ սոսկալի ճնշումն էր գործ դրւում: Դրութիւնն այնպէս էր, որ Քաղկեդոնի 451-ի տիեզերական ժողովը կանոններ սահմանեց նաև վանականութեան համար, ցանկանալով միանգամայն եկեղեցու իշխանութեանը ենթարկել վանականներին:
Այդ կանոնների համաձայն եպիսկոպոսը իշխում իւր թեմի մէջ եղած բոլոր վանքերի վրայ: Ո՛չ մի վանք չի կարող առանց եպիսկոպոսի թոյլատրութեան հիմնուել և բոլոր վանականները ենթարկւում են եպիսկոպոսի դատաստանին: Դրսի գործերին իրաւունք չունին խառնուելու նոքա, առանց եպիսկոպոսի թոյլտւութեան, ինչպէս և իրաւունք չունին մասնակցելու գաղտնի ընկերութիւններին, եթէ նոքա եկեղեցակա կառաւարութեան դէմ են ուղղուած: Ժամանակաւոր կերպով վանական դառնալ չի կարելի և ո՛չ մի վանական իրաւունք չունի ամուսնանալու: Վանքերը չեն կարող այլևս մասնաւոր տներ դառնալ: Այս տիեզերական ժողովի կողմից գրուած կանոնները միևնոյն ժամանակ պետական օրէնքներ էին, այնպէս որ այնուհետև արևելեան վանականութիւնը միայն այս կանոններով կարող էր առաջնորդուել:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ