Անաբապտիստներ

 Անվանումը ծագել է հունարեն “anabaptzo” — «կրկին ընկղմում եմ», այսինքն վերստին կամ՝ կրկին մկրտում եմ: Այն ծագել է Շվեցարիայում և Գերմանիայում՝ «Ռեֆորմացիայի» շրջանի սկզբում (XVIդ.), զարգանում է Թ. Մյունցերի գլխավորած շարժման շրջանակներում արագ տարածվում է հարևան երկրներ՝ Նիդերլանդներ, Մորավիա և այլն:

 Արմատական բողոքական աղանդիների ներկայացուցիչն են, որոնք քննադատաբար են մոտենում բազում եկեղեցական ավանդությունների ու ծեսերի, մասնավորապես՝ մանկամկրտությանը: Ազատ եկեղեցի ստեղծելու նպատակով, որի գործերին չի միջամտի պետությունը, պահանջում էին կրկնամկրտություն չափահաս շրջանում:

 Չափահասների նման առաջին մկրտությունը տեղի ունեցավ Ցյուրիխում՝ 1525թ.: Այս համայնքի հետևորդներին Ցվինգլին տվեց «կրկնամկրտականներ (անաբապտիստներ)» անունը: Նրանք չէին ընդունում ավանդական Եկեղեցու կողմից տրված Քրիստոսի մարմնավորման բացատրությունը, չէին ընդունում Ս. Գրքերի բաձարձակ հեղինակությունը՝ համարելով, որ կրոնի հիմքը անհատական հավատն է:

 Նրանք եղան եկեղեցին պետությունից անջատելու և անհատի կրոնական ազատության գաղափարների առաջամարտիկները: Նրանց ուսմունքում գերակշռում էր պացիֆիզմը: Պայքարում էին եկեղեցական ու ֆեոդալական արտոնությունների վերացման համար: Այս պահանջների իրականացումը նրանք դիտում էին որպես երկրի վրա Աստծո Արքայության հաստատման սկիզբ:

 Անաբապտիստները Գերմանիայի գյուղացիների կրոնական պատերազմում գլխավոր արմատական թևն էին կազմում՝ արտահայտելով աղքատների շահերը: Ապստամբության ճնշման հատևանքով նրանց մարտնչող հայացքները իրենց տեղը զիջեցին չհակադրվելու քարոզներին, ինչը դարձավ «խաղաղ անաբապտիստների» առանձնահատկությունը, որոնք հետագայում սկիզբ տվեցին մենոնականների աղանդին: Հասարակության վերափոխման գաղափարները փոխարինվեց վախճանաբանական սպասումով և Երկրորդ գալստյան հույսով: Պարտություն կրելով, նրանք փախան Հոլանդիա, Անգլիա, Չեխիա, Մորավիա, ավելի ուշ՝ Հյուսիսային Ամերիկա: Նրանց մի մասը սկիզբ դրեց մի շարք բողոքական աղանդների (մենոնականներ, մելխիորականներ, գուտերյան եղբայրներ և այլն), մտան բողոքականության տարբեր հոսանքների, այդ թվում նաև բապտիստների, մեջ:

 Անաբապտիստների որոշ գաղափարներ ընդունվեցին բապտիստների ու քվակերների կողմից: Մենոնականները (ԱՄՆ-ում՝ մոտ 150 հազար, Կանադայում՝ մոտ 125 հազար, Եվրոպական երկրներում՝ մոտ 100 հազար), գուտերյան եղբայրները և անաբապտիստների մյուս հաջորդները ևս մերժում էին բռնությունը, զենք կրելն ու կիրառելը, դատապարտում երդումը՝ որպես կռապաշտություն, արգելում իրենց հետևորդներին զինվորական և պետական ծառայության անցնել:
Մանրբուժուական կրոնական արմատականության օրինակ կարող են ծառայել մկրտականները (բապտիստները), որոնք ծագումնաբանորեն կապված են «խաղաղ անաբապտիստների» (մենոնականների) հետ: Նրանք պահանջում էին, որ մագիստրատը «խղճի ազատության քրիստոնեական դավանանքը ապահովի բոլորի համար», իսկ եկեղեցու անդամ էին համարում միայն նրանց, ովքեր գիտակցաբար ընդունում էին մկրտությունը: Սակայն ամերիկյան բապտիստ Ռոջեր Ուիլյամսի անունը միայն պատահմամբ մտավ պատմության մեջ որպես բնական իրավունքի տեսանկյունից հավատահանդուրժողականության և խղճի ազատության սկզբունքի առավել մարտնչող պաշտպաններից մեկը:
Մարտնչող դիրքեր է գրավում մկրտական քարոզիչ Ջ. Ֆոլուելի կազմակերպությունը՝ իր «գալիք Արմագեդոնի» ուսմունքով:
XX դարի ամենահայտնի ու ազդեցիկ քարոզչի համբավ ունեցող բապտիստական պրեսբիտեր Բիլի (Ուիլյամ) Գրեհեմը «Համաշխարհային ավետարանական ընկերության» հիմնադիրն ու ղեկավարն է:

Նմանատիպ նյութեր