Այս պատմությունը նման է մեր օրերի հայ զինվորի սխրագործության

«ՈՎ ՈՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ` ԿԽՈՆԱՐՀՎԻ, ԵՎ ՈՎ ՈՐ ԽՈՆԱՐՀԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ` ԿԲԱՐՁՐԱՑՎԻ» (ՂՈՒԿ. 18:14):

Այս ժամանակավոր կյանքում խոնարհությունը իբրև զգեստ հագնելուց ավելի, պետք է դրանով ապրել: Կյանքի այս ձևը մարդու առաջ բացվող մարտահրավերներից մեծագույնն է: Իզուր չէ ասված. «Խոնարհությունը աստվածային է»: Այս խոսքը երկու իմաստ ունի. նախ` խոնարհվելը սովորական մի գործ չէ ու ամեն մարդու բան էլ չէ, այլ առանձնահատուկ ներքին ուժ է պահանջում, և երկրորդ` խոնարհությունը մարդուն նմանեցնում է իրեն իսկ Ստեղծողին` Արարիչ Աստծուն: 

Այս զինվորը այդպիսիներից մեկն է: Կարդացեք և կհամոզվեք:

ԶԻՆՎՈՐԻ ՍԽՐԱՆՔԸ ԵՎ ՆՐԱ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Մակեդոնիայի Վասիլիոս Կայսրը պատերազմի ընթացքում թշնամու զորքից պաշարվում է և, քիչ է մնում, որ գերի ընկնի ու սպանվի: Ճիշտ այդ վտանգավոր պահին մի կտրիճ զինվոր սուրը ձեռքին  հարձակվում է պաշարողների վրա և, նրանց մեջ շփոթ ստեղծելով, կարողանում է Կայսրին փրկել  մահից:

Պատերազմից անմիջապես հետո Կայսրը փնտրում է իր կյանքը փրկող զինվորին և վերջապես նրան գտնում է զինվորական հիվանդանոցում: Հրամայում է, որ զինվորական պատիվներ ու ցույցեր կատարեն նրա համար, բայց խոնարհամիտ զինվորը պատասխանում է.

«Վեհափառ տե՛ր, աղքատ ծնվեցի, աղքատ ապրեցի, հետևաբար ոչ իմ ծագումը, ոչ իմ առած ուսումը և ոչ էլ զինվորի իմ հասարակ դիրքը իրավունք չեն տալիս ինձ ընդունելու արքայական այս բացառիկ գնահատականը: Ամեն բանից առաջ ես նախընտրում եմ պահել Ձերդ Վեհափառությանը փրկած լինելու պատիվը: Երբ կյանքս վտանգեցի ձեր կյանքը փրկելու համար, նպատակս ուրիշ բան չէր, եթե ոչ հավատարմորեն կատարել իմ զինվորի պարտականությունը: Մի խնդրանք ունեմ միայն. եթե պատահի, որ մեռնեմ, բարի եղեք ստանձնել պաշտպանությունը ընտանիքիս և զավակներիս: Իսկ եթե ապրեմ, պետք չունեմ ոչ մի օգնության, պատրաստ եմ, ի գին ամեն զոհողության, պաշտպանել նրանց, ինչպես արեցի Ձերդ Վեհափառությանը»:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան