Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի (նկարներ)

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա, ուր սեպտեմբերի 17-ին Նորին Սրբության հանդիսապետությամբ օծվեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցին և կատարվեց առաջնորդանիստ եկեղեցական համալիրի բացման արարողությունը:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի կյանքում պատմական այս իրադարձությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, առաջնորդանիստ համալիրի կառուցման բարերարները, այս առիթով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից Մոսկվա ժամանած թեմակալ առաջնորդներ և բարերար հայորդիներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ պետական այրեր, գիտության, կրթության մշակներ, մշակույթի անվանի գործիչներ, Ռուսաստանի Դաշնության և մայրաքաղաք Մոսկվայի իշխանությունների ներկայացուցիչներ:

Արարողությանն իր մասնակցությունը բերեց նաև Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորականության ուղեկցությամբ:

Հանդիսավոր արարողությունը սկսվեց հանդիսավոր թափորով, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության ներքո առաջնորդարանից եպիսկոպոսների, Մայր Աթոռի միաբանների և թեմի քահանայից դասի կողմից առաջնորդվեց դեպի նորակառույց սուրբ տաճարը: Օրհնելով ներկա բազմահազար հայորդիներին` Վեհափառ Հայրապետը բարձրացավ խորան, ուր սկսվեց շքեղակառույց առաջնորդանիստի օծման արարողությունը:

Հընթացս սրբազան արարողության սաղմոսերգության ներքո եկեղեցականները ջրով և գինով լվացին տաճարի Սուրբ Սեղանը և օծվելիք սյուները, ապա Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, իսկ Սրբազան Հայրերը` չորս ավետարանիչների անունով խորանի սյուները և եկեղեցու մնացյալ տասը սյուները: Օրհնելով նորակառույց եկեղեցին` Նորին Սրբությունն այն անվանեց Ս. Պայծառակերպություն եկեղեցի:

Օծման արարողության ավարտին Ս. Խորան բարձրացվեց Մայր Աթոռում պահվող Տիրոջ Ս. Խաչափայտի մասունքից մի նշխար` ամփոփված մասունքարան-խաչի մեջ, որը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից այս նշանակալի առիթով ընծայաբերվեց նորաօծ Ս. Պայծառակերպություն

եկեղեցուն` ի զորացումն թեմի հավատացելոց հոգևոր կյանքի: Եկեղեցուն նվիրաբերվեց նաև գեղեցկազարդ կանթեղ:

Ս. Սեղանի վրա Ս. Խաչի մասունքի զետեղումից հետո Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, անդրադարձավ այս եկեղեցու կարևորությանը ռուսահայության կյանքում, ապա հանուն թեմի թեմական խորհրդի, հոգևորականաց դասի և բարեպաշտ հայորդիների` շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին եկեղեցու կառուցման ողջ ընթացքում Ս. Էջմիածնի և Հայոց Հայրապետի կողմից ցուցաբերվող մշտական զորակցության և հրաշակերտ տաճարի օծման համար: Այնուհետև հայրապետական իր օրհնությունը ներկա բարեպաշտ ժողովրդին բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` առ Բարձրյալն Աստված գոհաբանությամբ անդրադառնալով ռուսահայոց հոգևոր կյանքում կարևոր այս հանգրվանի նշանակությանը: «…Հոգևոր բերկրանքի օր է այսօր ամենքիս համար« քանզի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ռուսաստանաբնակ բարեպաշտ հայորդյաց ազնիվ, առատաձեռն նվիրատվություններով շքեղակառույց հառնել է նոր աղոթավայր` առաջնորդանիստ հոյակերտ համալիրով: Եկեղեցին կոչեցինք Պայծառակերպություն անունով, քանզի այն նոր պայծառություն պիտի բերի ռուսահայ համայնքին: Այստեղ հավատացյալ Մեր զավակները լեռան վրա պայծառակերպված Տիրոջ նմանությամբ պիտի փոխակերպվեն ու պայծառակերպվեն եկեղեցու լույս խորանից հեղվող երկնային շնորհներով, լցվեն հոգևոր նորոգությամբ ու զորությամբ: Արդարև, ընդհանրական Եկեղեցու Հայրապետներից Սուրբ Հովհան Ոսկեբերանը Եսայու մարգարեության մեկնության մեջ Եկեղեցին նմանեցնում է բարձր լեռան, որը դիմակայում է չարի ամեն հարձակման, իսկ մեր Եկեղեցու սուրբ Հայրապետ Հովհան Մանդակունին եկեղեցին կոչում է երկինք երկրի վրա, որտեղ մենք հաղորդակցվում ենք երկնայիններին, մարմնավոր իրողություններից բարձրանում դեպի հոգևորը, միավորվում ի Քրիստոս` կազմելով հավատացելոց հավաքականությունը, Քրիստոսի խորհրդական մարմինը: Տաճարը քարեղեն մանրակերտն է մեր այդ հոգևոր հավաքականության, որի մասին առաքյալն ասում է. «Օտար և պանդուխտ չեք, այլ սրբերին քաղաքակիցներ և Աստծո ընտանիք« կառուցված առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Քրիստոս Հիսուսն է» (Եփ. 2:19-20)», — նշեց Վեհափառ Հայրապետը:

Խոսելով հայ ժողովրդի և Ռուսաստանի հայ համայնքի կյանքում Եկեղեցու առանձնահատուկ առաքելության մասին` Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունի եկեղեցու միավորող ու պայծառակերպող սրբարար ներգործությունը: Հայ ժողովրդի պանդուխտ զավակները Մայր Հայրենիքից հեռու Մայր Եկեղեցու գրկում համախմբվեցին ու հոգևոր արժեքներով զորանալով և եղբայր ժողովուրդների ու պետությունների սատարումով ու օգնությամբ, ինչպես այստեղ` Ռուսաստանի Դաշնությունում, կազմակերպեցին ազգային-եկեղեցական իրենց կյանքը և հաստատուն պահեցին հավատքն ու ազգային միաբանության ոգին:

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, առաջնորդանիստ այս հոյակերտ եկեղեցին Մենք օծեցինք հավատով, որ այն նոր լիցք և վերելք է բերելու համայնքային ձեր կյանքում` հրավիրելով աղոթքի, աստվածպաշտության, հոգևոր նորոգության, ազնիվ ու արդար գործերի: Եկեղեցին նաև հրաշագեղ պատկերաքանդակներով, որոնք որպես մեր դարավոր պատմության մաքառումների ու հաղթանակների էջեր` արձանագրված նվիրական աղոթավայրի սրբատաշ քարերին, պիտի հանապազ քաջալերի ձեզ ազգային ոգու, եկեղեցանվիրումի ու հայրենասիրության մեջ: Այս պերճաշուք պատկերաքանդակները այլազգի մեր եղբայրներին պիտի ծանոթացնեն հայոց պատմության հիշարժան դրվագներին« վասն հավատո և վասն հայրենյաց պայքարներին, մեր ժողովրդի` երկրից երկինք ձգվող փառավոր գործերին, որոնց շարունակողներն այսօր դուք եք ձեր հավատավոր կյանքով ու ընթացքով»:

Նորին Սրբությունը հորդորեց հայորդիներին զորավոր պահեցել իրենց հավատքը, եկեղեցասիրության և ազգասիրության ոգին, միշտ հաստատուն քայլերով բանուկ պահել ճանապարհը դեպի այս սուրբ եկեղեցին, որտեղ բաշխվող Տիրոջ շնորհներն ու զորությունը ուժ և կորով պիտի տան ամենքին` սրտերում կրելու լուսեղեն պատգամները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, ապրելու աստվածահաճո ընթացքով, հաղթահարելու մեր ժամանակների մարտահրավերները և մշտապես հավատարիմ մնալու հայրենական ժառանգությանն ու սրբազան արժեքներին:

Բերկրաշատ այս առիթով Վեհափառ Հայրապետը մասնավոր երախտագիտություն հայտնեց Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Մոսկվայի քաղաքային իշխանություններին` եղբայրական սիրով ռուսահայության հոգևոր-ազգային կյանքի զորացմանն ու առաջընթացին սատարելու համար:

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց եկեղեցու բարերարներին` Հայոց Եկեղեցու հանդեպ իրենց որդիական սիրո և նախանձախնդրության համար, ինչպես նաև թեմական և եկեղեցական համայնքային վարչությանց բարեջան անդամներին, հոգևոր դասին և եկեղեցու կերտմանը կարևոր մասնակցություն բերած բոլոր անձանց:

Գեղեցկակերտ եկեղեցու օծման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր մասնավոր գնահատանքը հայտնեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդին և ի գնահատություն նրա նվիրյալ և նախանձախնդիր ծառայության Եզրաս Սրբազանին շնորհեց Արքության պատիվ և նրա կուրծքը զարդարեց եպիսկոպոսական պանակեով:

Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Բարձրյալն Աստծո օրհնությամբ շենանան և զորանան Հայաստանն ու Ռուսաստանի

Դաշնությունը« Տիրոջ հոգևոր լույսով պայծառանան երկու Եկեղեցիները, և հավետ ամուր լինի հայ և ռուս եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Կիրիլ Պատրիարքին, ՀՀ նախագահին և ԼՂՀ նախագահին ընծայեց եկեղեցու օծման առիթով հրատարակված Ս. Գրիգոր Տաթևացու ձեռագիր Ս. Ավետարանի կրկնօրինակումը:

Այս ուրախալի առիթով իր շնորհավորանքի և օրհնության խոսքն ասաց նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը: Նորին Սրբությունն անդրադարձավ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ինչպես նաև եկեղեցաշինության մեծ կարևորությանը` ի խնդիր աղոթական ոգու, Աստված-մարդ հարաբերությունների զորացման և հոգևոր արժեքների ամրապնդման:

Ամենայն Հայոց Հայրապետի կողմից թեմի համար կարևոր այս իրադարձության առիթով նաև վաթսուներեք անձանց, իբրև Ս. Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցու բարերարների, Սրբատառ Կոնդակներով շնորհվեցին Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» և «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ շքանշաններ հանձնվեցին Սամվել Կարապետյանին և Վլադիմիր Յակունինին:

Եկեղեցու օծման արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը և արարողությանը մասնակից հայորդիներն ու հյուրերն այցելեցին առաջնորդարանի դահլիճում բացված «Հայերը Մոսկվայում. պատմական ուղի» ցուցահանդեսը, շրջեցին նորոբաց համալիրի կառույցներում: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը կատարեցին բացումը համալիրի տարածքում գտնվող Սիրո և եղբայրության հուշաղբյուրի` նվիրված հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը:

12676_169678526553032_464479922_n

537220_169678479886370_1124280629_n

548372_177881232399428_241315382_n

581786_169678556553029_1392133722_n

944797_169678789886339_1633856747_n

954817_169678499886368_1867458889_n

988276_169678609886357_1567774182_n

993686_169678816553003_792345613_n

993976_169678693219682_1502671125_n

998587_169678603219691_1844990840_n

999125_169678596553025_681799862_n

1001941_169678749886343_1414438355_n

1013292_169678703219681_838137164_n

1146459_169678646553020_1029280845_n

1150368_169678809886337_606461053_n

1184882_169678649886353_1798427068_n

1185479_169678519886366_231147465_n

1186090_169678739886344_1896171608_n

1186350_169678696553015_1099359966_n

1186683_513940925349408_1565190878_n

1187005_169678656553019_999277302_n

1187155_169678483219703_880390507_n

1229985_172693299584888_1798518464_n

1236469_177878849066333_952767372_n

1239686_516375798439254_143944503_n

asesa

602900_177877745733110_1808645322_n

1003013_386865081439157_390778569_n

1239535_218458288316912_477269509_n