ԱՂՔԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՔԱՀԱՆԱՆ

«Աշխարհում նեղությունպիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33)

Տիրոջը նվիրված կյանքը լի է փորձություններով, ցավերով, վշտերով ու տառապանքներով: Իսկ մեղքի համար ստացած արդարագույն պատիժն այն է, որ մարդ կորցնում է այն, ինչը չի ցանկացել լավ օգտագործել: Եթե ասենք առողջությունը ճիշտ չի օգտագործվել, այն խաթարվում է, կորչում: Նույնպես նաև Տիրոջ կողմից տրվող մյուս պարգևները:

Ընդհանրական Քրիստոնեական Եկեղեցու Հայրերից Երանելի Օգոստինոս Հայրապետն ասում է.

«Քննությունը ցույց է տալիս, որ մարդն ինչպիսի մեղք էլ որ գործի, այն առաջին հերթին ուղղված է ոչ թե Աստծու, այլ սեփական անձի դեմ»:

 «Միջին դարում մի ծուխի քահանա նկատելով, որ իր շրջանում աղքատները շատանում են ու նրանց զավակները դժվարությամբ են ապրում, դիմում է երևելի մի մեծահարուստի և օգնություն խնդրում նրանից: Հարուստը ոչ միայն զլանում է իր քսակը բացել, այլ կոպտորեն մերժում է քահանայի խնդրանքը ու անպատվում աղքատներին: Աստծու ծառան անտեսելով նրա կոպտություններն ու վիրավորանքը, ամեն անգամ համառորեն աղքատների սիրույն խնդրում է, որ հարուստը օգնի նրանց:

 Եվ երբ մի անգամ քահանան կրկին դիմում է նրան, մեծահարուստը այլևս չհամբերելով, ափերից դուրս է գալիս և ուժգնորեն ապտակում է նրան: Պատկերացրեք, եթե այդպիսի ապտակ ստացողը դուք լինեիք, ի՞նչ կանեիք, կլռեի՞ք, կթողնեիք ու կգնայի՞ք լուռ կուլ տալով վիրավորանքը, թե` դուք էլ ապտակով կպատասխանեիք: Գիտեմ, որ հիմա դժվար է ձեր կողմից որևէ պատասխան ստանալը: Ժամանակ է պետք, որ մտածեք: Տեսնենք, թե քահանան ինչպես վարվեց: Ինչպես վայել է Աստծու ծառային, համբերությամբ ու սառնարյուն կերպով, կարծես թե ոչինչ չէր պատահել, դիմում է մեծահարուստին ու հանգիստ ասում.

«Շնորհակալ եմ, ես իմ բաժինը ստացա, հիմա խնդրում եմ մի բան էլ իմ աղքատներին տվեք»:

Կարծես լույս է ծագում մեծահարուստի մտքում, սրտում ու հոգում և նա հուզված ու զղջացած, տալիս է քահանայի խնդրած գումարը և հազար անգամ ներողություն խնդրում իր կոպիտ արարքի համար»:

 Յուրաքանչյուր քրիստոնյա պիտի հիշի իր Մեծ Ուսուցչի` Հիսուսի խոսքը. «Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10):

Երկրի վրա երջանկություն մի՚ փնտրիր; Երկիրը դրախտ չէ: Ադամի մեղքից և արտաքսումից հետո երկրի վրա դրախտ չկա: Եվ աշխարհում ամեն ոք իր խաչն ունի:

Սբ. Գրիգոր Վարդապետ Տաթևացին ասում է. «Մի նախանձիր ուրիշին, համարելով, թե նրա խաչն ավելի թեթև է: Խաչի ծանրությունն ու կշիռը ոչ ոք չի կարող իմանալ բացի նրանից, ով, այն կրում է: Անկասկած է միայն, որ դու ինչպիսի խաչ էլ, որ ընտրելու լինես քեզ համար, ոչ մեկը քեզ հարմար չի լինի, բացի քո խաչից: … Տերն ավելի լավ գիտի, թե մեզնից ամեն մեկին ի՞նչ է պետք, ինչպիսի ծանրություն դնի յուրաքանչյուրիս ուսերին, ինչպիսի պայքար, ինչպիսի փորձություններ տա մեզ…»:

ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԼՈՒՅՍԻ ՇՈՂԵՐ» ԳՐՔԻՑ: